Терминал оплаты банковскими картами

Եկող տարվանից լավ ապրողներն ավելի լավ կապրեն, վատ ապրողներն` ավելի վատ. ինչ կտա նոր օրենքը

380
(Թարմացված է 13:59 24.06.2019)
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կանխատեսումներ է արել, թե ինչպես կարող է փոխվել ՀՀ աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակը` հաշվի առնելով կառավարության նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. 2020 թվականի հունվարի 1-ից լավ ապրողները կսկսեն ավելի լավ ապրել, վատ ապրողներն` ավելի վատ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարկային օրենսգրքում կառավարության նախաձեռնած փոփոխությունները, նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

«Եթե դիտարկենք բացառապես եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը, ապա կարող ենք ասել, որ վատ ապրողները կշարունակեն վատ ապրել, իսկ լավ ապրողները` լավ։ Բայց եթե դրան գումարենք նաև ակցիզային հարկի փոփոխությունը, այդ դեպքում կարող ենք ասել, որ վատ ապրողները կսկսեն ավելի վատ ապրել, լավ ապրողներն` ավելի լավ»,– ասաց տնտեսագետը։

Ներկայացնելով կառավարության նախաձեռնությամբ ԱԺ–ում քննարկվող եկամտահարկի համահարթեցման մասին օրինագիծն ու դրա հնարավոր հետևանքները` Կառլեն Խաչատրյանն ասաց, որ դրանով, փաստորեն, բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների հարկային բեռը թեթևացվում է, մինչդեռ ցածր եկամուտ ունեցողների ապրուստը մնում է նույնը։

Հիշեցնենք` օրինագծով առաջարկվում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար սահմանել մեկ միասնական` 23 տոկոս եկամտահարկ` անկախ նրանց եկամուտի չափից։

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսով բարձրացնելու կառավարության առաջարկին, Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ, այն կարող է շուկայում թանկացումների խթան դառնալ։

«Բնականաբար, եթե մենք խոսում ենք, բենզինի, դիզվառելիքի, սեղմված գազի մասին, ապա, անշուշտ, դրա թանկացումը մեծացնելու է տրանսպորտային ծախսերը։ Այսինքն` այստեղ մենք պետք է մտածենք ոչ միայն հասարակական տրանսպորտի թանկացման մասին, այլև հաշվարկենք, որ ավելանալու են նաև բիզնեսի`ապրանքների տեղափոխման ծախսերը։ Այսինքն` ինքնարժեքն է թանկանալու, և տնտեսվարող սուբյեկտն ուզած–չուզած գին է բարձրացնելու»,– ասաց Խաչատրյանը։

Այդուհանդերձ, տնտեսագետի հաշվարկով, թանկացումներն աստղաբաշխական չեն լինի, բայց որոշակի խավի համար կլինեն նկատելի:

Կառավարությունն առաջարկում է ավելացնել «մաքուր» աշխատավարձերը. ո՞վ կշահի դրանից

Հիշեցնենք` Ազգային ժողովն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց 2020 թվականի հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնելու և եկամտահարկի հաշվման նոր դրույքաչափ կիրառելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։ Դրանով նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23%։ Իսկ մինչև 2023 թ.-ը այն նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:

Նշենք, որ ներկայում եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով` մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23% եկամտահարկ, 150 000- 2 մլն դրամից` 28%, 2 մլն–ից ավելի` 36%։

Նշենք, որ 2019թ. փետրվարի դրությամբ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների թիվը Հայաստանում պաշտոնական տվյալներով 569 000 է, կամ ՀՀ աշխատողների շուրջ 65 %-ը։ Աշխատող քաղաքացիների 25 %-ը Հայաստանում համարվում են աշխատող աղքատներ: Նրանց եկամուտները չեն գերազանցում պաշտոնապես ընդունված աղքատության շեմը։

380
թեգերը:
աշխատավարձ, աշխատանք, ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
Թոշակներն ու աշխատավարձերը կբարձրանան, եկամտահարկը կնվազի. կառավարությունը քննարկում է
Իջեցնել եկամտահարկը, բարձրացնել ՀՆԱ՞–ն. կառավարությունը հարկային փոփոխություններ կառաջարկի
Հայաստանում ցանկանում են նվազեցնել եկամտահարկը, բայց բարձրացնել ապրանքների հարկը