Араратский таможенный терминал

Ով կշահի և ով կտուժի ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումից

487
(Թարմացված է 16:21 08.10.2019)
Աշխարհը վաղուց հրաժարվել է տարիքով մեծ մեքենաներից, և մաքսատուրքի ավելացման հետևանքով գուցե Հայաստանն էլ հրաժարվի դրանցից:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. 2020-ի հունվարի 1-ից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումը կազդի սոցիալական որոշ խավերի վրա, սակայն տնտեսության վրա այն էականորեն չի արտացոլվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:

«2015-ին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, գիտեինք, որ 2020-ի հունվարը սարերի հետևում չէ, քանի որ կանխավ ներկայացվել էին այն ապրանքները, որոնց մաքսատուրքն ավելանալու էր: Մեքենաների մաքսատուրքի ավելացման հետևանքով ակնհայտ է, որ մեքենաների գները թանկանալու են, սակայն թանկացման չափն այսօր որևէ մեկը միանշանակ չի կարող գնահատել»,-ասաց Նազարյանը:

Նրա խոսքով՝ մաքսատուրքից բացի, նաև հին մեքենաների ներկրման համար բնապահպանական որոշ վճար է նախատեսվում, որի միջոցով էլ ավտոմեքենաների թարմացման խնդիրն են փորձելու լուծել: Այս քայլից, ըստ Նազարյանի, բնակչության մի զգալի խավ կտուժի, սակայն բազմաթիվ երկրներ վաղուց հրաժարվել են տարիքով մեքենաների ներկրումներից:

Ե՞րբ շահագործման կհանձնվի Գյումրու ավտոմաքսատունը. հայտնի է բացման օրը

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքով էլ՝ ԵԱՏՄ մտնելը մեքենաների ներկրման ոլորտում միայն մեկ դրական ազդեցություն է թողնելու՝ գոնե կարող ես հաշվել, թե ինչքան ծախս է պահանջվելու մեքենա ներկրելու համար: Նախկինում, ըստ նրա, երբ ուզում էիր ինչ-որ երկրից մեքենա ներկրել, տարիֆների մասին գիրքը Սուրբ գրքի նման պահում էին ու ներկրողին ոչ մի ինֆորմացիա չէին տրամադրում:

«Նախկինում մեքենա ներկրելիս ասում էին՝ բեր, սահմանին կասենք, թե որքան կկազմի մաքսատուրքը: Սակայն հիմա յուրաքանչյուրը կարող է հաշվարկել ծախսերը, որ ոտքերը վերմակին համապատասխան մեկնի»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ մեքենաների ներկրման մաքսատուրքի ավելացման հետևանքով բյուջեի գումարները գուցե ավելանան, քանի որ մաքսային ընդհանուր «տոպրակից» Հայաստանն էլ ինչ-որ բաժին ունի: Սակայն սրա հետևանքով, ըստ Սահակյանի, մարդիկ ավելի շատ կորցնելու են, քան շահելու: «Եթե նախկինում Եվրոպայի աղբ էին ներկրում Հայաստան, վերանորոգում ու վարում, մաքսազերծման գումարի ավելացման դեպքում՝  Ռուսաստանում հավաքված աղբն են գնելու: Իսկ Ռուսաստանում հավաքված մեքենաների որակը նույնը չէ, ինչ, օրինակ, Գերմանիայում հավաքված մեքենաներինը»,-իր խոսքն ամփոփեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարից Հայաստան ներկրվող մեքենաների համար գանձվող մաքսատուրքերը մի քանի անգամ կբարձրանան։ 2000  խ/սմ աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մեքենայի համար մաքսատուրքը կլինի միջինը մոտ 6000 դոլար։ Մոտավոր հաշվարկով՝ Հայաստանում ամենատարածված ու սպառվող  ավտոմեքենաներից՝ 19-20 տարեկան «Օպել վեկտրայի» գինը  մոտ 3000 ԱՄՆ դոլարից կհասնի մինչև 5000 -ի սահմաններ:  Սպասվող փոփոխություններից հետո ավելի շահեկան կլինի գնել նոր՝ մոտ 4 տարեկանից սկսած ավտոմեքենաներ:

487
թեգերը:
ավտոներկրողներ, ավտոմաքսատուն, ավտոներկրող, ավտոմեքենա, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
Ըստ թեմայի
Ավտոմեքենաների գրանցման և հաշվառման հերթերը կթեթևանան. վարչապետն է խառնվել գործին
Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների թիվն ավելի է մեծանալու. ի՞նչ է առաջարկում ՊԵԿ–ը