Գազի լիցքավորման կայան

Ինձ երկու կիլո գազ տվեք, բայց շատ տաք չլինի, ՀԴՄ–ն էլ չմոռանաք. լիցքավորման նոր մշակույթ

283
(Թարմացված է 14:20 07.04.2019)
Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրը փոխարինել համարժեք 0.717կգ–ով։ Այս պարագայում 1 տոննա սեղմված գազը կարժենա 34 000 դրամ` ներկայիս 1000 խմ–ը` 25 000 դրամի փոխարեն։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի— Sputnik, Նելլի Դանիելյան. Լցակայանների վերջնական ճակատագիրն ու գազի վաճառքի նոր պայմանների ներդրման հարցը վերջնական լուծում կստանան երկուշաբթի, երբ ԱԺ–ն վերջապես կքննարկի ու կքվեարկի շուրջ 2 ամիս քննարկված ու բազմաթիվ հարցեր առաջացրած օրինագիծը։

Ապրիլի 8-ին նախանշված ԱԺ արտահերթ նիստը կտա հանրային մեծ իրարանցում առաջացրած հարցի պատասխանը. գազը չափել խորանարդ մետրով, թե կշռել կիլոգրամներով։

Մինչ այդ, սակայն, հանրության շրջանում գազային կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքացիներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ չի կարողանում հասկանալ` ինչպես է, որ 2 խմ–անոց բալոնը Աշտարակի ճանապարհին գտնվող գազալցակայանում լիցքավորում են 5500 դրամով, Սևանի ճանապարհին` 4500–ով։

Գազային խառնաշփոթից գլուխ չեն հանում անգամ տնտեսագետները։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ վաճառքի նոր պայմանների հաստատումից հետո ոլորտն ավելի վերահսկելի կդառնա։

«Նախկինում այդ խորանարդ մետրերի հետ կապված տարօրինակ երևույթներ են եղել։ Երբ որ խոսում ենք վարորդների հետ (ես վարորդ չեմ), ամեն մեկը մի գնահատական էր տալիս` մի անգամ լցնելիս, այսքան են լցրել, մի ուրիշ անգամ` այնքան, բայց նույն գումարն եմ տվել։ Երբ կիլոմետրերով էին հաշվարկում, պարզվում էր, որ ավելի քիչ են քշել։ Համենայն դեպս չարաշահումների տեղիք է տվել»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով, նոր կարգի հաստատումից հետո էլ դեռ որոշ ժամանակ դժգոհություններ կլինեն, բայց մարդիկ աստիճանաբար կհամոզվեն, որ նույն կշռով լիցքավորելիս նույն տարածությունն են անցնում ու կրքերը կհանդարտվեն։

Իսկ գազալցակայանների սեփականատերերի շրջանում, Վահագն Խաչատրյանի կանխատեսմամբ, հակառակ գործընթացն է սկսվելու։ Իրենց նախկին գերշահույթներից զրկվելով վերջինները կորցրած եկամուտները հետ բերելու այլ ուղիներ են փնտրելու։

Այս մասին է վկայում նաև ապրիլի 1-ից հետո բարձրացած աղմուկը, երբ վարորդները նկատեցին, որ գազալցակայաններում ինչ–որ բան այն չէ։ Գները փոխվել են, գազի գինը մնացել է նույնը, բայց լիցքավորումն ավելի թանկ է արժենում։

Բանն այն է, որ փետրվարի 15-ի կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը, որով նախատեսվում է գազի վաճառքի չափորոշիչների փոփոխություն, հայտարարվել էր, որ ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։ Օրենքի ընդունումը նախատեսված ժամկետից ուշացավ, բայց գազալցակայանները ինչ–ինչ պատճառով հենց ապրիլի 1-ից սկսեցին աշխատել այլ` վարորդների համար անհասկանալի կանոններով։

Խնդիրը հասավ նաև վարչապետին, որը կառավարության վերջին նիստում ԱԳԼՃԿ–ների սեփականատեր օլիգարխներին զգուշացրեց` ժողովրդի ու պետության հաշվին հարստացողներ մեզ պետք չեն։

Իսկ օրինագծի ընդունումը արագացնելու համար կառավարությունն ապրիլի 8-ին որոշեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և հրատապ կարգով ընդունել Հարկային օրենսգրքի` գազի վաճառքին վերաբերող փոփոխությունը։

Ներկայում վաճառվող գազը չափվում է խորանարդ մետրերով՝ գազի կշիռը բազմապատկելով գազի խտության ցուցանիշով, որի տվյալը էլեկտրոնային համակարգ մուտքագրում են հենց գազալցակայանի աշխատակիցները։ Բացի այդ գազի խտության ցուցանիշը պայմանավորված է գազի ջերմաստիճանից։ Հետևաբար, այս կարգը, օրենքի հեղինակների համոզմամբ, չարաշահումների  ռիսկեր է պարունակում։

Դրանցից խուսափելու համար նոր օրենքով նախատեսվում է խորանարդ մետրը փոխարինել կիլոգրամներով։

Նախագծով առաջարկվում է սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրը փոխարինել համարժեք 0.717կգ–ով։ Այս պարագայում 1 տոննա սեղմված գազը կարժենա 34 000 դրամ` ներկայիս 1000 խմ–ը` 25 000 դրամի փոխարեն։

283
թեգերը:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, գազի սակագին, գազ
Ըստ թեմայի
Իսկանդարյան․ «Հայաստանը կարող է դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից»
«Նիկոլը ճիշտ էր», բայց «Всё пропало!» աղաղակում են վարորդները
Հայաստանում նավթ ու գազ չկա, բայց աշխատավարձներն ավելի բարձր են. ղազախստանցին դժգոհ է
«Գազպրոմ Արմենիան» Փաշինյանի հնչեցրած ցուցանիշներից հետո պարզաբանում է տարածել