Մհեր Գրիգորյան

«Մտածում ենք այդ ուղղությամբ». փոխվարչապետը` արտաքին պարտքի ավելացման մասին

77
(Թարմացված է 13:14 09.04.2020)
Դեռ հայտնի չէ, թե որքանով կարող է ավելանալ ՀՀ արտաքին պարտքը, սակայն կառավարությունն արդեն մի քանի սցենար ունի։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսից բխող իրավիճակի հետ կապված Հայաստանի արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասել էր, որ անհրաժեշտ քայլերից էր նաև պետական պարտքի ավելացումը։

«Ես համաձայն եմ Գաբրիելյանի հետ ու չեմ բացառում, որ մեր արտաքին պարտքը կարող է ավելանալ։ Ավելին, որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքի ավելացման հետ կապված»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` այժմ մտածում են, այդ ուղղությամբ մի քանի սցենարներ կան։

Հարցին, թե արդյունքում որքանո՞վ կավելանա ՀՀ արտաքին պարտքը` Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ վաղ է թվեր հնչեցնել։ Նա նշեց` աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում, որ որոշակի ժամանակ է պետք իրենց, որպեսզի ճիշտ քայլեր արվեն։

Ինչու են արտաքին պահուստները հասել ռեկորդային մակարդակի. ռիսկեր և սպառնալիքներ

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներով` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։

77
թեգերը:
Արտակարգ դրություն, Մհեր Գրիգորյան, պետական պարտք, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Գներն իջնո՞ւմ են. ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է որոշ ապրանքների գների դիտարկումները
Սոցաջակցության ծրագրերը մեկնարկել են. 3750 հղի աջակցություն կստանան
Կորոնավիրուսը ճանապարհաշինությանը չի խանգարի․ պարետը թույլ է տվել սկսել աշխատանքները
Արժույթի փոխանակման կետ

Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան

164
(Թարմացված է 14:13 26.11.2020)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համոզմամբ` դրամի արժեզրկման տնտեսական հիմքեր չկան: Տեղի ունեցածը բացառապես հոգեբանական խնդիր է:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Վերջին օրերին Հայաստանում գրանցվող դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Մեզ մոտ փոխարժեքի վրա ազդում են տնտեսական մի քանի գործոններ՝ տնտեսական առումով, ասենք՝ ներմուծում, արտահանում, դոլարի հոսքի նվազում, ՌԴ–ից և այլ երկրներից եկող դրամական փոխանցումներ: Դրանք էականորեն չեն փոխվել: Արտաքին առևտրի հաշվեկշիռը, հակառակը, բարելավվել է, որովհետև ներմուծումն ավելի շատ է նվազել: Այստեղ միակ խնդիրը հասարակության տրամադրություններն են, քանի որ անորոշությունը նաև սեփական արժույթի նկատմամբ անվստահություն է ծնում»,- ասաց Թունյանը:

Նրա խոսքով`հասարակության բացասական տրամադրությունները, մեկից մյուսին փոխանցվելով, հանգեցրել են նաև շղթայական ռեակցիայի: Մարդիկ համատարած փորձում են իրենց ունեցած դրամը վերածել դոլարի, և այդ համատարած պրոցեսը ստեղծում է դոլարի արհեստական դեֆիցիտ՝ ազդելով նաև գնի վրա:

Թունյանը վստահեցրեց, որ ՀՀ ԿԲ-ն բավարար ռեսուրսներ ու գործիքներ ունի փոխարժեքը կայունացնելու համար: Բայց նույնիսկ առանց ԿԲ-ի միջամտության, եթե հանրությունը խուճապի չմատնվի ու արհեստական դեֆիցիտ չառաջացնի, փոխարժեքն ինքնուրույն կվերադառնա իր բնականոն կետին:

Նշենք, որ ԿԲ-ի սահմանած փոխարժեքներով 1 դոլարն այսօր Հայաստանում արժե 511.69 դրամ, եվրոն՝ 609.06, ռուսական ռուբլին՝ 6.78 դրամ։

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 26-ին, պատերազմի ամենաթեժ պահին դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 493.24 դրամ էր, եվրոյինը` 582.42, ռուսական ռուբլունը` 6.45 դրամ։

Իսկ պատերազմից առաջ` սեպտեմբերի 26-ին, 1 դոլարը Հայաստանում փոխանակվում էր 485.27 դրամով, եվրոն` 565.05, ռուսական ռուբլին` 6.28 դրամով։

Փաստորեն վերջին 2 ամսվա ընթացքում արտարժույթը Հայաստանում թանկացել է 6-7 տոկոսով, այսինքն` դրամն այդ չափով արժեզրկվել է։

Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել և հայտնել, որ ֆինանսական շուկաներում մշտադիտարկում է իրականացնում ու անհրաժեշտության դեպքում կկիրառի իր ողջ գործիքակազմը գների և ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ

164
թեգերը:
Բաբկեն Թունյան, դրամ, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի պետական պարտքը 2026 թվականին կրկին կնվազի ՀՆԱ–ի 60%-ից․ ԱՄՀ
Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն
«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան
Վարդան Արամյան

Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու

355
(Թարմացված է 00:59 26.11.2020)
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց ոչ շատ։ Մեր բախտը բերեց պղնձի և ոսկու գների հարցում, ինչը լրացուցիչ արժույթ բերեց և ամրացրեց դրամի փոխարժեքը։ Բացի այդ, ՀՀ–ն վարկի տեսքով արժույթ է ստանում Արժույթի միջազգային հիմնադրամից։ Եվ ի վերջո, ԿԲ–ն բավականաչափ արժույթ ունի։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Հայկական դրամի փոխարժեքը շարունակում է նվազել։ Որոշ քաղաքացիների դա անհանգստացնում է, բայց վերջին երկու ամսում այն նվազել է ընդամենը 4 տոկոսից մի փոքր ավելի, ուստի դրամի լուրջ արժեզրկման մասին խոսք չկա։

Նույն այդ պատճառով Կենտրոնական բանկը ոչ մի կերպ չէր միջամտում արժութային շուկային և արտարժույթ չէր լցնում շուկա՝ դրամի փոխարժեքը պահելու համար։ Դրա անհրաժեշտությունը չկար նույնիսկ հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին։ Եվ հիմա եթե ԿԲ-ն անգամ պատրաստվում է միջամտել, ապա միմիայն փոխարժեքի անկումը մեղմելու համար։

Փոխարժեքի անկումը պայմանավորված էր տնտեսության ընդհանուր բարդություններով, որոնք առաջացել էին կորոնավիրուսի պատճառով (ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, մեկ տարվա ընթացքում նվազեց ռուսական ռուբլու փոխարժեքը)։ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը համեմատաբար կայուն է եղել նաև այն պատճառով, որ ապրանքների ներմուծումը խիստ կրճատվել է (հունվար-սեպտեմբերին՝ գրեթե 15 տոկոսով) բնակչության գնողունակության անկման պատճառով։ Ուստի, եթե նույնիսկ հիմա դոլարի թանկացման հետ կապված որոշ ներկրվող ապրանքների գները բարձրանան, ընդհանուր գնաճի վրա դա դժվար թե շատ ազդի։

Որքան կտևի դրամի արժեզրկումը և ինչ հետևանքներ կարող է ունենալ

«Թավշյա հեղափոխությունից» հետո լայն սպառման ապրանքների (ալյուրի, կարագի և այլն) շուկայում ուժեղ մրցակցություն է պահպանվում, ուստի գործարարները կփորձեն գները չբարձրացնել նույնիսկ սեփական շահույթի հաշվին։

Մինչդեռ արտահանումը շատ ավելի քիչ է նվազել (5 տոկոսից էլ քիչ)։ Դրան օգնել են նաև պղնձի և ոսկու բարենպաստ գները, որոնք Հայաստանն արտահանում է հումքի տեսքով։ Այսպիսով, արտարժույթի արտահոսքը (ներմուծման միջոցով) դանդաղել է, իսկ ներհոսքը (արտահանման միջոցով) մնացել է գրեթե նույնը։

Տարվա ընթացքում կրճատվել են բյուջեի եկամուտները, որոնց լրացման համար Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրվել է 280 մլն դոլարի վարկային համաձայնագիր՝ մինչև 420 մլն դոլարի ավելացման հնարավորությամբ: Դրանց մի մասը կհատկացնեն ԿԲ-ին՝ երկրի արժութային պահուստները համալրելու համար։ Արժույթի այս աստիճանական (տրանշերով) ներհոսքը կօգնի ամրապնդել ազգային արժույթի փոխարժեքը։

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ արժույթի փոխարժեքը կախված է ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ գործոններից, որոնք պետք է շտկել։

Նա հավելեց, որ մասնավորապես 2018-19թթ․ թերակատարվել են կապիտալ ծախսերի պլանները, իսկ որքան ավելի զարգացած են հանրապետության ենթակառուցվածքները, այնքան ապագա տնտեսական աճի համար ավելի լավ հնարավորություններ կան։

Բայց եթե խոսենք ոչ թե երկարաժամկետ քաղաքականության, այլ տվյալ պահին արժութային փոխարժեքի մասին, ապա ԿԲ-ն արժութային շուկայում կայունությունը պահպանելու համար բավականաչափ ռեզերվներ ունի։

Կենտրոնական բանկի արժութային պահուստները, չնայած 2020թ․-ի երրորդ եռամսյակում նվազել են, սակայն կազմում են մոտ 1,8 մլրդ դոլար (զուտ պահուստներ): Այդ պահուստների պաշարը գնահատելու համար դրանք սովորաբար համեմատում են այն բանի հետ, թե դրանց օգնությամբ քանի ամիս կարելի է ապրանք ներմուծել երկիր։ ԿԲ արժութային պահուստները համապատասխանում են ներմուծման մոտ 6 ամսվա մակարդակին, մինչդեռ անհրաժեշտ նվազագույնը համարվում է 3 ամիս։

Անկայունությունը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վարկային վարկանիշի վրա․ տնտեսագետ

Ուստի հիմա իշխանությունների համար ամենակարևորը պարբերաբար մարդկանց բացատրելն է, որ դրամը եթե անգամ արժեզրկվի, ապա դա կլինի սահմանափակ և ոչ կտրուկ։ Արամյանը պարզաբանեց, որ դա հասկանալով` մարդիկ կհանգստանան և կդադարեն զանգվածաբար արտարժույթ գնել կամ բանկերից հանել ավանդները։

Նշենք, որ այս պահին հայկական դրամի փոխարժեքը կազմում է մեկ դոլարի դիմաց 500 դրամից մի փոքր ավելի։

355
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), կորոնավիրուս, Վարդան Արամյան, Հայաստան, տնտեսություն, դրամ
Գյումրու 102–րդ ռազմաբազա

ՔԿ–ն նյութեր է նախապատրաստում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու փաստի առթիվ

0
(Թարմացված է 12:52 27.11.2020)
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը հետաքննություն է անցկացնում իրավապահների հետ համատեղ։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականի հանկարծամահ լինելու փաստի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում հայտնաբերվել էր զինվորականի մարմին։

Մարմինը հայտնաբերել էր զինվորականի ծառայակիցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրամանատարության հանձնաժողովը իրավապահների հետ համատեղ հետաքննություն է անցկացնում պայմանագրային զինծառայողի մահվան փաստով։

Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

102-րդ ռազմաբազայի զինծառայողի մահվան մեջ կրիմինալ տարրեր չկան. ՌԴ դեսպանատուն

0
թեգերը:
Մահ, զինծառայող, Գյումրու 102–րդ ռազմաբազա
Ըստ թեմայի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան արդիականացվում է. նախարար
Հայաստան ժամանած նորակոչիկները կփոխարինեն Գյումրու 102-րդ ռազմաբազայի անձնակազմին
Ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է․ Փաշինյան