Արխիվային լուսանկար

ՌԴ–ն գինու ու կոնյակի համար նոր օրենք է մշակել, որը «շշի մեջ է մտցնում» հայ արտահանողներին

430
Կոնյակի վրա հարկ կլինի լրացուցիչ խոշոր պիտակներ փակցնել, իսկ նռան գինին առհասարակ կդադարի գինի համարվել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանում գինին և կոնյակը պետք է վաճառվեն միայն նոր նմուշի պիտակներով։ Համաձայն «ՌԴ-ում խաղողագործության և գինեգործության մասին» օրենքում շարադրված նոր պահանջների՝ շշերի վրա պետք է անպայման նշվի, թե խաղողի որ տեսակներից են դրանք պատրաստված, որ տարում և որտեղ են հավաքել խաղողը։

Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա

Այս օրենքը հարցեր է առաջացրել շուկայի թե՛ ռուսաստանցի, թե՛ այլ երկրների մասնակիցների մոտ, այդ թվում՝ հայաստանցիների։ Եթե գինու դեպքում դեռ կարելի է կատարել այս պահանջը, ապա կոնյակի դեպքում շատ ավելի բարդ է, քանի որ կոնյակի համար օգտագործվում է տարբեր սպիրտների համադրություն, որտեղ տարբերվում են և՛ սպիրտի տարիքը, և՛ խաղողի տեսակը։

Գրեք մանր ձեռագրով

«Եթե գինու դեպքում դա դեռ ընդունելի է, ապա կոնյակի և շամպայնի համար անհեթեթություն է։ Շշի վրա դա կվերածվի մի ամբողջ լեկցիայի և որ ամենակարևորն է՝ սպառողի համար ոչինչ չի նշանակի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հայաստանի «Գինու ազգային կենտրոնի» նախագահ Ավագ Հարությունյանը։

Շամպայնի մեջ ևս տարատեսակ գինենյութերի խառնուրդ է օգտագործվում, ընդ որում՝ դրանց ընտրությունը և համամասնություններն առևտրային գաղտնիք են համարվում։ Ի դեպ, սպառողի համար դա այնքան էլ հետաքրքիր չէ․ կարևորն իմանալն է, որ ալկոհոլը խաղողից է պատրաստված։ Անգամ այն գինիների համար, որտեղ հումքի միայն մեկ, ոչ թե մի քանի տեսակ է օգտագործվում, այդքան մանրամասն տեղեկությունները ոչ միշտ են նշվում, եթե խոսում ենք միջազգային փորձի մասին։

Հարությունյանը շեշտեց, որ ամբողջ աշխարհում շամպայնի շշերի վրա նշում են միայն տարին, որի ընթացքում հավաքված խաղողը գերակշռում է կուպաժում, իսկ կոնյակի և բրենդիի շշերի վրա առհասարակ չեն նշում։ Կոնյակի դեպքում, ինչպես հայտնի է, նշվում է օգտագործված սպիրտներից ամենաերիտասարդի տարիքը։ Այսինքն՝ եթե շշի վրա գրված է 7 տարեկան, ուրեմն դրա պարունակության մեջ ամենաերիտասարդ սպիրտը 7 տարեկան է, սակայն կարող են և ավելի հները լինել։

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

Այսպես թե այնպես, այդ հարցը լուծվող է․ շշերի վրա կարելի է պարզապես լրացուցիչ պիտակներ փակցնել՝ ավելացնելով պակասող տեղեկությունները, քանի որ կարգավորող մարմինն է այդպես պահանջում։ Բայց նաև մեկ այլ, արդեն համակարգային հարց կա։ Նոր օրենքի համաձայն` գինին կարող է լինել միայն խաղողի։ Մնացած ամեն ինչը չի կարող գինի կոչվել։ Իսկ նռան գինին Հայաստանից Ռուսաստան գինու արտահանման ոչ ավել, ոչ պակաս՝ կեսն է կազմում (վերջին տարիներին այդ ուղղությունն ակտիվորեն զարգանում էր)։

«Հիմա ստիպված ենք լինելու այն մակնշել որպես «Նռան ալկոհոլային խմիչք»։ Ինքներդ դատեք, թե որքան գրավիչ է այդպիսի անվանումը։ Սպառողը չի հասկանում՝ այդ խմիչքի մեջ բուրավետիչներ, քաղցրացուցիչներ և նման բաներ կա՞ն, թե ոչ, այդպիսի անվանումը ոչինչ չի երաշխավորում։ Ուստի գնորդն այդ «խմիչքն» արդեն լրիվ այլ կերպ է գնահատում»,-ընդգծեց Հարությունյանը։

Եվրասիական կանոնակարգ

Հարությունյանը նշեց, որ այս խնդիրը հարվածում է նաև բելառուսական արտադրողների շահերին։ Նրանք ներկրվող հումքից կոնյակ և շամպայն են շշալցնում, ինչպես նաև սեփական մրգային գինիներն են արտադրում։ Նախկինում Բելառուսը դեմ էր արտահայտվում նման փոփոխություններին, բայց հետո դադարեց դա անել։

«Ինչպիսին պետք է լինի ալկոհոլը» հարցի պատասխանը ԵԱՏՄ երկրները պատրաստվում էին միասին հաստատել «Ալկոհոլային ապրանքների անվտանգության մասին» N 047 տեխնիկական կանոնակարգում։

«Ես և մասնագիտական հանրույթի իմ գործընկերները ԵԱՏՄ երկրներից մասնակցում էինք տեխնիկական կանոնակարգի քննարկումներին։ Հիմա մենք տեսնում ենք, որ ՌԴ օրենքը մի շարք կետերով հակասում է կանոնակարգին, որը մենք միասին քննարկել ենք»,-նշեց Հարությունյանը։

Նկատենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է ստեղծված հարցերը քննարկել ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերների հետ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան փոխվարչապետի աշխատակազմից հայտնեցին, որ Գրիգորյանը հարցը բարձրացրել է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների տեղակալների վերջին խորհրդակցություններից մեկի ընթացքում: Նա նշել է, որ հայ արտադրողները բախվել են ռուս ռիթեյլերների մերժումներին՝ էթիկետների անհամապատասխանության պատճառով։

Որտեղից և ուր է թափվում հայկական կոնյակը. իշխանությունը հին, բայց ցավոտ թեմա է բարձրացրել

«Ռուսաստանի կողմի մեր գործընկերները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս պահին իրավիճակի գնահատում են իրականացնում, որի արդյունքներով որոշումներ կընդունվեն»,-նշեցին Գրիգորյանի աշխատակազմում։

Օրենք՝ 12 տարվա հնեցմամբ

Այս ամենի հետ մեկտեղ, ՀՀ օրենսդրությունում կա մի հարց, որը չի լուծվում արդեն 12 տարի։ Թվում է, թե գինեգործությունը մեր երկրի համար այնքան կարեւոր է, որ 2008թ․-ին դրա համար հատուկ օրենք են ընդունել («Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին»)։ Բայց օրենքը գրելուն պես մոռացել են դրա մասին և թողել են «տակառի մեջ հնանանալու» արդեն 12 տարի։

Ըստ օրենքի՝ իշխանությունները պետք է հստակ տարանջատեն խաղողագործության և գինեգործության շրջանները, որպեսզի տեղական արտադրողները կարողանան գինիներ արտադրել աշխարհագրական անուններով (այլ պայմանների հավասարության դեպքում աշխարհում դրանք ավելի թանկ են, քան «ոչ աշխարհագրական» գինիները)։

«Կառավարությունը չարեց դա։ Այդ դեպքում մենք ինչպե՞ս նշենք, թե որտեղ է աճել մեր խաղողը, եթե մինչ օրս մեր ազգային օրենսդրության մեջ դա չկա»,-ասաց Հարությունյանը։

Չեն կազմվել նաև օժանդակ ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես, չի ընտրվել լիազոր մարմին, որը պետք է սահմանի այդ շրջանները և հետևի դրանց սահմանագծերի պահպանմանը, ինչպես նաև խաղողի հումքի տեղափոխմանը:

Քանի դեռ շարունակվում են բանակցությունները եվրասիական գործընկերների հետ, կարելի է ժամանակ չկորցնելով լուծել այդ հարցերը։ Այս դեպքում դրանք անմիջականորեն չեն օգնի, բայց ամենևին չեն խանգարի։

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը 

430
թեգերը:
Օրենք, Խաղող, Գինի, սպիրտ, կոնյակ
Ըստ թեմայի
Հայկական գինին ավելի բնական է դարձել. ո՞րն է գաղտնիքը
Խարիզմատիկ Ժան Տատլյանը, կամ ինչպես էին «ֆրանսիական դևերը» պարում հայի գինետանը
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները
Տրվում է վարձով

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

47
(Թարմացված է 23:03 25.09.2020)
Պետեկամուտների կոմիտեն գործունեությունը դադարեցնող տնտեսվարողների մասին տվյալներ է ներկայացրել։ Տնտեսագետները մատնանշում են կառավարության աշխատանքի թերություններն ու լուծումներ առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ հատվածում՝ ապրիլից օգոստոս ամիսներին, տնտեսական գործունեության շատ տեսակներ պարզապես «մեռած» վիճակում էին, ինչը կապված էր ոչ այդքան սահմանված արգելքների, որքան քաղաքացիների վճարունակության սարսափելի անկման հետ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ամենամեծ կորուստներն ունեցել են մանրածախ ու մեծածախ վաճառքի ոլորտներն ու ավտոսերվիսի ոլորտը (ավտոլվացման, մեքենաների ու մոտոցիկլետների նորոգման կետերը)։ Ընդհանուր առմամբ երկրում փակվել է 1213 օբյեկտ, 5058-ը ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, 874-ը՝ վերսկսել։

Հյուրանոցային ծառայությունների ու հանրային սննդի ոլորտում էլ անմխիթար վիճակ է։ Այստեղ 118 օբյեկտ փակվել է, 974-ը դադարեցրել է գործունեությունը ու ընդամենը 217-ն են վերաբացվել։

Մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտում 34 ընկերություն փակվել է, 201-ը ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, իսկ 29-ը՝ վերսկսել են այն։ Այսպիսով՝ զբոսաշրջության ոլորտում պարապուրդը անդրադարձ հարված է հասցրել նաև հարակից ոլորտներին, թեև պետությունը միանվագ վճարումների տեսքով աջակցություն է տրամադրել։

Փակվող տնտեսվարողների մասին են վկայում նաև Երևանի փողոցների բազմաթիվ հայտարարությունները վարձով տրվող տարածքների մասին։

Երևանի կենտրոնում գործող, այժմ վաճառվող հրուշակարանի սեփականատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այն դեկտեմբերին է բացել, վարկով։ Մարտին, երբ արտակարգ դրության ռեժիմ հայտարարվեց, բիզնեսը լուրջ կորուստներ ունեցավ, ու այժմ վարկային պարտքերը ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել։

«Խոսող» ծաղիկներ Գյումրիից, կամ ինչպես 17-ամյա Անին բիզնես հիմնեց պանդեմիայի օրերին

Տարածքը գնելու բազում ցանկացողներ կան, բայց դրանք հիմնականում խոշոր ցանցային ընկերություններ են, որոնք արտակարգ դրության ժամանակ շարունակել են առաքումներով աշխատել ու լուրջ կորուստներ չեն կրել։

Երևանի ամենամոդայիկ գինու ռեստորաններից մեկը նույնպես չկարողացավ վերաբացվել սահմանափակումները վերացնելուց հետո՝ խիստ կարանտինի ժամանակ առաջացած խնդիրների պատճառով

Իսկ ահա կոսմետիկայի խանութի սեփականատերը, որի խանութի վաճառքի մասին սոցցանցերում հայտարարություններ էին տարածվում, միտքը փոխել է։ Այս դեպքում սահմանափակումները վերացնելուց հետո բիզնեսն արագ տեմպերով սկսել է վերականգնվել ու նորից եկամտաբեր դառնալ։ Հավանականություն կա, որ կհաջողվի կորուստները փոխհատուցել ու նորից սկսել եկամուտ ստանալ։

Մեզ հետ զրույցում խանութի տերն ասաց, որ կառավարությունից օգնություն է ստացել, բայց կարծում է, որ այն անիմաստ է ու չի կարող ոչ մի խնդիր լուծել։

«Ավելի լավ է հարկերի վճարելու ժամկետը երկարացնեին կամ ազատեին դրանցից։ Իմ ստացած 67 հազար դրամը կամ իմ աշխատակցի ստացած 19 հազար դրամը չեն կարող ծածկել մեր ծախսերը։ Դա անհեթեթություն է»․ - ասաց տղամարդը։ 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է կարողանա կանխատեսե ու կանխել խնդիրները, ոչ թե սպասել, մինչև դանակը ոսկորին հասնի ու սկսել բոլորովին անարդյունավետ ծրագրեր իրականացնել։ Նա վստահ է, որ օգնությունը ոչ թե թիրախային էր, այլ զուտ «օգնություն օգնության համար» սկզբունքով էր։

Պետք էր սահմանել առաջնահերթությունները, ռեալ գնահատել իրավիճակն ու փուլ առ փուլ գնահատել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։

 «Շեշտը պետք է դրվի աշխատատեղերը պահպանելու վրա։ Պետությունը պետք է կիսի գործատուների բեռը, ոչ թե վարկեր առաջարկի ու սպասի, որ գործատուն կհամաձայնի իր պայմաններին», - ասաց տնտեսագետը։

Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին

Ավետիսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը, կարգի բերի պաշտոնական վիճակագրությունը, արձանագրի բոլոր խնդիրներն ու ձախողումները, պատժի նրանց, ով իր գործը լավ չի արել, ճիշտ գնահատի առաջնահերթություններն ու սկսի արդյունավետ ծրագրեր իրականացնել։

Առաջնահերթ պետք է լինեն այն ոլորտները, որոնք մյուսներից ավելի շատ են տուժել, նաև նրանք, որոնք կարող են տնտեսության մեջ լոկոմոտիվի դեր խաղալ։

Իսկ ահա տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի շինարարական ոլորտին։ Այստեղ, ի դեպ, ապրիլից օգոստոս փակվել է 23 ընկերություն, 231-ը ժամանակավոր դադարեցրել է գործունեությունն ու ընդամենը 49՝ վերաբացվել։ Տնտեսության վերականգնման տեսակետից նա հենց այդ ոլորտն է առաջնահերթային համարում։ Սակայն դրան պատշաճ ուշադրություն չեն դարձնում, չնայած հենց այստեղ է կարելի զգալի աճ ակնկալել՝ ի տարբերություն անկանխատեսելի ու այս պահին «մեռած» զբոսաշրջությանը։

«Ընդհանուր առմամբ դեռ վաղ է խոսել տնտեսության ու տուժած ոլորտների վերականգման մասին, քանի որ շատ բան կախված է արտաքին ցուցանիշներից։ Զբոսաշրջության դեպքում՝ Ռուսաստանից ու այնտեղից եկող զբոսաշրջիկների հոսքից։ Նույնիսկ եթե համավարակը վաղը հրաշքով ավարտվի, ապա եկամուտները անմիջապես չեն վերականգնվի», - ասաց նա։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող 5 ընկերություն լուծարվել է, 205-ը՝ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը և ընդամենը 32-ը՝ վերաբացվել։

«Սպասարկման այլ ծառայություններ» ոլորտում լուծարվել են 234 ընկերություններ, ժամանակավոր կասեցվել են 1057-ը, վերաբացվել են ընդամենը 154-ը։ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ զբաղվող 67 ընկերություն է լուծարվել, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է 493-ը, վերաբացվել՝ 70-ը։

Հիշեցնենք, որ խոսքը այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի մասին է։ Այս շրջանում, ՊԵԿ-ի ներկայացմամբ, վարչարարական եւ օժանդակ գործունեություն իրականացնող 39 ընկերություն է հաշվառումից հանվել կամ լուծարվել, ժամանակավոր փակվել է 449-ը, վերաբացվել է 56-ը։ Իսկ կրթության ոլորտում լուծարվել է 21 ընկերություն, ժամանակավոր դադարեցվել՝ 136-ը, վերաբացվել՝ 25-ը։ Առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում 10 ընկերություն լուծարվել է, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել նույն ոլորտից 120 ընկերություն, վերաբացվել է ընդամենը 50-ը։

Ի՞նչ կարելի է նկարել մեր շապիկների վրա. կին ձեռներեցները մեզ հաճելիորեն կզարմացնեն

Կառավարությունը համավարակի հետևանքները մեղմացնելուն ուղղված 24 միջոցառում է իրականացրել ու տարատեսակ օգնություն է ցուցաբերել՝ սկսած դրամաշնորհներից ու վարկերից վերջացրած անհատներին ու բիզնեսին տրամադրվող միանվագ վճարումներով։

47
թեգերը:
Հայաստան, համավարակ, բիզնես, տնտեսություն
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան
Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում
Էդվարդ Հովհաննիսյան. արխիվային լուսանկար

Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ

85
(Թարմացված է 14:17 24.09.2020)
Էդվարդ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ 2020թ.–ի բյուջեն հաստատվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ պատկերացումներ չկային, ու հնարավոր վտանգները դրանում հաշվի չեն առնվել։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի տնտեսական իրավիճակը կորոնավիրուսի համավարակի ֆոնին գտնվում է կառավարության վերահսկողության ներքո և կառավարելի է։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահը չթաքցրեց, որ 2020թ.–ի բյուջեն արդեն իսկ տասնյակ միլիարդներով թերակատարվել է։

«8 ամսվա կտրվածքով ունենք մոտ 49 մլրդ դրամի պակաս հավաքագրում»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև չհերքեց, որ թերակատարումների ծավալը մինչև տարեվերջ էլ ավելի կմեծանա։

ՊԵկ նախագահը հիշեցրեց, որ ընթացիկ տարվա բյուջեն հաստատվել է այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ պատկերացումներ չկային, ու հնարավոր վտանգները, բնականաբար, բյուջեի կատարողականի պլանավորման մեջ հաշվի չեն առնվել։

Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին

85
թեգերը:
կորոնավիրուս, բյուջե, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Երևանում ԱՄՆ դեսպանատուն. արխիվային լուսանկար

Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

75
(Թարմացված է 00:46 26.09.2020)
ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է անում պահպանել զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել այցելություններից շփման գծի և սահմանի մոտակայքով, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելություններից:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը

75
թեգերը:
Սահման, Ադրբեջան, Արցախ, դեսպանատուն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին
Բլե՞ֆ, թե՞ պատերազմի նախապատրաստություն. Ադրբեջանում զորահավաքներ են
Ադրբեջանի գործելաոճն անարգանք է ՍԾՏՀ կազմակերպության հանդեպ. ԱԳ նախարար