ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Բանակցում ենք Ռուսաստանի իշխանության հետ ֆինանսավորման ժամկետը ևս մեկ տարով` մինչև 2020 թվականը, երկարացնելու մասին։ Հայկական ատոմակայանի հիմնանորոգման ֆինանսավորման հետ կապված խնդիր չի առաջանա։
Այս մասին այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։
«Գոյություն ունի խնդրի լուծման մի քանի սցենար, և այս խնդիրն արդեն քննարկվել է ռուս գործընկերների հետ», – ասաց Փաշինյանը։
Հայաստանը Մեծամորի ԱԷԿ–ում հիմնանորոգում է անցկացնում Ռուսաստանի կառավարությունից ստացած ֆինանսավորմամբ, որն իր մեջ ներառում է 270 միլիոն դոլարի վարկ ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։
Հարցը քննարկվել է և՛ ՌԴ նախագահի, և՛ ՌԴ վարչապետի հետ հոկտեմբերի 1–ին Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։
«Մենք աշխատում ենք, խնդիրն ավելի խորը հասկանալու և լուծելու համար», – ավելացրեց Փաշինյանը։
Ատոմակայանի անվտանգության հայկական համակարգերով հետաքրքրված են արտասահմանում
Հիշեցնենք` Հայկական ատոմակայանի հիմնանորոգումը մեկնարկել է 2017 թվականին։ 2017-18 թվականներին փոխարինվել են կայանի երկու գեներատորներն ու դրանց օժանդակ հանգույցները։ Այս տարի փոխում էին ավտոմատիկան ու պաշտպանության և վթարային սառեցման համակարգերը։ Սրանով աշխատանքը չի ավարտվում։
Հայկական ատոմակայանը նորից միացվել է երկրի էներգահամակարգին
2020 թվականին ուզում են ռեակտորի կորպուսի թրծման աշխատանքներ իրականացնել։ Դա կերկարացնի ռեակտորի ու կայանի աշխատանքի ժամկետը տեսականորեն՝ նաև 2027 թվականից հետ։ Նախորդ և այս տարի կայանը սովորականից ավելի երկար է նորոգման մեջ եղել։ Ապրիլի 15–ից հունիսի 1–ը չէր գործում առաջին տուրբինը, հունիսից` երկուսը, այժմ երկրորդն է նորոգման մեջ։ Տարվա վերջին կայանը նորից կսկսի աշխատել ամբողջ թափով։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։
Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։
Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։
Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։
«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։
Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։
Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։ Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։ Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։
«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։
Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակցի գերիների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի դուռը: Նրանք կեսօրից սկսած նստել են մարզպետարանի մուտքի դիմաց և աստիճաններին ու պահանջում են հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու Հայաստան:

«Այս ակցիան մեր երեխաների համար է, ուզում ենք իմանալ, թե երբ են բերելու մեր տղաներին` հստակ ժամանակ ենք պահանջում։ Ո՞վ է բերելու մեր տղաներին, ե՞րբ՝ ոչ մի բան չգիտենք»,-մեզ հետ զրույցում ասաց գերիներից մեկի մայրերը:
Գերիների ծնողները վրդովված են, որ իրենց մինչ այս պահը հստակ պատասխան չեն տվել, միայն հորդորել են համբերել ու սպասել: «Բայց էս մոլորությամբ ինչքան կարելի է սպասել: Գոնե իմանանք` ինչ է կատարվում: Հա ասում են` այս ամսվա վերջին կբերենք, մյուս ամսվա 15-ին կբերենք: Ասենք թե մենք այստեղ սպասենք, բա էն երեխեքը այնտեղ, ինչպե՞ս կսպասեն, հլը իրենց վիճակը պատկերացրեք»,-լրագրողների հետ զրույցում ասացին ծնողները:
Ինչպես նախկինում այս անգամ ևս հարազատները վստահեցնում են՝ ոչ մի քաղաքական պահանջ ու ենթատեքստ իրենց ակցիաները չունեն՝ միայն պահանջում են որդիների վերադարձը:
«Մեզ միայն մեր երեխաների հարցի լուծումն է պետք: Մեզ թող պատասխան տան, կամ ՀՀ վարչապետը մեզ ընդունի ու հստակ պատասխան տա մեր երեխաների ճակատագրի մասին: Էլ հնարավոր չէ սպասել: Հա՛մ խնդրում, հա՛մ պահանջում ենք: Մեռած ենք, թաղած չենք»,-նշեցին մայրերը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ օրեր առաջ Գյումրիում կայացած հանդիպմանը` ծնողները վստահեցրին՝ հստակ պատասխաններ չեն ստացել: «Արդեն 80 օր մեր երեխաներին չենք տեսել, ինչքան երկարեց, այնքան մեր տղաների վիճակը վատանալու է: Մենք ինչպես մեր երեխաներին հանձնել ենք իրենց, թող այդպես էլ սաղ-սալամաթ բերեն մեզ վերադարձնեն: Մեզ համար ցավալին այն է, որ մեր տղաները գերեվարվել են հրադադարից հետո»:

Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ գերեվարված զինվորների ծնողները պահանջել էին հանդիպում ՀՀ և ԱՀ նախագահների հետ: Ասացին` մինչ օրս ոչ մեկի կողմից արձագանք չի եղել: Ծնողները վստահեցրին՝ եթե վաղը չստանան իրենց հարցերի պատասխանները, կամ էլ իրենց վարչապետը չընդունի, կդիմեն ծայրահեղ քայլերի: Թե ինչ քայլերի, նախընտրեցին գաղտնի պահել։



