Бастурма

Հայկական բաստուրման ռուսական շուկա մտցնելը խնդիր է. ինչպե՞ս համոզել Ռոսսելխոզնադզորին

424
(Թարմացված է 01:29 29.08.2020)
Հայկական մսային դելիկատեսները շատ քիչ-քիչ են Ռուսաստան հասնում՝ ամսական 3-4 տոննա։ Արտահանումը կարելի է հարյուրավոր ու հազարավոր անգամներ ավելացնել։ Դրա համար պետք է կարգավորել ընթացակարգային հարցերը Ռոսսելխոզնադզորի հետ, ու ամենակարևորը՝ գրագետ փաթեթավորել ապրանքը։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

–Բաստուրմա ուտո՞ւմ ես։

–Ոչ։

–Որովհետև ձեզ մոտ բաստուրմա կտրել չգիտեն։

«Միմինո» ֆիլմի ոճով այս երկխոսությամբ կարելի է բացատրել, թե ինչու Ռուսաստանում գիտեն ու նույնիսկ սիրում են հայկական բաստուրման, բայց սուպերմարկետներում դրանից գրեթե չես հանդիպի։ Հայկական բաստուրման ու սուջուխը լինում են հայերի խանութներում ու տարածաշրջանային մի քանի ցանցերում։ Դաշնային ցանցերում ոչինչ չկա։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Export Armenia փորձագետների Facebook-հանրության հիմնադիր Էմիլ Ստեփանյանն ասաց, որ ռուսական շուկան միակն է, որտեղ հայկական մսային արդյունաբերությունը կարող է արտահանման հույս ունենալ։

Ինչ վերաբերում է երշիկներին ու կիսաֆաբրիկատներին, գրեթե հույս չկա։ Նախ դրանց պահպանման ժամկետը շատ կարճ է, հետո էլ այլ երկրներում սեփական որակյալ արտադրություն կա։

Եվրամիություն, Չինաստան կամ հարևան Իրան մուտք գործելը դժվար է․ բոլորը պաշտպանում են իրենց շուկաներն ու տեղական արտադրողներին։ Նշված ապրանքը Հայաստանից փոքր քանակությամբ արտահանվում է Վրաստան ու Ռուսաստան։ Բայց նույնիսկ այստեղ ամսական առնվազն 3-4 տոննա է արտահանվում, թեև մարդիկ պատրաստ են ավելի շատ գնել։ Ո՛չ համաճարակով պայմանավորված ճգնաժամը, ո՛չ էլ գնորդների կրճատված եկամուտները չեն խոչընդոտում դրան։

«Պատկերավոր ասած՝ նախկինում այդ շուկայում մեր չափանիշներով սպառման մի ամբողջ օվկիանոս էր, այժմ օվկիանոսը ծով է դարձել, բայց մեզ համար ծովն էլ է ավելի քան բավարար», - պարզաբանում է Ստեփանյանը։

Որոշ չափով շուկան ընդլայնվել է, քանի որ իտալական խոզապուխտն ու իսպանական համոնը պատժամիջոցների պատճառով Ռուսաստան չեն հասնում։ Բայց նույնիսկ այդ դեպքում էլ հայկական մթերքի համար միշտ էլ տեղ կա։

Ռոսսելխոզնադզորը խախտումների պատճառով արգելել է հայկական արտադրանքի ներկրումը

Ամեն դեպքում, որքան էլ ռուս մսակերներն ունևոր լինեն ու ամուր ատամներ ունենան, նորմալ մարդը մի ամբողջ կտոր բաստուրմա չի ծամի․ սկզբում այն կտրատել է պետք։

Չասեք` բացատրելու բան ես գտե՞լ, եղբա՛յր։ Երկար ժամանակ հայկական բաստուրման ու սուջուխը Ռուսաստանում մեծ կտորներով էին վաճառում, կտրատած տարբերակը վերջերս է հայտնվել։ Եվ միայն դրանից հետո են հայ արտադրողները հայտնվել ռուսական ցանցերում։ Հայաստանի խոշորագույն մսի գործարաններից մեկի կոմերցիոն տնօրեն Ստեփանյանը նշում է, որ ամեն ինչ տրամաբանական է․ լավ որակի հետ սկսել են նաև հարմար փաթեթավորում առաջարկել։

«Ռուսաստանում, Վրաստանում, Միջին Ասիայում ամեն տեղ հայեր կան, նրանք բաստուրմա են պատրաստում ու վաճառում։ Իսկ ռուսները չեն կարողանում բաստուրման կտրատել, նրանց համար դա անսովոր է։ Նույնիսկ բոլոր հայերը չէ, որ կարողանում են, այդ պատճառով շատերը խանութում խնդրում են դա սլայսերի վրա անել։ Իսկ Ռուսաստանում գնորդն ուզում է, որ ամեն ինչ պատրաստ ու կտրած լինի», - պարզաբանեց Ստեփանյանը։

Հայկական ձեռնարկությունները չեն ազատվել թերություններից. Ռոսսելխոզնադզորն ահազանգում է

Պետք չէ մոռանալ նաև ռուսների ճաշակի մասին․ նրանք հայերից քիչ են աղի ուտում (դա վերաբերում է և՛ պանրին, և՛ մսամթերքին)։ Այդ պատճառով էլ ռուսական շուկայի համար նախատեսված բաստուրմայի մեջ ավելի քիչ աղ են լցնում։

Արդյունքն ակնհայտ է։ Այժմ ընկերության մթերքը ներկայացված է ոչ միայն Մոսկվայում ու Մոկսվայի մարզում, այլև Ուրալից այն կողմ՝ Իրկուտսկում, Խաբարովսկում ու նույնիսկ Սախալինում։

«Այնտեղ ավելի հեշտ է վաճառել, քան Մոսկվայում, համենայն դեպս` հիմա։ Բոլորը կենտրոնացած են Մոսկվայում ու Եվրոպական Ռուսաստանում։ Ե՛վ Սիբիրում, և՛ Հեռավոր Արևելքում մարդիկ լավ աշխատավարձ են ստանում, բայց լավ ապրանքն այնտեղ այդքան էլ շատ չէ», - ավելացրեց Ստեփանյանը։

Մնում է ընդլայնել արտադրությունը։ Դա 4-5 տարի կպահանջի, քանի որ, նրա խոսքով, ավելի լավ է քիչ-քիչ առաջ շարժվել, որ քանակի հետևից ընկնելով որակը չկորչի։

Մնացել է մի հարց էլ լուծել՝ Ռոսսելխոզնադզորի թույլտվությունը։ 2016 թվականին Հայաստանում պճեղախտ էր հայտնաբերվել, որից հետո Ռուսաստանը փակել էր ջերմային մշակում չանցած կաթնամսային մթերքի մատակարարումները։ Այդ պատճառով բաստուրման ու սուջուխը սահմանափակման տակ էին ընկել։ Նշանակման կետի ճանապարհին (սովորաբար այն Կրասնոդարում է) պետք է ապրանքը ստուգման հանձնել, սանիտարական թույլտվություն ստանալ ու դրանից հետո միայն տանել։ Այսինքն՝ հարցը լուծվում է, բայց ավելորդ քաշքշուկ է լինում։ Ստեփանյանը պարզաբանեց, որ ժամանակ է կորչում, Կրասնոդարում պահեստ են վարձում, որ մինչև թույլտվություն ստանալն ապրանքը պահեն։

Այդ պատճառով նրա ընկերությունը դիմել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ու խնդրել հրավիրել Ռոսսելխոզնադզորի տեսուչներին՝ Հայաստանը նորից ստուգելու համար։

Մի քաղաքականացրեք Հայաստանից Ռուսաստան լոլիկների մատակարարման հարցը. Ռոսսելխոզնադզոր

«Հուլիսի 1-ից մենք անցել են անասունները պարտադիր սպանդանոցներում մորթելուն։ Պետք է այդ փաստարկն էլ օգտագործենք՝ ցույց տալու, որ մեր երկրում սանիտարական ռիսկեր չկան», - ասաց Ստեփանյանը։

Մոտ ապագայում ընկերությունը կշարունակի քննարկումները պետական գերատեսչությունների հետ։

424
թեգերը:
Ռոսսելխոզնադզոր, Հայաստան, արտահանում, Ռուսաստան, Բաստուրմա
Ըստ թեմայի
Հայկական բաստուրմայի համար հերթ են կանգնում. ինչն է զարմացրել իտալացի լրագրողին
«Բաստուրմա, սիրելիս». Հայաստանը ցանկանում է ցրել Ռոսսելխոզնադզորի կասկածները
Անարգել արտահանում. հայկական բաստուրման Ռուսաստան առաքելու սահմանափակումներ չկան
Օղի

21 մահվան դեպք և գրառում «մենք կանք»-ի մասին. ո՞վ պետք է զբաղվի ալկոհոլի շուկայով

281
(Թարմացված է 19:05 28.09.2020)
Ընթացիկ ամսվա սկզբին Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորում եղավ, որը շատերի կյանքը խլեց։ Պատկան մարմինները շուկայում վերահսկողություն են իրականացրել, որը, սակայն, ըստ ոլորտի մասնագետի, ոչինչ չի տալիս սպառողին։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Ալկոհոլային խմիչքների շուկայում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արված վերահսկողության արդյունքները, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի, սպառողին որևէ ինֆորմացիա չտվող հաղորդագրություն է։ Պիպոյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում` անդրադառնալով ՍԱՏՄ–ի` սեպտեմբերի 25-ին տարածած հաղորդագրությանը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ալկոհոլային խմիչքների շուկայում անցկացվել է 321 դիտարկում։ Արդյունքում 229 ընկերությունում խախտումներ չեն արձանագրվել, իսկ 91-ում բացահայտվել են օրենսդրության պահանջների խախտում։ Եղել են մակնշման խախտումներով ալկոհոլային խմիչքներ, հայտնաբերվել է 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք և այլն։ Մինչ այդ, մեծ աղմուկ էր հանել Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքը, երբ միայն առաջին օրը 9 մարդ էր մահացել։

«Սննդամթերքի անվտանգության ոլորտը, եթե անգամ որևէ կապ ունի մաթեմատիկայի հետ, ապա միայն վերջին կետով։ Իսկ հաղորդագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ավելի շատ մաթեմատիկայի, այլ ոչ թե անվտանգության հետ. միայն թվեր են այնտեղ»,–ասաց Պիպոյանը։

Նրա խոսքով` հաղորդագրության մեջ չկա տեղեկատվություն, թե այսինչ ընկերությունում կա խնդիր, մեկ ուրիշում` ոչ։ Ըստ Պապոյանի` շարունակվում է արատավոր գործընթացը` հաղորդակցում են ապահովում, ցույց տալու, որ կան լիազոր մարմիններ, որոնք աշխատում են, այլ ոչ թե հաղորդակցում են ապահովում, որը սպառողների շահերից կբխի և կուղղորդի որտեղից ինչ գնել կամ չգնել։

Իսկ ինչ վերաբերում է ՍԱՏՄ հորդորին, թե անհայտ ծագման ալկոհոլային խմիչք գնել պետք չէ, ապա, Պիպոյանի մեկնաբանմամբ, նման կոչեր հնչում էին նաև Արմավիրի մասսայական թունավորման դեպքից առաջ։ Այսինքն` թունավորման դեպքից հետո շուկայում արված հետազոտությունը ոչ մի արդյունք չի տվել։

21 մահվան դեպք. ալկոհոլային թունավորումից ևս 1 մարդ է մահացել

«Տեղեկությունը, որը տրամադրվել է, տեղեկություն է ոչ մի բանի մասին, ավելի ճիշտ` դա «մենք կանք»-ի մասին հայտարարություն է։ Ի՞նչ տվեց սպառողին այդ հաղորդագրությունը։ Ինձ հետաքրքրում է` այդ հաղորդագրությունը կարդալուց հետո կարո՞ղ ենք ասել ուր չգնալ և ինչ չգնել։ Ոչ, նման տեղեկություն չի պարունակում այդ հաղորդագրությունը»,-ասաց Պիպոյանը։

Նա նշեց նաև, որ տարիներ առաջ ինչ-որ ծրագրով իրենք դասախոսություն են կարդացել ՍԱՏՄ–ի համար և ներկայացրել բանաձև, ըստ որի էլ կարող են հաղորդագրություն գրել։ Այդ բանաձևին հավանություն էր տվել նաև միջազգային փորձագետը, իսկ նման կարծիք ունենալու համար, ըստ Պիպոյանի, ՍԱՏՄ–ն վճարել էր։ Հիմա ՍԱՏՄ–ն այդ բանաձևին ամենին էլ չի հետևում։

Պիպոյանն ասում է, որ որպես մասնագետ` ցավ է ապրում, քանի որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ալկոհոլային թունավորումից 21-ը մահվան դեպք է գրանցվել, իսկ պատկան մարմինները ոչ թափանցիկ հաղորդագրություն են տարածում։ Նրա խոսքով, այդպես էլ այդ 21 մահվան պարագայում չլսեցինք, որ պետությունը պատասխանատվություն կստանձնի բացահայտելու և պատժելու բոլոր մեղավորներին։ Խոսքը ոչ միայն անհատների մասին է, այլ նաև նրանց, ովքեր կարող էին կանխարգելել կատարվածը, բայց չեն արել։ Այս ամենից հետո, ըստ Պիպոյանի, խոսել շուկան վերահսկող մարմնի` ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մասին, նույնն է, ինչ քննարկել ընդհանուր աղտոտված ջրում որևէ տարրի աղտոտվածության մասին։

«Թունավոր» օղու դեպքով մեղադրյալը կալանավորվեց. երրորդ թեստի պատասխանը բացասական էր

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց` ձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Աշոտ Հովսեփյանն այս պահին կալանավորված է։

281
թեգերը:
սպառող, Բաբկեն Պիպոյան, թունավորում, ալկոհոլ
Ըստ թեմայի
Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը
Արմավիրում ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Փորձաքննության ենթարկված ալկոգելերում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

413
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

413
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո
Ալեն Ղևոնդյան

Թուրքիան բացառապես ուժի լեզուն է հասկանում. ինչ սպասել ՄԱԿ-ի ԱԽ քննարկումներից

0
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե  ինչ կարելի է ակնկալել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում արցախյան հակամարտությանն առնչվող քննարկումներից, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 29–ին։
Ղևոնդյան. «Մինչ այժմ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել ՄԱԿ–ից հնչող հայտարարություններին»

ՏԱՍՍ-ի տվյալներով ՝ հանդիպումը նախաձեռնել են մի շարք եվրոպական երկրներ։ Խորհրդակցությունների ձևաչափը ենթադրում է, որ դրանց մասնակցում են միայն ԱԽ 15 երկրների դիվանագետներ ՝ առանց հակամարտության կողմերի ներկայացուցիչների։

Ալեն Ղևոնդյանի կարծիքով` ՄԱԿ–ն իր առաքելությամբ այս ոլորտում ընդհանուր առմամբ ունի կարևոր դերակատարություն։ Հասկանալի է, որ ԱԽ անդամ երկրները տեսնում են, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում կոնկրետ հայ–ադրբեջանական հակամարտության շուրջ, սակայն քաղաքագետը քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի այն իմաստով, որ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամները կրակի դադարեցման ու խաղաղ բանակցությունների ձևաչափի վերադառնալու մասին արդեն տարբեր կոչերով ու հայտարարություններով հանդես են եկել, մինչդեռ ագրեսոր կողմ հանդիսացող Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել դրանց։ Ավելին` շեշտակիորեն ավելացրել է ռազմական, ծավալապաշտական գործողությունները ռազմաճակատի ողջ երկայնքով։

«Ադրբեջանը կտրել է իր կապն արտաքին աշխարհի հետ` ինտերնետի հասանելիության, օտարերկրյա լրագրողների մուտքի և իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից։ Թերևս Ադրբեջանի կապի հիմնական օղակն այս պահին Թուրքիան է, այդ երկրի կուրացիայի ներքո իրականացնում է գործողություններ, հետևաբար այս համատեքստում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձև, որն առավելապես կլինի կոչի ֆորմատի, կարծում եմ՝ իր նպատակին չի հասնի։ Թերևս հետագայում որոշակի արարողակարգի միջոցով կարող է մտնել մեծ նստաշրջանի օրակարգ, սակայն այս պահին կիրառական, թիրախային որևէ արդյունավետ գործիքակազմ չեմ տեսնում, որ կարող է գործարկել ԱԽ–ն և դա որևէ դրական հետևանք կունենա ռազմական գործողությունների դադարեցման տեսանկյունից»,– նշում է քաղաքագետը։

Անդրադառնալով հայ–ադրբեջանական կոնֆլիկտում Թուրքիայի միջամտության խնդրին` Ալեն Ղևոնդյանն ընդգծում է, որ եթե ուշադիր հետևենք Անկարայի վերջին մի քանի տարիների վարքագծին, նրա ռեգիոնալ ագրեսիվ ոճին ու քաղաքականությանը, նրա ազգային շահերի սպասարկման ինքնուրույն մոտեցումներին` առանց հաշվի առնելու միջազգային հանրության, անգամ իր դաշնակիցների մոտեցումները, շատ դեպքերում կոնֆլիկտի գնալով ԱՄՆ–ի ու եվրոպական գործընկերների հետ, ապա կասկածելի է, որ որևէ մեկն ԱԽ ֆորմատում կկարողանա ուղղակիորեն ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանզի վերջինս հասկանում է բացառապես ուժի, ռազմական հաղթանակների լեզուն, և եթե զսպվի, ապա միայն այդ ճանապարհով։ 

Ըստ քաղաքագետի` Թուրքիան փորձելու է նաև գնալ առևտրի, որպեսզի դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին, որն իր հերթին կամովին դարձել է Թուրքիայի գործիքը ռեգիոնում այդ երկրի դիրքերն ամրապնդելու տեսանկյունից։ Ըստ այդմ` Թուրիքային ընդդիմանալու տեսանկյունից հիմնական շահառու կողմը Ռուսաստանն է, որն արդեն իսկ որոշակի քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ, մինչդեռ ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներն ունեն Թուրքիայի վրա ազդելու սահմանափակ հնարավորություններ, առավել ևս, որ Թուրքիան վաղուց կասկածի տակ է դնում ՄԱԿ–ի արդյունավետությունը և ընդհանրապես ներկա ձևաչափը ԱԽ կազմով։

0
թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Արցախ, տարածաշրջան, Թուրքիա, Ալեն Ղևոնդյան