ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայկական բիզնեսի զարգացման գլխավոր ճանապարհն արտահանման ուղղությամբ մտածելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Սկոլկովո» բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շարոնովը, որը Երևան է ժամանել Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» հիմնադրամի միջոցառումներին մասնակցելու։
Նրա խոսքով` փոքր երկրների (այդ թվում` եվրոպական) փորձը ցույց է տալիս, որ բիզնեսը չպետք է մտածի միայն իր քաղաքի կամ նույնիսկ երկրի ծավալներով, այլ պիտի միանգամից պատրաստվի միջազգային շուկա դուրս գալուն։ Այդ իմաստով հայկական շուկան չի կարող գլոբալ չմտածել։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ հետխորհրդային շատ երկրների հիմնական շուկան այսպես թե այնպես Ռուսաստանն է։
«Ռուսաստանում հայկական ապրանքատեսակներն ավելի շատ են, քան օրինակ Շվեյցարիայում։ Ու հակառակը` Հայաստանում ռուսական ապրանքատեսակներն ավելի շատ են, քան օրինակ, շվեյցարականները։ Մենք ունենք ընդհանուր լեզու, ընդհանուր շուկաներ», – նշեց Շարոնովը։
Գործարարները հետխորհրդային երկրներում ավելի ու ավելի շատ են բախվում մի նոր խնդրի. ինչպես հարաբերություններ հաստատել աշխատանքային կոլեկտիվում։ Կարելի է հիանալի կառավարիչ լինել ու ոչինչ չհասկանալ մարդկանցից։
«Ինչպես դրդել, որ նրանք, աշխատելով աշխատավարձի դիմաց, աշխատեն նաև գաղափարի համար, որը դուք կարողանանք ձևակերպել, ու որը նրանք կընկալեն», – ասաց Շարոնովը։
Հենց դա է այսօր բիզնեսը վարելու կարևորագույն պայմաններից մեկը։ Այդ գաղափարն են դասավանդում բիզնես դպրոցներում թվային ու կանաչ բիզնեսի պրակտիկային զուգահեռ։
Ինչպես ԵԱՏՄ–ում բիզնեսն ազատել հարկային խնդիրներից. Հայաստանն իր մոտեցումն է առաջարկում
Նրա խոսքով` վերջին ավելի քան տասը տարվա ընթացքում բիզնես կրթությունը Ռուսաստանում զգալիորեն զարգացել է, ու սրանում մեծ ներդրում ունի նաև «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Այն ժամանակ Ռուսաստանում ժամանակակից բիզնես դպրոցների շրջանավարտներ չկային, հիմա միայն «Սկոլկովոյում» նրանք ավելի քան երկու հազարն են (բոլոր տարիները հաշված)։
Այժմ դպրոցը համագործակցության բանակցություններ է վարում հայ գործարարների ու գործընկերների հետ։
Պարսյան․ «Հայաստանում բիզնես սկսելու համար հանդիպում են Փաշինյանի կամ Ավինյանի հետ»
Նշենք` Շարոնովը մասնակցում է նաև «Ավրորա» նախաձեռնությանը` լինելով դրա դոնորներից մեկը։ Այդ նախաձեռնության շրջանակում Երևանում ամեն տարի անցկացվում են միջոցառումներ, որոնք խորհրդանշում են Հայաստանի վերածնունդն ու զարգացումը` գիտության ու տեխնոլոգիաների համաժողով, հայտնի անձանց այցեր, մարդասիրական մրցանակաբաշխություն և այլն։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում



