Արտադրություն

Թվեր և փաստեր. Հայաստանը 6 տարվա ընթացքում որքա՞ն առևտուր է արել ԵԱՏՄ–ում

231
(Թարմացված է 01:31 03.01.2021)
Հայաստանն արդեն 6 տարի (սկսած 2015 թվականի հունվարի 2-ից) անդամակցում է ԵԱՏՄ–ին։ Ինչպե՞ս է զարգացել առևտուրն այս տարիների ընթացքում, և արդյո՞ք թուրքական ապրանքների արգելքը ԵԱՏՄ–ի ապրանքների համար նոր հնարավորություններ է բացում հայկական շուկայում։

Միությանն անդամակցելն օգնել է զարգացնել Ռուսաստանի հետ առևտուրը։ Հայաստանից արտահանումը հաջողությամբ վերականգնվել է 2014-15 թվականներին Ռուսաստանում առկա տնտեսական դժվարություններից հետո։ Զարգանում է առևտուրը նաև Միության մյուս հանրապետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, ընդ որում` ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։

2015 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը նվազել էր ՌԴ–ում տնտեսական անբարենպաստ իրավիճակի պատճառով։ Սակայն հետագա տարիներին հայ–ռուսական առևտուրը սկսեց վերականգնվել և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը։ Հատկապես աճել է Հայաստանից արտահանումը` գրեթե 2.4 անգամ։ Ընդ որում` այժմ Հայաստանն արտահանում է ոչ միայն կոնյակ ու միրգ–բանջարեղեն, այլ նաև մեծ ծավալներով պատրաստի հագուստ։ Աճել է նաև Ռուսաստանից չմշակված ադամանդների ներկրումը, որոնք այստեղ մշակում են հայկական ձեռնարկությունները։

Թեև ավելի համեստ ծավալներով, բայց աճում է առևտուրը Միության մյուս երկրների հետ։ Հայաստանից այնտեղ դեղորայք և ոսկերչական իրեր են արտահանվում, ինչպես նաև կոնյակ, մրգի և բանջարեղենի պահածոներ։ Ղրղզական շուկա մուտք գործելը բարդ է աշխարհագրական պատճառներով, Բելառուսի շուկա` ներմուծման սահմանափակումների (Բելառուսի մանրածախ առևտրի ապրանքների 75%–ը պետք է հայրենական արտադրության լինեն)։ Սակայն ինչպես այս երկրներում, այնպես էլ Ղազախստանում հայկական արտադրանքը կա նաև հայկական ծագում ունեցող գործարարների էնտուզիազմի շնորհիվ։

Բելառուսից նախկինի պես կաթի փոշի, փայտե արտադրանք (մանրատախտակ և փայտատաշեղային սալեր`ԴՍՊ), տրակտորներ են ներմուծվում, իսկ Ղազախստանից` կոսմետիկա, ինչպես նաև ավտոմեքենաների մարտկոցներ։

2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը

Ռուսաստանից աճել է պլաստմասե արտադրանքի մատակարարումը (մինչ այդ արտադրանքի զգալի մասը Թուրքիայից էր ներմուծվում)։ Ռուսաստանում գտնվող արտասահմանյան ապրանքանիշների հավաքման ձեռնարկություններից աճել է համակարգիչների, բջջային հեռախոսների, լվացքի մեքենաների ներմուծումը։

2021 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների համար նոր հնարավորություններ կբացվեն, քանի որ Հայաստանը որոշել է հրաժարվել թուրքական ապրանքների ներմուծումից (թեկուզև դեռ ժամանակավորապես)։ Թեև Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի համեմատ նոր շուկաներն այդքան էլ մեծ չեն, այնուամենայնիվ կարող են հետաքրքիր լինել. պլաստիկի և հագուստի դեպքում տասնյակ միլիոնավոր դոլարների շուկաներ են ազատվում։ Իսկ Ղրղզստանի չափանիշներով այդ շուկան առավել ևս զգալի է։

Ներկրվող ապրանքների փոխարինման հաջող օրինակ արդեն կա. վերջին 5 տարվա ընթացքում հայկական շուկայում էապես աճել է ռուսական և բելառուսական կահույքի մասնաբաժինը։

ԵԱՏՄ երկրները եղել և մնում են Հայաստանից պատրաստի արտադրանքի խոշորագույն գնորդները։ Այդ շուկայում Հայաստանը հաջողությամբ ոչ թե հումք, այլ պատրաստի ապրանքներ է վաճառում, մինչդեռ դեպի Չինաստան ու ԵՄ մեր երկիրը զգալի քանակի մետաղական խտանյութեր է արտահանում, այսինքն` կիսաֆաբրիկատներ։ Կան նաև պատրաստի արտադրանքների արտահանման հաջող օրինակներ, դրանցից մեկը ևս կապված է ԵԱՏՄ երկրների հետ։ «Ռուսալ Արմենալ» գործարանում արտադրվող ալյումինե փայլաթիթեղը երկար տարիներ և հաջողությամբ արտահանվում է ԵՄ եւ ԱՄՆ։

Միևնույն ժամանակ, չնայած կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարություններին, աճել է Հայաստանից արտահանումը դեպի Բելառուս։

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի պատճառով ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը ավելի քիչ է տուժել, քան ԵՄ–ի հետ։

Ընդ որում` դեպի ԵԱՏՄ Հայաստանի արտահանումը թեև նվազել է, սակայն ավելի քիչ, քան դեպի ԵՄ։

Արտասահմանյան երկրներից Ռուսաստանը եղել ու շարունակում է մնալ պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդը հայկական գործարաններից։ Երկու գործարան պատվերներ են կատարում ռուսական ավիացիոն արդյունաբերության համար, մեկը ռադիոդետալներ է արտադրում հրթիռների համար, մյուսը` սուզանավերի համար ջրի աղիության չափիչներ, երրորդը`տպագիր տպասալեր պաշտպանական էլեկտրոնիկայի համար։

Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ

Դեպի Բելառուս ու Ղրղզստան վերջին տարում սկսել է աճել հայկական միրգ ու բանջարեղենի պահածոների արտահանումը, Ղազախստան` ոսկերչական իրերինը։ Դեպի Ռուսաստան կարգավորվել է բորբոսնած («ազնվական») պանրի արտահանման խնդիրը։ Արտահանման հետ կապված ընթացակարգային դժվարությունները հարթվել են։ Ռուսաստան է շարունակվում արտահանվել պատրաստի հագուստ, որի արտադրությունը Հայաստանում ընդլայնվել է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորած ծրագրի շնորհիվ։

Բացի այդ, 2020 թվականին ստորագրվել, իսկ տարվա ընթացքում վավերացվել է ԵԱՏՄ համաձայնագիր, որով անդամ երկրները փոխադարձ ճանաչում են իրենց աշխատողների կենսաթոշակային ստաժը (թեև միայն հետայսու, այլ ոչ թե նախկին տարիների համար)։

Հայկական գործարաններից մեկն էլ պատրաստվում է Ռուսաստան արտահանել արժեքավոր շինանյութ (բազալտե մանրաթել և ցանցեր)։ Սա շենքերի և ճանապարհածածկի մեկուսացման ժամանակակից և արդյունավետ միջոց է:

Իրանի և Վիետնամի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի արդյունքը Հայաստանի համար դեռ մեծ չէ (հատկապես հաշվի առնելով, թե որքան ակտիվ է Իրանի կառավարությունը պաշտպանում սեփական շուկան)։ Այնուամենայնիվ, վերջին երկու տարվա ընթացքում արտահանումը դեպի Վիետնամ, թող որ աննշան, բայց աճել է։

2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ–ին։ ԵԱՏՄ–ին անդամակցելու պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերին։

231
թեգերը:
Ռուսաստան, տնտեսություն, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար
Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան
Կանաչ լույս արտադրողների համար, կամ ինչպես ընդլայնել տեղական արտադրանքի ծավալները
Հաց ու ձու

ՀՀ–ում հացն ու ձուն դեռ չեն թանկանա, սակայն մի «բայց» կա. ի՞նչ են առաջարկում փորձագետները

59
Առաջին անհրաժեշտության մթերքը՝ հացը, միսն ու ձուն, կարող են թանկանալ առաջին հերթին փոխարժեքի տատանումների պատճառով։ Փորձագետները նախանշվող ճգնաժամից դուրս գալու ուղիներ են առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանում հացի, հավի մսի և ձվի գները մոտ ապագայում նույնը կմնան և չեն բարձրանա։ Մի կողմից՝ ձեռնարկությունները դեռ անցած տարի հացահատիկի բավարար պաշար են գնել, ինչն էլ հենց թույլ կտա որոշակի կայունություն պահպանել մոտակա մեկուկես ամսում։ Մյուս կողմից՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է և Ռուսաստանի սահմանած արտահանման քվոտան մեր երկրին չի վերաբերի։

Սակայն արդեն գարնանը իրավիճակը կարող է փոխվել ի վնաս սպառողի, եթե հացահատիկի համաշխարհային գներն աճեն կամ շարունակվի ազգային արժույթի արժեզրկումը։

Ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ձեռնարկության (խոշորագույններից մեկն է Հայաստանում) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ալյուրի և համապատասխանաբար հացի վրա ազդեցություն չի ունենա նաև էլեկտրաէներգիայի գնի առաջիկա բարձրացումը։ Ըստ կանխատեսումների՝ էլեկտրաէներգիայի արժեքը 1 կվտ-ի դիմաց կավելանա 3 դրամով, իսկ դա այն գումարը չէ, որ արտադրողներին ստիպի ապրանքների գները բարձրացնել սպառողի համար։

«Հույս են ներշնչում նաև արտաքին գործոնները։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը փետրվարից նախատեսում է հացահատիկի արտահանման քվոտա սահմանել, ինչի արդյունքում փետրվարին մեկ տոննա ցորենի համար 25 եվրո մաքսատուրք կսահմանվի, որն այնուհետև ևս այդքանով կավելանա նաև մարտին»,-ասաց Նիկողոսյանը։

Փորձագետը պարզաբանեց, որ սահմանված տուրքը թույլ կտա հացահատիկի գները չբարձրացնել Ռուսաստանի ներքին շուկայի համար։ Այդ դասակարգման մեջ է նաև Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ։

Այս պահին Հայաստանում 1 կիլոգրամ ցորենն արժե 188 դրամ։

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ առաջիկա մեկուկես ամսում պետք չէ սպասել նաև ձվի և մսամթերքի թանկացման:

«Մենք մեր պաշարներն ունենք, դեռ հոկտեմբերին ենք գնել՝ պատերազմի և համավարակի հետ կապված։ Այդ պատճառով մոտակա մեկուկես ամսում գների փոփոխություն չի կանխատեսվում։ Չեմ կարող ասել, թե հետո ինչ կլինի, ամեն ինչ կախված է համաշխարհային շուկայի գներից և դրամի կայունությունից»,-ասաց նա։

Ստեփանյանի խոսքով` իրավիճակի անկայունության պատճառը նաև այն է, որ ճանապարհները պարբերաբար փակվում են, մեկ այլ պատճառ է նաև արցախյան հողերի կորուստը։ Այս ամենի հետևանքով է, որ մթերքի գներն անկայուն են ու պարբերաբար տատանվում են։

Իրավիճակը կարող է կայունացնել այլընտրանքային ճանապարհը դեպի Ռուսաստան։ Այս կապակցությամբ Հայաստանի իշխանությունները դեռ 2018 թ․-ին ծրագրում էին լաստանավային անցարան ձեռք բերել, որպեսզի գործի դնեն մուլտիմոդալ փոխադրումների տեսակը, երբ ինչ–ինչ պատճառներով Լարսը փակ լինի։ Այն ժամանակ մասնագետները պնդում էին, որ դա շահավետ կլինի, եթե միայն երկաթգծով տեղափոխելու համար զեղչեր արվեն, քանի որ երկաթուղին թեև անխափան երթևեկություն կապահովի, բայց ավելի երկար ու թանկ է, քան ավտոմոբիլային ճանապարհը։

Ռուսաստանից Հայաստան (Վրաստանով) ավտոմոբիլային ճանապարհով մեկ տոննա ցորեն բերելու համար փոխադրողը միջինը 53-56 դոլար է ծախսում։ Մինչդեռ լաստանավային անցարանով ու երկաթուղով տեղափոխումը 104-108 դոլար է գնահատվում։

Բիզնեսը մեկ խնդրի էլ բախվել է պատերազմից հետո։ Արցախը տարեկան հավաքում էր մոտ 100 հազար տոննա ցորեն (Հայաստանի ւ Արցախի ընդհանուր պահանջարկի մոտ 25 տոկոսը): Ցորենի դաշտերը հիմնականում գտնվում էին ցածրադիր շրջաններում, որոնց մեծ մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա այդ հարյուր հազար տոննան ստիպված են լինելու Արցախ մատակարարել Հայաստանից (լինի դա տեղական, թե ներկրված ցորեն)։

Ստեփանյանը համարում է, որ ելքը գյուղատնտեսության զարգացումն է։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանում հացահատիկային բույսեր մշակելու համար համապատասխան հողեր կան։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է այդ 25% բացը լրացնել սեփական արտադրանքով և 100 տոկոսով կախված չլինել արտաքին շուկայից։

Դրա համար անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել և ժամանակավոր հարկային համաներում հայտարարել այդ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող ֆերմերների համար։

Հայաստանում տարեկան սպառվում է 390-420 հազար տոննա հացահատիկ, որից 320-350 տոննան ներկրվում է։ Ինչ վերաբերում է ձվին, ապա ՀՀ–ում տարեկան ավելի քան 600 միլիոն հատ ձու է սպառվում։

59
թեգերը:
գին, Միս, ձու, Հաց, Հայաստան
Ըստ թեմայի
Որքան են բարձրացել գները Հայաստանում
ՀԷԿ–երի կորստից ֆինանսական վնասը մոտ 200 մլն դոլարի կարող է հասնել. «ՀԺ»
Հայաստանն Իրանի հետ կարող է համագործակցել առնվազն չորս ուղղություններով. Մակարյան
Եվրո

Հայաստանը 10 տարվա եվրապարտատոմսեր կտեղաբաշխի. աղբյուր

56
(Թարմացված է 14:50 25.01.2021)
Հայաստանը մի շարք հեռախոսազանգեր կանցկացնի ներդրողների հետ՝ նվիրված եվրապարտատմսերի տեղաբաշխմանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Հայաստանը ծրագրում է 10-ամյա եվրապարտատոմսեր տեղաբաշխել դոլարով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆինանսական շրջանակների իր աղբյուրին։

Ըստ այդ աղբյուրի` Հայաստանն այսօրվանից մի շարք հեռախոսազանգեր կանցկացնի ներդրողների հետ՝ նվիրված եվրապարտատմոսերի հնարավոր տեղաբաշխմանը։

Կազմակերպիչներն են Citi-ն, HSBC-ն և J. P. Morgan-ը:

Վերջին անգամ Հայաստանը փոխառությունների միջազգային շուկա է մուտք գործել 2019 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ հայկական կողմը տեղաբաշխեց 500 մլն դոլարի եվրոպարտատոմսեր ՝ տարեկան 4,2 տոկոս եկամտաբերությամբ։

56
թեգերը:
եվրապարտատոմս, Հայաստան
Ըստ թեմայի
Տնտեսական միջավայրն անորոշության մեջ է. Թադևոսյանը` եկամտահարկի նվազման մասին
Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել
Երկրորդը ԵԱՏՄ-ում. Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառության ցուցանիշը նվազել է
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

0
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

0
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները