ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում բենզինը համեմատաբար թանկանում է նավթի համաշխարհային պահանջարկի աճի ֆոնին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը:
Ապրիլ-մայիսին Հայաստանում բենզինի գներն աննախադեպ նվազեցին՝ հասնելով 230-250 դրամ՝ մեկ լիտրի դիմաց։ Դա տեղի ունեցավ նավթի գների «կորոնավիրուսային» անկումից հետո, բայց ոչ անմիջապես։
Սկզբում Հայաստանում բենզինի գնի վրա դա չազդեց, քանի որ բենզինի և դիզվառելիքի 90 տոկոսից ավելին ՀՀ է ներկրվում է Ռուսաստանից, իսկ այստեղ 2019թ․-ից ի վեր գործում է նավթի գինը կայունացնող մեխանիզմ (դեմպֆեր)։ Երբ արտասահմանում բենզինն ավելի թանկ է, քան Ռուսաստանում, ռուսական նավթային ընկերությունները փոխհատուցում են ստանում Ռուսաստանում գինը չբարձրացնելու համար, իսկ երբ հակառակն է տեղի ունենում, արդեն բիզնեսն է պետությանը փոխհատուցում։
Սակայն նավթի գների շարունակական անկման պայմաններում Ռուսաստանը, արտաքին շուկաներում իր դիրքերը պահպանելու համար,ստիպված եղավ գնալ արտահանման գների իջեցման՝ միաժամանակ պահպանելով ներքին գները։
Դավթյանը ընդգծեց, որ այդ ալիքի տակ ընկավ նաև Հայաստանը, որտեղ բենզինի գինը ապրիլ-մայիսին տատանվում էր 230-250 դրամի միջակայքում։
Ղազախական վառելիքը կլուծի բենզինի շուկայի մենաշնորհային երևույթների խնդիրը
Հունիսի սկզբից պահանջարկի ավելացմանը զուգահեռ նավթամթերքի գները նորից սկսեցին բարձրանալ։ Ամառվա սկզբին համաշխարհային նավթապահեստարաններում վերջացան սև ոսկու պաշարները, որոնք մնացել էին «կորոնավիրուսային» ճգնաժամի սկզբում։ Համաշխարհային(այդ թվում՝ Չինաստանի) տնտեսության վերականգնմանը զուգահեռ սկսեց աճել էներգակիրների պահանջարկը, և հավաքված պաշարները սկսեցին բեռնաթափել։
Արդյունքում՝ նավթը կրկին սկսեց թանկանալ, ինչը և անդրադարձավ ՀՀ ռուսական մատակարարումների գների վրա։
«Կարծում եմ՝ տարեվերջին շուկայում բենզինի գինը կտատանվի մեկ լիտրի համար 370-390 դրամի միջակայքում, եթե, իհարկե, կորոնավիրուսի նոր ալիք չգա»,-նշեց Դավթյանը։
Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան ճգնաժամից առաջ․ փետրվարին Հայաստանում բենզինն արժեր 400-420 դրամ։
Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) վերջին գնահատումների համաձայն՝ հուլիսին նավթի վերամշակման ծավալները մայիսի համեմատ աճել են օրական 3,7 մլն բարելով, իսկ մինչև տարեվերջ այդ ծավալները կավելանան ևս 5,6 միլիոնով, ինչը մեծապես կապված է Չինաստանում աճող պահանջարկի հետ: Ինչ վերաբերում է ավիացիային, ապա այս հարցում առայժմ անհասկանալի է, թե ինչպես կվերականգնվի միջազգային հաղորդակցությունը, նշանակում է՝ նաև ավիավառելիքի սպառումը:
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ
Նշենք, որ Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի «ամենաոչբենզինային» երկրներից մեկը։ Ավտոմեքենաների մոտ 80 տոկոսը լիցքավորվում է գազով(վերջերս նաև հեղուկ գազի լիցքավորման կայաններ են հայտնվել)։ Պատճառը գինն է․ նորմալ պայմաններում (չհաշված ներկայիս, ճգնաժամային պայմանները) երկրում սեղմված գազը բենզինից 2,5-3 անգամ էժան է։ Այդ պատճառով ավտոբուսների և ավտոմեքենաների բենզինով շարժիչները հարմարեցվում են գազի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունների առաջարկը ԲՀԿ–ն չի քննարկել։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Քանի որ այսօր կուսակցության քաղխորհրդի նիստ նախատեսված չէ, հետևաբար Նիկոլ Փաշինյան– Գագիկ Ծառուկյան հանդիպում ևս նախատեսված չէ»,–ասաց Տոնոյանը` հավելելով, որ այդ որոշումը պետք է բացառապես քաղաքական խորհրդի ձևաչափում կայացվի։ Այսինքն` ի հայտ եկած նոր իրողությունների քննարկում լինի, քաղաքական ներկա իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն և ըստ այդմ`քաղաքական դիրքորոշում։
«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնում հարցի հետ կապված մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի որոշումը»,– ասաց Տոնոյանը` պատասխանելով հարցին` հնարավո՞ր է, որ ԲՀԿ–ն հրաժարվի Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման` ընդդիմադիր շարժման առաջ քաշած դիրքորոշումից ու ընդունի խորհրդարանը ցրելու ու նոր ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ շեշտեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը նաև իրենց օրակարգում է։ «Խնդիրը դրանց անցկացման ժամկետի ու ձևաչափի մեջ է։ Բայց որ ճգնաժամ կա, ու այն երկար չի կարող շարունակվել, միանշանակ է»,– ասաց նա։
Մելքումյանը նշեց, որ կառավարման համակարգը չի գործում ու իր հաշվարկով դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն օրական 5-7 մլն դոլար գումար է կորցնում։ Եվ սա, նրա խոսքով, ամիսներ շարունակվել այլևս չի կարելի։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, կայացել է Մարուքյան–Փաշինյան հանդիպումը։ ԼՀԿ առաջնորդը հայտնել է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը արտահերթ ընտրություններն են, որն անցկացնելու կամք ունի նաև վարչապետը։
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետ հետ հանդիպման չէր գնացել`հայտարարելով, որ նրանից հրավեր չի ստացել։



