Ցորենի բերքահավաք

Բաքուն թույլ չի տալիս Թբիլիսիին. ի՞նչն է խոչընդոտում Ղազախստանից Հայաստան ցորենի առաքմանը

236
Գյուղատնտեսական արտադրանքի մատակարարները տեսականորեն չեն կարող օգտվել Հայաստան ցորեն բերելու մի քանի ուղիներից։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ղազախստանից Հայաստան ցորեն բերելու հեռանկարը տեսականորեն հնարավոր է երկու ուղիներով։ Առաջինը փակ է Հայաստանի համար, որովհետև անցնում է Ադրբեջանի տարածքով։ Երկրորդը` Ռուսաստանի տարածքով, չափազանց երկար է։ Այդ պատճառով հայ բեռնափոխադրողները սահմանափակվում են ռուսական ցորեն ներկրելով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը։

Անցած շաբաթ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան պայմանավորվել է Ղազախստանի կառավարության ներկայացուցիչների հետ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների ծավալներն ավելացնելու մասին։ Եթե կողմերը վերջնական համաձայնության գան, և Ղազախստանը պետբյուջեից սուբսիդավորի իր ցորենի առաքումները վրացական շուկա` փոխհատուցելով մինչև 50 տոկոս տրանսպորտային ծախսերը, ապա Վրաստանում մեկ տոննա ղազախական ցորենն ավելի էժան կլինի, քան ռուսականը։ Հայաստանը տեսականորեն կարող էր օգտվել դրանից` համաձայնագիր կնքելով վրացի գործընկերների հետ։ Բայց ամբողջ հարցը տեղափոխման պայմաններն են։

«Վրաստանն այդ դեպքում Ղազախստանից ցորեն կներմուծի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով։ Քանի որ մենք Բաքվի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեզ համար այդ ճանապարհը փակ է», – ասաց Նիկողոսյանը։

Բացի այդ, Վրաստանի և Ադրբեջանի միջև կնքված է պայմանագիր. այն ամենը, ինչ անցնում է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով, վրացական կողմն իրավունք չունի առաքել Հայաստան կամ վերավաճառել նրան։

Նիկողոսյանը նշեց, որ ղազախական ապրանքները կարող են մտնել հայկական շուկա Ռուսաստանի տարածքով` շրջանցելով Ադրբեջանը, սակայն այդ ուղին ավելի երկար է և թանկ։ Գործնականում դա այսպիսի տեսք կունենար. Ղազախստանից ցորենը պետք է հասնի Վլադիկավկազ, այդտեղից բեռնատարներով՝ «Վերին Լարս» հսկիչ անցակետով «Բագրատաշեն» հսկիչ անցակետ, այնուհետև ցորենը երկաթուղային տրանսպորտով առաքվում է Երևան։ Բեռնափոխադրողներին այդ երթուղին ձեռնտու չէ։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը Ռուսաստանում ցորեն գնելն է և այն բեռնատարներով «Վերին Լարսով» Հայաստան հասցնելը։ Այդ ճանապարհն ավելի կարճ է` ընդամենը 700 կմ։

Այսօրվա դրությամբ երրորդ կարգի ամուր տեսակների ցորենի տոննան Ռուսաստանում արժե մոտ 13 հազար ռուբլի (մոտ 200 դոլար), իսկ Ղազախստանում` 49 հազար տենգե (128,64 դոլար)։ Անցած տարի հայ թրեյդերները մեծածախ ռուսական ցորեն են գնել մեկ տոննայի համար 15 հազար ռուբլով։

Վրաստանի տրանսպորտային միջանցքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կասկածում է, որ հայ թրեյդները կարող են օգուտ քաղել Վրաստանի և Ղազախստանի նոր պայմանավորվածություններից, քանի ո ցորենը տեղափոխվելու է Ադրբեջանի տարածքով։

«Ակնհայտ է, որ առանց Ադրբեջանի չի լինի։ Ցորենը Ակտաուից տեղափոխվելու է Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթուղով այն Ադրբեջանից կհասնի Վրաստան», – ասաց Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Նա նշեց, որ Ադրբեջանը շրջանցելու ևս մեկ երթուղի կա` Թուրքմենստանը։ Այդ ճանապարհով արդեն կատարվել է նավթամթերքի տեղափոխություն։ Բայց գյուղատնտեսական արտադրանք առայժմ չի առաքվել։

Ինչ վերաբերում է Վրաստանով ավտոմոբիլային ճանապարհով ցորենը տեղափոխելուն, Ցագարեիշվիլին նշեց, որ վրացական կողմը, ամենայն հավանականությամբ, թույլ կտա ցորենի առաքումները։

Հիշեցնենք, որ Վրաստանը երեք անգամ տեղափոխել է արգելքի ժամկետը։ Առաջին անգամ այն պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, հետո` հունվարի 1-ին։ Արդյունքում վրացի ներկրողների քառօրյա բողոքից հետո կառավարությունը քննարկումը հետաձգեց մինչև 2019թ-ի հոկտեմբերի 1։

«Ամենայն հավանականությամբ, կոշտ արգելք չի լինի։ Ցանկացած մատակարարող հնարավորություն կունենա ինքնուրույն ընտրել, թե որ ճանապարհով է ցանկանում ներկրել  ցորենը` երկաթուղային, թե ավտոմոբիլային», – կարծում է Ցագարեիշվիլին։

Բայց վրացական իշխանությունները մտադիր են սահմանափակումներ մտցնել ավտոտրանսպորտով ապրանքներ տեղափոխելու վրա, որպեսզի ակտիվացնեն երկաթուղային առաքումները։ Այդ նպատակով 2019թ–ի հուլիսի 1–ից Հայաստանից փոխադրողների համար կսկսեն գործել ավտոմոբիլային փոխադրումների քաշը կարգավորող նոր չափանիշներ։ Մասնավորապես, յուրաքանչյուր բեռնատար կարող է Վրաստանի տարածքով տեղափոխել 40 տոննայից ոչ ավելի բեռ, այդ կանոնին չհետևելու դեպքում յուրաքանչյուր ավել տոննայի համար սահմանվել է 50 լարի (մոտ 20 դոլար) տուգանք։

Ցագարեիշվիլին կարծում է, որ նոր կարգավորումների դեպքում փոխադրողների ֆինանսական շահույթը կնվազի։

Դրա հետ կապված` այժմ բանակցություններ են ընթանում երկաթուղով և լաստանավով փոխադրումների սակագները նվազեցնելու համար։ Առավել ևս, որ Փոթի նավահանգիստը հայտարարել է իր ծառայությունների նոր, ավելի մրցունակ սակագներ սահմանելու մասին։

236
թեգերը:
Հայաստան, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ցորեն ցանեք, փող ստացեք. վարչապետը խոստանում է խրախուսել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Բանակցում են. ի՞նչ կորոշեն Երևանն ու Թբիլիսին հացահատիկի տեղափոխման արգելքի հարցում
ՀԿԵ–ն պատրաստ է աջակցել Հայաստանի համար կարևոր տրանսպորտային երթուղուն. Սերգեյ Վալկո
Ինչպե՞ս ռուսական ցորենը Հայաստան հասցնել. ՌԴ հացահատիկային բույսերի մասնագետի բանաձևը
Ցորենը վերադարձնել ռելսերի վրա, քանի դեռ Բենդեր–Աբասը պատժամիջոցների տակ է
Բուլղարացի Գևորգը ցանկանում է «աչքերով ուտող» եվրոպացիներին ընտելացնել հայկական մրգերին