Ընդդիմադիրների երթ. 16 նոյեմբերի

Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ

101
(Թարմացված է 01:00 21.11.2020)
Տնտեսական անկումը պայմանավորված էր օբյեկտիվ պատճառներով, բայց երբ դրան ավելանում է քաղաքական անկայունությունը, երկրի վարկային վարկանիշը կարող է նվազել։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ներկայիս քաղաքական անկայունությունը չի կարող չազդել Հայաստանի վարկային վարկանիշի վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Միջազգային վարկանիշային կազմակերպությունները, այդ թվում՝ Moody-ն և Fitch-ը, հետազոտում են իրավիճակը տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Պետք է խոստովանել, որ այն, ինչ տեղի է ունենում հանրապետությունում, հաշվի կառնվի և վարկանիշի վրա կանդրադառնա ոչ դրական, նշել է փորձագետը:

Երբ օբյեկտիվ տնտեսական անկմանն ավելանում է նաև քաղաքական անկայունությունը, դժվար է այլ բան ակնկալել, հավելել է նա։

Այս պահին երկրում մոտ 3%-ով նվազել է ազգային արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ․ սա առաջին ազդակներից մեկն է, ըստ որոնց արդեն հիմա կարելի է դատել իրավիճակի վատացման մասին։

Ղարաբաղյան պատերազմը ևս ազդել է ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության վրա․ Միշուստին

Նշենք, որ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում  նախկին պաշտոնյաներից մեկը նշել էր, որ նույնիսկ Արցախում պատերազմական գործողություններից առաջ տնտեսական քաղաքականության մեջ ընթացիկ ծախսերի ուղղությամբ շեղում էր նկատվում, իսկ կապիտալ ծախսերն արդեն երկրորդ տարին է՝ թերակատարվում են։ Սա նվազեցնում է տնտեսական ակտիվության և արտադրողականության աճի հնարավորությունը։ Իսկ այդ պարագայում վերջին երկու տարիներին կատարված կենսաթոշակների ու պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը հուսալի տնտեսական հենարան չունի։

Ցավոք, տնտեսության վերականգնմանն այնքան էլ չի օգնում նաև 150 մլրդ դրամի (մոտ 300 մլն դոլար) աջակցության փաթեթը, որը կառավարությունն առաջարկել է բիզնեսի և քաղաքացիների սոցիալական աջակցության համար։

«Այդ ծրագրերի հասցեատերերը մեծ մասամբ, պարզվում է, նրանք չենք, ովքեր ունեն դրա կարիքը, մենք դեռ հանդես կգանք այդ հարցի ուսումնասիրությամբ»,-նշել է փորձագետը։

Կառավարությունում բացակայում են քաղաքական կապերով չկաշկանդված որակավորված մասնագետները, որոնք կարող են սոցիալ-տնտեսական աջակցություն կազմակերպել, հավելել է նա:

Հիշեցնենք, որ 2020թ․-ի տվյալներով ՀՀ ֆինանսների նախարարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը մոտ 7 տոկոս տնտեսական անկում են կանխատեսում, հիմնականում կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև Արցախում պատերազմական գործողությունների պատճառով։ Բացի այդ, երկրում ցույցեր են սկսվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մի քանի նախարարներ արդեն լքել են կառավարությունը (աշխատանքի և սոցիալական հարցերի, ԱԻՆ, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները)։

Հազացողներին խանութում չեն սպասարկի, տարեցներն էլ խանութ գնալու հատուկ ժամ չեն ունենա

Նշենք, որ վարկային վարկանիշն ազդում է պետության հանդեպ ներդրողների վստահության, ինչպես նաև այն գործոնի վրա, թե որքան շահավետ պայմաններով երկիրը կարող է պետական պարտք ստանալ։

101
Ըստ թեմայի
Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա
Մնում է «Okul defteri»–ների էջերին, կամ ինչո՞ւ Թուրքայի տնտեսությունն այլևս «չի ձգում»
Ռազմական դրությունն իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա. Մհեր Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում, 2 դեկտեմբերի, 2020

Փաշինյանը նորից հիշեցրել է գործընկերներին՝ Թուրքիան չպետք է օգտվի ԵԱՏՄ արտոնություններից

308
(Թարմացված է 12:39 04.12.2020)
Թուրքիան պետք է հանվի այն երկրների ցանկից, որոնք օգտվում են Եվրասիական միության մաքսային արտոնություններից, հայտարարել է Փաշինյանը։ Եվս մեկ կարևոր հարց է գազի միասնական շուկայի ձևավորումը, որտեղ սակագները կձևավորվեն բոլորի համար միացյալ սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը տեղի է ունենում հեռավար ռեժիմով։

Փաշինյանը կրկին նշել է, որ սակագնային առանձնաշնորհների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը պետք է վերանայել: Արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։ Այդ ցուցակը պետք է վերանայել, նշել է Փաշինյանը։

Խոսելով այլ հարցերի մասին, նա հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ ԵԱՏՄ երկրների հետագա համաձայնեցված պայքարը կբերի դրական արդյունքի:

«Ես լիարժեք զգացի մեր ընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը համավարակի և այն դժվարությունների դեմ պայքարում, որոնց բախվեց մեր երկիրն այս տարվա ընթացքում»,-նշել է վարչապետը։

Նա կարևորել է ուղևորափոխադրումների համաձայնեցման փորձնական նախագիծը Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի միջև, որոնք կորոնավիրուսային թեստերի վերաբերյալ տվյալների փոխանակման համակարգ են ստեղծել: Անհրաժեշտ է աշխատել ուղևորափոխադրումների լիարժեք կարգավորման ուղղությամբ, հավելել է Փաշինյանը։

Նա ընդգծել է ԵԱՏՄ-ում նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը: Բանակցություններ են ընթանում այն ուղղությամբ, որպեսզի գազի փոխադրման սակագները նույնը լինեն ԵԱՏՄ ողջ տարածքում։ Դա թույլ կտա հավասարեցնել գազի սակագները, իսկ դա նշանակում է՝ բարձրացնել Միության երկրների մրցունակությունը։

Հայաստանի համար ևս մեկ կարեւոր հարց, որն այժմ քննարկվում է՝ շինարարության ոլորտում ղեկավար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորման փոխադարձ ճանաչումն է։ Դա Հայաստանի շինարարական ընկերություններին թույլ կտա աշխատել ԵԱՏՄ-ի այլ երկրներում՝ տեղական ընկերությունների հետ հավասար հիմունքներով։

308
Ըստ թեմայի
Թուրքիայի փոխարեն՝ ԵԱՏՄ երկրներ. ինչ է առաջարկում ՊԵԿ նախագահը
Տեսակամուրջ. «Սննդային անվտանգությունը ԵԱՏՄ երկրներում»
ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ
Խաղողի այգի Աղավնաձորում

Ցրտերը սարերի հետևում չեն. այգեթաղը պետք է ավարտել սեղմ ժամկետներում

93
(Թարմացված է 17:24 03.12.2020)
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը։

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան։

Դեկտեմբերի երրորդ տասնօրյակում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը միաժամանակ խորհուրդ է տալիս տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով:

Հիշեցնենք, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր` դեկտեմբերը կանցնի նորմայից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս։

Հայաստանում հնարավո՞ր է ապրել խաղողագործությամբ. փորձագետների կարծիքները տարբեր են

93
թեգերը:
Այգի, օդի ջերմաստիճան, Խաղող
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում
Արմավիրի մարզի «թաքուն» այգիները, կամ ինչու է պայմանագիր կնքելը ձեռնտու գյուղատնտեսներին
Интервью президента Армена Саркисяна французскому телеканалу France 24 (20 октября 2020). Еревaн

«Դիմում եմ բոլորիդ». Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել համապետական հանրահավաքից առաջ

0
(Թարմացված է 12:42 05.12.2020)
Հայաստանի նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին` կոչ անելով կարգ ու կանոնը պահպանելու կարևոր առաքելությունն իրականացնելիս հիշել, թե ովքեր են իրենց դիմաց կանգնած։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ կոչով դիմել է ՀՀ քաղաքացիների ու իրավապահներին: Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և միաժամանակ առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված»,- նշել է նախագահը:

Նա կոչ է արել մտածել պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին` անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից:

«Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար: Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է: Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ»,- շեշտել է Սարգսյանը:

Նախագահն իր ուղերձում առանձին դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով կարգ ու կանոնի պահպանելու իրենց կարևոր առաքելության իրականացման ընթացքում հիշել, որ իրենց առջև, Երևանի փողոցներում իրենց հայրենակիցն է, մեզնից մեկը, նաև մարդիկ, որոնք մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին ու նաև իրավապահներին:

«Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ: Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում»,- ասված է նախագահի ուղերձում:

Նա նաև շեշտել է, որ կարևոր է երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտի վերականգնումը, մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակների համադրումն ու դրանք հավաքական ուժի վերածելը, ինչը կդառնա մեր հետագա հաջողությունների գրավականը:

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում ընդդիմադիր կուսակցությունները «Մասնակցի՛ր, եթե անտարբեր չես... Հանո՛ւն Արցախի ու Հայաստանի փրկության...» խորագրով համապետական հանրահավաք են կազմակերպել:

Հանրահավաքին ներկա է լինելու և ելույթ է ունենալու նաև ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը, որին ընդդիմությունը միասնական վարչապետի թեկնածու է ընտրել։

0