Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում է

«Ցոգոլն իսկակա՞ն է». Փաշինյանը փորձեց հասկանալ՝ ինչու է մի ծառի բերքը շատ, մյուսինը՝ ոչ

111
(Թարմացված է 13:20 23.05.2020)
Գյուղացիները դժգոհում են, որ բանկերը վարկեր չեն տրամադրում, պահանջում են երաշխիքներ։ Գյուղացիներն առաջարկեցին` այնպիսի մեխանիզմ մշակվի, որ ավագանին իրավունք ունենա երաշխավոր լինելու։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր աշխատանքային շրջայցը Արարատի մարզում։ Վերին Դվին համայնքում վարչապետին տեսնելու համար մեծ թվով գյուղացիներ էին հավաքվել։ Վարչապետն ինքն էլ զարմացավ, թե որքան մարդ է եկել իրեն տեսնելու։

«Էս ինչքա՞ն շատ մարդ է հավաքվել, նախապես իմացե՞լ են, որ գալու ենք»,- հարցրեց վարչապետը։

Գյուղացիներն էլ կատակեցին, թե իրենց սովորությունն է այդպես, միշտ են հավաքվում։ Ի պատասխան դրան էլ վարչապետը հիշեցրեց, որ համավարակի պատճառով հավաքվել չի կարելի։ Չնայած Փաշինյանի հիշեցմանը, վարչապետի ամեն քայլի հետ նրան շրջապատած գյուղացիների թիվն ավելանում էր։ Յուրաքանչյուրը եկել էր անձամբ իր հարցը վարչապետին ուղղելու, իր խնդրի մասին պատմելու։

Գյուղացիները դժգոհում են, որ բանկերը վարկեր չեն տրամադրում, պահանջում են երաշխիqներ։ Գյուղացիներն առաջարկեցին` այնպիսի մեխանիզմ մշակվի, որ ավագանին իրավունք ունենա երաշխավոր լինելու։

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում

Գյուղացիները նշեցին, որ անգամ կոոպերատիվներ են ցանկանում կազմել, որ գոնե միասին կարողանան անհրաժեշտ վարկ ստանալ, բանկերը կրկին մերժում են։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղում ներկայացրեց գյուղացիական տնտեսությունների համար մշակված աջակցության ծրագիրը։ Նրա խոսքով՝ կոոպերատիվի դեպքում կառավարությունը համաֆինանսավորելու է վարկի 50-75 տոկոսը, դա նշանակում է, որ գյուղացիները պետք է գրավ առաջարկեն միայն գումարի մնացած մասի համար վարկ ստանալու նպատակով։

Փաշինյանն էլ ավելացրեց, որ փորձում են հիմա այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ որպես գրավ` բանկերը հողն ընդունեն։ Այս հարցում կհաջողեն, թե ոչ՝ վարչապետը դեռ վստահ չէ, բայց հիշեցրեց, որ կառավարությունը 11 ծրագրային վարկեր է առաջարկում, որոնցից ևս կարող են օգտվել։

«Ասի` գամ մի հատ մեր թագավորին տենամ, էթամ ջուր անեմ»,- անսպասելի վարկային զրույցն ընդհատեց գյուղացիներից մեկը։

Դրանից հետո վարչապետը շարունակեց շրջել գյուղի ծիրանի այգիներից մեկում և հիանալ այգու լավ բերքով։ Գյուղացիները նշեցին, որ ցավոք, նման լավ բերք բոլոր գյուղացիները չէ, որ ստացել են։ Մեկի բախտը բերել է, մյուսինը՝ ոչ։ Ցրտահարությունն իր գործն արել է։

Այստեղ վարչապետը զարմացավ՝ այս տարի ցրտահարություն է եղե՞լ, բա ինչու է այս այգում բերքը լավ, ուրեմն մի գյուղացին մի բան ճիշտ է անում, մյուսը՝ սխալ։

«Էս ծառն իմ այցի կապակցութամբ չի սարքվել, չէ՞, ցոգոլն իսկակա՞ն է»,- ասաց վարչապետը՝ ցույց տալով ծիրանի չհասունացած պտուղներով ծանրաբեռնված ծառի ճյուղը, հետո էլ կատակելով ավելացրեց՝ «Էս ծառի տերը վերևում հաստատ ծանոթ ունի»։

Գյուղատնտեսներից մեկը բացատրեց, որ բերքատվությունը մի շարք հանգամանքներով է բացատրվում, հնարավոր է՝ հիսուն մետր հեռավորության վրա այգիները լրիվ տարբեր բերքատվություն ունենան։ Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ իրենց սովորել է պետք, որ ավելի լավ և արդյունավետ այգիները մշակեն։

Դրանից վարչապետն ուրախացավ՝ նշելով, որ սա իսկական գյուղատնտեսական հեղափոխություն է, որովհետև առաջին անգամ գյուղացին նշում է, որ գիտելիք է պետք՝ հասկանալու համար, թե ինչու է մի ծառի վիճակը լավ, մյուսինը՝ վատ։ Նրա խոսքով՝ մեր գյուղատնտեսության ամենամեծ խնդիրը հենց դա է՝ ծագում են հարցեր, որոնց պատասխանը չենք իմացել, իսկ հիմա ցանկանում ենք սովորել։

«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել

111
թեգերը:
տնտեսություն, գյուղացի, Արարատի մարզ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1028)
Ըստ թեմայի
«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան
Սարգսյան. «ԵԱՏՄ–ում պետք է պլանավորեն գյուղատնտեսական ապրանքների արտադրության գործընթացը
Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից
Հայկական ատոմային էլեկտրակայան. արխիվային լուսանկար

ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում

71
(Թարմացված է 14:32 01.06.2020)
Համակարգը գրանցում է թույլ երկրաշարժերը և վերլուծում, թե դրանք ինչպես կարող էին ազդել ԱԷԿ-ի աշխատանքի վրա։ Իսկ 6 բալ և ավելի ուժգնության ցնցումների դեպքում այն ավտոմատ կերպով անջատում է ռեակտորը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Լատինական Ամերիկայում գտնվող ռեակտորներից մեկի վրա ցանկանում են տեղադրել ատոմակայանների սեյսմիկ անվտանգության համակարգը, որը պատրաստվել է Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վահրամ Պետրոսյանը։

ՍԻԱԶ-3 համակարգը (երրորդ սերնդի հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգ) արդեն իսկ տեղադրվել է ՀԱԷԿ-ում՝ դրա հիմնանորոգման շրջանակում, որն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը («Ռոսատոմ» կորպորացիայի կազմում)։

Համակարգի տվիչները մեծ եռանկյունու տեսքով տեղադրվում են երեք կետերում և ծածկում կայանի ամբողջ տարածքը: 6 բալից ուժգին ստորգետնյա ցնցման դեպքում սկսում է գործել ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի անջատիչը․ ռեակտորն ավտոմատ կերպով անջատվում է, ապա ռեակտորի մեջ անմիջապես իջեցվում են պաշտպանիչ մետաղական թիթեղներ, որոնք փակում են վառելիքային սռնիները և դադարեցնում միջուկային ռեակցիան։

Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում

ԱԷԿ-ի հերթական նման անջատումը տեղի ունեցավ վերջերս` մայիսի լույս 23-ի գիշերը՝ ուժեղ ամպրոպի պատճառով։ Ռեակտորի վիճակը ստուգելուց հետո կայանը վերագործարկվեց։ Դրա համար ընդամենը 24 ժամից մի փոքր ավելի ժամանակ պահանջվեց։

6 բալի դեպքում համակարգն ավտոմատ կերպով անջատում է ռեակտորը։ Բայց այն արձագանքում է նաև 3-6 բալ ցնցումներին։ Տվիչները տեղեկությունը փոխանցում են հատուկ գերհզոր համակարգչին, որը վերլուծում է, թե ինչպես կարող են թույլ ցնցումներն ազդել ռեակտորի, գեներատորների և կայանի մյուս սարքավորումների վրա։ 

Անցած տարի հայկական տեխնոլոգիան ներկայացվել էր Վիեննայում՝ ԱՏԷՄԻԳ-ի կենտրոնակայանում կայացած գիտաժողովի ժամանակ։ Փորձագետներն այն բարձր էին գնահատել։

Գիտաժողովի ավարտից հետո «Հայատոմ» ինստիտուտը նամակ է ստացել «Ռոսատոմի» ձեռնարկություններից մեկից: Այս ընկերության ինժեներները զբաղվում են Լատինական Ամերիկայի հետազոտական ռեակտորներից մեկի հագեցմամբ։ Գնահատելով հայկական տեխնոլոգիան ՝ նրանք գնային առաջարկ են ներկայացրել։

Այս համակարգը միայն ատոմակայանների վթարային պաշտպանության համար չէ, որ կարելի է օգտագործել։ Այն կարելի է հարմարեցնել թե՛ ՋԷԿ-ի համար, որտեղ այն կանջատի կաթսան, թե՛ գազատարների (խողովակի վթարային ճեղքվածքի դեպքում), թե՛ ՀԷԿ-երի և ջրամբարների համար (ջրարգելակի վթարային բացման կամ փակման համար):

Անվտանգության բարձր մակարդակ և ոչ միայն. միջազգային փորձագետները գնահատել են ատոմակայանը

ՋԷԿ-ի համար այս համակարգն արդեն մշակված է և գործում է «Գազպրոմ Արմենիայի» «Հրազդան-5» ջերմակայանում։ Տեսնելով, որ Հայաստանում որակյալ տեխնոլոգիաներ կան, կայանը կառուցող ռուս ինժեներները հենց դա են ընտրել։

Բացի այդ, ԱՏԷՄԻԳ-ում հայ ինժեներներին խորհուրդ են տվել մտածել գործածման ևս մի տարբերակի շուրջ՝ միջուկային պայթյուններից տատանումների մոնիթորինգի համար։ 

«Տեսականորեն դա հնարավոր է։ Պարզապես մենք մեր համակարգը սարքել ենք սեյսմիկ տատանումների համար, իսկ դրանց հաճախականությունն ավելի ցածր է, քան պայթյունների դեպքում։ Բայց անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք համակարգը կարգավորել պետք եղած հաճախականության տվիչների համար»,-պարզաբանել է Պետրոսյանը։

Ի դեպ, համակարգի նախորդ տարբերակը ՝ ՍԻԱԶ-2-ը, արդեն գործարկվել է Պետերբուրգի Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետազոտական ռեակտորում։ Խորհրդային տարիներին «Հայատոմ» ինստիտուտը ատոմակայանների համար նման համակարգեր էր արտադրում ամբողջ ԽՍՀՄ-ում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրներում։

Նոր՝ ՍԻԱԶ-3 համակարգում արդեն ազդակների փոխանցման ոչ թե անալոգային, այլ թվային սկզբունքն է գործում։

Հայկական ատոմակայանը կարող է աշխատել մինչև 2036 թվականը. նախարար

Նշենք, որ Լատինական Ամերիկայում գոյություն ունի մեկ տասնյակից ավելի հետազոտական ռեակտոր․ ատոմային ֆիզիկոսների կրթության և պատրաստման համար, ինչպես նաև կիրառական նպատակներով՝ բժշկական (քաղցկեղի բուժման ժամանակ նեյտրոնային կարդիոգրաֆիայի և նեյտրոն-գրավման թերապիայի համար), նյութերի ընկալման ուսումնասիրության, ինչպես նաև հողի, օդի և սննդի ռադիոնուկլիդային աղտոտման ուսումնասիրության համար։

71
թեգերը:
Լատինական Ամերիկա, Հայաստան, Հայաստանի Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)
Ըստ թեմայի
Էլեկտրականությունը 2020թ–ին. հայկական ԱԷԿ–ի առաջ ծառացած խնդիրներն ու գազի գործոնը
Արտակարգ ռեժիմն ԱԷԿ-ի վերանորոգմանը չի խանգարում. ինչ աշխատանքներ են ընթանում
Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞
«Նաիրիտ»

«Նաիրիտի» վտանգավոր քիմիական նյութերն անտերության են մատնված. գործարանը լրիվ կործանո՞ւմ են

312
(Թարմացված է 22:01 29.05.2020)
Հայաստանի երբեմնի ամենախոշոր քիմիական գործարանը՝ «Նաիրիտը», պահպանման ծախսերի կարիք ունի։ Բայց ուզում են գումար ստանալ ոչ թե արտադրության վերականգնումից, այլ պարզապես գործարանի գույքի վաճառքից։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան․ «Նաիրիտում» գտնվող վտանգավոր քիմիական նյութերը մնացել են առանց ԱԻՆ-ի ստորաբաժանումների վերահսկողության։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը։

2010թ․-ից ի վեր չգործող գործարանում քիմիական ռեակտիվներ և նյութեր են մնացել, որոնք մշտական վերահսկողության կարիք ունեն՝ արտահոսքը, հրդեհը կամ այլ վտանգները չեզոքացնելու համար։ Նախկինում այդ վերահսկողությունը պայմանագրային հիմքով իրականացնում էին համապատասխան կառույցները՝ ԱԻՆ-ի ղեկավարությամբ։ Երբ գործարանը սնանկ ճանաչվեց, վերահսկողության համար վճարում էր սնանկության կառավարիչը։

«Հիմա պայմանագիրը չի երկարաձգվել, և մեր կազմակերպությունն այլևս գործարանում չի աշխատում»,-տեղեկացրեց Զարգարյանը։

Նշենք, որ ավելի վաղ գործարանի սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի քանի անգամ զգուշացրել էր, որ շուտով ի վիճակի չեն լինի նաև ԱԻՆ փրկարարներին և գործարանի պահակներին վճարելու։

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն իր հերթին ասում է, որ ներդրողներին, որոնք կարող են վերականգնել արտադրությունը, թույլ չեն տալիս ծանոթանալ գործարանի վիճակին։ Դրա փոխարեն տարբեր պատճառաբանություններով վաճառում են գործարանի ունեցվածքը։

«Հիմա շատ հարմար առիթ է՝ կհայտարարեն, որ գործարանը վտանգավոր է դարձել, այդ պատճառով մենք պետք է ամեն ինչ վաճառենք ու վերջնականապես լուծենք այդ հարցը»,-ավելացրեց Իսրայելյանը։

Նա հիշեցրեց, որ ավելի վաղ սնանկության գործով կառավարիչը հայտարարել էր, որ գործարանը լրիվ չի վճարել աշխատակիցներին։ Նրանց աշխատավարձերը վճարել են, բայց չեն վճարել ուշացման տույժերն ու տուգանքները։ Դրա համար միջոցներ էր պետք հայթայթել։

Խաչատրյան. «Հիմա «Նաիրիտում» արտադրություն կազմակերպելու խոսակցությունն իրատեսական չէ»

 «Ուզում են ցույց տալ, թե լուծում են մարդկանց խնդիրները։ Դե թող ասեն` որտեղից են ճարելու այդ գումարը։ Ուզում են վաճառել գործարանը, բայց այդ դեպքում շատերը  երբեք աշխատանքի չեն վերադառնա։ Ուրեմն թող մինչև վերջ ազնիվ լինեն և ասեն այն, ինչ իրականում ծրագրում են»,-նշել է Իսրայելյանը։

Նշենք, որ գործարանի պարտատերերն այդ հարցով որևէ դիրքորոշում չեն հայտնում և սնանկության կառավարչին գործողությունների լիակատար ազատություն են տալիս։ Ընդ որում, գրեթե բոլոր պարտատերերը պետական կազմակերպություններ են(Պետեկամուտների կոմիտեն, Երևանի ՋԷԿ-ը, Տարածքային կառավարման նախարարությունը), իսկ գործարանը պետք է պահպանել հենց պետության շահերից ելնելով։

Իսրայելյանը կարծում է, որ եթե որևէ մեկը գործարանի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում, պետք է հնարավորինս աջակցել նրան։

Նշենք, որ ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկն էր։ 90-ականներին դրա աշխատանքը դադարեցվեց, բայց անգամ 2000-ականներին այնտեղ արտադրվող սինթետիկ կաուչուկը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների թվում էր։

«Պետք չէ մեզ խղճալ». ի՞նչ են ուզում ջահելությունն ու ուժը «Նաիրիտին» նվիրած մասնագետները

2006թ․-ին գործարանը սեփականաշնորհվեց շինծու կազմակերպության, դրա անունով վարկ ձևակերպվեց, որը չմուծվեց և գործարանը սնանկ ճանաչվեց։ Այնուհետև գործարանը կրկին դարձավ պետության սեփականությունը, բայց արտադրությունը չվերականգնեցին։

312
թեգերը:
աշխատանք, աշխատող, գործարան, գործարք, Նաիրիտ
Ըստ թեմայի
«Դուք մեզ արդեն մոռացել եք». «Նաիրիտի» աշխատողները կառավարության շենքի մոտ են
Մարտի վերջին կպատասխանեն. իրանցի ներդրողներն ուզում են աշխատել «Նաիրիտում»
«Նաիրիտը» կարող է վաճառվել Իրանին. կառավարությունը քննարկում է առաջարկը
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Հիմա պետք է «սպեցնազ» հանեմ, ծեծուջարդ անե՞մ, որ կարգուկանոն պահպանեմ». Փաշինյան

4
(Թարմացված է 11:32 03.06.2020)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեղավորներ չեն փնտրում, միայն խնդրում են ժողովրդին կարգուկանոն պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերով հայտարարեց, որ երեկվա իր ֆլեշմոբային գործողությունները շատերի կողմից մեկնաբանվել է որպես մեղավորների փնտրտուք, որն անհեթեթ մեկնաբանություն է, իսկ մեղավորներ փնտրելը անիմաստ գործ է, քանի որ եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը։

«Ինքս էլ վարակվել եմ կորոնավիրուսով և իմ ընտանիքին վարակել եմ, հետևաբար, ո՞ւմ վրա պետք է մեղքը գցեմ։ Այստեղ խնդիրը մեղքի մասին չէ, այլ ստեղծված իրավիճակը, մեր պրոբլեմը ճանաչելու մասին է։ Հարց է` մենք ուզո՞ւմ ենք այս իրավիճակը հաղթահարել, թե ոչ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` մոնիթորինգը ցույց է տալիս, որ ամենամեծ խնդիրը բանկային համակարգում է։

«Ես խոսել եմ Կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարականներ եմ տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, բայց ես մի բան չեմ հասկանում` մեր պլան Ա–ն ո՞րն է, որ մենք ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք։ Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել»,–վրդովվեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով` բոլորը կարող են քննադատել ոստիկանության աշխատանքը։ Ասաց` երեկ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, սակայն մնում է այն համոզման, որ այս իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյու քաղաքացի անհատական պատասխանատվություն դրսևորի։

«Սա կարգուկանոնի խնդիր է։ Ես որ խոսքով, հաղորդակցությունով դարձել եմ վարչապետ, հիմա պետք է «սպեցնազը» հանեմ, ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեմ։ Ես ո՞նց անեմ նման բան, ես դրան սովոր չեմ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն գործելու։ Օրինակ` գիշերը «Մեյմանդարում» հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել և շուրջ երեք տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործ է հարուցվել։

Փաշինյանը զայրացել է. մի քանի տատիկ, պապիկ կմահանան միջոցառման պատճառով

Անդրադառնալով «Գլորիա» կարի ֆաբրիկային սպասարկող ավտոբուսին և անվտանգության կանոնների չպահպանմանը, վարչապետը նշեց, որ ֆաբրիկայում արդեն 36 հաստատված դեպք կա, 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, բայց փաստ է, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չեն վերաբերվում։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետը դիմել էր քաղաքացիներին՝ խնդրելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել Facebook-ի իր էջին, հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշել խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Հաելենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 515–ով և դարձել 10 524։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 (+473) մարդ, կատարվել է 61.650 (+1733) թեստավորում, առողջացել են վարակվածներից 3454 (+27)–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 170 (+12) և մահվան 59 (+3) անուղղակի դեպք:

Օրվա կադր. Փաշինյանը ցույց է տվել` ինչպես է վարակակիրների թիվը ռեկորդային դառնում

4
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում