ԱԷԿ

Հայաստանը հրաժարվել է ռուսական վարկից. նախարարը հայտնել է, թե ինչ է լինելու ատոմակայանում

586
(Թարմացված է 17:56 08.06.2020)
Հայկական կողմը որոշ ուշացումներից հետո որոշել է հրաժարվել ռուսական վարկից ու ատոմակայանում կիսատ մնացած աշխատանքներն ավարտել սեփական միջոցներով:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից: Տեղեկությունն այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ հայկական կողմը որոշել է հրաժարվել ռուսական վարկից ու կիսատ մնացած աշխատանքներն ավարտել սեփական միջոցներով:

«Բավականին աշխատանք այս փուլում կատարված է: Այնուամենայնիվ, տարբեր ընթացակարգային խնդիրների, ներմուծման, տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մենք կրկին ժառանգել ենք ժամկետների մեջ արդեն իսկ ուշացած ծրագիր: Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվում էր վարկի ժամկետների երկարաձգման ու նաև որոշակի արտոնյալ ժամկետ տրամադրելու հարցը, որը տեղի չունեցավ, և այս փուլում մենք հրաժարվել ենք այդ վարկից»,-ասաց նախարարը:

Պապիկյանը նաև հայտնեց, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ՀՀ միջոցների հաշվին:

ՀԱԷԿ-ի վերագործարկմանը վերաբերող «Ռոսատոմի» հետ կնքված պայմանագրերը, Պապիկյանի խոսքով, կմնան ուժի մեջ, բայց կիրականացվեն արդեն հայկական ֆինանսական միջոցների հաշվին:

Կհայտարարվեն գնումների ու աշխատանքների նոր մրցույթներ, որոնց Պապիկյանի խոսքով, կկարողանան ներգրավվել նաև հայաստանյան ընկերություններ:

«Ընկերությւնները, աշխատողները, փորձագետները, որոնք առկա են ՀՀ-ոմ, կարող են ներգրավվել պրոցեսին: Սա շատ կարևոր հանգամանք է մեզ համար ո՛չ միայն տնտեսական ճգնաժամով պայմանավորված, այլև առհասարակ»,- ասաց նախարարը:

Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի կառավարության տրամադրած մինչև 270 միլիոն դոլար վարկային գծով (15 տարի ժամկետով) ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհով։ Հաշվի առնելով, որ նորոգման աշխատանքները նախատեսվածից երկար տևեցին (չավարտվեցին 2019թ․-ի վերջին, այլ կավարտվեն 2021-ին)՝ ՀՀ կառավարությունը դիմել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը՝ վարկային վճարումները մեկ տարով հետաձգելու խնդրանքով։ Հարցը քննարկվում է երկու երկրների կառավարությունների միջև։

586
թեգերը:
վարկ, Ռուսաստան, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

15
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

15
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել
Տրվում է վարձով

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

81
(Թարմացված է 23:03 25.09.2020)
Պետեկամուտների կոմիտեն գործունեությունը դադարեցնող տնտեսվարողների մասին տվյալներ է ներկայացրել։ Տնտեսագետները մատնանշում են կառավարության աշխատանքի թերություններն ու լուծումներ առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ հատվածում՝ ապրիլից օգոստոս ամիսներին, տնտեսական գործունեության շատ տեսակներ պարզապես «մեռած» վիճակում էին, ինչը կապված էր ոչ այդքան սահմանված արգելքների, որքան քաղաքացիների վճարունակության սարսափելի անկման հետ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ ամենամեծ կորուստներն ունեցել են մանրածախ ու մեծածախ վաճառքի ոլորտներն ու ավտոսերվիսի ոլորտը (ավտոլվացման, մեքենաների ու մոտոցիկլետների նորոգման կետերը)։ Ընդհանուր առմամբ երկրում փակվել է 1213 օբյեկտ, 5058-ը ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, 874-ը՝ վերսկսել։

Հյուրանոցային ծառայությունների ու հանրային սննդի ոլորտում էլ անմխիթար վիճակ է։ Այստեղ 118 օբյեկտ փակվել է, 974-ը դադարեցրել է գործունեությունը ու ընդամենը 217-ն են վերաբացվել։

Մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտում 34 ընկերություն փակվել է, 201-ը ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, իսկ 29-ը՝ վերսկսել են այն։ Այսպիսով՝ զբոսաշրջության ոլորտում պարապուրդը անդրադարձ հարված է հասցրել նաև հարակից ոլորտներին, թեև պետությունը միանվագ վճարումների տեսքով աջակցություն է տրամադրել։

Փակվող տնտեսվարողների մասին են վկայում նաև Երևանի փողոցների բազմաթիվ հայտարարությունները վարձով տրվող տարածքների մասին։

Երևանի կենտրոնում գործող, այժմ վաճառվող հրուշակարանի սեփականատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այն դեկտեմբերին է բացել, վարկով։ Մարտին, երբ արտակարգ դրության ռեժիմ հայտարարվեց, բիզնեսը լուրջ կորուստներ ունեցավ, ու այժմ վարկային պարտքերը ստիպում են ծայրահեղ քայլերի դիմել։

«Խոսող» ծաղիկներ Գյումրիից, կամ ինչպես 17-ամյա Անին բիզնես հիմնեց պանդեմիայի օրերին

Տարածքը գնելու բազում ցանկացողներ կան, բայց դրանք հիմնականում խոշոր ցանցային ընկերություններ են, որոնք արտակարգ դրության ժամանակ շարունակել են առաքումներով աշխատել ու լուրջ կորուստներ չեն կրել։

Երևանի ամենամոդայիկ գինու ռեստորաններից մեկը նույնպես չկարողացավ վերաբացվել սահմանափակումները վերացնելուց հետո՝ խիստ կարանտինի ժամանակ առաջացած խնդիրների պատճառով

Իսկ ահա կոսմետիկայի խանութի սեփականատերը, որի խանութի վաճառքի մասին սոցցանցերում հայտարարություններ էին տարածվում, միտքը փոխել է։ Այս դեպքում սահմանափակումները վերացնելուց հետո բիզնեսն արագ տեմպերով սկսել է վերականգնվել ու նորից եկամտաբեր դառնալ։ Հավանականություն կա, որ կհաջողվի կորուստները փոխհատուցել ու նորից սկսել եկամուտ ստանալ։

Մեզ հետ զրույցում խանութի տերն ասաց, որ կառավարությունից օգնություն է ստացել, բայց կարծում է, որ այն անիմաստ է ու չի կարող ոչ մի խնդիր լուծել։

«Ավելի լավ է հարկերի վճարելու ժամկետը երկարացնեին կամ ազատեին դրանցից։ Իմ ստացած 67 հազար դրամը կամ իմ աշխատակցի ստացած 19 հազար դրամը չեն կարող ծածկել մեր ծախսերը։ Դա անհեթեթություն է»․ - ասաց տղամարդը։ 

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է կարողանա կանխատեսե ու կանխել խնդիրները, ոչ թե սպասել, մինչև դանակը ոսկորին հասնի ու սկսել բոլորովին անարդյունավետ ծրագրեր իրականացնել։ Նա վստահ է, որ օգնությունը ոչ թե թիրախային էր, այլ զուտ «օգնություն օգնության համար» սկզբունքով էր։

Պետք էր սահմանել առաջնահերթությունները, ռեալ գնահատել իրավիճակն ու փուլ առ փուլ գնահատել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։

 «Շեշտը պետք է դրվի աշխատատեղերը պահպանելու վրա։ Պետությունը պետք է կիսի գործատուների բեռը, ոչ թե վարկեր առաջարկի ու սպասի, որ գործատուն կհամաձայնի իր պայմաններին», - ասաց տնտեսագետը։

Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին

Ավետիսյանը կարծում է, որ կառավարությունը պետք է սթափ գնահատի իրավիճակը, կարգի բերի պաշտոնական վիճակագրությունը, արձանագրի բոլոր խնդիրներն ու ձախողումները, պատժի նրանց, ով իր գործը լավ չի արել, ճիշտ գնահատի առաջնահերթություններն ու սկսի արդյունավետ ծրագրեր իրականացնել։

Առաջնահերթ պետք է լինեն այն ոլորտները, որոնք մյուսներից ավելի շատ են տուժել, նաև նրանք, որոնք կարող են տնտեսության մեջ լոկոմոտիվի դեր խաղալ։

Իսկ ահա տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ պետությունը պետք է ուշադրություն դարձնի շինարարական ոլորտին։ Այստեղ, ի դեպ, ապրիլից օգոստոս փակվել է 23 ընկերություն, 231-ը ժամանակավոր դադարեցրել է գործունեությունն ու ընդամենը 49՝ վերաբացվել։ Տնտեսության վերականգնման տեսակետից նա հենց այդ ոլորտն է առաջնահերթային համարում։ Սակայն դրան պատշաճ ուշադրություն չեն դարձնում, չնայած հենց այստեղ է կարելի զգալի աճ ակնկալել՝ ի տարբերություն անկանխատեսելի ու այս պահին «մեռած» զբոսաշրջությանը։

«Ընդհանուր առմամբ դեռ վաղ է խոսել տնտեսության ու տուժած ոլորտների վերականգման մասին, քանի որ շատ բան կախված է արտաքին ցուցանիշներից։ Զբոսաշրջության դեպքում՝ Ռուսաստանից ու այնտեղից եկող զբոսաշրջիկների հոսքից։ Նույնիսկ եթե համավարակը վաղը հրաշքով ավարտվի, ապա եկամուտները անմիջապես չեն վերականգնվի», - ասաց նա։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող 5 ընկերություն լուծարվել է, 205-ը՝ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը և ընդամենը 32-ը՝ վերաբացվել։

«Սպասարկման այլ ծառայություններ» ոլորտում լուծարվել են 234 ընկերություններ, ժամանակավոր կասեցվել են 1057-ը, վերաբացվել են ընդամենը 154-ը։ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությամբ զբաղվող 67 ընկերություն է լուծարվել, գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է 493-ը, վերաբացվել՝ 70-ը։

Հիշեցնենք, որ խոսքը այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի մասին է։ Այս շրջանում, ՊԵԿ-ի ներկայացմամբ, վարչարարական եւ օժանդակ գործունեություն իրականացնող 39 ընկերություն է հաշվառումից հանվել կամ լուծարվել, ժամանակավոր փակվել է 449-ը, վերաբացվել է 56-ը։ Իսկ կրթության ոլորտում լուծարվել է 21 ընկերություն, ժամանակավոր դադարեցվել՝ 136-ը, վերաբացվել՝ 25-ը։ Առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում 10 ընկերություն լուծարվել է, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել նույն ոլորտից 120 ընկերություն, վերաբացվել է ընդամենը 50-ը։

Ի՞նչ կարելի է նկարել մեր շապիկների վրա. կին ձեռներեցները մեզ հաճելիորեն կզարմացնեն

Կառավարությունը համավարակի հետևանքները մեղմացնելուն ուղղված 24 միջոցառում է իրականացրել ու տարատեսակ օգնություն է ցուցաբերել՝ սկսած դրամաշնորհներից ու վարկերից վերջացրած անհատներին ու բիզնեսին տրամադրվող միանվագ վճարումներով։

81
թեգերը:
Հայաստան, համավարակ, բիզնես, տնտեսություն
Ըստ թեմայի
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Վարկային համաներում կլինի, եթե ավանդատուները համաձայնեն հրաժարվել տոկոսներից. Երիցյան
Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում
Տիգրան Հակոբյան

Տեսակամուրջ. «ԱՊՀ վավերագրական կինոյի «Eurasia.DOC» հինգերորդ փառատոնը»

0
Սեպտեմբերի 28-ին` ժամը 15: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մինսկ-Սմոլենսկ- Երևան տեսակամուրջի ձևաչափով կկայանա ԱՊՀ երկրների «Եվրասիա.DOC» վավերագրական ֆիլմերի հինգերորդ փառատոնի բացման մասնակիցների առցանց ասուլիսը:

2020-ին փառատոնին ներկայացվել է 152 ֆիլմ 18 երկրից: Կարճ ծրագրում ընդգրկված է 28 ֆիլմ 9 երկրից:

Փառատոնը կանցկացվի Սմոլենսկում և Մինսկում սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը: Ցուցադրվելու են եզրափակիչ փուլի 28 ֆիլմեր Ռուսաստանից, Բելառուսից, ԱՊՀ այլ երկրներից, ինչպես նաև Սերբիայից և Լատվիայից:

Փառատոնի, այս և այլ միջոցառումների մասին կպատմեն ասուլիսի մասնակիցները՝

Մինսկում.

փառատոնի գործադիր տնօրեն, Բելառուսի Հանրապետության լրագրողների միության նախագահ Անդրեյ Կրիվոշեևը,

Sputnik Բելառուս լրատվական գործակալության ղեկավար Անդրեյ Կաչուրան։

Սմոլենսկում.

Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը,

Ռուսաստան-Բելառուս միության հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման կազմակերպություն պետական հիմնարկի նախագահ Նիկոլայ Էֆիմովիչը,

ռեժիսոր, սցենարիստ, Եվրասիա. DOC-2019 փառատոնի հաղթող Մարի Ռենոն,

Format A-3 մեդիա ակումբի նախագահ Գալինա Սապոժնիկովան,

Eurasia.DOC փառատոնի ծրագրերի տնօրեն, Ստուդիո երրորդ Հռոմ պրոդյուսերական կենտրոնի նախագահ Վալերի Շեխովցովը,

փառատոնի ժյուրիի անդամ, «Բելայա Ռուս» հանրապետական հասարակական միավորման նախագահ Գենադի Դավիդկոն։

Երևանում.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Հարգելի գործընկերներ, այժմ դուք արդեն կարող եք գալ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոն և ինքներդ հարցեր ուղղել բանախոսներին: Միակ պայմանը դիմակ դնելն է, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք սոցիալական հեռավորության պահպանումը և անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերի առկայությունը:

Բացի այդ, ասուլիսը ավանդաբար հեռարձակվելու է Facebook և Youtube սոցիալական ցանցերի մեր էջերում:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

0
թեգերը:
փառատոն, կինո