Armenia ավիաընկերության ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում

«Ռուսաստանից` ԱՄՆ». Armenia Airways–ը հսկայական ծրագրերով «գրոհում» է հայկական երկինքը

363
(Թարմացված է 23:54 03.06.2019)
Հայկական Armenia Airways ավիաընկերությունը տեղական շուկա մուտք կգործի հունիսի 15-ին` գործարկելով Երևան–Թեհրան–Երևան կանոնավոր չվերթը։ Այսքանով ավիաընկերության ղեկավարությունը չի սահմանափակվում և մտադիր է փուլ առ փուլ «գրոհել» նաև այլ երկինքներ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Armenia Airways–ը հայկական երկրորդ ավիաընկերությունը կլինի, որը չվերթեր կիրականացնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Ավիաընկերության օդանավը դեռ միայն Իրան է թռչելու։ Ընկերության ղեկավարությունը ծրագրում է չվերթերի հաճախականությունն ավելացնել և նոր ուղղություններ բացել` Ռուսաստանից մինչև ԱՄՆ։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց  Armenia Airways ընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյան-Զարնաին։

Հայկական շուկա դուրս գալու պատրաստակամության մասին վերջնական որոշումն Armenia Airways–ը ընդունել է ինտենսիվ աշխատանքներից և մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելուց հետո։ Նախապատրաստական փուլը 1.5 տարի է տևել։ Առաջին անգամ ավիաընկերության մասին տեղական ԶԼՄ–ները խոսեցին 2018 թվականի ամռանը, և նույնիսկ ոմանք պնդում էին, որ այն ազգային ավիափոխադրող կդառնա։ Սակայն շատերը այս նորությանը թերահավատորեն վերաբերվեցին։ Եվ ճիշտ արեցին, քանի որ ընկերությունը այդ կարգավիճակին չի հավակնում։

«Ազգային փոխադրողը բացարձակ այլ կարգավիճակ է, երբ 56%–ը պետությանն է պատկանում։ Իսկ մենք մասնավոր ընկերություն ենք և մտադիր չենք հայկական ավիափոխադրող լինել», – ասաց Դավուդյան-Զարնաին։

Ղեկավարությունը հսկայական մտադրություններ ունի, սակայն ծրագրերն այդքան էլ մեծ չեն. ուզում են ավիացիոն աշխարհը փոքր քայլերով նվաճել։

Իրանից Իրա՞ն

Armenia Airways–ին պատկանող British Aerospace (BAe 146) 110 նստատեղով ինքնաթիռը դեպի Իրան իր առաջին չվերթը կիրականացնի հունիսի 15-ին։ Երևան–Թեհրան–Երևան առաջին կանոնավոր չվերթի գործարկումով կնշանավորվի հայկական երկրորդ ավիաընկերության մուտքը տեղական շուկա։

«Առաջին տասը օրը, մինչև հունիսի 25-ը, շաբաթական երեք չվերթ կիրականացնենք` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Հունիսի 24-ից թռիչքների հաճախականությունն ամենօրյա կդառնա», – ասաց Դավուդյան-Զարնաին։

Ղեկավարությունը համոզված է, որ ավիաընկերությունը կկարողանա ամեն օր ապահովել Երևան–Թեհրան–Երևան չվերթի ամբողջական բեռնվածություն, քանի որ ինքնաթիռը մեծ չէ։ Տոմսերի արժեքը մեկ ուղղությամբ կկազմի  69 հազար դրամ, երկու ուղղությամբ` 110 հազար դրամ։

Նա պարզաբանեց, որ այդ տեսակի ինքնաթիռների համար ավելի շահավետ է կարճ տարածություններ թռչել, ոչ ավելի քան 2.5 ժամ։ Այդ պատճառով էլ ավիաընկերությունը ներկա պահին իր առաջ Մոսկվայի շուկա և մյուս շուկաներ (որոնք ժամանակի առումով երկար են) դուրս գալու խնդիր չի դնում։

«Մենք շատ պատվերներ ունենք մոտիկ շուկաներ, այդ թվում ռուսական շուկա, թռիչքներ իրականացնելու համար։ Օրինակ, առաջարկում են թռչել Սոչի, Կրասնոդար, Մինվոդի, Անթալիա և մի շարք այլ քաղաքներ», – ասաց Դավուդյան-Զարնաին։

Սակայն ավիաընկերությունը դեռ իր համաձայնությունը չի տալիս, քանի որ ներկա պահին նա ունի մեկ գործող ինքնաթիռ, բացի այդ՝ ամեն քաղաքում չէ, որ պատրաստ են այդ տեսակի ինքնաթիռներ ընդունել։ Ավիաընկերությունը երկրորդ ինքնաթիռ կունենա մինչև օգոստոսի վերջ։

Գլխավոր տնօրենը պնդում է, որ իրենք չեն ցանկանում իրենց առաջ մեծ և չիրականացվող խնդիրներ դնել։ Առաջնային նպատակն այն է, որ Armenia Airways–ը կայանա, որպես ավիաընկերություն։

Այն հարցին, թե ինչու են որոշել սկսել Իրանից, Դավուդյան-Զարնաին ասաց, որ այդ երկիրն իրեն հոգեհարազատ է, քանի որ ինքը ավելի քան 25 տարի եղել է տարբեր իրանական ընկերությունների և ավիաընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում։

«Այս ոլորտն ինձ համար նոր չէ, աշխատելու փորձ ունեմ։ Շուկան բավական բարդ է ու թանկ, մեծ մրցակցություն կա։ Այդ պատճառով էլ մենք միանգամից մեծ քայլեր չենք անում, մեր նպատակներին հասնելու  համար շարժվելու ենք փոքր քայլերով», – ասաց Դավուդյանը։

Ւսկ Չինաստանն ու ԱՄ՞Ն–ը

Այն հարցին, թե արդյոք ինքնաթիռները ԱՄՆ և Չինաստան չեն թռչելու, ինչպես հայտարարվել էր անցած տարի, Դավուդյանը նշեց, որ այդ ամենը, եթե նույնիսկ լինի, ապա երկարաժամկետ հեռանկարում։ Ընկերության գլխավոր տնօրենը հասկանում է բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կան այս ճանապարհին, այդ պատճառով զերծ է մնում ենթադրություններ անելուց։

«Բոլոր երիտասարդները ձգտում են տիեզերագնաց դառնալ։ Սա երկարաժամկետ հեռանկարում։ Մենք կցանկանայինք չվերթեր իրականացնել նաև դեպի ԱՄՆ և Չինաստան, բայց դրա համար պետք է լուրջ քայլեր անել և մեծ խոչընդոտներ հաղթահարել», – ասաց Դավուդյանը։

Այսօր ավիաընկերությունը երկու ինքնաթիռ ունի` BAe 146 և Airbus A310, սակայն շահագործվում է միայն BAe 146–ը։ Armenia Airways–ում աշխատում է մոտ 50 մարդ։

Երևանի երկինքը

«Հայկական ավիաուղիներ» պետական առաջին ընկերությունը ստեղծվել էր 1991 թվականին։ Ավիապարկը համալրված էր ԽՍՀՄ օդանավերով։ 2004 թվականին ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց։

«Հայկական ավիաուղիների» հետ զուգահեռ գործում էր «Արմավիա» ընկերությունը։ Այն հիմնադրվել էր 1996 թվականին և դարձել Հայաստանի ազգային փոխադրողը։ Ավիաընկերության ինքնաթիռները շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ էին իրականացնում 22 ուղղություններով աշխարհի 10 երկրներ։ Սակայն 2013 թվականին ավիաընկերությունն իրեն սնանկ հայտարարեց և դադարեցրեց գործունեությունը։

Նույն ճակատագրին արժանացավ հայկական Air Armenia ավիաընկերությունը։ Այն հիմնադրվել էր 2003 թվականին և բեռնափոխադրումներ ու ուղևորափոխադրումներ էր իրականացնում Եվրոպայի և ԱՊՀ երկրներ։ 2013 թվականի հուլիսին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը ավիաընկերությանն արտոնագիր տրամադրեց ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Առաջին չվերթն իրականացվեց 2013 թվականի հոկտեմբերի 23-ին։ Ավիաընկերությունը սնանկ ճանաչվեց 2015 թվականի նոյեմբերի 2-ին։

2007 թվականին հայկական շուկա դուրս եկավ «Տարոն-Ավիան»։ Այն ԱՊՀ երկրներ բեռնա և ուղևորափոխադրումներ էր իրականացնում։ Ընկերությունն անցած տարվա դեկտեմբերից ժամանակավոր դադարեցրել է թռիչքները։ «Տարոն-Ավիան» Գյումրու «Շիրակ» օդանավակայանից առաջին չվերթն իրականացրեց 2017 թվականի ապրիլին Boeing 737—500–ով։

Այսօր գործող հայկական միակ` Armenia ավիաընկերությունը տեղական շուկա մտավ 2016 թվականին։ Ավիաընկերության ինքնաթիռները կանոնավոր չվերթեր են իրականացնում դեպի Վորոնեժ, Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ, Լիոն, ինչպես նաև մի շարք չարտերային չվերթեր դեպի Քուվեյթ, Հռոդոս և այլն: Armenia–ի ավիապարկը համալրված է երկու ինքնաթիռով` Boeing 737-500 և Boeing 737-700։ Ընկերությունում աշխատում է 53 մարդ։

Փաստացի երկրորդ գործող ավիաընկերությունը կդառնա Armenia Airways–ը։

«Բաց երկնքի» քաղաքականության շրջանակում դեպի Հայաստան ընդհանուր առմամբ թռիչքներ են իրականացնում 39 ավիաընկերություն, մեկը` Գյումրիից, մյուսները` Երևանից։ Այս տվյալները վերաբերում են ինչպես չարտերային այնպես էլ կանոնավոր չվերթերին։ Սակայն թիվն այս կայուն չէ և տատանվում է սեզոնից կախված։ Ամենավերջինը հայկական շուկա մտավ ռումինական Tarom ավիաընկերությունը, և իրականացնում է Բուխարեստ–Երևան–Բուխարեստ կանոնավոր չվերթը։

363
թեգերը:
«Զվարթնոց» օդանավակայան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն
Ըստ թեմայի
«Մոսկվայում նման բան չէին անի». ինչու են ռուսաստանցիները Հայաստան գալիս
Երևանը հուսալի է, Բաքուն՝ անկանխատեսելի. «Մետաքսի ճանապարհի» չինական տեսլականը
Ու՞մ կտուգանեն քարսիթի բացակայության համար. երեխաների փոխադրման կանոններն ուժի մեջ են մտել