Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ են թաքցնում ՀԴՄ կտրոնների ցուցանիշները. Փաշինյանի լավատեսությունն ու իրական պատկերը

236
ՀՀ պետեկամուտների կոմիտեն, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան, ներկայացրել է 2019 և 2020թ–ի որոշ ամիսների ՀԴՄ կտրոնների ու դրանցով կատարված շրջանառության ցուցանիշները։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական ճգնաժամ չկա և վկայակոչեց վերջին ամիսներին Հայաստանում տպված ՀԴՄ կտրոնների ցուցանիշը։ Նրա խոսքով` այս տարի անցյալ տարվա համեմատ ընդամենը 2.5 տոկոսով պակաս ՀԴՄ կտրոն է տպվել։

Վարչապետի այս հայտարարությունը տնտեսագետների շրջանակներում միանշանակ չընդունվեց։

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ մեկ ցուցանիշով` ՀԴՄ կտրոնների քանակով, քննարկել` երկրում տնտեսական ճգնաժամ կա, թե չկա, լուրջ չէ։

ՀԴՄ կտրոնները, նրա բնորոշմամբ` «ոչ թե օդից են վերցնում», այլ առևտրի, ծառայությունների ոլորտի իրական շրջանառության ածանցյալն են։ Ավետիսյանը հիշեցնում է, որ մանրածախ առևտուրը 2020թ–ի հունվար-հուլիս ամիսներին նվազել է 15%-ով, ընդհանուր առևտուրը` 10%-ով, ծառայությունները` ավելի քան 9 %-ով,  իսկ անցյալ տարվա համեմատ` 22%-ով։

«Հիմա  ինչպե՞ս է ստացվել, որ միջինում 10%-ից ավելի կրճատումների պայմաններում ՀԴՄ կտրոնների շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 %-ով։ Անհասկանալի է։ Սա լրացուցիչ բացատրության կարիք ունի, քանի որ հակասությունն ակնհայտ է»,– ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետ Գոռ Ծառուկյանն էլ վարչապետի հայտարարությունը մեկնաբանում է ոչ թե ֆինանսական, այլ քանակական ցուցանիշներով։ Այլ կերպ ասած, ըստ նրա` տպվել է շատ ՀԴՄ, բայց դրանցով կատարված առևտուրը նվազել է։

«Տպված ՀԴՄ–ի վրա կարող է լինել ավելի փոքր գումար, դա միանշանակ չէ, և մեկը մյուսով պայմանավորված չէ»,– ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի ասաց Ծառուկյանը։

Հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք ՊԵԿ–ին և ստացանք թվային տվյալներ` ինչ ունեինք անցյալ տարի` մինչև կորոնավիրուսային ճգնաժամը ու ինչ ունենք այս տարի։

Եվ այսպես, ըստ ՊԵԿ–ի տրամադրված ցուցանիշների` արտակարգ դրության ամենադժվարին ամսվա` ապրիլի ընթացքում Հայաստանում տպվել է 25.5 մլն հատ ՀԴՄ կտրոն, որոնցով կատարվել է 86 569 749 775 դրամի գործարք։

Համեմատության համար նշենք, որ 2019թ–ի ապրիլին տրամադրված ՀԴՄ կտրոնների թիվը եղել է շուրջ 37 մլն (36 966 401), իսկ կատարված գործարքների  ծավալը` 149 420 099 892 դրամ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում

2020թ–ի մայիսին, երբ կառավարությունը վերաբացեց տնտեսական գործունեության որոշ տեսակները` հանրային սննդի կետերը, խոշոր առևտրի կենտրոնները, Հայաստանում տպագրվեց 35 մլն հատ ՀԴՄ կտրոն, որով կատարվեց 132 364 435 879 դրամի առևտուր։

Եվ դարձյալ համեմատության համար նշենք, որ 2019թ–ի մայիսին տպվել էր 40 249 498 ՀԴՄ կտրոն, որով կատարվել էր 161 185 207 294 դրամի գործարք։

Իսկ 2020թ–ի հուլիսին, երբ ՀՀ կառավարությունը սկսեց խոսել տնտեսության ու հատկապես ներքին զբոսաշրջության ակտիվացման մասին, Հայաստանի ողջ տարածքում տպվեց 39,4 մլն հատ ՀԴՄ կտրոն, որոնցող կատարվեց 154 330 457 612 դրամի առևտուր։

2019թ–ի հուլիսին տպագրվել էր 41 316 483 հատ ՀԴՄ կտրոն, կատարվել էր 181 261 119 701 դրամի առևտուր։

Եթե դիտարկենք միայն վերջին ցուցանիշը, 2020թ–ի հուլիսին տպված ՀԴՄ կտրոններն ընդամենը 2 մլն հատով են զիջում 2019թ–ի հուլիսի տպագրվածների թվին։ Մինչդեռ դրամական արտահայտությամբ այդ տարբերությունը 26 930 662 089 դրամ է կազմում։

Այսինքն` 2020թ–ի հուլիսին ՀԴՄ շրջանառությունը` դրամական արտահայտությամբ, նախորդ տարվա համեմատ նվազել է ոչ թե 2.5, այլ շուրջ 15 տոկոսով։

Ի դեպ, վերլուծություններ կատարելիս հարկ է նաև հիշել 2019թ–ին տեղի ունեցած մի կարևոր իրադարձություն, որն էական ազդեցություն ունեցավ ՀԴՄ կտրոններ տրամադրելու մշակույթի ձևավորման համար։

Հիշեցնենք` վարչապետի նախաձեռնությամբ ՀՀ Անկախության տոնն անցյալ տարի նշվեց Գյումրիում։ Քաղաքը 15 000 հյուր ընդունեց, բայց տնտեսության մեջ դա ոչ մի ձևով չարտացոլվեց։

Covid-ով պայմանավորված տնտեսական ճգնաժամի ֆոնին կան նաև լավ լուրեր. Փաշինյան

Խնդիրը բացահայտեց հենց վարչապետ Փաշինյանը։ Հոկտեմբերի 9-ին Հայաստանի տնտեսությանը նվիրված համաժողովում նա հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում տպվել է ընդամենը 10 մլն դրամի կտրոն` այնքան, որքան մնացած օրերին։

«Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր տպվել։ Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու, ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որևէ այլ բան»,- ասել էր Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությունից ու ՊԵԿ հսկողության խստացումից հետո Հայաստանում տպագրվող ՀԴՄ կտրոնների թիվը սկսեց աճել։

236
թեգերը:
ՀԴՄ, կորոնավիրուս, տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայաստանը համավարակի պատճառով զրկվել է միլիոններից. թվերն ավելի քան խոսուն են
Չի կարելի թնդանոթներով գնալ ճնճղուկների որսի, կամ ինչ օգուտ կտան մանրավաճառները բյուջեին
Շուկայում ՀԴՄ սարքերի խնդիր չկա. քանի՞ ընկերություն է ներմուծելու թույլտվություն ստացել
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

285
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

285
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

413
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

413
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Արտակ Բեգլարյանը հանդիպել է ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնի հետ

0
Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնիի հետ:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նախնական արդյունքները:

Պաշտպանը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ և ցուցաբերել հասցեական աջակցություն: Ա. Բեգլարյանը կարևոր է համարել միջազգային կառույցների համարժեք ու օպերատիվ արձագանքը մարդու իրավունքների և մարդասիրական առկա մարտահրավերներին:

Պետդուման Ղարաբաղի իրադրության վերաբերյալ հայտարարություն ընդունեց

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Ըստ վերջին տեղեկությունների` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 84 զինծառայողներ և 4 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները «Իգլա» ԴԶՀՀ-ով հակառակորդի երկու ուղղաթիռ են ոչնչացրել

Հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը նաև զինտեխնիկայի մեծ կորուստներ ունի։

0
թեգերը:
Արցախ, Ստեփանակերտ, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), Կարմիր խաչ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի վրա - 2020
Ըստ թեմայի
«Հենց նոր ուղղաթիռ ենք խոցել, հավանական է` ուղղաթիռներ». Արծրուն Հովհաննիսյան
Զինվորների մասին տեղեկություն հավաքելու փորձերից պետք է զերծ մնալ. ԱԱԾ
Վիրավոր զինվորներին հուզող միակ հարցը պաշտպանությանը վերադառնալն է. Զարուհի Բաթոյան