ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում ստվերը 25 տոկոս է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) գնահատմամբ` Հայաստանում մինչև 50-60 տոկոս ստվեր կա։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահից փորձեցին ճշտել` ինչու են վարչապետի ու ՊԵԿ–ի տվյալներն այդքան տարբեր։
«Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի ցուցանիշը։ Բնավ այնպես չէ, որ այդ հնչեցրած գնահատականն իրականությանը համապատասխանում է, բայց այդ մեթոդաբանությանը մենք դեռ պետք է մեր մոտեցումներն ասենք»,– ասաց Անանյանը։
ՊԵԿ նախագահը շեշտեց, որ Հայաստանի վիճակագրական ծառայության հրապարակած 25 տոկոսը վերաբերում է «չհաշվառվող տնտեսության» ցուցանիշին, մինչդեռ «չհաշվառվող տնտեսությունն» ու «ստվերային տնտեսությունը» տարբեր մեթոդաբանությամբ են հաշվարկվում։
«Դրանք մեթոդաբանական խնդիրներ են, որոնց դեպքում 25 և 50 տոկոսը կարող են համադրելի ցուցանիշներ չլինել»,- ասաց Անանյանը։
Նա նաև հիշեցրեց, որ Հայաստանում այսօր աշխատանքներ են տարվում ստվերի հաշվառման էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ։ Բայց այդ ծրագիրը ռեալ արդյունքներ կտա միայն 1-1.5 տարի հետո։
Թե որքան ստվեր կա այսօր Հայաստանում, Անանյանի խոսքով , ՊԵԿ–ը գիտի միայն դատողույունների մակարդակով։ Այս պատճառաբանությամբ Անանյանը չցանկացավ հրապարակել իրենց ունեցած թվերը։ Այդուհանդերձ հայտնեց, որ ամենաստվերաին ոլորտը Հայաստանում մանրածախ վաճառքի ոլորտն է, մինչդեռ խոշոր սուպերմարկետներում այն անհամեմատ ավելի փոքր է: