Հայկական բեռնատարները ռուս-վրացական անցակետի բազմակիլոմետրանոց հերթում

Հայ փոխադրողների համար ի՞նչ կփոխվի. Վրաստանը ցորենի տարանցման նոր կանոններ է մտցրել

224
Թբիլիսիում պնդում են՝ Վրաստանի տարածքով հացահատիկ տարանցելու կանոնները վերաբերվում են բոլոր փոխադրողներին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. 2019 թվականի հունիսից հայ փոխադրողներն այլևս չեն կարողանա Վրաստանով հացահատիկ տարանցեն, եթե մեկ բեռնատարի քաշը գերազանցի 40 տոննան։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը։

Սկզբունքորեն Վրաստանի տարածքով հացահատիկի տարանցման հետ կապված կարգավորումները նորություն չեն։ Վրացական կողմը այս նորմերը սահմանել է դեռևս 2017 թվականի օգոստոսի 11-ին` փոփոխություններ մտցնելով «Տրանսպորտային միջոցների կոնկրետ կատեգորիաների և դրանց  եզրաչափային պարամետրերի, ինչպես նաև դրանցից յուրաքանչյուր համար թույլատրված կոնկրետ քաշի մասին» տեխնիկական կանոնակարգում։

Այդ փոփոխությունների համաձայն` երկու սռնիով բեռնատարը (քարշակ կիսակցորդով) հաշվի առնելով բուն քարշակի քաշը Վրաստանի տարածքով կարող է տեղափոխել 18  տոննա բեռ, երեք սռնիովը` 24 տոննա։ Փոփոխություններն անդրադարձել են նաև կոմբինացված տրանսպորտային միջոցներին։ Օրինակ, երկսռնանի քարշակով ու եռասռնանի կցորդով կամ եռասռնանի քարշակով և հնգասռնանի կցորդով բեռնատարը կարող է 40 տոննա հացահատիկ տեղափոխել։

Սակայն բոլոր այս կարգավորումները վրացի սահմանապահները սկսեցին կիրառել միայն այս տարվա մարտի վերջից։

«Միջադեպը տեղի ունեցավ մարտի 27-ին, մեր մեքենաները կանգնեցրել և վարորդներին տուգանել էին։ Մեր փոխադրողներին հայտնել էին, որ գերազանցել են Վրաստանի տարածքով հացահատիկ փոխադրելու թույլատրելի նորմը», – ասաց Նիկողոսյանը։

Հայաստանից մեկնող յուրաքանչյուր բեռնատարի բեռի քաշը 44 տոննա էր։ Յուրաքանչյուր ավելորդ տոննայի համար վրացական կողմը տուգանել էր փոխադրողին 50 լարիի չափով։ Հարցին, թե ինչու են տուգանքները սահմանվում առանց նախազգուշացման, Վրաստանում հայտարարել են, որ հայկական կողմն ավելի վաղ արդեն տեղեկացված է եղել այդ մասին։

Նիկողոսյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը տեղյակ չէր վրացական կողմի մտցրած փոփոխությունների մասին։ Արդյունքում Երևանն ու Թբիլիսին պայմանավորվեցին բացառություն անել հայ փոխադրողների համար։ Այդպիսով Հայաստանից մեկնող բեռների նկատմամբ կարգավորումները կսկսեն կիրառվել միայն հունիսից։ Մինչ այդ հայկական բեռնատարներից յուրաքանչյուրը կարող է 44 տոննա հացահատիկ տեղափոխել։

Միևնույն ժամանակ տրանսպորտային միջանցքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ փոփոխությունները մտցվել էին դեռևս Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի օրոք, սակայն հարցն այն է, թե որքանով էին դրանք կիրառվում։

«Նորման գործում է ոչ միայն հայկական մեքենաների համար, այլև բոլորի, և նույնիսկ հայրենականի», – ասաց Ցագարեիշվիլին։

Նա նշեց, որ նորմը փոփոխվել է նաև Եվրոպայում և 44-ից իջեցվել 40 տոննայի։ Սակայն 44 տոննա նորմը գործում է միայն կոնտեյնեռների և ոչ թե բեռնատարների համար։ Ցագարեիշվիլին նշում է, որ Հայաստանում նույն տիպի բեռնատարների համար սահմանված է ոչ թե 40, այլ 36 տոննա նորմը։  Ընդ որում՝ նա ընդգծում է, որ այդ կանոնակարգը Հայաստանում տարածվում է միայն արտասահմանյան պետհամարանիշներով բեռնատարների համար, իսկ հայկական պետհամարանիշներով բեռնատարներին թույլատրված է մինչև 44 տոննա հացահատիկ տեղափոխել։

«Եթե ավելցուկ է լինում, ապա մեր փոխադրողները 1 տոննայի դիմաց 70 դոլարի չափով տուգանք են վճարում», – ասաց Ցագարեիշվիլին։

Նրա կարծիքով` փոքր–ինչ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, քանի որ Հայաստանում մի կողմից սահմանափակում է մտցվել 36 տոննայի չափով ճանապարհների պահպանվածությունն ապահովելու համար, իսկ մյուս կողմից հայաստանյան բեռնափոխադրողներին թույլատրվում է տարանցում իրականացնել այս նորմից ավելի քաշով։ Փորձագետն ընդգծեց, որ այս իրավիճակը դժգոհություն է առաջացնում փոխադրողների շրջանում։

Հիշեցնենք, որ Վրաստանը երեք անգամ տեղափոխել էր ցորեն և եգիպտացորեն տեղափոխելու արգելքի ժամկետը։ Առաջին անգամ այն պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, հետո` հունվարի 1-ին։ Արդյունքում վրացի ներկրողների քառօրյա բողոքից հետո կառավարությունը քննարկումը հետաձգեց մինչև 2019թ-ի հոկտեմբերի 1։

224
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցք. ի՞նչ է պետք Երևանին նախագծին մասնակցելու համար
Ի՞նչ կտա Հայաստանին Սև ծով–Կասպից ծով տարանցիկ միջանցքը
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ
Թբիլիսիում Երևան բեռներ տեղափոխելու նոր շնչերակ են գտել. Անակլիան Փոթիից գրավի՞չ կդառնա
Հաճախորդ

Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ

282
(Թարմացված է 23:20 11.07.2020)
Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով։ Սննդի գները գուցեև չաճեն, բայց ընկերությունները կարող են կրճատել ծախսերը, այդ թվում՝ աշխատողների հաշվին։

Հուլիսից Հայաստանում գազը թանկանում է: Ճիշտ է, միայն բիզնեսի համար, բայց այսպես թե այնպես բիզնեսն իր ապրանքը մեզ է վաճառում, այսինքն՝ գազի թանկացումը մեզ վրա էլ «կնստի»։ Կամ էլ գին չբարձրացնելու համար բիզնեսը կսկսի գումար տնտեսել. գուցե շահույթից, գուցեև աշխատողների աշխատավարձերից։

Ձեռնարկությունների համար գազը կթանկանա 5-6%–ով (մանրամասն` այստեղ)։ Եվ եթե պանիրը կամ հավն այսօր նույնիսկ 30-50 դրամով թանկանան, գնորդները դա ավելի սուր կզգան, քան նախկինում։ Չէ՞ որ հիմա շատերը կամ անգործ են մնացել, կամ էլ նախկինից քիչ են աշխատում (օրինակ` ռեստորաններում)։

Արտադրողներին էլ գները բարձրացնելը հեշտ չէ։ Մրցակցությունը հիմա ավելի սուր է, քան հեղափոխությունից առաջ, ուստի բիզնեսի շահութները նվազել են։

«Եթե ինչ–որ մեկը փորձի բարձրացնել գինը, անմիջապես շուկայից դուրս կմնա։ Խիստ մրցակցություն է գնում գնորդի համար, հատկապես այսօր։ Դա վերաբերում է և՛ պանրին, և՛ կաթին, և՛ կաթնամթերքին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Տարբեր մթերքի դեպքում տարբեր է, բայց միջինում գազը մեր կաթնամթերքի ինքնարժեքում ոչ պակաս, քան 5% է։ Իսկ կաթի կամ թթվասերի գինը նույնիսկ 10 դրամով բարձրացնելը բիզնեսի համար մեծ ռիսկ կլինի։

Ճիշտ է, ռիսկեր կան նաև գյուղացիների համար. գործարանները կարող են փորձել խնդիրը լուծել գյուղացու հաշվին և կաթը ավելի էժան մթերել: Մանավանդ որ կաթն այս տարի պիտի ավելի թանկ վաճառվեր, քանի որ դրա ծավալները համեմատաբար մեծ չէին։

Հացը շա՞տ կթանկանա

«Մանանա Գրեյն» ալյուր արտադրող ձեռնարկության (հանրապետության 2 խոշոր ընկերություններից մեկը) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը կարծում է, որ գազի գինը ալյուրի վրա չի անդրադառնա, բայց հացը հաստատ կթանկանա։

«Ալրաղացները հիմնականում հոսանքով են աշխատում, իսկ հացի գործարանի վառարանները՝ գրեթե ամբողջությամբ գազով, այնպես որ թանկացման վտանգ այնտեղ կա», – նշեց Նիկողոսյանը։

Հացի գործարանի ներկայացուցիչներն անհասանելի էին զրույցի համար, այդ պատճառով մենք փորձեցինք մոտավոր հաշվարկ ստանալ պետական ստանդարտների հիման վրա (մեր ձեռքի տակ ռուսական ГОСТ-երն էին, սակայն հետխորհրդային պետություններում դրանք գրեթե նույնական են)։

Ըստ այդ ГОСТ-երի` կաղապարային հացի (այսինքն` հացի բոքոնի) մեկ տոննայի համար մոտ 600 հազար կիլոկալորիա ջերմություն է հարկավոր, այսինքն` մոտ 75 խմ գազ։ Թանկացումները հաշվի առնելով՝ այդ 75 խմ–ն կթանկանա 1 դոլար ու մի քիչ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ մեկ «բուխանկան» Հայաստանում 400 գրամից շատ հազվադեպ է լինում, ապա այն կարող է թանկանալ առավելագույնը 1-2 դրամով:

Նոր գլխացավանք՝ թռչնաբույծների համար

Եթե խոսենք հավի մսի և ձվի մասին, թռչնաբույծներն առանց գազի էլ գլխացավանք ունեին: Դեռ մարտին կառավարության ներկայացուցիչները կոչ արեցին նրանց մթերքի պահուստ հավաքել և պահպանել, որ արտակարգ դրության պատճառով երկիրը սննդի պակաս չզգա: «Սակայն վերջին ամիսներին սկսել են Հայաստան ներմուծել էժան հավի միս, ընդ որում՝ ոչ միշտ է, որ այն բավարարում է սանիտարական պայմաններին»,– նշում է հանրապետության թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Այդ պատճառով թռչնաբույծները չեն կարողանում իրացնել իրենց պահուստները, այդ պատճառով և՛ ձվի, և՛ հավի միսն էժանացնում են: Բայց անգամ դրանով հանդերձ վաճառելը հեշտ չէ: Նվազել է նույնիսկ ձվի սպառումը, թեև սովորաբար լինում է ճիշտ հակառակը՝ երբ մարդկանց ձեռքին չկա գումար, նրանք ավելի շատ ձու են գնում (քանի որ ձուն կալորիաներով գրեթե հավասար է մսին, բայց կրկնակի էժան է):

«Սակայն նույնիսկ այդքանից հետո ձու սկսել են քիչ գնել: Կոտրած ձվերն էլ, որ վաճառում էինք հրուշակեղենի և այլ արտադրամասերին, այսօր ավելի քիչ են սպառվում: Պարզ է՝ ինչու. մարդիկ ավելի քիչ են մթերք գնում», –նշեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` այդ պատճառով թռչնաբուծարաններում արդեն կրճատումներ են սկսվել, ինչը խիստ մտահոգիչ է: Այս ձեռնարկություններում մոտ 2800 մարդ է աշխատում, և Հայաստանի համար դա այդքան էլ քիչ չէ:

«Այս ամենի պատճառով գործարաններում նույնիսկ «մի սանտիմետր» ազատ տեղ չկա`շահույթը նվազեցնելու և գները պահպանելու համար», –հավելեց Ստեփանյանը:

Գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից: Սննդամթերքի գները գուցեև չաճեն. գնորդներն այսօր ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես ի վիճակի չեն նույնիսկ 1-2% ավել վճարել: Այնպես որ արտադրողները ստիպված կլինեն տնտեսել. գուցե սեփական շահույթի հաշվին, գուցեև աշխատակիցների կրճատման:

282
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը
«Հայուհին ծիրան չսիրի՞, ոնց կարող է». կամ ինչպես խոպանչիները գործ գտան Արմավիրում
Նորակառույց շենք

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

984
(Թարմացված է 10:08 11.07.2020)
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

Ի՞նչ է տեղի ունեցել

2020թ․-ի հուլիսի 1-ից անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճարը մուծելու համար։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։ Ավելի մանրամասն՝ մեր ինֆոգրաֆիկայում։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը
© Sputnik / Shushanik Sargsyan
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Իսկ ժողովրդագրությո՞ւնը

Քանի որ առաջնահերթ խնդիրների շարքում է վերջին տարիներին շարունակաբար կրճատվող բնակչության թվաքանակի աճը, ապա հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, բայց իրավիճակի արմատական բարեփոխման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Եվ միայն հիփոթեքի մասնակի ֆինանսավորումը բավարար չէ։

«Ժողովրդագրության և արտագաղթի խնդիրների արմատական լուծումը կախված է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բնույթի բազմաթիվ գործոններից: Կյանքի բոլոր ոլորտներն այսպես թե այնպես իրենց հետքն են թողնում ժողովրդագրության վրա», - ասում է նա և ավելացնում` Հայաստանում, սակայն, իրավիճակը միայն վատթարանում է բոլոր նշված չափորոշիչներով։ Եվ լավացման միտում առայժմ չի նկատվում։

Նրա խոսքով` որոշ երիտասարդ ընտանիքների ֆինանսական դրությունը կլավանա։ Սակայն գլոբալ առումով աջակցության այս միջոցառումները չեն կարողանա փոխել իրավիճակը։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև կորոնավիրուսը։ «Համավարակն ավելի է խտացրել անորոշությունը»,– ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսն ազդելու ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության և այլնի վիճակագրության վրա։ Առավել տրամաբանական է ենթադրել, որ ազդեցությունը բացասական կլինի։

«Ժողովրդագրությունն այն ոլորտն է, որին հատուկ է իներցիոն ընթացքը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն, որն այսպես թե այնպես վերաբերում է ժողովրդագրությանը, արդյունք է տալիս միայն մի քանի տարի անց։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև բացասական գործընթացներին։ Այսինքն՝ այսօրվա միջոցառումների արդյունքը մենք կկարողանանք գնահատել միայն մի քանի տարի անց»,-ավելացրեց նա։

Տարբեր ժամանակներում ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները խոստանում են լավացնել ժողովրդագրությունը։ Դա միշտ էլ եղել է հայաստանյան առաջնորդների ծրագրերի առանցքային կետերից մեկը։ Այսպես, դեռևս 2017թ․-ի մայիսին, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր 2040 թ․-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին։

Իսկ անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2050թ․-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին։

Իսկ փաստացի հիմա (2019թ․-ի վերջին տվյալներով՝ խմբ․) ՀՀ բնակիչների թիվը 2 միլիոն 965 հազար է։

Մինչ այդ հիփոթեքի շուկայում․․․

Պետությունը փորձում է հիփոթեքային ծրագրերում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել։ Ամենապահանջված ծրագրերից է դարձել նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

Հիմա պետությունը հիփոթեքային գծով ավելի ու ավելի շատ եկամտահարկ է վերադարձնում։ Այսպես՝ 2015թ․-ին, երբ ծրագիրը սկսեց գործել, դրան մասնակցեց 571 մարդ, որոնք բոլորը միասին տարեկան մոտ 274 միլիոն դրամ էին ստանում։

Շահառուների թիվը
© Sputnik / Shushanik Sargsyan
Շահառուների թիվը

Հետագա տարիներին վարկառուներն ավելացան, և զուգահեռ ավելացան նաև վերադարձվող գումարները։ 2020թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով` ծրագրին արդեն 8 266 մարդ է մասնակցում, որոնց վերադարձրել են մոտ 2 միլիարդ 797 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ թե ամբողջ տարվա, այլ միայն առաջին եռամսյակի համար։

Ստացվում է, որ նախկինում ամսական մոտ 40 հազար դրամ էր վերադարձվում յուրաքանչյուր վարկառուին, իսկ հիմա` 112 հազար դրամ։

Եկեք հասկանանք` եթե մարդը ամսական 110-112 հազար դրամ վերադարձ է ստանում հիփոթեքի համար, ապա նա որքան աշխատավարձ է ստանում և ինչպիսի բնակարան է գնել, կամ ավելի ճիշտ՝ բանկը ինչպիսի բնակարան է թույլ տվել, որ նա գնի։

Ամենակոպիտ և ոչ ճշգրիտ հաշվարկով, վերականգնելով մյուս բոլոր փոփոխականները, կարելի է հաշվել, որ նա վճարում է ամսական միջինում 200-250 հազար դրամ (հաշվի առնելով մայր գումարը)։

Այդ դեպքում՝ որքա՞ն ամսական աշխատավարձ է նա ստանում։ Ըստ հանրամատչելի ֆինանսական կայքերի՝ բանկերը սովորաբար հիփոթեք են տրամադրում այն հաշվարկով, որ վճարումները չգերազանցեն ամսական եկամտի 30 տոկոսը։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, մրցակցության աճին զուգահեռ բանկերը կարող են այդ ցուցանիշը հասցնել մինչև 40-45 տոկոսի։ Բայց այսպես թե այնպես նման հիփոթեք ստացող մարդը պետք է ամսական ոչ պակաս, քան 400 հազար դրամ աշխատավարձ ստանա։

Ճիշտ է, ոլորտի մասնագետները նկատում են, որ համակարգը, ընդհակառակը, «զանգվածայնանում է»։ Եթե նախկինում դրանից օգտվում էին միայն ապահովված քաղաքացիները (պայմանական «մենեջերների խավը»), ապա այժմ՝ անգամ 200-250 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացիները։

Մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել և օգնել իրենց հարազատներին։ Վարկառուներին սկսում են աջակցել նրանց քույրերը, եղբայրներն ու հայրերը, որպեսզի հնարավորինս շատ կարողանան օգտվել եկամտահարկի վերադարձից։

Ամեն դեպքում այս գնահատականները խիստ մոտավոր են, քանի որ հիփոթեքային շուկան ծայրահեղ անհամասեռ է։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, այլ գնահատական է տալիս․ այս վարկային սխեմայով սկսել են չափազանց շատ թանկ բնակարաններ գնել։

Այդ պատճառով եկամտահարկի վերադարձը Կենտրոն և Արաբկիր շրջանների համար (որտեղ ամենաթանկ բնակարաններն են) պետք է չեղարկել։ Այդ մասին վերջերս արդեն ասել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նկատելով, որ հարկային արտոնությունները պետք է լինեն առավելագույն նպատակային և բացառապես նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։

Մարզերում բնակարան գնելու հիփոթեքային աջակցությունն, իհարկե, լուծում է այդ խնդիրը․ դրանք թանկարժեք չեն լինի, կլինեն միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Իհարկե, ինչպես ցանկացած այլ բարեփոխում, կառավարության այս որոշումները ևս դեռ պետք է փորձարկել, կիրառել գործնականում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դրանց արդյունավետությունը։

984
թեգերը:
Ռուբեն Եգանյան, Սուրեն Պարսյան, բնակարան, տուն, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
Վանա լիճ, Ախթամար եկեղեցի

Կողոպուտը նրանց ԴՆԹ-ի մեջ է․ ինչպես են թուրքերը փնտրում «հանկարծ անհետացած հայերի» գանձերը

0
(Թարմացված է 22:13 12.07.2020)
Թուրքիայում «ոսկու տենդը» չի հանդարտվում, և ամեն տարի ավելի ու ավելի շատ թուրքեր ու քրդեր են կողոպտում հայերի տները, եկեղեցիները, գերեզմանատներն ու հուշարձանները՝ գանձեր գտնելու հույսով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիները չեն ճանաչում Ցեղասպանությունը, բայց չգիտես՝ ինչու հավատում են, որ Վանից, Մուշից, Բիթլիսից, Էրզրումից, Դիարբեքիրից, Ուրֆայից, Այնթափից, Ադանայից, Կարսից և մյուս շրջաններից անհետացած հայերն իրենց տներում և բակերում ոսկի են կուտակել։

Հայկական ծագումով կանադացի պատմաբան Րաֆֆի Բեդրոսյանը հայ-ամերիկյան The Armenian Mirror Spectator պարբերականում գրում է Թուրքիայի ծայրահեղականների մասին, որոնք շարունակում են ջարդուփշուր անել հայերի տները՝ գանձեր գտնելու հույսով։

Ըստ Բեդրոսյանի՝ Google որոնման համակարգը «գանձերի որոնում հայկական տներում» թեմայով ավելի քան 800 հազար հղում է առաջարկում՝ թուրքերենով։Եթե ապագա «որսորդն» իր որոնումներում ավելի ճշգրիտ գտնվի և փնտրի, օրինակ, «գանձեր հայկական եկեղեցիներում», ապա կգտնի այդպիսի 700 հազար հղում, իսկ «ի՞նչ փնտրել հայերի տներում գանձեր որոնելիս» հարցի դեպքում՝ որոնման համակարգը 400 հազար հղում է ցույց տալիս։

YouTube-ում հարյուրավոր վիդեոդասընթացներ կան, որոնք ցուցադրում են, թե որտեղ և ինչպես է պետք գանձեր փնտրել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական տներում և եկեղեցիներում։ Նմանատիպ դասընթացներ կան նաև հայկական խորհրդանշանների, բառերի և տառերի նշանակության մասին, որոնք կարող են հայերի թաքնված գանձերը գտնելու բանալի դառնալ։

Յուրաքանչյուր նմանատիպ տեսանյութ մի քանի տասնյակ հազար դիտում ունի, իսկ այսպես կոչված՝ «դասավանդողները» կամ «փորձագետները» թուրքական թոք-շոուներում պահանջված հյուրերն են։ Ի դեպ, նրանց ծառայություններն անվճար չեն․ այս «մասնագետները» վաճառում են հայկական նշանների մասին իրենց «գիտելիքները» և անգամ նկարներ են ստեղծում, որոնցում, իբր, ցույց են տալիս, թե որտեղ են թաղված հայերի գանձերը։

Եվ ուրեմն, ինչո՞ւ են 20-րդ դարի սկզբին Թուրքիայից «հրաշքով անհետացած» հայերն այդքան ոսկի թողել։ Թուրք «փորձագետների» պատասխանը հնչում է մոտավորապես այսպես՝ հայերը «ինքնակամ որոշել են» լքել իրենց տները՝ վերադառնալու հույսով, այդ պատճառով էլ գանձերը թաղել են բակում, պատերի մեջ և այլն։ Ընդ որում՝ այս պնդումը այնպիսի վստահությամբ է տարածվում, ասես՝ խոսքը բացարձակ ճշմարտության մասին է, եղանակի տեսության կամ սպասվող ընտրությունների։

«Հայկական գանձերի պրոֆեսիոնալ որսորդները խորհուրդ են տալիս մետաղաորոնման սարքեր ունենալ՝ աղյուսե կամ բետոնե պատի մեջ թաքցրած ոսկե կամ արծաթե դրամները հայտնաբերելու համար։ Նրանք նաև խորհուրդ են տալիս ուշադիր հետևել Թուրքիա այցելող սփյուռքահայերին»։

«ՁԵզ կարող է թվալ, թե նրանք սովորական զբոսաշրջիկներ են, սակայն իրականում եկել են իրենց նախնիների թողած գանձերը տանելու։ Մենք խորհուրդ ենք տալիս հայերի հանդիպելիս մեզ մոտ բերել, այդպիսով մենք կարող ենք համաձայնություն կնքել՝ հայտնաբերված գանձերը կիսելու մասին»,- այս անհեթեթությունը թուրքական շոուների ժամանակ իմաստուն դեմքով կրկնում են կեղծ հնագետները։

Բեդրոսյանը գրում է, որ ժամանակին գանձերը գտնելու հարցում օգնության ակնկալիքով մի քանի թուրք դիմել էին անգամ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին։

«Իսկական գանձերը հողի տակ թաղված չեն, իսկական գանձերն այդ մարդիկ էին ստեղծում իրենց աշխատանքով»,-այն ժամանակ նրանց ասել էր Դինքը։ Սակայն հեշտ ավարի ու հարստանալու մտքից արբած՝ թուրքերն, իհարկե, չլսեցին նրան։

«Նա չարիք է». հայազգի հաղորդավարը կկանգնի դատարանի առջև Էրդողանին «վիրավորելու» համար

Թուրքական պետությունը պաշտոնապես չի ողջունում այս գործողությունները, բայց, ակնհայտորեն, նաև չի խոչընդոտում դրանց, քանի որ հայկական տներում գանձերի որոնումների մասին բաց և ազատորեն քննարկվում է տպագիր ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում և թոք-շոուներում։

Փաստացի, երբ կառավարությունը որոշեց քանդել Մուշի մոտ 500 հայկական տները՝ նոր բնակելի թաղամաս կառուցելու համար, տների սեփականատերերին թույլատրվեց ինքնուրույն քանդել դրանք, ինչպես նաև ներգրավել հետաքրքրված մարդկանց՝ գանձերը գտնելու համար։

Տեղական ինքնակառավարման մարմինների լռելյայն համաձայնությամբ թույլատրվում է պեղումներ կատարել լքված հայկական տներում, եկեղեցիներում և գերեզմանատներում, ընդ որում՝ ոչ միայն ձեռքով, այլ նաև խոշոր շինարարական տեխնիկայի գործադրմամբ, անգամ դինամիտ օգտագործելով։

Բեդրոսյանն համոզմամբ՝ թալանը (այդ բառը հայերենում և թուրքերենում նույն իմաստն ունի) թուրքերի ԴՆԹ-ի մեջ է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հեղինակի կարծիքով՝ սկզբում՝ Միջնադարում, թուրքերը գրավում էին ուրիշների տարածքները, այնուհետև Օսմանյան կայսրության ոչ մահմեդական բնակչությանը՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին մշտական սարսափի մեջ էին պահում, հետո կատարեցին մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ ոչնչացնելով 1,5 միլիոն հայի, գրավելով նրանց տներն ու հուշարձանները, և անգամ հիմա՝ 21-րդ դարում, շարունակում են ապրել գողի հոգեբանությամբ։

0
թեգերը:
Հուշարձան, Եկեղեցի, գերեզման, շինարարություն, Ոսկի, հայ, Թուրք
թեմա:
Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Թուրքիայի իշխանությունները մտադիր են «փակել» Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարները
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Թուրքիայում ավերում են հայկական կոթողները, իսկ ի՞նչ է անում թուրքական իշխանությունը
«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին