Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին

265
(Թարմացված է 22:58 07.01.2020)
Տնտեսագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վերջին ու դրան նախորդած այլ տնտեսական գրառումներում ՀՀ տնտեսական պատկերն ամբողջական չէ, դրանք չեն արտացոլում իրականությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. 2019թ–ի տնտեսական ամփոփ ցուցանիշը դեռ չկա, բայց 11 ամսվա տվյալներով գրանցվել է 7.1 տոկոս տնտեսական աճ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տնտեսական ցուցանիշներով հարևան երկրներին գերազանցելու մասին ֆեյսբուքյան գրառումը, այս մասին ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Փաշինյանը երեկ` հունվարի 6-ին, Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից: Ավելի ուշ վարչապետը խմբագրել էր իր գրառումը` նշելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին կանցնի արդեն 2020 թվականին։

«7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով մենք, այո, Վրաստանի ցուցանիշը մի փոքր անցել ենք, բայց Ադրբեջանին դեռ չենք հասել։ Խոստացվել է, որ հաջորդ տարի մենք այդ աճը ևս կունենանք։ Այստեղ ամբողջ խնդիրն այն է, թե տնտեսական ինչ ցուցանիշի նկատմամբ ենք մենք այդ աճն ապահովել»,– ասաց Ավետիսյանը։

Նրա մեկնաբանությամբ` 2019 թ–ի 11 ամիսներին գրանցված 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին հայացքից դրական է նախորդ տարվա 5.9 տոկոսի նկատմամբ։ Բայց 2018թ–ի սկզբում Հայաստանի տնտեսական ակտիվությունը հասել էր գրեթե երկնիշ թվի, ավելի կոնկրետ` 9.5 տոկոսի։ Բայց մինչև տարեվերջ այն նվազեց, ու տարին փակեցինք 5.9 տոկոսով։ Ավետիսյանի դիտարկմամբ` եթե համեմատության համար հիմք ընդունենք 2018-ի առաջին կեսի ցուցանիշը, կարող ենք արձանագրել, որ հետագա 2 տարվա ընթացքում անկում ենք ունեցել։

«Ամբողջ խնդիրն այն է, որ ցուցանիշները ներկայացվում են դրվագային և ոչ ամբողջական։ Եվ երբ որ ներկայացվում է ոչ թե ամբողջական պատկերը, այլ մեկ–երկու դրական արձանագրում ունեցող ցուցանիշներ, տնտեսագետները ստիպված են լինում նաև մյուս ցուցանիշները ներկայացնել, որոնք այդպիսի դրական արձանագրում չունեն»,– ասաց նա։

Տնտեսագետը հենց այս հանգամանքով է պայմանավորում նաև ՀՀ վարչապետի` տնտեսական ցուցանիշների մասին գրառումների նկատմամբ մասնագետների տարաձայնությունները։

«Նույն երկիրն է, նույն երկրի տնտեսության, սոցիալական խնդիրների մասին ենք խոսում։ Բայց, ցավոք, երբ երկրի վարչապետն ու իշխանությունները ներկայացնում են միայն այն ցուցանիշները, որոնք արձանագրել են դրական միտումներ` դրանց կողքին չներկայացնելով այն ցուցանիշները, որոնք շարունակում են մտահոգիչ մնալ, այս պարագայում մասնագիտական շրջանակներում առաջանում են հարցեր, ու փորձում ենք պատկերն ամբողջականացնել` ներկայացնելով նաև ոչ ցանկալի տիրույթում մնացած ցուցանիշները»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է Փաշինյանի երեկվա գրառմանը, այստեղ ևս Թադևոս Ավետիսյանը կարևորում է տնտեսական ցուցանիշների բազմակողմանի ուսումնասիրությունը։ Ներկայացնելով տնտեսական աճի ցուցանիշը, տնտեսագետի խոսքով, վարչապետ Փաշինյանը պատահաբար, թե միտումնավոր, չի նշում, որ այն հիմնված է մանրածախ առևտրի, շահումով խաղերի ու ծառայությունների ոլորտի վրա։

«Իհարկե, դրական է, որ որոշակի աճ ունենք արդյունաբերության ոլորտում։ Բայց ընդհանուր առմամբ մեր տնտեսության մեջ շարունակում է մեծ ծավալ զբաղեցնել ծառայությունների ոլորտը, և աստեղ էլ, գիտեք, այդ շահումով խաղերն են։ Սա շարունակում է մտահոգիչ մնալ»,– ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետը նաև հիշեցրեց, որ վարչապետի հայտարարության համաձայն` 2050թ–ին Հայաստանի տնտեսությունը պետք է ՀՆԱ–ի 15-ապատիկ աճ արձանագրի։ Իսկ դրա համար, ըստ Ավետիսյանի, անհրաժեշտ է տարեկան 9.5 տոկոս տնտեսական աճ ապահովել։ Եվ այս տեսակետից, նրա դիտարկմամբ, ՀՀ տնտեսությունը դեռ չի էլ մոտեցել իր առջև դրված նպատակի իրականացման ներուժին։ 2020թ–ի բյուջեով ևս տնտեսական աճի ցուցանիշը (4.9%) գրեթե կիսով չափ զիջում է այս թիրախային ցուցանիշին։

Նշենք, որ վարչապետի վերջին գրառումը թեժ քննադատության թեմա է դարձել։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել է, որ ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի։

Բագրատյանը նշել էր, որ 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) հետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով, իսկ 2017-ին` 5.9%-ով Ադրբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։

Ինչ վերաբերում է 2019թ–ին, Բագրատյանի մեկնաբանությամբ, ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե տնտեսական աճը, այլ դրամի փոխարժեքի արժևորումը։

265
թեգերը:
Թադևոս Ավետիսյան, տնտեսություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում ինչ–որ բան այն չէ. ինչ դասեր պիտի քաղի իշխանությունը 2020 թվականի համար
Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին
Հնարավոր է` Հայաստանում շաքարավազը թանկանա
Դավիթ Նահապետյան

ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ

44
(Թարմացված է 13:05 01.12.2020)
ԵԱՏՄ անդամ պետություններն այս պահին ներդաշնակեցնում են իրենց ֆինանսատնտեսական օրենսդրությունները: Այս գործընթացի ավարտից հետո ԵԱՏՄ-ում գործելու է ֆինանսական համակարգի միասնական լիցենզիայի համակարգ:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մինչև 2025թ-ը միասնական արժույթի անցնելու հարցը ԵԱՏՄ օրակարգում դրված չէ: Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանը, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար:

«Միասնական արժույթի մասով եղել է անդամ պետությունների ԿԲ նախագահների հայտարարությունը՝ առնվազն մինչև 2025թ-ը՝ մինչև ֆինանսական շուկաների օրենսդրությունը չհարմոնիզացվի, այդ մասին խոսելը ժամանակավրեպ է: Մինչև 2025թ-ը օրակարգում նման հարց նույնիսկ դրված չէ»,- ասաց Նահապետյանը:

Նա նաև նշեց, որ օրենսդրությունների ներդաշնակեցումն ավարտելուց հետո ԵԱՏՄ-ում գործելու է նաև ֆինանսական համակարգի միասնական լիցենզիա:

«Իմ քայլի» թեկնածուն այսօր հանդիպում ունեցավ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, պատասխանեց նրանց հարցերին ու ստացավ դրական եզրակացություն, որպեսզի իր ընտրության հարցն ընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում:

ԵԱՏՄ–ում միասնական արժույթ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող. Վալովայա

Դավիթ Նահապետյանն 2006թ-ից առ այսօր աշխատում է ԿԲ-ում: Վերջին մեկ տարում զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի, գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

1995-2006թթ-ն աշխատել է մասնավոր ֆինանսական համակարգում:

1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2001-2003թթ-ին սովորել է. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժնում, 2010թ.-ին՝ սովորել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ հանրային կառավարում մասնագիտությամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին ընտրում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը` վեց տարի ժամկետով: Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել:

ԵԱՏՄ–ն ներուժ է կուտակում. Կուդրինը խոսել է ԵԱՏՄ–ում միասնական արժույթ սահմանելու մասին

44
թեգերը:
Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Հայաստան
ՀՀ կենտրոնական բանկ

«Իմ քայլը» ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է իր թեկնածուին

34
(Թարմացված է 12:42 01.12.2020)
Իշխող քաղաքական ուժի թեկնածուն արդեն շուրջ 15 տարի աշխատում է Կենտրոնական բանկում:

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:

Նա այսօր ներկա է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին և պատասխանեց պատգամավորների հարցերին:

Նահապետյանն անդրադարձավ նաև ՀՀ ֆինանսական շուկայում գրանցված դրամի արժեզրկմանն ու դրա հետևանքով հնարավոր գնաճին: Նա հայտնեց, որ ԿԲ-ը անհրաժեշտ չափով միջամտում է շուկային՝ որոշ քանակով արտարժույթ ներմուծելով: Թե որքան է առ այսօր կազմել այդ միջամտությունը, Նահապետյանը չհստակեցրեց՝ ասելով, որ դա կարտահայտվի ԿԲ-ի ամսական հաշվետվության մեջ: Այդուհանդերձ, թեկնածուն վստահեցրեց, որ գնաճն այս պահին կառավարելի մակարդակում է:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ու դեռ կանխատեսվող տնտեսական ճգնաժամերի մասին՝ Նահապետյանն ասաց. «Մենք այս տարի կորոնավիրուսի հետ կապված վերանայեցինք շուրջ 1 տրիլիոնից ավելի վարկային պորտֆել, որի արդյունքում ավելի քան 100 մլրդ դրամ համակարգ չմտավ»:

Նա նաև շեշտեց, որ բանկերը նման դեպքերում հիմնականում իրենք են վերանայում վարկառուների հետ իրենց պայմանագրերը:

«Մենք այսօր լրջագույն խնդիր ունենք նաև մեր հերոսների, զինծառայողների վարկային պարտականությունների հետ կապված: Այսօր այդ տվյալները հավաքագրվում են: Մենք աշխատում ենք ինչպես ՊՆ-ի, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների հետ՝ տեղեկատվությունն ավելի արագ փոխանցելու համար»,- ասաց Նահապետյանը՝ հայտարարելով, որ բանկերը պատրաստակամ են անել բոլոր հնարավոր զիջումները՝ վարկային բեռը նշված խումբ քաղաքացիների համար տանելի դարձնելու համար:

Նահապետյանի թեկնածությունը միաձայն հավանության արժանացավ հանձնաժողովում: Այն դեռ պետք է հաստատվի Ազգային ժողովի լիագումար նիստում։

Դավիթ Նահապետյանն 2006թ-ից աշխատում է ԿԲ-ում: Վերջին մեկ տարում զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի, գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը:

1995-2006թթ-ն աշխատել է մասնավոր ֆինանսական համակարգում:

1999թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը, 2001-2003թթ-ին սովորել է. Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժնում, 2010թ.-ին սովորել է ԱՄՆ «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ:

34
թեգերը:
թեկնածու, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Դրամի փոխարժեքն ընկնում է, բայց անհանգստանալ պետք չէ․ Արամյանը բացատրում է` ինչու
Դրամի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ հոգեբանական հիմք ունի. Թունյան
Բանկերը հաճախորդներին խաբելու համար կարող են ավելի խիստ տուգանվել
Ստեփանակերտի օդանավակայան. արխիվային լուսանկար

Իրավիճակ է փոխվել. հնարավո՞ր է արդյոք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը

99
Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով։ Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը թույլ կտա ընդունել Ռուսաստանի ՌՏՈւ ռազմատրանսպորտային ինքնաթիռները, նոր գործողությունների հնարավորություն կտա, զորախմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծի։

Ղարաբաղը Հայաստանին կապում է միայն հինգ կիլոմետր լայնություն ունեցող Լաչինի միջանցքը։ Ճանապարհն այժմ ռուս խաղապահաների հսկողության տակ է, բայց ամեն դեպքում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման դեպքում այն չափազանց խոցելի է։ Ադրբեջանին Լաչինի փոխանցումից հետո հեռանկարում նոր ճանապարհի (միջանցքի) շինարարություն է։ Սակայն մարդկանց ու բեռների օպերատիվ մատակարարումն արդեն այսօր է անհրաժեշտ։

Ստեփանակերտից Երևան («Էրեբունի» ավիաբազա, «Զվարթնոց») ավտոմեքենայի ճանապարհը 320 կմ է։ Գործողության առաջին օրերին խաղաղապահները հենց այդ ճանապարհով էին Ստեփանակերտ շարժվում։ Հետո՝ նոյեմբերի 28-ին, խառը երթուղի յուրացրին․ բեռներով ու տեխնիկայով վագոնները Ռուսաստանից ժամանում են Բարդա ադրբեջանական երկաթուղային կայարան, որից հետո մեքենաներով ուղղվում են Բարդա – Աղդամ – Ստեփանակերտ երթուղով։ Ամեն դեպքում ճանապարհը երկար է։

Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումների, տեխնիկայի ու բեռների փոխադրումը հարյուրավոր կիլոմետրեր` վերածվում է բարդ զորքային գործողության։ Տարվա մեջ երկու անգամ խաղաղապահների անձնակազմի ռոտացիա է լինելու։ Տարածաշրջանում իրավիճակի բարդացումը կարող է լրացուցիչ ուժեր ու միջոցներ պահանջել։ Միաժամանակ Ստեփանակերտից ինը կիլմետր հեռավորության վրա կա օդանավակայան, որը տեսականորեն կարող է ծանր ռազմատրանսպորտային ավիացիա ընդունել։

Որքա՞ն ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղն ականազերծելու համար

Այստեղ չվերթերը դադարել են 1990-ականների սկզբին՝ մարտական գործողությունների պատճառով։ Օդանավակայանի ենթակառուցվածքը տուժել է Ադրբեջանի կողմից հրթիռակոծության հետևանքով 2020 թվականի սեպտեմբերին ու հոկտեմբերին։ Թռիչքուղու երկարությունը 2200 մետր է։ Տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ևս 1000 կիլոմետրով երկրարացնել այն ու կողքին նորը կառուցել։ Կարող է պարզվել, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերակենդանացմումն ու արդիականացումն ավելի թանկ չէ, քան տարիներ շարունակ երկար չվերթերի գինը, ժամանակի և ուժերի ահռելի ծախսը։ Օդանավակայանը կարող է նաև քաղաքացիական բեռների տեղափոխման լոգիստիկ կենտրոն դառնալ ու ապագայում կարևոր բաղադրիչ լինել Լեռնային Ղարաբաղի տնտեսական աճի համար։

Երկար ու վտանգավոր ճանապարհ

Ռուս խաղաղապահները 23 դիտորդական կետում շուրջօրյա ռեժիմով հսկում են Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը, ապահովում են Լաչինի միջանցքով ավտոտրանսպորտի երթևեկության ու տեղի բնակչության տեղափոխության անվտանգությունը։ Նոյեմբերի 14-ից սկսած` ավելի քան 26 հազար փախստական իրենց տուն են վերադարձել։ Տարածաշրջանում ակտիվորեն աշխատում են ռուս սակրավորները, ռազմական բժիշկներն ու ԱԻՆ աշխատակիցները։

Խաղաղապահ խնդիրների լուծումը մշտական շարժունակություն է պահանջում։ Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարության հիման վրա Մոսկվայի և Բաքվի ստորագրած հատուկ արձանագրությունը նախատեսում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տրանսպորտային շփման ապաարգելափակումը։ Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը հանում է արգելքները ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում` նկատի ունենալով չվերթերը Ստեփանակերտի օդանավակայան։ Ուղիղ չվերթը Ռուսաստանից կարող էր վերացնել լոգիստիկայի ու մատակարարման շատ խնդիրներ, նոր գործողությունների հնարավորություն կտար խաղաղապահների 15-րդ զորախմբավորման համար։

Արցախում խաղաղությունը երերուն է, կամ «նոր աշխարհի» վտանգավոր անորոշությունները

Ավելի վաղ Վրաստանն Ադրբեջանի ու Հայաստանի խնդրանքով բացել է իր օդային տարածքը ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի համար։ Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները չվերթեր էին իրականացնում դեպի Երևան, հետո՝ տեխնիկայով անխուսափելի ու երկար երթ դեպի Ստեփանակերտ։ Այժմ ճիշտ ժամանակն է ամբողջովին ապաարգելափակելու տարածաշրջանի երկինքը։ Դա կարող է օգտակար լինել նաև Ադրբեջանին` Նախիջևան տանող ճանապարհի կառուցման համար։

Փակ երկինք

Ստեփանակերտի օդանավակայանը վերանորոգվում էր և պատրաստ էր արդեն 2012 թվականին ինքնաթիռներ ընդունելու։ Դա տեղի չունեցավ Բաքվի դիմակայության պատճառով։ Սակայն եռակողմ հայտարարության ստորագրումից և ռուսական խաղաղարար գործողությունների մեկնարկից հետո իրավիճակը տարածաշրջանում արմատապես փոխվեց։

Ժամանակն է վերանայել մոտեցումները թռիչքների անվտանգության նկատմամբ և չեղարկել արգելքները։ Առավել ևս, որ ադրբեջանահայկական «փոխադարձ ստուգարքի» նախադեպեր կան. Բաքվից Նախիջևան չվերթերն իրականացվում են միջազգային միջանցքերով Հայաստանի երկնքում, հայկական ավիաընկերությունները էլ օգտագործում են Ադրբեջանի տարածքի վրայով անցնող միջազգայնորեն պաշտպանված օդային միջանցքները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 1–ին հայտարարեց. «Կգա օրը, երբ ԼՂ–ում այսօր բնակվող հայերն ու ադրբեջանցիները, որոնք անպայման այնտեղ կվերադառնան, կրկին կապրեն բարիդրացիականության պայմաններում։ Այստեղ լոգիստիկ հարցեր կան, տրանսպորտային հարցեր, էներգետիկ անվտանգություն։ Կդիտարկենք բոլոր այդ հարցերը»։

Սա հուսադրող է։ Եվ եթե բարձրադիր լեռնային տեղանքում գտնվող օդանավակայանը շուտով բացի իր թևերը, դա կօգնի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

99
թեգերը:
Ադրբեջան, Ռուսաստան, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտի օդանավակայան
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Պուտինը Ղարաբաղում տեղակայված խաղաղապահների թեման քննարկել է ՌԴ ԱԽ–ի հետ
Ռուս խաղաղապահների աջակցությամբ գրեթե 19 հազար մարդ է վերադարձել Ղարաբաղ
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 26 հազար փախստականների անվտանգ վերադարձն Արցախ