Դավիթ Անանյան

Հայաստանի հարկային ծառայությունը մտադիր է բիզնեսին վերադարձնել հին պարտքերը

74
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստում ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբեր — Sputnik.  Պետությունը կվերադարձնի բիզնեսին ԱԱՀ–ի պարտքերը մոտ 56 միլիարդ դրամի չափով։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ներկայացնելով Հարկային  օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ կամ «գերավճարներ», որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից:

«Հիմա մենք ունենք հին դեբետային գումարներ և նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները հետ են վերադարձվում եռամսյակային կտրվածքով, իսկ հին դեբետային գումարներն ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մարմանը: Այս որոշումով մենք հին և նոր դեբետների միջև տարբերակումը վերացնում ենք: Մենք առաջարկում ենք եղած գերավճարները հետ վերադարձնել հետեւյալ կարգով. մինչև 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու, 5-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն ներկայացվում է դիմում եւ առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով»,-ասաց Անանյանը:

Նրա խոսքով` ավելի քան 2800 ձեռնարկություն կարող է միջոցները հետ ստանալ։

Պետության պարտքերը տարբեր ճանապարհներով են գոյացել։ Դրանցից մեկը ԱԱՀ–ի ավելցուկային դեբետն է։ Դրանք գոյանում են, երբ  բիզնեսի գումարներն ավելի շատ են, քան վաճառքները։ Օրինակ, եթե հրուշակեղենի արտադրամասը մեկ տոննա շաքարավազ է գնել ու ԱԱՀ է վճարել, բայց դեռ չի հասցրել թխվածք սարքել ու վաճառել այն (այսինքն՝ նա արդեն վճարել է շաքարավազի ԱԱՀ–ն, բայց նա դեռ թխվածքի ԱԱՀ–ն չունի։

Պարտքերի գոյացման մեկ այլ ճանապարհ է բիզնեսի ԱԱՀ–ի գերվճարումները, երբ ընկերությունը հարկ եղածից ավելի շատ է վճարում։ Փաստացի, պետությունը պետք է վերադարձնի տնտեսվարողներին ավելորդ վճարումները։

«2018 թ. հունվարի 1-ին Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու դրությամբ հարկ վճարողներին պարտքը կազմել է 133 մլրդ դրամ (շուրջ 280 մլն դոլար), որը հետզհետե մարվում է և 9 մլրդի է հասցվել»,–ասաց Անանյանը։

Այսպիսով` Անանյանի խոսքով՝ բիզնեսը շրջանառության համար կունենա ավելի շատ գումար, որը կարող է օգտագործել արտադրության  վերազինման կամ նոր ապրանք գնելու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետությունը կարողանում է մարել պարտքերն այն բանի հաշվին, որ սկսել է ավելի կարգավորված հավաքել հարկերը։

«Դրա շնորհիվ կատարում ենք պետության պարտականությունները, այդ թվում` նաև բիզնեսի առաջ», – ասաց Փաշինյանը։

Համապատասխան օրինագիծը կարճ ժամկետներում խորհրդարան կմտնի ու պարզեցված կարգով կդիտարկվի։ Նման առաջարկով կառավարությունը խորհրդարան կդիմի։

74
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, նախագիծ, կառավարության ծրագիր, ՀՀ կառավարություն, պարտք, բիզնես, հարկային օրենսգիրք, Դավիթ Անանյան
Ըստ թեմայի
«Որոշեցինք արձանագրել». ի՞նչ կփոխվի Հայաստանի ռեստորանատերերի համար հարկային ոլորտում
Հարկային եկամուտների շնորհիվ Հայաստանի բյուջեն համալրվել է 7,4 միլիարդ դրամով
Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է