Բաբկեն Թունյան. արխիվային լուսանկար

«Հասկանում եմ` տրամադրություն չկա մոլ գնալու». տնտեսագետը կոչ է անում չհետաձգել գնումները

269
Հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Բայց տնտեսագետ Բաբկեն Թունյանը կոչ է անում հաղթահարել հոգեբանական վիճակն ու մտածել տնտեսության մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Բոլորի ուշադրությունն այսօր ճակատի ուղղությամբ է, բայց թիկունքի մասին էլ չպիտի մոռանանք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու, ոչ ժամանակ։ Հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։ Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, որտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու»,– սպառողներին կոչ է անում տնտեսագետ պատգամավորը։

Նրա խոսքով` տնտեսությունը պետք է աշխատի, որովհետև հաղթանակը նաև տնտեսությունից է կախված։

«Խոսքն այն մասին չէ, որ մարդիկ իրենց վերջին կոպեկով ինչ–որ բաներ գնեն, այլ այն մասին, որ եթե ի սկզբանե պլանավորել էին որևէ բան գնել, կամ որևէ գործարք անել, ու հիմա այդ փողը մի կողմ դրած սպասում են, այդ կոչի նպատակն այն է, որ չսպասեն, որովհետև դա տնտեսությանն է պետք»,– ասաց Թունյանը։

Նրա բնորոշմամբ` հայաստանյան տնտեսությունում այժմ սպասողական վիճակ է, ընդ որում`ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսվարողների մոտ։

Այդուհանդերձ, Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստանում սկսեցին Արցախի ու արցախցիների համար օգնություններ հավաքել, կոնկրետ ապրանքներ գնել Արցախ ուղարկելու ու Հայաստան եկած արցախցի ընտանիքներին աջակցելու համար։ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք այս գործընթացը չխթանեց տնտեսական ակտիվությունը։

«Բնականաբար, սա որոշ չափով պահանջարկն ավելացնում է, բայց դրանք շատ սպեցիֆիկ, որոշակի տեսակի ապրանքներ են»,– ասաց նա։

Միաժամանակ Հայաստանում նաև թուրքական ատադրության ապրանքներից հրաժարվելու ակցիա է իրականացվում։ Պատերազմի առաջին իսկ օրերին, սպառողների պահանջին ընդառաջելով, առևտրի որոշ ցանցեր հայտարարեցին, որ որոշում են կայացրել թուրքական ապրանքները վաճառասեղաններից հավաքելու ու դրանք մատակարարող ընկերություններին վերադարձնելու մասին։ Փաստորեն` այս ակցիայի հետևանքով բոյկոտվել են արդեն իսկ Հայաստան ներկրված ու Հայաստանում գտնվող ապրանքները, ինչը նույնպես ազդում է շրջանառության ցուցանիշի վրա։

«Մի կողմից ճիշտ է, որ մենք թուրքական ապրանքներ չգնենք ու թուրքական տնտեսությունը դրանով չուժեղացնենք, որովհետև եթե ժամանակին այդ գումարներն անուղղակիորեն, ապա այժմ արդեն ուղղակի են մեր դեմ աշխատում։ Մյուս կողմից` մենք ունենք մի քանի հարյուր, կամ մի քանի հազար քաղաքացիներ, որոնք այսօր թուրքական ապրանքների առևտրով գումար են աշխատում։ Նրանց միանգամից ինչ–որ բան արգելելը նույնպես փաստի առաջ է կանգնեցնելու»,– ասաց Թունյանը։

Ինչ վիճակում է հայկական ռազմարդյունաբերությունն այս օրերին. մեկնաբանում է նախարարը

Պատգամավորի համոզմամբ` սա շատ նուրբ հարց է, որի լուծումը նաև պետական մակարդակով պիտի գտնվի` այնպես, որ Հայաստանը թուրքական ապրանքներից աստիճանաբար հրաժարվի, բայց դրա հետևանքով ավելի մեծ խնդիրներ չառաջացնի։

Հայաստանն ավելի քան կես ամիս է` ապրում է ռազմական դրության պայմաններում։ Տնտեսագետներն արդեն մտահոգվում են տնտեսության համար։ Բայց պաշտոնական տվյալներ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ տնտեսության մեջ սեպտեմբերի 27-ից առ այսօր, պաշտոնապես դեռ հայտնի չէ։ Նման տվյալներ չունի նաև մեր զրուցակից Բաբկեն Թունյանը։

Հայի հնարամիտ նվիրատվությունը հիացրել է Սերժ Թանկյանին. նա տեսանյութ է հրապարակել

269
թեգերը:
Բաբկեն Թունյան, Պատերազմ, Հայաստան, տնտեսագետ
Ըստ թեմայի
2020–ին տնտեսական անկումը կկազմի 6.8%` 2–ի փոխարեն. ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը
Որքա՞ն որոշիչ է տնտեսական բաղադրիչի դերը պատերազմի ելքի վրա
Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում
ՀՀ կենտրոնական բանկ

Պատերազմն ու կորոնավիրուսն ազդել են. տնտեսական ակտիվությունը նվազել է 7.5%–ով

8
(Թարմացված է 16:34 27.10.2020)
ԿԲ նախագահը հայտնել է, որ, հաշվի առնելով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի որոշակի աճը, ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հոկտեմբերին կորոնավիրուսի համավարակի ակտիվացման հետևանքով Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 7.5% անկում է գրանցել։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Դա հիմնականում արտահայտվել է ծառայությունների ոլորտի զգալի կրճատմամբ»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ, հաշվի առնելով արդեն գրանցված ու նաև սպասվող մակրոտնտեսական զարգացումները, այդ թվում՝ ռիսկի որոշակի աճը, ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

«2020թ. հոկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%»,– ասաց Գալստյանը։

Ի՞նչ է LC Waikiki–ն՝ պարզապես լավ գովազդային արշավ. ինչպես ազատվել թուրքական ապրանքից

ԿԲ–ն նաև ամփոփել է 2020թ.–ի առաջին երեք եռամսյակների տնտեսական արդյունքները։ Դրանց համաձայն, սեպտեմբերին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2% գնաճի դիմաց։ Արդյունքում` 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%, իսկ բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.3%։

8
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), տնտեսություն, կորոնավիրուս, Պատերազմ
Ըստ թեմայի
Ժամանակն է, որ բանկերը պատասխանատվություն վերցնեն. ինչպե՞ս են որոշելու` ում վարկը ներել
Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները
Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի
Կարի արտադրամաս Գյումրիում

Ի՞նչ է LC Waikiki–ն՝ պարզապես լավ գովազդային արշավ. ինչպես ազատվել թուրքական ապրանքից

972
(Թարմացված է 23:16 25.10.2020)
Որոշ դեպքերում բիզնեսն ինքն է արդեն վաղուց դիմել այդ քայլին։ Մյուս դեպքերում, օրինակ, թեթև արդյունաբերության հարցում, բիզնեսին օգնել է պետք, այլ ոչ թե մեջբերել շուկայական տնտեսության փաստարկը։ Տեղի արդյունաբերությունը դրանից միայն կշահի։

Հայաստանը վերջապես ուզում է ազատվել թուրքական ապրանքներից։ Դա անելը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Թեև այստեղ առանցքային բառը «վերջապեսն» է, քանի որ գործընթացը կարելի էր սկսել 20 կամ թեկուզ 10 տարի առաջ։

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա

Հայաստանը Թուրքիայից ներկրում է իր ներմուծման ընդհանուր ծավալի 5%–ից մի փոքր պակաս (2019 թվականի տվյալներով` 4,8%)։ Պարենամթերքից հիմնականում միրգ է ներմուծվում (մասնավորապես` ցիտրուսայիններ)։ Ամենաշատը ոչ պարենային ապրանքներն են` գործվածքներ, հագուստ և կոշիկ, պլաստմասե արտադրանք, օծանելիք և լվացող միջոցներ։

Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից
© Sputnik / Shushanik Sargsyan
Ինչ է Հայաստանն ամենաշատը բերում Թուրքիայից

Տարեկան Հայաստանը 250-270 մլն դոլարի թուրքական ապրանքներ է ձեռք բերում։ Վերջին 15 տարվա ընթացքում այդ թիվը կազմել է ավելի քան 2.8 մլրդ դոլար։

Հայաստանի կառավարության հայտարարած արգելքն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 31-ից` ժամանակ տալու համար խանութներին և առևտրի ցանցերին վաճառելու այն, ինչն արդեն ներմուծվել է։

Պետք է ուշադրություն դարձնել, որ թուրքական ապրանքներ օգտագործվում են նաև արդյունաբերության որոշ ոլորտներում։ Այդ իսկ պատճառով կարևոր է հագուստ, կոշիկ և կաշի (Հայաստանում նաև կաշվի գործարան կա) արտադրողների համար նոր մատակարարներ գտնել։

Որոշ դեպքերում դա հնարավոր է դարձել, որոշներում` դեռ ոչ։ Սակայն երկու դեպքում էլ եզրակացությունը նույնն է. ամեն ինչ կստացվի, բայց ոչ մեկ օրում։

«Մարսվող» պատմություն

Կաթնամթերքի գործարաններն ու թռչնաբուծական ֆաբրիկաները մի քանի տարվա ընթացքում ինքնուրույն ձեռբերումներ գրանցեցին` առանց ազդակների սպասելու։

5-10 տարի առաջ Հայաստանի թռչնաբուծական ֆաբրիկաները տարեկան հարյուր հազարավոր դոլարների ածան ճտեր Թուրքիայից էին գնում (ամբողջ ներմուծման 10-15%–ը)։  Այսօր դրանից ամբողջությամբ հրաժարվել են։ Իհարկե, Հայաստանի ընդանուր արտաքին առևտրում դրանք շատ մեծ գումարներ չեն։ Սակայն հարցն այլ է. Հայաստանում սեփական ածան հավեր չեն բուծում` գնելով արտերկրից։ Եթե այդ օղակը դուրս ընկնի, կփլուզվի ողջ արտադրական շղթան։

Մեզ` կոնֆետ, թուրքերին` Bayraktar-ի շարժիչ. սպառողները բոյկոտում են ուկրաինական ապրանքները

«Մեր թռչնաբույծները դա հասկանում էին, այդ պատճառով ժամանակի ընթացքում մենք այլ մատակարարներ գտանք, որպեսզի նույնիսկ այդ 10-15% զրոյացնենք», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Նմանատիպ ձեռքբերում գրանցեցին նաև կաթնամթերք արտադրող գործարանները։ 10-15 տարի առաջ պանրի արտադրության համար նրանք Թուրքիայից էին շրդանային մակարդ գնում։ Այստեղ էլ էր փոքր օղակից կախված ամբողջ շղթան։

Ընդ որում զուտ շուկայական օրենքների համաձայն թուրքական ապրանքն ավելի շահավետ էր. իրենց որակով մակարդներն ավելի մոտ էին եվրոպականներին, բայց ավելի մատչելի էին։ Բայց դրանցից այնուամենայնիվ հրաժարվեցին և չտուժեցին.  և՛ մատակարարներ գտան, և՛  նրանցից բավական մատչելի գներ ստացան։ Իսկ այսօր պանրի արտադրության համար մակարդ հենց Հայաստանում են ստանում։

Ճիշտ նույնկերպ կաթնամթերք արտադրողները ակտիվորեն պաստերիզացման սարքավորումների այլընտրանքային մատակարարներ են փնտրում (և գտնում)` և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից (այդ թվում բարեկամական Հունաստանից)։

Օրինակները դեռ շատ չեն, բայց հաջող են։ Թեպետ երկու դեպքում էլ բիզնեսն իր առջև խնդիր էր դրել և լուծում էր այն մի քանի տարի։  Իսկ ահա հագուստի պարագայում ամեն ինչ ավելի բարդ է։ Այդ մասին է արդեն  հաջորդ պատմությունը` «չմարսվողը»։

«Չմարսվող» պատմություն

Հայկական տեքստիլ արդյունաբերությունը հիմնականում աշխատում է թուրքական գործվածքներով և քաթանով։ Այլ կտոր գնելու համար պետք է կարողանալ ավելի թանկ ապրանք ստեղծել ու վաճառել, նշում է ոլորտի փորձագետ Սուրեն Բեկիրսկին, ով երկար ժամանակ ղեկավարել է «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկան։

Ռուսական շուկայում, որտեղ հիմնականում հայկական ընկերություններ են գործում, մրցակցելը հեշտ չէ. այնտեղ, որտեղ նրանք զրոյական եկամուտ են ստանում, մրցակիցների մոտ 10-20% շահույթ է մնում։ «Մեղավոր» են և՛ բարդ տրանսպորտային պայմանները, և՛ արտադրության համեմատաբար փոքր ծավալները (ի տարբերություն նույն թուրքականի)։

Եվ այստեղ ճիշտ տեղն է հիշելու, թե ինչու Թուրքիայում նման արտադրություն հայտնվեց։ Շատերը նրանցից, ովքեր այսօր փնովում են Խորհրդային Միությունը, թուրքական հագուստ են կրում, իսկ խորհրդային տարիներին նրանց ծնողները (կամ հենց իրենք, երբ փոքր էին) հայկական հագուստ և կոշիկ էին հագնում, ինչպես և ողջ Միությունում նրանց միլիոնավոր հասակակիցներ։

Թուրքիայից արդեն ներկրված ապրանքների բոյկոտը վնասում է հայ գործարարներին

«Այդ ոլորտում եմ արդեն շուրջ 40 տարի, և կարող եմ սեփական փորձովս ասել։ 80-ականների կեսերին Թուրքիայում ոչինչ չկար, բացի գորգագործությունից, շատ փոքր քանակի գուլպաների, սրբիչների և անկողնային պարագաների արտադրությունից։ Սա էր այն ամենը, ինչ նրանք ունեին։ 90-ականների վերջին նրանք մի ամբողջական ոլորտ ստեղծեցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց մոտ պետական ծրագիր էր գործում՝ աշխատատեղերի համար արտոնյալ պայմաններով», – ասում է Բեկիրսկին։

Թուրքիայում ստեղծվեց այն ամենը, ինչ ժամանակին կար Հայաստանում, բայց Միության փլուզումից հետո գրեթե վերացավ. արտադրության ամբողջական ցիկլը` մանվածքի արտադրություն, մշակում, գործվածքի ներկում և վերջապես հագուստի կարում։ Թուրքիայում ոչ միայն արտադրությունը կարգավորեցին, այլև մարքեթինգը։

«Ի՞նչ է LC Waikiki–ին։ Ոչինչ։ Պարզապես լավ մշակած գովազդային արշավ։ Մարքեթոլոգները նախապես թելադրում են դիզայներներին, թե ինչ անեն հաջորդ սեզոնի համար, և նրանք անում են։ Եվ նրանք ունեն բոլոր տարբերակները` մոդելային, գունային, չափային... ողջ ներկապնակը։ Այդ ամենը, կրկնեմ, տարիներով է մշակվել, դեպի Եվրոպա վաճառքների և արտահանման փորձի հիման վրա», – հավելեց Բեկիրսկին։

Թուրքական ընկերությունների օգտին են գործում պետական արտոնությունների և շուկաների հետ աշխատանքի տարիները։ Հայկական կողմն էլ տուժում է պետության կողմից այն բացատրություններից, թե «արտոնությունները հակասում են շուկայական տնտեսության կանոններին»։  Ու քանի որ Հայաստանում ամեն ինչ արվում էր «կանոնների համաձայն», այսօր թուրքական արտադրողները ոչ միայն Հայաստանում ապրանք են վաճառում, այլև դրա համար ոչ մի լումա չեն ծախսում։ Տեղափոխման, մաքսազերծման և վաճառքի գրեթե բոլոր ծախսերը ստանձնում է հայկական բիզնեսը։

«Իսկ եթե նրանց առաջարկես նույն կերպ հայկական արտադրության մեջ ներդնում անել, նրանք դա ոչ մի դեպքում չեն անի։ Որովհետև թուրքական արտադրողը, պայմանականորեն ասած, 50 մոդել ունի, իսկ մերը` 4-5»,  – բացատրում է Բեկիրսկին։

ՄԱԿ–ի՝ Ռուսաստանի կառավարության միջոցներով ֆինանսավորվող ծրագրով Իտալիայի մասնագետները հայկական ընկերություններին առաջարկել են միջին և թանկ սեգմենտի համար սեփական հագուստի շարքը ստեղծել։

Ռուսաստանցի գնորդները կարի որակը հավանեցին, բայց նրանք դեռ ոչ թե ապրանքն (այսինքն պատրաստի հագուստը) են պատվիրում, այլ կարը (այսինքն ուղարկում են հագուստի մոդելն ու պատվիրում դրա որոշակի խմբաքանակ)։  Էլի վատ չէ, էլի եկամուտ է, բայց դեռ այն չէ, քանի որ ապրանքանիշը մերը չէ։ Հայտնի հաջող օրինակ է Վանաձորի Gloria ընկերությունը, որը մեծ ծավալով աշխատում է եվրոպական և ռուսական շուկաների համար։ Սակայն սեփական ապրանքանիշ նրանք ևս դեռ չունեն։

Ինքնասիրության հարց է. առևտրային ցանցերը հրաժարվում են թուրքական ապրանք վաճառելուց

«Եթե մենք ավելի մեծ թվով այնպիսի ընկերություններ ունենանք, որոնց համար պետությունը կօգնի լուրջ առևտրային ցանցեր գտնել, այդ դեպքում նրանք հագուստի լայն շարքի արտադրության փորձ կունենան և մեծ ծավալներով` միջին և բարձր գնով։ Այդ դեպքում նրանց արտադրությունն էլ այնքան զարգացած կլինի, որ նրանք կկարողանան նորմալ գնով լավ որակ առաջարկել։ Իսկ դրա համար նրանք կկարողանան այլ երկրներից ավելի որակյալ բամբակյա գործվածքներ գնել։ Ինչ–որ մեկը պետք է աշխատի բիզնեսի հետ, ինչ–որ մեկին դա պետք է անհրաժեշտ լինի», – ընդգծեց Բեկիրսկին։

Ավելի վատ կլինի, եթե այդ գործը նույնիսկ չսկսեն, իսկ արգելքը շրջանցեն ֆորմալ ձևով, թուրքական ապրանքները այլ երկրներից գնելով (օրինակ` Վրաստանից)։ Այդ դեպքում թուրքական ապրանքների ներմուծման արգելքը լիովին կիմաստազրկվի։

Այդպիսով, այնտեղ, որտեղ բիզնեսը կարողանում է, ինքնուրույն է ազատվում թուրքականից։ Որտեղ չի կարողանում` նրան օգնել է պետք (ու այդպիսով օգնել մեր երկրում նոր աշխատատեղեր ստեղծելուն)։

972
թեգերը:
հագուստ, Հայաստան, Թուրքիա, ներմուծում
Ըստ թեմայի
«Հասկանում եմ` տրամադրություն չկա մոլ գնալու». տնտեսագետը կոչ է անում չհետաձգել գնումները
Թուրքիայի հետ սաուդցիների հարաբերությունները լարված են. ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին
Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից