Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյան

Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը

167
(Թարմացված է 22:45 22.10.2019)
Նրա խոսքով` լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց թեմային։

«Նախորդ տարի, այսպես կոչված, «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:

Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները.

ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսանոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,

բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ,

Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով»,–գրել է Կարապետյանը:

Նրա խոսքով` լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Կարապետյանը հիշեցրել է նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և, նրա խոսքով, 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձեր բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:

«Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները, և արդյո՞ք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են»,–գրել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21–ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանիգաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

167
թեգերը:
Նախարար, Վլադիմիր Կարապետյան, աշխատավարձ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Ինչո՞ւ միայն դատավորներինը». դատախազը դժգոհ է աշխատավարձերի բարձրացման մեխանիզմից
Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող աշխատավարձ բարձրացնել. Գևորգ Պետրոսյան
Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը