Աշոտ Բարսեղյանը (աջում)

«Որոշեցինք արձանագրել». ի՞նչ կփոխվի Հայաստանի ռեստորանատերերի համար հարկային ոլորտում

54
Պայմանավորվածությունը բավարարում է ռեստորանատերերին և այն առավել օպտիմալ է։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Կառավարության և ռեստորանատերերի միջև պայմանավորվածությունն անփոփոխ է մնում` ենթադրյալ 8%–ի փոխարեն կպահպանվի 6%–ը։ Այս մասին Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորանատերերի ասոցիացիայի նախաձեռնող խմբի համակարգող Աշոտ Բարսեղյանը։

Հայաստանում 2018 թվականի հուլիսի 1–ից լիցենզիոն վճարը (քառակուսի մետրի համար հարկը) փոխարինել են շրջանառության 6% հարկով։ Ռեստորատորները մի կերպ համակերպվել էին դրան, սակայն բողոքի նոր ալիք բարձրացավ, երբ որոշվեց 2019 թվականի հունվարի 1–ից հարկը բարձրացնել մինչև 8%, իսկ 2020 թվականից` մինչև 10%։

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, իշխանությունները միջանկյալ որոշում կայացրեցին, որը ներկա պահին բավարարում է բոլոր շահագրգիռ կողմերին։

Սա ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Ուրբաթ` հունիսի 7-ին, ԱԺ–ում, նա նշել էր, որ իշխանությունները որոշել են հարկն անփոփոխ թողնել`  6% շրջանառությունից մինչև 3% ծախսերի նվազեցմամբ։ Իրականում այս հարկի բեռը կկազմի մոտ 4,5%։

«Խորհրդարանում հարցը ես եմ բարձրացրել։ Մենք պարզապես արձանագրել ենք, որ նախկինում իշխանությունների և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ուժի մեջ է մնում և ոչինչ չի փոխվելու», – ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը բավարարում է ռեստորանատերերին և այն առավել օպտիմալ է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո որոշվել էր, որ 6%–ոց դրույքը ռեստորատորների համար պահպանվելու է մինչև 2022 թվականը։ Երեք տարվա ընթացքում իշխանությունը կաշխատի վիճելի կետերի շուրջ, իսկ ռեստորատորները կհարմարվեն հարկային նոր իրողություններին։ 2022 թվականից ռեստորատորները պարտավորվում են 10% հարկ վճարել շրջանառությունից։ Սակայն վճարած հարկի 4%–ը կարող է հետ գալ` գնված մթերքներից ու կոմունալ ծառայություններից։

Դեռ անհայտ է` ինչ մթերքի մասին է խոսքը ու այդ մթերքի վրա ծախսած գումարի ինչ չափի։ Չի բացառվում, որ 4% հանումը գործելու է այն պայմանով, եթե ռեստորատորները մթերք գնեն Հայաստանի գյուղացիներից։

54
թեգերը:
Հայաստան, Ռեստորան, ՀՀ կառավարություն, Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)
Ըստ թեմայի
Համով Հայաստան. խոհարարական շոկ կապրեք. «Գառան վզի» պատրաստման գաղտնիքը
Ինչպես են լրագրողները լավաշ թխում, տոլմա փաթաթում ու միս շամփրում Երևանում. տեսանյութ
Երևանում առաքիչների ու ռեստորանի մենեջերի վեճն ավարտվել է ծեծկռտուքով