Բագրատ Ասատրյան

Ինչի՞ հաշվին է գոյացել տնտեսական աճը. կան անհանգստացնող տվյալներ

100
(Թարմացված է 14:08 19.02.2020)
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղից է գալիս տարբեր ոլորտներում գրանցած տնտեսական աճը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Նախորդ տարին տնտեսական առումով լավ տարի էր, սակայն, դրան զուգահեռ, կան մի շարք անհանգստացնող ցուցանիշներ և հարցեր: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Լավ է, որ, օրինակ, 9 տոկոսով արդյունաբերության աճ ենք ունեցել, սակայն, մյուս կողմից, պետք է մեզ անհանգստացնի այն երևույթը, որ արդյունաբերության մեջ որոշիչ է դառնում «հակաարդյունաբերությունը»: Այսինքն՝ 9 տոկոս աճը ձևավորվել է հանքարդյունաբերության ոլորտում մոտ 24 տոկոս աճով, մինչդեռ մշակող արդյունաբերությունը 7.6 տոկոս աճ է գրանցել: Պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղից է գալիս աճը»,-ասաց նա:

Ասատրյանի խոսքով՝ եթե ուզում ենք դինամիկ զարգացող տնտեսական համակարգ ունենալ, շինարարության աճի տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, քան ընդհանուր տնտեսական աճը։ Սակայն 2019–ին ունեցել ենք 4.7 տոկոս շինարարական աճ, իսկ տնտեսության աճը կազմել է 7.8 տոկոս։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, անհանգստացնող է այն հանգամանքը, որ տնտեսական աճը բնութագրվում է գնաճի` ծրագրայինից ավելի ցածր մակարդակով։ Ասատրյանը նշեց` գնաճը, ճիշտ է, չարիք է, սակայն ցածր գնաճն էլ է չարիք, այսինքն` եթե գնաճի մակարդակը նորմայի սահմաններում լիներ, ավելի մեծ կլիներ տնտեսական աճը։

Մյուս անհանգստացնող երևույթը արտահանման և ներմուծման տվյալներն են` արտահանման ծավալների աճի տեմպն ավելի ցածր է, քան ներմուծման ծավալները։ «Ես նախորդ շաբաթ Վրաստանում էի և տեսել եմ ճանապարհը, որով ՀՀ–ն կապվում է ՌԴ–ին` Լարսի ճանապարհը դժոխքի ճանապարհ է։ Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել քիչ, թե շատ խելամիտ տնտեսական զարգացում»,–ասաց տնտեսագետը։

Անցած տարի գնված էժան մեքենաները շարունակում են Հայաստան հասնել, բայց արդեն թանկացած

Ասատրյանը, սակայն, հայտնեց, որ հասարակությունը սպասելիքներ ունի` մարդիկ ակնկալում են, որ վաղը լավ է լինելու։ Այդ մասին փաստում է բանկային համակարգում գրանցված տվյալները` 2019–ին կապիտալի աճ է տեղի ունեցել 10 տոկոսով, իսկ ակտիվների աճը՝ 17 տոկոս է եղել, այսինքն՝ ավելի բարձր, քան մեր տնտեսական աճն է:

Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական ցուցանիշներով` 2019թ–ին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7.8%–ով։ Այդ վիճակագրության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա հունվար–դեկտեմբերի ամիսների ընթացքում 2018թ.–ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 107.8%–ով։

100
թեգերը:
Վերին Լարս, Լարս, գնաճ, տնտեսություն, տնտեսագետ, Հայաստան, Բագրատ Ասատրյան
Ըստ թեմայի
Հայաստանը հեղափոխությունից հետո սկսել է ավելի շատ գումար վճարել ԵԱՏՄ բյուջե
Կորոնավիրուսի պատճառով կսահմանափակեն iPhone–ի մատակարարումն ամբողջ աշխարհով
2019 թ–ի տնտեսական կյանքը` թվերով
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

34
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

34
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...
Դրամ

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

70
(Թարմացված է 14:41 01.08.2020)
Տարիներ շարունակ բիզնեսի հիմնական դժգոհության թեման դարձած` պետության կողմից պարտքը իրական գերավճարի մասով, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է՝ 70 մլրդ դրամի շեմից կազմելով 69,4 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարներին։ Դրանք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հայտնել էր` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։ Նրա խոսքով` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք:

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո` 2020-ի հունվարի 1-ից հարկ վճարողները դիմումներ են ներկայացրել և պետությունը հետ է վերադարձնում նրանց ԱԱՀ–ն։ Մինչև օրենքն ուժի մեջ կմտներ, ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000–ն էր, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն էին։

70
թեգերը:
տնտեսություն, պարտք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ
ՌԴ ԱԻՆ–ի ինքնաթիռներ

ՌԴ ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ

4
(Թարմացված է 12:20 05.08.2020)
Լիբանանի մայրաքաղաք կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

ԵՐԵՎԱն, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի ԱԻՆ–ը 5 ինքնաթիռով օգնություն կուղարկի Բեյրութ` երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Լիբանանի մայրաքաղաք կհասնեն շրջիկ հոսպիտալներ, բժիշկներ և «Ցենտրոսպասի» փրկարար ջոկատներ։ Բացի այդ, Բեյրութ կմեկնեն նաև Ռոսպոտրեբնադզորի մասնագետները, որոնք Բեյրութում առկա համաճարակային իրավիճակի համապատասխան հատուկ հանդերձանք և պաշտպանիչ միջոցներ կունենան և Covid-19–ի ախտորոշման լաբորատորիա կտանեն իրենց հետ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 6 հայ կա` լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։ Վեցերորդի անունը դեռ հայտնի չէ։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

4
թեգերը:
Բեյրութ, Ռուսաստան
թեմա:
Պայթյուն Բեյրութում
Ըստ թեմայի
«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին
Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին
Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր
Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը