Ալավերդու պղնձամոլիբդենային գործարան, արխիվային լուսանկար

Չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է նոր պղնձաձուլարանի կառուցման շուրջ

118
Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման փոխարեն չինական կողմի հետ ՀՀ կառավարությունը բանակցում է բոլորովին նոր գործարան կառուցելու շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման շուրջ բանակցությունները չինական ընկերության հետ շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, պլանավորում է այց` Հայաստան։ Կարծում եմ` այդ այցի շրջանակում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը։ Ընդհանուր առմամբ, պղնձաձուլական նոր կոմպլեքսի կառուցումը մեր օրակարգում է»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչատեը շեշտեց, որ Ալավերդու պղնձաձուլարանը էկոլոգիական տեսակետից շատ խնդրահարույց է ու ոչ արդյունավետ, ուստի չինական կողմի հետ բանակցության առարկան շատ քիչ կապ ունի Ալավերդու գործարանի հետ։

«Այնպես որ, կարծում եմ` մենք այս հարցը դեռ կքննարկենք ապագայում»,– ասաց Ավինյանը։

«Վալլեքսը» երկարաձգեց Ալավերդու գործարանի աշխատակիցների պայմանագրերը դադարեցնելու ժամկետը

Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը 2018 թվականի հոկտեմբերից կառավարությանը ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով դադարեցրել է աշխատանքը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2018 թվականի հոկտեմբերին ստուգումներ էր անցկացրել գործարանում ու պահանջել էր կրճատել ծծմբի դիօքսիդի արտանետումները։ Մաքուր պղնձի արտադրությունը վերականգնելու համար նոր տեխնոլոգիաներ են հարկավոր։ Մինչդեռ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ գործարանի ունեցած տեխնոլոգիաներով հնարավոր չէ աշխատել առանց արտանետումների։

Վարկային պարտավորությունների դիմաց գործարանն անցյալ տարի գրավադրվել էր ՎՏԲ բանկում։ Չնայած այդ հանգամանքին, «Վալլեքս» ընկերությունը շարունակում է հայտարարել, որ չինական կառավարության և տեղի հզոր արդյունաբերական ընկերությունների հետ Ալավերդիում  նոր, առանց արտանետումների գործարան կառուցելու պայմանավորվածություն կա։

2019թ.–ի փետրվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն ընդունել էր գործարանի աշխատակիցներին և ասել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա նշել էր նաև, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ:

Շահազիզյան. «Զարգացնենք հանքարդյունաբերությունը, բայց մտածենք նաև շրջակա միջավայրի մասին»

Ավելի ուշ գործարանի սեփականատեր «Վալլեքս» ընկերությունը գործարանում արտադրության վերսկսման հայեցակարգային պլան էր մշակել, որը ներկայացրել է ՀՀ կառավարության ու շահագրգիռ հանրության քննարկմանը։

Հոկտեմբերի  14-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել էր, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն առայժմ կշարունակի միայն աղացագնդեր արտադրել, քանի որ այդ արտադրությունը բնապահպանական տեսակետից վնասակար չէ։

118
թեգերը:
ՀՀ կառավարություն, տնտեսություն, Տիգրան Ավինյան, Ալավերդու պղնձաձուլական գործարան, Չինաստան, Ալավերդի, Հայաստան
Ըստ թեմայի
Վարչապետը Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման ծրագրի մանրամասներից տեղյակ չէ
Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները ևս 2 ամիս կշարունակեն գումար ստանալ
Ալավերդիում բունտ է լինելու. պղնձաձուլարանի 200 աշխատակից ազատվել են աշխատանքից. «Փաստ»
Տիգրան Ավինյանն ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

33
(Թարմացված է 19:04 03.08.2020)
2019-ին Հայաստանում տպվել է 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել 2019 թվականին կատարված ՊԵԿ-ի միջոցառումների կատարողականը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Համաձայն Հովհաննիսյանի ներկայացված զեկույցի՝ 2019-ին Հայաստանում տպվել է ավելի շատ ՀԴՄ կտրոն, ՊԵԿ-ում կատարվել են ավելի շատ գանձումներ և հարուցվել են քրեական գործեր, քան 2018-ին և մնացած նախորդ տարիներին։ Օրինակ՝ 2019-ին Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով շատ ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, ինչի հետևանքով 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով շատ առևտրաշրջանառություն։

ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ:

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

Նվազել են ՊԵԿ-ի ստուգումները։ 2019-ին հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը 92.0%-ով: 2019-ին 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու նորարար վեբ-ծառայություններ:

Հովհաննիսյանը խոսել է նաև Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ շինարարության առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի 2022-ի վերջին:

Փաշինյանը սրան ի պատասխան հանձնարարել է կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն: Նա նաև հավելել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները:

Խորհրդակցության վերջում ՊԵԿ նախագահը վարչապետին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:

33
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում տուրիզմի ոլորտը կոլապսի մեջ է. փրկության 2 ճանապարհ կա
Հայաստանի արտակարգ ամառն ու պաշտոնյաների ձախողված արձակուրդը. ո՞վ է ամենաշատը «հոգնել»
Միջպետական ճանապարհները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գևորգ Պետրոսյանը խոստացել է ավլել Հանրապետության հրապարակը, եթե...
Դրամ

Ռեկորդային ցուցանիշ. պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտներին նվազել է

68
(Թարմացված է 14:41 01.08.2020)
Տարիներ շարունակ բիզնեսի հիմնական դժգոհության թեման դարձած` պետության կողմից պարտքը իրական գերավճարի մասով, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է՝ 70 մլրդ դրամի շեմից կազմելով 69,4 մլրդ դրամ:

«Այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Իրական գերավճարը (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի դեբետային գումարներին։ Դրանք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ տարեսկզբին հայտնել էր` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ` ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները։ Նրա խոսքով` մեկուկես տարում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք:

«Հայփոստը» Ռուսաստանի փոստի հետ համատեղ դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկում

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո` 2020-ի հունվարի 1-ից հարկ վճարողները դիմումներ են ներկայացրել և պետությունը հետ է վերադարձնում նրանց ԱԱՀ–ն։ Մինչև օրենքն ուժի մեջ կմտներ, ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000–ն էր, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն էին։

68
թեգերը:
տնտեսություն, պարտք, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ՊԵԿ-ը հրապարակել է ցանկը
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ
Դոնալդ Թրամփ

COVID-ը և ընտրությունները. ԱՄՆ-ում դրանք կանցկացվեն 3 ամսից, ՀՀ-ում էլ՝ 7 սարի հետևում չեն

0
(Թարմացված է 00:31 05.08.2020)
​Եկեք անկեղծ լինենք։ Համավարակի տարածումից ի վեր՝ ամենաթեժ վեճը Հայաստանում սա է՝ նախ, արդյո՞ք իշխանություններն ամեն ինչ արել են հիվանդության տարածումը կանխելու համար, և երկրորդ՝ եթե արել են, ինչո՞ւ է իրավիճակն այսքան տխուր։
Ամերիկյան ընտրությունները՝ երեք ամսից, հայաստանյան ընտրությունները՝ կորոնավիրուսային 7 սարի հետևում

Երկու հարցադրումներին էլ կառավարությունը շատ հստակ պատասխանն ունի։ Առաջին՝ արել ենք ոչ միայն առավելագույնը, այլև անհնարինը՝ տեսեք, թե մեր բժիշկներն ինչպես են օր ու գիշեր աշխատում մարդկանց կյանքը փրկելու համար։ Համաձայնեք՝ իրենց համար շատ շահեկան  տեղից են բռնացրել իշխանությունները՝ դե հո չես հակաճառի՝ ոչ, բժիշկները լավ չեն աշխատել։

​Երկրորդ հարցադրումը՝ բա ինչու ենք այսքան վատ վիճակում, նույնպես շատ կոնկրետ պատասխանն ունի՝ բոլորովին էլ այդքան վատ վիճակում չենք, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք։ Գնացեք Ամերիկա և վերջ․․․

Գնանք Ամերիկա։ Այդ երկիրն, իհարկե, շատ ուրույն առանձնահատկություններ ունի՝ 50 նահանգներից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ և Վաշինգտոնը բոլորին չի կարող թելադրել իր կանոնները։ Իսկ դա հասկանալի՞ է չէ, թե ինչի է հանգեցնում՝ վիրուսով հիվանդ եմ, Կալիֆոռնիայից գնում եմ Լաս Վեգաս ու վարակում Նևադա նահանգի բնակիչներին։ Բայց ճիշտ այնպես, ինչպես մեր իշխանություններն են ժխտում, թե ամենավատ ցուցանիշներն ունենք տարածաշրջանում, Ամերիկայի ղեկավարները ևս ժխտում են, որ համավարակի տեսանկյունից ամենավատն են ամբողջ աշխարհում։

Ինչ պետք է անել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի տեսլականների իրականացման համար

​Մեր ու Ամերիկայի տարբերությունն այս հարցում գիտե՞ք որն է։ Մեզ մոտ ընդդիմությունը կամ ավելի ճիշտ խիստ ընդդիմադիր տրամադրվածները ամենասուր քննադատության են ենթարկում կառավարությանը, առողջապահության նախարարին, գլխավորապես վարչապետին, իշխանությունն էլ կուռ պաշտպանության քաղաքականությունն է որդեգրել՝ էն հռոմեական լեգեոնների նման, այնինչ՝ Ամերիկայում նույնիսկ իշխանությունների նկատմամբ միանգամայն դրականորեն տրամադրված վերլուծաբանները փաստում են՝ ինչ-որ բան այն չէ Թրամփի թագավորությունում։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ Հանրապետականների հետ սերտ կապեր ունեցող տնտեսագետ Մայքլ Սթրեյնը Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտից օրերս «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում փաստել է՝ Թրամփը, իրոք, չի հասկանում, թե որքան բարդ է տնտեսության վիճակը և որքան օրհասական է որոշ աշխատողների և նրանց ընտանիքների վիճակը։

Թեժ վիճաբանություն «հայու գենի» շուրջ, կամ մենք ու Ամերիկան

​Էլի կարելի է զուգահեռներ անցկացնել Հայաստանի և Ամերիկայի միջև, որքան էլ դա անսովոր թվա։ Թրամփը վերջին տարիներին փայլուն տնտեսական ցուցանիշներ ուներ վերընտրվելու համար։ Շատ կոնկրետ օրինակ բերեմ։ Անցած տարի դասընկերս եկել էր Լոս Անջելեսից, սրճարաններից մեկում գարեջուր էինք խմում ու ասաց․ «Էս խեղճ Թրամփին բոլորը քննադատում են, ծաղրում են, բայց ախր իր օրոք կյանքն, իրոք, լավացել է, իր օգտին եմ քվեարկելու»։

​Հիմա ամեն ինչ փոխվել է՝ կորոնավիրուսը սարսափելի հարված հասցրեց Թրամփի վարկանիշին և դա միանգամայն հասկանալի է՝ վերջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի անկումն Ամերիկայում կազմեց գրեթե 10 տոկոս։ Վերջին 75 տարում նման բան չէր եղել՝ փաստում են ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Նյու Յորքի օրինակը։ Մարտի սկզբից այդ քաղաքում փակվել է մոտ 3 հազար ձեռնարկություն։ Պատկերացրեք՝ 3 հազար։ Բայց, ճիշտն ասած, ինձ համար էլ էր անակնկալ, որ Նյու Յորքում աշխատատեղերի 98 տոկոսն ապահովում են  խանութները, սրճարանները, վարսավիրանոցները, քիմմաքրման կետերը և այլն….  Եվ, ըստ մասնագետների կանխատեսումների՝ դրանց մեկ երրորդն այլևս երբեք չի վերաբացվի։

Ինչ-որ բան այն չէ ժողովրդավարության նախկին «կղզյակներում»

​Հայաստանի և Ամերիկայի միջև, իհարկե, մի շատ էական տարբերություն կա։ Գրեթե 3 ամսից՝ նոյեմբերի 3-ին Միացյալ նահանգներում նախագահական ընտրություններ են։ Կորոնավիրուսն իր ամենաանմիջական ազդեցությունն է ունենալու քվեարկության վրա։ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրություններն էլ յոթ սարի հետևում չեն, բայց, համաձայնեք՝ ամենակարևորն այն է, թե ինչպիսին կլինեն այդ 7 սարերը։

0
թեգերը:
Դոնալդ Թրամփ, վարկանիշ, Ընտրություններ, կորոնավիրուս, ԱՄՆ, Հայաստան
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Սեպտեմերիանա. ինչպես հույներին վտարեցին Թուրքիայից
Եթե լրագրողը ճշմարտությունն է ասում, նրա ի՞նչ գործն է հոգալ հետևանքների մասին. Բրեդլի
Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով