Այգեպար, Տավուշի մարզ

Ճագարաբուծություն գնդացիրների տակ. սահմանամերձ Այգեպարում խոշոր արտադրություն են հիմնում

407
(Թարմացված է 20:37 10.09.2020)
Այստեղ մեծ և ժամանակակից ֆերմա կկառուցեն, որը կօգնի ընդլայնել հանրապետությունում ճագարի դիետիկ մսի արտադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան․ Այգեպար գյուղում՝ Ադրբեջանի սահմանին, պատրաստվում են նոր արտադրություն սկսել։ Կարճ ժամանակ հետո աահմանամերձ համայնքում ճագար կբուծեն և թարմ միս կարտադրեն։ Երկրում արդեն մի քանի ֆերմա կա, բայց խանութներում և առավել ևս սուպերմարկետներում ճագարի միս գրեթե անհնար է գտնել։

Նաև «Սիրահարների փողոց». ադրբեջանական հրետակոծությունից հետո Այգեպարը գունազարդել են

Ֆերմեր Դավիթ Դավթյանը վստահ է՝ Այգեպարը կդառնա արդյունաբերական նոր կենտրոն։ Նա արդեն ոչինչից նոր բան ստեղծելու փորձառություն ունի։ Տարիներ առաջ նրա ընտանիքը ծնեբեկ էր աճեցնում Գորիսից ոչ հեռու գտնվող Տեղ գյուղում՝ Զանգեզուրի լեռներում։ Նրանք առաջինն էին, որ սկսեցին ծնեբեկ արտահանել Հայաստանից, ընդ որում՝ օրգանիկ սննդի հավաստագրով։

Специалист по разведению кроликов Давид Давтян
© Sputnik / Andranik Ghazaryan
Դավիթ Դավթյան, ճագարաբույծ

Երբ էկոնոմիկայի նախարարությունը սկսեց համակարգել գյուղատնտեսությունը, Դավթյանին հրավիրեցին իբրև նախարարի խորհրդական։ Բայց վերջերս նա հրաժարվեց այդ պաշտոնից։ Այժմ Այգեպարի բնակիչների հետ վերակառուցում է երբեմնի լքված շինությունը, որտեղ պետք է զբաղվեն ճագարաբուծությամբ։ Դավիթն այստեղ կտեղափոխի իր ունեցած ճագարի գլխաքանակը, որը բուծել է վերջին չորս տարում։

«Մենք Հայաստանի կլիմայական պայմաններին հարմարված ցեղատեսակներ ունենք։ Կարելի է վստահ լինել, որ գյուղացիները բավականաչափ եկամուտ կստանան»,-ասաց Դավթյանը։

Այգեպարում հողի հույսին չես ապրի․այստեղ հող պարզապես չկա։ Բոլոր դաշտերն ու այգիները մնացել են հակառակորդի կրակահերթի տակ։ Բնականաբար, ոռոգման ջուր ևս չկա։ Գրեթե բոլոր տղամարդիկ կա՛մ պայմանագրային զինծառայողներ են հենց այստեղ՝ սահմանին, կա՛մ ԱԻՆ-ի փրկարարներ։

«Այդ պատճառով մենք փորձում ենք այնպիսի զբաղվածություն ապահովել, որի համար շատ հող հարկավոր չէ։ Ճագարաբուծությունը հենց այդպիսի տարբերակ է»,-հավելեց Դավթյանը։

Ферма Давида Давтяна по разведению кроликов в приграничном селе Айгепар, Армения
Դավիթ Դավթյանի ճագարների ֆերման՝ սահմանամերձ Այգեպարում

Նախագիծը իրականացվում է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի աջակցությամբ, որը գործում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Դավիթը ստանձնել է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատվությունը։

«Մենք ուզում ենք նաև բիոհումուս և ճագարի կեր արտադրել։ Դրանով արդեն կարող են զբաղվել հարևան գյուղերը, որտեղ ազատ հող կա։ Այդպես նոր աշխատատեղեր կբացվեն»- մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի ներկայացուցիչ Սևան Ամիրյանցը։

Представитель благотворительного фонда Парос Севан Амирянц
© Sputnik / Andranik Ghazaryan
Սևան Ամիրյանց, «Փարոս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ

Այգեպարի այն շենքում, որտեղ գաղափարը միս ու արյուն կստանա, խորհրդային տարիներին ծխախոտ են պատրաստել։ Վերջին 30 տարում շենքի պատերին գնդակների և ռումբերի բազմաթիվ հետքեր են հայտնվել։Նորոգման ընթացքում այստեղ նոր պատուհան տեղադրելիս էլ հակառակորդը կրակ բացեց այդ ուղղությամբ։

Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

«Բայց չէ՞ որ մարդիկ այստեղ ապրում են։ Նշանակում է, որ անգամ այսպիսի՝ զրոյական ռեսուրսներով, անհող ու անջուր միջավայրում կարելի է կյանքը բարեկեցիկ դարձնել։ Իսկ եթե դա հնարավոր է այստեղ, ապա Հայաստանի մյուս շրջաններում՝ միանգամայն հնարավոր է»- վստահեցնում է Դավթյանը։

Շենքի վերականգման և ճագարների համար նախատեսված վանդակների տեղադրման աշխատանքներն ավարտական փուլում են․ դրանք իրականացվում են դիրքերում հերթափոխը հանձնելուց հետո։

Ферма Давида Давтяна по разведению кроликов в приграничном селе Айгепар, Армения
Դավիթ Դավթյանի ճագարաբուծության ֆերման սահմանամերձ Այգեպարում

Ընդ որում՝ նրանք չեն ուզում, որ իրենց ապրանքը գնեն խղճահարությունից դրդված։ Ամեն ինչ կանեն, որ միսը որակապես չզիջի «եվրոպականին»։ Դավիթն արդեն նրանց վարակել է այդ գաղափարով։ Շինաշխատանքների ընթացքին զուգահեռ նա ապագա աշխատակիցներին սովորեցնում է՝ ինչպես ճագարներին ճիշտ խնամել ու պատվաստել։ Տարածքում նաև օդափոխություն մասին են հոգացել․ դրենաժ են տեղադրում։

ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ Հայաստանում ընդունված չէ ամենօրյա սննդակարգում ճագարի միս օգտագործել։ Կենտրոնն արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի բնակիչների սննդակարգի մոնիթորինգ և վերլուծություն է իրականացնում։ Եթե անգամ ուտում են, ապա միայն քաղաքից դուրս գնալիս կամ հանգստի ժամանակ, իբրև «հատուկ ճաշատեսակ»։ Անգամ դիաբետով հիվանդները այն գրեթե չեն ներառում իրենց սննդակարգում։

«Դա չի նշանակում, որ նրանք չեն հետևում իրենց սննդակարգին։ Օրինակ՝ հնդկաձավար սովորականից շատ են օգտագործում, իսկ ճագարի միս, չգիտես՝ ինչու չեն ուտում»,- ընդգծեց Պիպոյանը։

Միաժամանակ Դավթյանը նկատում է, որ այնուամենայնիվ կան ֆերմերներ, որոնք միս ունեն, բայց չեն կարողանում այն իրացնել։ Այսինքն՝ առանձին ֆերմաներ կան, իսկ ճագարաբուծությունը զարգացած չէ։ Բայց շուտով այն կստեղծվի և ճանաչելի կդառնա «Made in Aygepar» ապրանքանիշով։

Իսկ ո՞վ է լինելու այդ արտադրության և բրենդի սեփականատերը։ Պատասխանը պարզ է՝ նրանք, ովքեր կաշխատեն։ «Փարոսը» աստիճանաբար սեփականության իրավունքը կփոխանցի ֆերմայի աշխատակիցներին, երբ նրանք լիովին կտիրապետեն իրենց գործին։

«Աստված մեր սահմաններին խաղաղություն տա, մնացածից գլուխ կհանենք»,- եզրափակեց Դավիթը։

Երբ գործը հունի մեջ ընկնի, Դավթյանը կվերադառնա ընտանեկան ֆերմա, հայրենի Զանգեզուր։ Բայց Այգեպարից, իհարկե, չի բաժանվի։

407
թեգերը:
տնտեսություն, արտադրություն, ճագարաբուծություն, սահմանամերձ գյուղեր, Տավուշ, Այգեպար, Հայաստան
Ըստ թեմայի
Համեղ և օգտակար ճագարի միս` սահմանամերձ Այգեպարից. նոր նախագիծը կփոխի գյուղի կյանքը
Այգեպարի մանկապարտեզն ավերվել է հակառակորդի հրետակոծությունից. լուսանկարներ
Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը լուսանկարներով
Փաշինյանը ցույց է տվել, թե ինչպես է վերականգնվում ադրբեջանական հրետանուց տուժած Այգեպարը
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

214
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

214
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

413
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

413
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան

Պատասխան եք ստանալու. ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանին համարժեք պատասխան է խոստանում

0
(Թարմացված է 13:19 29.09.2020)
Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Վարդենիսի վրա Ադրբեջանի հարձակումը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք: Այս մասին Тwitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«ԼՂՀ–ի դեմ ագրեսիայի երրորդ օրը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի տարածքի` Վարդենիս քաղաքի վրա` օգտագործելով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր, պատճառելով քաղաքացիական զոհեր: Այս գործողությունը կստանա համարժեք ռազմական և քաղաքական արձագանք»,– գրում է ԱԳ նախարարը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի տարածքի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։

Ադրբեջանական կողմն այս պահին հրետակոծում է Վարդենիսի գյուղերը։ Արդեն հայտնի է մեկ քաղաքացիական անձի մահվան մասին։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Արցախ