ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ ԵԱՏՄ երկրների վերահսկող մարմինները կեղծ հավաստագրեր են տվել, ինչի հետևանքով անորակ ապրանք է մտել շուկա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն այս տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակապի ժամանակ:
Հարյուրավոր դեպքեր են եղել, երբ վերահսկող մարմինները հավաստագրեր են տրամադրել անբարեխիղճ կերպով` երբեմն չտեսնելով բուն արտադրանքը:
Ձեռնարկությունների որակի գնահատումը նույնպես ոչ միշտ է կատարվել ճիշտ ձևով։ ԵԱՏՄ պահանջների համաձայն ՝ շուկայում ներկայացված յուրաքանչյուր օտարերկրյա արտադրող պետք է ԵԱՏՄ-ում իր ներկայացուցիչն ունենա, որը պատասխանատու կլինի արտադրանքի որակի համար: Բայց այս կետը ևս վերածվել է ձևականության։
«Համապատասխանությունը ստուգող մարմինները կարող են և պետք է տարբերակեն շուկայի այդպիսի մասնակիցներին։ Այ դա այսօր լուրջ խնդիր է։ Մի շարք դեպքերում նրանք իրենց աշխատանքը բարեխղճորեն չեն արել»,-ասաց Նազարենկոն։
2020 թվականի 4-րդ եռամսյակում նախատեսվում է ավարտել հավաստագրման մարմինների վերստուգումը, իսկ 2021-ին՝ նույնպիսի վերստուգում անցկացնել փորձարկման լաբորատորիաներում:
Մասնավորապես, միության փոքր հանրապետություններից մեկը (Նազարենկոն անունը չնշեց) կորոնավիրուսի համավարակի սկսվելուց հետո ընդամենը մեկ ամսվա ընթացքում ավելի քան 3000 հավաստագիր է տվել՝ այնքան, որքան սովորաբար տալիս է մեկ տարվա ընթացքում:
«Հանձնաժողովը պնդելու է, որ անհիմն կերպով տրված փաստաթղթերը չափանիշներին անհամապատասխան ճանաչվեն և հանվեն միության գրանցման ցուցակներից»,-նշեց ԵԱՏՀ նախարարը։
Այդ թերացումների մասին հաղորդումները հանձնաժողովը մոտակա 2-3 ամիսների ընթացքում կներկայացնի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին։
ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար
ԵԱՏՄ շուկայում հայտնված խնդրահարույց արտադրանքներից ծավալով առաջին տեղում է էլեկտրատեխնիկական արտադրանքը, այնուհետև երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքները (ներառյալ խաղալիքները), որոնց հաջորդում են սննդամթերքն ու թեթև արդյունաբերության արտադրանքը:
Ընդ որում` ավելի քան 80% դեպքերում, ինչպես նշեց Նազարենկոն, խնդիրներ են առաջանում ներկրվող արտադրանքի հետ, քանի որ տեղական արտադրողին ավելի հեշտ է գտնել և վերահսկել:
Հայտնաբերված խախտումներից հետո Եվրասիական հանձնաժողովը ցանկանում է ապրանքների որակի ստուգման ավելի խիստ ընթացակարգեր առաջարկել։ Միության անդամ երկրների վերահսկողական մարմինները ամեն կերպ փորձում են ձգձգել այդ աշխատանքը։
«Դրա հետ մեկտեղ մենք ուզում ենք լաբորատոր եզրակացությունները տեղափոխել էլեկտրոնային դաշտ, որպեսզի ցանկացած շահագրգիռ կողմ կարողանա դրանք տեսնել և ստուգել, թե ինչպես են արտադրանքի նմուշներն ընտրվել որակի ստուգման համար, ինչպես են ուսումնասիրվել, և ինչպես է տրվել որակի եզրակացությունը: Այդպես ավելի դժվար կլինի անօրինական գործողություններ կատարել»,-ընդգծեց Նազարենկոն։
Նշենք, որ առաջիկայում ԵԱՏՀ եզրակացությունները կներկայացվեն անդամ երկրների համապատասխան գերատեսչություններին:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակից երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020թ-ին ԵԱՏՄ մարմիններում նախագահում Է Բելառուսը։
Մաքսային կազուս ԵԱՏՄ-ում․ ինչպես Հայաստանից տարված մեքենաներն ապօրինի դարձան ՌԴ–ում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Ականատեսներից մեկը պատմում է. «Միտինգի ժամանակ հրապակ մտան մի խումբ զինված տղաներ, որոնց մուտքը հրապարակ ընդհանուր խառնաշփոթ առաջացրեց։ Մի երիտասարդ կար, որ Երասխում կազմակերպում էր ինքնապաշտպանական ջոկատների գործողությունները: Նա մոտեցավ զինված տղաներին ու, առաջինի հրազենի փողը իր կրծքին դնելով, ընդհանուր աղմուկ-աղաղակի մեջ քայլեց, ավելի շուտ հրեց դեպի դուրս։
Ներկաները, որոնք սկզբում աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, մի պահ քարացան ու ինքնաբերաբար ճանապարհ բացեցին։ Երբ արդեն հետ-հետ քայլելով նրանք դուրս էին եկել հրապարակից, նա, կրծքից հեռացնելով հրազենի փողն, այն ուղղեց դեպի սահմանները։ Այդ վեհանձնությունից, համարձակությունից զարմացել, հիացել էր ժողովուրդը, որ դեռ չէր ճանաչում նրան, ու մեկ մեկու հարցնում էին».
— Ո՞վ է այս երիտասարդը։
Իսկ այդ երիտասարդը Վազգեն Սարգսյանն էր, ում հետո ժողովուրդը պիտի Սպարատետ կոչեր: Նա իր գիժ հայրենասիրությունը հայրենի Արարատ գյուղի հողից ու ջրից էր քաղել, պապերից գեներով էր ստացել ու անընդմեջ հայ գրականույթյուն ու պատմություն սերտելով էր ամրապնդել:
Մեզ հետ զրույցում Վազգենի ծնողներն անընդհատ մտքով նրա մանկություն են գնում ու ասում, որ մանուկ ու պատանի տարիներին էլ նրա մեջ պայքարի ոգի կար: Հայրը՝ Զավեն Սարգսյանը, հիշում է. «Մեր տունը երկաթգծի մոտ էր: Գնացքով անընդհատ այստեղ ապրող ադրբեջանցիներ էին գնում- գալիս: Երեխա տղա էր Վազգենը, նրանց հետևից քար էր շպրտում, ջղայնանում էի, ասում էր՝ լավ եմ անում, դրանք թուրք են, իմ պապերին մորթել են: Ասում եմ՝ տղա ջան, թուրք չեն, ադրեբաջանցի են, պապ, դրանք նույնն են՝ պատասխանում էր»:
Դեռ վաղ մանկուց Վազգենը մեծ սեր ուներ սպորտի, հատկապես՝ ֆուտբոլի հանդեպ: Սկզբում դա հոբբի էր, բակում հարևանի տղաների հետ շփման լավագույն միջոց, հետո ամեն ինչ շատ ավելի լրջացավ, քան սպասում էին: Դպորցը գերազանցությամբ էր ավարտել, ծնողները գործերը համալսարանի պատմականն էին տվել, բայց, Վազգենն, առանց նրանց տեղյակ պահելու, գործերը վերցրել ու Ֆիզկուլտ ինստիտուտ էր տեղափոխել:
Հաստատ որոշել էր՝ ֆուտբոլիստ է դառնալու և խաղալու է ԽՍՀՄ հավաքականների կազմում: Ֆուտբոլիստ դառնալը չստացվեց, Վազգենն ընդունվեց Մոսկվայի կինոյի և թատրոնի ինստիտուտ, ուզում էր ռեժիսուրայի բաժինը, բայց սցենարակնն էր ընդունվել, սրտովը չէր, գնաց, կիսատ թողած ետ եկավ: Գրետա մայրիկը ժպիտը դեմքին հիշում է. «Էնտեղ մի սիրուն սցենարիստ աղջիկ կար, ասեցի՝ Վազգեն, լավն է ուզի, ասեց՝ մամ, բա մարդ սցենարիստ կնիկ կունենա»:
Ամեն աշխատանք էլ հաճույքով անում էր Վազգեն Սարգսյանը, բայց ազատ ժամերին անընդհատ գրում էր ու գրում: Անհանգիստ հոգին անտարբեր չէր կարող մնալ հայրենքում ծնված յուրաքանչյուր խնդրի հանդեպ, ու նա սկսեց հրապարակախոսական հոդվածներով իր ասելիքն ընթերցողին հասցնել: Կարճ ժամանակ անց Վազգեն Սարգսյանը տպագրվում էր «Գարուն» ամսագրում, իսկ 1985-ից արդեն Հայաստանի գրողների միության անդամ էր:
Գրում էր անընդհատ, բայց երբ սկսվեց ղարաբաղյան շարժումն ու ժողովուրդն ինքնաբուխ ոտքի ելավ, Վազգեն Սարգսյանը դրեց գրիչն ու գնաց հոգու կանչի ետևից: Սկիզբը Երասխավանի ճակատն էր, թշնամին սկսել էր գնդակոծել հայրենի եզերքը: Իսկ մենք դեռ կարգին ձևավորված պետություն ու բանակ չունեինք: Ի՞նչ պիտի անեին, պիտի հավաքվեին ու առանց երկար քննարկումների՝ մեկի հրամանատարությամբ գնային կռվելու: Իսկ այդ մեկը երկնքից չէր գալու: Վազգեն Սարգսյանը, որ արդեն պաշտպանական ընդհատակյա կազմակերպության մեջ էր Հայաստանում և Արցախում, ղեկավարեց Երասխավանի մարտերը։
«Ես չէի կարող նրան ասել մի գնա, իմ երեխու արյունը ոչ մեկի արյունից կարմիր չի, իմ տղեն չգնա, քոնը չգնա, մյուսինը չգնա, բա ինչ անենք, թուրքը գալիս է, էս երկիրն ո՞վ պիտի պահի»,-ասում է հերոս ծնած հերոս մայրը:
«Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչև վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, և յուրաքանչյուրն, ըստ արժանվույն, իր տեղն ու դերն ունի այս արևի տակ»: Սրանք Սպարապետի մտքերից են: Այս աշխարհում մեր տեղն ու դերը հաստատելու միտումով էլ նա գնաց կենաց ու մահու կռվի, գնաց ու իր կոչով իր հետ տարավ Մահապարտների գումարտակին:
Իր ամուսնությամբ մտահոգ ծնողներին խոստացել էր՝ Շուշին ազատագրելուց հետո, անպայման ամուսնանալու է: «Մենք անգամ մատանի էիք առել ու անհամբեր սպասում էինք Վազգենի ամուսնությանը, մինչև հիմա այդ մատանին կա»,- արցունքն աչքերին հիշում է Զավեն հայրիկը:
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»: Սրանք գրող, հրապարակախոս ու արդեն բանակի ղեկավար Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Նրա խիստ ու ջղային կերպարը խելառ հայրենասերիրությունից էր գալիս: Իսկ իրականում՝ այդ աժդահա մարմնում թաքնված էր շատ նուրբ ու զգայուն հոգի:
Գրետա մայրիկը պատմում է, որ ամեն անգամ դաշտեր գնալիս գեղեցիկ դաշտային ծաղիկների փունջ էր հավաքում մոր համար, իսկ վերջին տարիներին Երևանից գալիս, անպայման մորը գեղեցիկ ծաղկեփունջ էր բերում:
Գործից դուրս, առօրյա շփման մեջ անսահման բարի ու մարդասեր էր, շատ էր սիրում ընկերներին, համագյուղացիներին, ամեն անգամ նրանց հետ շփումից ինչ-որ բան էր քաղում, ու հետո հենց այդ նույն պարզ ու հասարակ ռանչպարներն էին դառնում իր պատմվածքների հերոսները:
«Սիրում էր դաշտում, գյուղացիների հետ ձմերուկը ձեռքով կոտրի ու նրանց հետ զրուցելով, նրանց դարդ ու ցավը լսելով, ուտի: Ասում էր, որ ձմերուկին ու սոխին դանակ է կպնում, համը փոխում է»,-պատմում է Գրետա մայրիկը:
Շատ բան չհասցրեց սպարապետը, դեռ շատ անելիքներ ու երազանքներ ուներ, ու դրանք առաջին հերթին հայրենիքի հետ էին կապված: Իր սիրելի հայկական գաթայի վերջին պատառը թողած՝ շտապեց խորհրդարան: Ու հենց այնտեղ դավադրի գնդակը անկատար թողեց նրա երազանքների մեծ մասը, երազանքներ, որ վերաբերում էր մեզ՝ հայերիս:
Սպարապետ Վազգեն Սարգսյանը մի կարևոր պատգամ է թողել ամեն մտածող հայի համար, այն հայի, որն ուզում է իր երկիրը հզոր ու անսասան տեսնել: Նա ասում էր.
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:
Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում:
Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ի՞նչ է, ևս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»:



