Նիկոլ Փաշինյան

ԱՄՀ–ն բարձր է գնահատել ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը

53
(Թարմացված է 15:41 25.12.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանի տնտեսության մասին ԱՄՀ գնահատականին ու 3-ամյա վարկային ծրագրին։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի կառավարության վարած տնտեսական քաղաքականության բարձր գնահատականով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուրջ ներդրողներն, ի դեպ, առաջնորդվում են առաջին հերթին հենց նմանատիպ գնահատականներով: Հետևաբար, այսօրինակ հայտարարությունները կարևոր են Հայաստանի ներդրումային գրավչությունն ավելացնելու համար»,– գրում է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի գրառումը վերաբերում է ԱՄՀ Գործադիր խորհրդի դեկտեմբերի 20-ին ավարտած «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի առաջին ամփոփմանը։

3-ամյա այս վարկային ծրագիրը՝ մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին։

Ինչպես հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկն այդ մասին տարածած հաղորդագրության մեջ, Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև դրա ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում

ԿԲ–ն նաև փոխանցում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար Միթսուհիրո Ֆուրուսավան իր հայտարարության մեջ ասել է, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են «առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով»:

«Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ»,– ասել է նա` հույս հայտնելով, որ այդ հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը։

Հայաստանը բենզին կգնի Ղազախստանից

ԱՄՀ ղեկավարի համոզմամբ` ՀՀ իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին:

ԱՄՀ–ն կարևորել է նաև կառավարության ջանքերը` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական ապահովության ցանցի ընդլայնմանն ու խոցելի խավերին պաշտպանելու իրենց հանձնառությանը, մարդկային կապիտալի ամրապնդմանն ու կանանց աշխատուժի մասնակցության բարձրացմանը։

53
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Տնտեսության մեջ կարևոր են ոչ թե չոր թվերը, այլ հանրային տրամադրությունը». Փաշինյան
Դրսից ուղարկած փողերը ՀՀ տնտեսության վրա չեն ազդում. ԿԲ
«Եվ այսպես...». Փաշինյանը տնտեսության ոլորտում դրական փոփոխության նոր թվեր է հրապարակել