Տնտեսագետ Սուրեն Պարսյան

ՀՀ տնտեսության սև–սպիտակը. ինչու տնտեսագետին չի ոգևորում այն, ինչ ոգևորել է վարչապետին

80
(Թարմացված է 19:09 12.08.2019)
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը խոշոր հարկատուների ցանկում դրական տեղաշարժ չի տեսնում։ Մուտքերն ավելացել են, բայց տնտեսության կառուցվածքը չի փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ի տարբերություն ՀՀ վարչապետի, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՀՀ խոշոր հարկատուների կիսամյակային ցուցանիշներով ոգևորված չէ։ Այդ մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատի` վարչապետ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներում անգամ մտահոգության առիթ է կա։

Ապահովագրական ընկերությունները միայն քրեական գործեր հարուցվելուց հետո են հարկերը վճարել

«Խոշոր հարկատուների առաջին տասնյակն անցյալ տարվա համեմատ խոշոր փոփոխություններ չի կրել։ Այսինքն` տնտեսության մեջ կառուցվածքային, որակակական փոփոխություններ դեռ չենք արձանագրել, լուրջ մտահոգություն կա նաև հանքարդյունաբերության տեսակարար կշռի շուրջ։ Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը մնում է հանքարդյունահանող ու հանք վաճառող»,- ասաց նա։

Տնտեսագետը մտահոգված է նաև այն խնդրով, որ Հայաստանի տնտեսության մեջ փոքր ու միջին հարկատուների թիվը տարեցտարի կրճատվում է, տնտեսությունն էլ  շարունակում է գերկենտրոնանալ։

«Չպետք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն ավելի մեծ հարկեր են վճարում։ Դա տեղի է ունենում նաև ի հաշիվ փոքր ու միջին բիզնեսի, քանի որ այս բիզնեսը քայլ առ քայլ դուրս է գալիս շուկայից։ Այս երևույթը նկատելի է սուպերմարկետների ու փոքր խանութների, լցակայանների, դեղատների հարաբերություններում, երբ մանր ու միջին բիզնեսը կլանվում է խոշորների կողմից»,– ասաց Պարսյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ` մտահոգիչ է նաև գյուղատնտեսության ոլորտում արդեն երկրորդ տարին շարունակվող անկումը, հատկապես որ տնտեսության այս ճյուղով  զբաղված է ՀՀ բնակչության 1/3-ը։

Տնտեսության զարգացման գրավականը Սուրեն Պարսյանի դիտարկմամբ`քաղաքականության ու բիզնեսի տարանջատումն է ու բիզնեսը քաղաքական սև- սպիտակ բաժանումից զերծ պահելը։ Որպես օրինակ Պարսյանը նշում է «Ալեքս Գրիգ» ու «Սպայկա» ընկերությունները։

«Օրինակ` «Ալեքս Գրիգ»–ի նկատմամբ, երբ որ 8 մլրդ դրամ հարկ հաշվարկվեց հունիս ամսին, առանց աղմուկ, առանց որևէ նկարահանման, կալանքի որոշման, գործընթացը սահուն անցկացվեց և վճարվեց։ Իսկ, օրինակ, «Սպայկայի» դեպքում, երբ որ 7.5 մլրդ դրամի չափով էր, տեղի ունեցավ կալանավորման որոշում, բավական մեծ հանրային հնչողություն եղավ, որի հետևանքով «Սպայկան» կորցրեց իր հարկային փաթեթը` 100 մլն դոլարի չափով։ Այսինքն` մենք առանձին տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ունենք տարբերակված մոտեցում, որը սխալ է։ Կառավարությունը նստած է տնտեսության վրա։ Եթե ձախողվի տնտեսությունը ձախողվելու են նրանք»,– գործող իշխանությանը զգուշացնում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք`օգոստոսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի գրառման մեջ հայտնել էր, որ  2019թ–ի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր`2018թ առաջին կիսամյակին գեներացված 446 մլրդի փոխարեն։ «Այսինքն` 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»,-գրել էր Փաշինյանը:

Փաշինյանի կառավարությունը դատապարտված է ունենալ Սարգսյանի «հաջողությունները». Բագրատյան

Նշենք, որ 2019թ.–ի առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Գրանտ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», «Գեոպրոմայնինգ գոլդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ», «Ակվիլիոն թրեյդ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» և «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ընկերությունները։

Խաչատրյան. «Հարկային քաղաքականությունը հնարավորություն է տալիս բիզնեսին դուրս գալ ստվերից»

Համեմատության համար նշենք, որ 2018թ–ի նույն ժամանակահատվածում ցուցակի առաջատար ընկերությունների տասնյակում էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գազպրոմ Արմենիան», «Գրանտ Տոբակոն», «Գեոպրոմայնինգ գոլդը»,«Սի–ՓԻ–Էս օյլ Քորթորեյշնը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», «Ալեքս Հոլդինգը», «Ջեյ–Թի–Այ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»։

80
թեգերը:
Վարչապետ, հարկեր, տնտեսություն, տնտեսագետ, Սուրեն Պարսյան, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Ստվերից են դուրս եկել, թե նոր խաղացողներ են հայտնվել. ինչպես է հարկատուների թիվն ավելացել
Պարսյան. «Չպետք է ուրախանանք, որ խոշոր հարկատուներն ավելի մեծ հարկեր են վճարում»
Մանասերյան. «Պետք է ծրագրերը ներկայացվեն նախապես, որ հարկ եղած դեպքում հղկվեն ու շտկվեն»