Նիկոլ Փաշինյան

Նախարարությունները կրճատման տեղ էլի ունեն. Նիկոլ Փաշինյան

121
ՀՀ վարչապետը խոսեց օպտիմալացումների մասին և բացատրեց, թե գյուղատնտեսության նախարարությունն ինչու է էկոնոմիկայի նախարարության կազմում ներառել։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Պետական համակարգը կրճատման ավելի մեծ տեղ ունի, քան առաջարկել է կառավարությունը կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծով:

Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առաջարկվող օպտիմալացմանը և, մասնավորապես` գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ներառելու առաջարկին:

«Եթե գյուղատնտեսական արտադրությունն ուղղված չլինի արտահանմանը, մենք գյուղատնտեսության ոլորտում զարգացում չենք կարող ունենալ»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ արտահանման քաղաքականության մշակմամբ թե այսօր, և թե առաջիկայում զբաղվելու է էկոնոմիկայի նախարարությունը:

«Եվ մենք կարծում ենք, որ պետք է լինի էկոնոմիկայի մեկ ընդհանուր նախարարություն, որի հիմնական քաղաքական առաքելությունը նաև արտահանմանը միտված գյուղատնտեսության հնարավորություններն ու մեխանիզմները մեծացնելն է»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի այլ ծրագրերին, դրանք, Փաշինյանի դիտարկմամբ, ավելի շատ ֆինանսական հատվածի` բանկերի գործառույթների ոլորտում են, որտեղ կառավարությունը գրեթե մասնակցություն չունի:

«Այս ճանապարհով, որ գնանք, բոլոր նախարարություններն էլ կարևոր են, իսկ ով է ասել, որ կա անկարևոր նախարարություն: Բայց որ ինձ հարցնեք, նախարարությունների և առընթեր մարմինների թիվն ավելի քիչ կլինի: Ես ամեն օր տեսնում եմ, որ կրճատելու անհրաժեշտությունը կա, որպեսզի պետական կառավարման համակարգը լինի ավելի մոբիլ»,- ասաց նա:

Ներկայիս ուռճացված համակարգում, վարչապետի դիտարկմամբ, հանձնարարականները գնում, միջանցքներում կորում են, ու մինչև ինքը չի հիշեցնում, դրանց մասին ոչ ոք չի հիշում:

121
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (709)
Ըստ թեմայի
«Կապրենք, կտեսնենք». Գաբրիել Ղազարյանը` նախարարության օպտիմալացման մասին
Քանի աշխատակից կմնա անգործ Տնտեսական զարգացման նախարարության օպտիմալացման արդյունքում
10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին