Սուպերմարկետ

Ամանորը մոտենում է լուռ, աղմուկը կլսվի տոներից հետո. ինչ անակնկալ է անելու 2020-ը

483
(Թարմացված է 15:36 26.12.2019)
2020թ.-ի հունվարի 1-ը ՀՀ քաղաքացիների համար նշանավորվելու է կտրուկ թանկացումների նոր ալիքով։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս վայելել փոթորկից առաջ տիրող անդորրն ու գործարար նոր կապեր փնտրել ԵԱՏՄ տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Ամանորին ընդառաջ արդեն սովորական դարձած թանկացումներն ու որոշ ապրանքների դեֆիցիտն այս տարի Հայաստանում առայժմ չի նկատվում։ Թեև չի բացառվում, որ տոնական առևտուրը դեռ կակտիվանա առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս տարվա գնաճը մեծ չէ ոչ այնքան տնտեսական գործոններով պայմանավորված, որքան պարզ բանաձևով` չկա փող, չկա ծախս։

«Կառավարությունն էլ է իր ծախսային զուսպ քաղաքականությամբ նպաստել դրան։ Դրամը, կարելի է ասել` այդպես մեծ ծավալով չի դրվել շրջանառության մեջ։ Այն խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց գծով ծախսեր պետք է արվեին, այսինքն` փողը դրվեր շրջանառության մեջ, տնտեսության մեջ, այդ թվում` վճարում դառնար սննդամթերքի, սպառողական ապրանքների շուկայում, ուղղակի չի ծախսվել։ Մարդիկ ուղղակի չեն ունեցել այդ եկամուտները, որ ծախսեն։ Ենթադրենք, եթե մարդիկ աշխատում էին ճանապարհաշինական ծրագրերի վրա, այդ ծրագրերը չեն իրականացվել, մարդիկ կա՛մ դարձել են գործազուրկ, կա՛մ մասամբ գործազուրկ»,– ասաց Մարգարյանը։

Տնտեսագետն արձանագրում է` գնաճն այս պահին մեր երկրում շուրջ 2.5 տոկոսի սահմանում է, ինչը վատ ցուցանիշ չէ։

Կյանքը Հայաստանում թանկացել է 0.6 տոկոսով. որ ապրանքների գներն են աճել, որոնք` նվազել

Պաշտոնական վիճակագրության մեջ նախատոնական առևտրի ու գների ցուցանիշները դեռ արտացոլված չեն։ Իսկ նոյեմբեր ամսվա տվյալներով` հոկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն ավելացել են 2.6%–ով։ Ընդ որում, ամենաշատը թանկացել են միրգն ու բանջարեղենը, համապատասխանաբար` 3.5 և 20.1%–ով։ Ձուն թանկացել է 1%–ով, հացը` 0.3%–ով, միսը` 0.1%–ով, շաքարավազը`3.2%–ով։

Ոչ պարենային ապրանքներից` խոհանոցային ու գրասենյակային պարագաները թանկացել են 0.3%–ով, կենցաղային էլեկտրական սարքերը՝ 1.3%–ով, հագուստը` 1.5%–ով։ Կոշկեղենը էժանացել է 0.8%-ով, մաքրող միջոցները՝ 0.6%-ով, վառելանյութերն ու և քսայուղերը՝ 0.3%-ով։

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, բենզինի գինն իջել է 0.2% –ով, դիզելային վառելիքինը` 0.2%–ով։

Բայց եթե տարին ավարտվում է լավ լուրերով, հաջորդ տարին սպառողների համար այնքան էլ հաճելի անակնկալ չի նախատեսել։

Հունվարի 1-ից Հայաստան ներկրվող հիմնական ապրանքները միանգամից թանկանալու են, որոշ դեպքերում` մինչև 20-25 տոկոսով։

2020թ.-ի հունվարի 1-ին ավարտվում է ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների համար ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետը։ Մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը կազդի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքների։

Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստան եկող մսամթերքը 2020թ.–ից կթանկանա 15-25 տոկոսով, ձեթն ու կարագը` 15, բրինձը` 6, դեղորայքը` մինչև 6.5 տոկոսով, լոգանքի պարագաները` 6, ծխախոտը` 5 տոկոսով։ Թանկացող ապրանքների շարքում են նաև ավտոմեքենաները։

Սպասվող թանկացումներից ՀՀ տնտեսությանն ու քաղաքացիներին ցնցումներից զերծ պահելու միակ տարբերակը, Ատոմ Մարգարյանի համոզմամբ, ներկրումների վեկտորի փոփոխությունը կարող է լինել։

«Պետք է արագ վերակառուցվի ներկրումների զամբյուղը, քանի որ նույն ապրանքները ԵԱՏՄ երկրներից կարող են ներմուծվել առանց մաքսատուրքերի»,– նշեց տնտեսագետը։

Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ գները նույնիսկ նվազել են. Փաշինյանը թվեր ներկայացրեց

Այդուհանդերձ, ադապտացիայի համար ժամանակ է պետք։ Թե որքանով արագ կհարմարվեն նոր պայմաններին ՀՀ քաղաքացիներն ու ներկրողները, կտեսնենք արդեն տոներից հետո։

Կենտրոնական բանկը 500 մլն դոլար է գնել. ՀՀ պատմության մեջ պահուստներն ամենաբարձրն են

Նշենք, որ 2020թ.-ին սպասվող թանկացումների վերաբերյալ կառավարությունն էլ իր հաշվարկն է արել։ Դրա համաձայն, եթե երրորդ երկրներից ներկվող ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են, ապա ԵԱՏՄ տարածքից ներկվող որոշ ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերը հունվարի 1-ից նույնիսկ կնվազեն, ինչի արդյունքում, կառավարության թվաբանությամբ, 2020թ.-ին սպառողական ապրանքների գնաճը չի գերազանցի 0.5 տոկոսը։

Հիշեցնենք` 2020թ–ի բյուջեով, գնաճը չպիտի գերազանցի 4+-1.5%–ը։

483
թեգերը:
մաքսատուրք, Ատոմ Մարգարյան, Ամանոր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), թանկանալ, Հայաստան
Ըստ թեմայի
Մարգարյան. «Գնաճը Հայաստանում արդեն մոդա է դարձել»
Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար
Հայաստանն ուզում է դառնալ ԵԱՏՄ ոսկերչական ապրանքանիշի պատասխանատու
Ապրանքների ու ծառայությունների գնաճը Հայաստանում