ՊԵԿ

Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում

397
(Թարմացված է 14:48 27.04.2020)
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ չեն իրականացվի նաև արգելադրման գործողություններ։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձում։

Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: ՊԵԿ–ից մասնավորեցնում են, որ դրանց գանձման վերաբերյալ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակում չեն կայացվի գանձման որոշումներ, ինչպես նաև չեն իրականացվի  արգելադրման գործողություններ։

Գերատեսչությունից նաև զգուշացնում են, որ հաշվի առնելով, որ ժամկետանց հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթները հարուցվում են էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումներով (ծանուցումները հարկ վճարողներին ավտոմատ ուղարկվում են ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացումից հետո 4-րդ օրը)` հայտնում ենք, որ դրանք ուղարկվելուց հետո հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում գանձման որոշումներ չեն կայացվի և ծանուցումներն ուղարկվելուց հետո 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած։

«Մարտին գրանցված աշխատատեղերի քանակն ավելացել է». ՊԵԿ նախագահ

Այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ուստի, հարկ վճարողներին հորդորում ենք նման ծանուցումներ ստանալու դեպքում դրանց որևէ կերպ չարձագանքել։

«Թույլ տվեք՝ մենք որոշենք». ՊԵԿ նախագահը խոսեց Միքայել Մինասյանի դեմ հարուցված քրգործից

 Կոմիտեն հայտնում է նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։ 

 

397
թեգերը:
կարանտին, տնտեսություն, Հայաստան, հարկեր, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Կոնյակի սկսնակ արտադրողներն անհամեմատ քիչ հարկ կվճարեն, եթե «վերևներում» լեզու գտնեն
ԵԱՏՄ երկրներում արտարժույթի փոխանակման հարկ պե՞տք է, թե՞ ոչ. փորձագետների կարծիքներ
Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը
Հաճախորդ

Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ

470
(Թարմացված է 23:20 11.07.2020)
Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով։ Սննդի գները գուցեև չաճեն, բայց ընկերությունները կարող են կրճատել ծախսերը, այդ թվում՝ աշխատողների հաշվին։

Հուլիսից Հայաստանում գազը թանկանում է: Ճիշտ է, միայն բիզնեսի համար, բայց այսպես թե այնպես բիզնեսն իր ապրանքը մեզ է վաճառում, այսինքն՝ գազի թանկացումը մեզ վրա էլ «կնստի»։ Կամ էլ գին չբարձրացնելու համար բիզնեսը կսկսի գումար տնտեսել. գուցե շահույթից, գուցեև աշխատողների աշխատավարձերից։

Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով (մանրամասն` այստեղ)։ Եվ եթե պանիրը կամ հավն այսօր նույնիսկ 30-50 դրամով թանկանան, գնորդները դա ավելի սուր կզգան, քան նախկինում։ Չէ՞ որ հիմա շատերը կամ անգործ են մնացել, կամ էլ նախկինից քիչ են աշխատում (օրինակ` ռեստորաններում)։

Արտադրողներին էլ գները բարձրացնելը հեշտ չէ։ Մրցակցությունը հիմա ավելի սուր է, քան հեղափոխությունից առաջ, ուստի բիզնեսի շահութները նվազել են։

«Եթե ինչ–որ մեկը փորձի բարձրացնել գինը, անմիջապես շուկայից դուրս կմնա։ Խիստ մրցակցություն է գնում գնորդի համար, հատկապես այսօր։ Դա վերաբերում է և՛ պանրին, և՛ կաթին, և՛ կաթնամթերքին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Տարբեր մթերքի դեպքում տարբեր է, բայց միջինում գազը մեր կաթնամթերքի ինքնարժեքում ոչ պակաս, քան 5% է։ Իսկ կաթի կամ թթվասերի գինը նույնիսկ 10 դրամով բարձրացնելը բիզնեսի համար մեծ ռիսկ կլինի։

Ճիշտ է, ռիսկեր կան նաև գյուղացիների համար. գործարանները կարող են փորձել խնդիրը լուծել գյուղացու հաշվին և կաթը ավելի էժան մթերել: Մանավանդ որ կաթն այս տարի պիտի ավելի թանկ վաճառվեր, քանի որ դրա ծավալները համեմատաբար մեծ չէին։

Հացը շա՞տ կթանկանա

«Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ձեռնարկության (հանրապետության 2 խոշոր ընկերություններից մեկը) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը կարծում է, որ գազի գինը ալյուրի վրա չի անդրադառնա, բայց հացը հաստատ կթանկանա։

«Ալրաղացները հիմնականում հոսանքով են աշխատում, իսկ հացի գործարանի վառարանները՝ գրեթե ամբողջությամբ գազով, այնպես որ թանկացման վտանգ այնտեղ կա», – նշեց Նիկողոսյանը։

Հացի գործարանի ներկայացուցիչներն անհասանելի էին զրույցի համար, այդ պատճառով մենք փորձեցինք մոտավոր հաշվարկ ստանալ պետական ստանդարտների հիման վրա (մեր ձեռքի տակ ռուսական ГОСТ-երն էին, սակայն հետխորհրդային պետություններում դրանք գրեթե նույնական են)։

Ըստ այդ ГОСТ-երի` կաղապարային հացի (այսինքն` հացի բոքոնի) մեկ տոննայի համար մոտ 600 հազար կիլոկալորիա ջերմություն է հարկավոր, այսինքն` մոտ 75 խմ գազ։ Թանկացումները հաշվի առնելով՝ այդ 75 խմ–ն կթանկանա 1 դոլար ու մի քիչ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ «բուխանկան» Հայաստանում 400 գրամից շատ հազվադեպ է լինում, ապա այն կարող է թանկանալ առավելագույնը 1-2 դրամով:

Նոր գլխացավանք՝ թռչնաբույծների համար

Եթե խոսենք հավի մսի և ձվի մասին, թռչնաբույծներն առանց գազի էլ գլխացավանք ունեին: Դեռ մարտին կառավարության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց մթերքի պահուստ հավաքել և պահպանել, որ արտակարգ դրության պատճառով երկիրը սննդի պակաս չզգա: «Սակայն վերջին ամիսներին սկսել են Հայաստան ներմուծել էժան հավի միս, ընդ որում՝ ոչ միշտ է, որ այն բավարարում է սանիտարական պայմաններին»,– նշում է հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Այդ պատճառով թռչնաբույծները չեն կարողանում իրացնել իրենց պահուստները, այդ պատճառով և՛ ձվի, և՛ հավի միսն էժանացնում են: Բայց անգամ դրանով հանդերձ վաճառելը հեշտ չէ: Նվազել է նույնիսկ ձվի սպառումը, թեև սովորաբար լինում է ճիշտ հակառակը՝ երբ մարդկանց ձեռքին չկա գումար, նրանք ավելի շատ ձու են գնում (քանի որ ձուն կալորիաներով գրեթե հավասար է մսին, բայց կրկնակի էժան է):

«Սակայն նույնիսկ այդքանից հետո ձու սկսել են քիչ գնել: Կոտրած ձվերն էլ, որ վաճառում էինք հրուշակեղենի և այլ արտադրամասերին, այսօր ավելի քիչ են սպառվում: Պարզ է՝ ինչու. մարդիկ ավելի քիչ են մթերք գնում», –նշեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` այդ պատճառով թռչնաբուծարաններում արդեն կրճատումներ են սկսվել, ինչը խիստ մտահոգիչ է: Այս ձեռնարկություններում մոտ 2800 մարդ է աշխատում, և Հայաստանի համար դա այդքան էլ քիչ չէ:

«Այս ամենի պատճառով գործարաններում նույնիսկ «մի սանտիմետր» ազատ տեղ չկա`շահույթը նվազեցնելու և գները պահպանելու համար», –հավելեց Ստեփանյանը:

Գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից: Սննդամթերքի գները գուցեև չաճեն. գնորդներն այսօր ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես ի վիճակի չեն նույնիսկ 1-2% ավել վճարել: Այնպես որ արտադրողները ստիպված կլինեն տնտեսել. գուցե սեփական շահույթի հաշվին, գուցեև աշխատակիցների կրճատման:

470
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը
«Հայուհին ծիրան չսիրի՞, ոնց կարող է». կամ ինչպես խոպանչիները գործ գտան Արմավիրում
Նորակառույց շենք

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

1055
(Թարմացված է 10:08 11.07.2020)
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

Ի՞նչ է տեղի ունեցել

2020թ․-ի հուլիսի 1-ից անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճարը մուծելու համար։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։ Ավելի մանրամասն՝ մեր ինֆոգրաֆիկայում։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը
© Sputnik / Shushanik Sargsyan
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Իսկ ժողովրդագրությո՞ւնը

Քանի որ առաջնահերթ խնդիրների շարքում է վերջին տարիներին շարունակաբար կրճատվող բնակչության թվաքանակի աճը, ապա հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, բայց իրավիճակի արմատական բարեփոխման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Եվ միայն հիփոթեքի մասնակի ֆինանսավորումը բավարար չէ։

«Ժողովրդագրության և արտագաղթի խնդիրների արմատական լուծումը կախված է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բնույթի բազմաթիվ գործոններից: Կյանքի բոլոր ոլորտներն այսպես թե այնպես իրենց հետքն են թողնում ժողովրդագրության վրա», - ասում է նա և ավելացնում` Հայաստանում, սակայն, իրավիճակը միայն վատթարանում է բոլոր նշված չափորոշիչներով։ Եվ լավացման միտում առայժմ չի նկատվում։

Նրա խոսքով` որոշ երիտասարդ ընտանիքների ֆինանսական դրությունը կլավանա։ Սակայն գլոբալ առումով աջակցության այս միջոցառումները չեն կարողանա փոխել իրավիճակը։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև կորոնավիրուսը։ «Համավարակն ավելի է խտացրել անորոշությունը»,– ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսն ազդելու ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության և այլնի վիճակագրության վրա։ Առավել տրամաբանական է ենթադրել, որ ազդեցությունը բացասական կլինի։

«Ժողովրդագրությունն այն ոլորտն է, որին հատուկ է իներցիոն ընթացքը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն, որն այսպես թե այնպես վերաբերում է ժողովրդագրությանը, արդյունք է տալիս միայն մի քանի տարի անց։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև բացասական գործընթացներին։ Այսինքն՝ այսօրվա միջոցառումների արդյունքը մենք կկարողանանք գնահատել միայն մի քանի տարի անց»,-ավելացրեց նա։

Տարբեր ժամանակներում ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները խոստանում են լավացնել ժողովրդագրությունը։ Դա միշտ էլ եղել է հայաստանյան առաջնորդների ծրագրերի առանցքային կետերից մեկը։ Այսպես, դեռևս 2017թ․-ի մայիսին, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր 2040 թ․-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին։

Իսկ անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2050թ․-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին։

Իսկ փաստացի հիմա (2019թ․-ի վերջին տվյալներով՝ խմբ․) ՀՀ բնակիչների թիվը 2 միլիոն 965 հազար է։

Մինչ այդ հիփոթեքի շուկայում․․․

Պետությունը փորձում է հիփոթեքային ծրագրերում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել։ Ամենապահանջված ծրագրերից է դարձել նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

Հիմա պետությունը հիփոթեքային գծով ավելի ու ավելի շատ եկամտահարկ է վերադարձնում։ Այսպես՝ 2015թ․-ին, երբ ծրագիրը սկսեց գործել, դրան մասնակցեց 571 մարդ, որոնք բոլորը միասին տարեկան մոտ 274 միլիոն դրամ էին ստանում։

Շահառուների թիվը
© Sputnik / Shushanik Sargsyan
Շահառուների թիվը

Հետագա տարիներին վարկառուներն ավելացան, և զուգահեռ ավելացան նաև վերադարձվող գումարները։ 2020թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով` ծրագրին արդեն 8 266 մարդ է մասնակցում, որոնց վերադարձրել են մոտ 2 միլիարդ 797 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ թե ամբողջ տարվա, այլ միայն առաջին եռամսյակի համար։

Ստացվում է, որ նախկինում ամսական մոտ 40 հազար դրամ էր վերադարձվում յուրաքանչյուր վարկառուին, իսկ հիմա` 112 հազար դրամ։

Եկեք հասկանանք` եթե մարդը ամսական 110-112 հազար դրամ վերադարձ է ստանում հիփոթեքի համար, ապա նա որքան աշխատավարձ է ստանում և ինչպիսի բնակարան է գնել, կամ ավելի ճիշտ՝ բանկը ինչպիսի բնակարան է թույլ տվել, որ նա գնի։

Ամենակոպիտ և ոչ ճշգրիտ հաշվարկով, վերականգնելով մյուս բոլոր փոփոխականները, կարելի է հաշվել, որ նա վճարում է ամսական միջինում 200-250 հազար դրամ (հաշվի առնելով մայր գումարը)։

Այդ դեպքում՝ որքա՞ն ամսական աշխատավարձ է նա ստանում։ Ըստ հանրամատչելի ֆինանսական կայքերի՝ բանկերը սովորաբար հիփոթեք են տրամադրում այն հաշվարկով, որ վճարումները չգերազանցեն ամսական եկամտի 30 տոկոսը։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, մրցակցության աճին զուգահեռ բանկերը կարող են այդ ցուցանիշը հասցնել մինչև 40-45 տոկոսի։ Բայց այսպես թե այնպես նման հիփոթեք ստացող մարդը պետք է ամսական ոչ պակաս, քան 400 հազար դրամ աշխատավարձ ստանա։

Ճիշտ է, ոլորտի մասնագետները նկատում են, որ համակարգը, ընդհակառակը, «զանգվածայնանում է»։ Եթե նախկինում դրանից օգտվում էին միայն ապահովված քաղաքացիները (պայմանական «մենեջերների խավը»), ապա այժմ՝ անգամ 200-250 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացիները։

Մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել և օգնել իրենց հարազատներին։ Վարկառուներին սկսում են աջակցել նրանց քույրերը, եղբայրներն ու հայրերը, որպեսզի հնարավորինս շատ կարողանան օգտվել եկամտահարկի վերադարձից։

Ամեն դեպքում այս գնահատականները խիստ մոտավոր են, քանի որ հիփոթեքային շուկան ծայրահեղ անհամասեռ է։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, այլ գնահատական է տալիս․ այս վարկային սխեմայով սկսել են չափազանց շատ թանկ բնակարաններ գնել։

Այդ պատճառով եկամտահարկի վերադարձը Կենտրոն և Արաբկիր շրջանների համար (որտեղ ամենաթանկ բնակարաններն են) պետք է չեղարկել։ Այդ մասին վերջերս արդեն ասել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նկատելով, որ հարկային արտոնությունները պետք է լինեն առավելագույն նպատակային և բացառապես նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։

Մարզերում բնակարան գնելու հիփոթեքային աջակցությունն, իհարկե, լուծում է այդ խնդիրը․ դրանք թանկարժեք չեն լինի, կլինեն միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Իհարկե, ինչպես ցանկացած այլ բարեփոխում, կառավարության այս որոշումները ևս դեռ պետք է փորձարկել, կիրառել գործնականում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դրանց արդյունավետությունը։

1055
թեգերը:
Ռուբեն Եգանյան, Սուրեն Պարսյան, բնակարան, տուն, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
Իլհամ Ալիև

«Ես չկարողացա գտնել Էլմար Մամեդյարովին». Ալիևը զայրացել է

0
(Թարմացված է 22:52 15.07.2020)
Կառավարության նիստի ժամանակ Իլհամ Ալիևին զեկուցել են, որ արտգործնախարարն այս օրերին աշխատել է տնից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել երկրի ԱԳՆ-ի և անձամբ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը: Նա դժգոհել է, թե ինչպես են դիվանագետներն աշխատել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու իրավիճակի սրման շրջանում:

«Հայաստանի վարչապետն ասում է` Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ»։ Ես պատասխանում եմ նրան։ Իսկ արտաքին գործերի նախարարությունն ինչ-որ մակարդակով պատասխանե՞լ է, թե՞ ոչ ։ Ես չեմ լսել, Ադրբեջանի ժողովուրդն էլ չի լսել։ Ո՞վ պետք է առաջին հերթին դա աներ։ ԱԳՆ-ն լռում է», - նրա խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալիևի խոսքով ՝ հունվարի 12 –ից հետո, երբ սկսվել են իրադարձությունները (սահմանին-խմբ.), կառավարության բոլոր անդամներն աշխատավայրում են եղել ։

«Ես մինչև առավոտ աշխատավայրում եմ, վարչապետը աշխատավայրում է։ Պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, պետական անվտանգության ծառայության պետը, արտաքին հետախուզության ծառայության պետը, ներքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը. բոլորն առավոտից գիշեր աշխատավայրում են։ Ես չկարողացա գտնել արտգործնախարարին», - հավելել է նա։

Այնուհետև Ալիևը հարցրել է վարչապետին, թե որտեղ է եղել արտգործնախարարը։ Պարզվել է, որ նա աշխատել է տնից։

«Պարզ է։ Ես չեմ ուզում խորանալ։ Շատ բան կարող եմ ասել, բայց կարծում եմ, որ դա բավարար է», - ի պատասխան ասել է Ալիևը։

Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում արդեն շրջանառվում են Մամեդյարովի հրաժարականի լուրերը։ Պաշտոնական հաստատում դեռ չկա։

Մարդկային և նյութական կորուստներն Ադրբեջանի նախագահին դրել են անհարմար վիճակի մեջ. Տոնոյան

0
թեգերը:
Էլմար Մամեդյարով, Իլհամ Ալիև, Ադրբեջան
Ըստ թեմայի
Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով
ԱՄՆ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու վերսկսել բանակցությունները
Ի՞նչ է կատարվում հայ–ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ–ն նոր տեղեկություն է հայտնում
Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. Նաղդալյանի պատասխանը
Գոնե պատմաբաններից ամաչեր. Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին