Араратский таможенный терминал

Ո՞վ կկառուցի Գյումրու մաքսատունը. ՊԵԿ–ը պարզաբանեց, թե ինչպես է ընտրվել «Մերձմոսկովյանը»

216
(Թարմացված է 14:38 02.11.2019)
Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հորը պատկանող «Մերձմոսկովյան» ընկերությունը ծրագրի 2.2 մլրդ ՀՀ դրամ արժեքից 966 մլն–ն արդեն ստացել է։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Գյումրիում կառավարության նախաձեռնությամբ կառուցվող նոր ավտոմաքսատան շինարարությունը պատվիրվել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Կառուցման հնարավորությունները տրվել են ձեր նշած ընկերությանը, սակայն, այդ ընկերության հետևում ովքեր են կանգնած, ես, ազնվությամբ, տեղեկություններ չունեմ ու չեմ կարող ձեր հարցին ավելի կոնկրետ պատասխան տալ»,– ասաց պաշտոնյան` անպատասխան թողնելով տարածված լուրերն այն մասին, որ «Մերձմոսկովյան» ընկերությունը պատկանում է Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամ Արտակ Ադամյանի հորը։

Փոխարենը ՊԵԿ փոխնախագահը հաստատեց, որ կապալառու ընկերությունն ընտրվել է մեկ անձից գնման ընթացակարգով(առանց մրցույթի)` Պետական եկամուտների կոմիտեի կողմից։

«Սովորաբար, նման գործարքները, պայմանավորված ծրագրի իրականացման հրատապությամբ, կատարվում են մեկ անձից գնման ընթացակարգով»,– ասաց Հովհաննիսյանը։

ՊԵԿ պաշտոնյան նշեց նաև, որ մաքսատան կառուցման համար կառավարությունը հատկացրել է 2.2 մլրդ ՀՀ դրամ, որից 966 մլն–ն արդեն այս պահի դրությամբ փոխանցվել է տվյալ ընկերությանը` աշխատանքների մի կազմակերպման համար։

Պետական գրանցման պաշտոնական կայքի տվյալներով` «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995թի ապրիլի 26-ին։

Ընկերության նախագահն Արամ Ադամյանն է, որը, մամուլի հրապարակումների համաձայն, Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրն է։ Ընկերությունն իրականացնում է նաև քաղաքապետարանի մի շարք ճանապարհաշինական ու այլ շինարարական աշխատանքներ։

Հիշեցնենք` ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյուրիում կազմակերպելու առաջարկն արել էր ՀՀ վարչապետը` Արարատյան մաքսատուն կատարած իր այցելության ընթացքում։

Ներկայում ավտոմեքենաների մաքսազերծումն իրականացվում է Նորագավիթում տեղակայված Արարատյան մաքսատուն վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման բաժանմունքում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում։

216
թեգերը:
Սամվել Բալասանյան, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Գյումրի, ավտոմաքսատուն, ավտոներկրող, ավտոմեքենա
Ըստ թեմայի
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. Փաշինյանը հանձնարարական տվեց
ՊԵԿ-ը հորդորում է 48 ժամում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից