Տաքսի

Կառավարությունը նոր համաներում է ծրագրում. տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ–տուգանքներից

449
Կառավարությունն առաջարկում է ներել տաքսիստների կուտակած ավելի քան 200 մլն դրամի տուգանքներն ու տույժերը։ Սոցիալական խնդիր լուծող այս բարի նախաձեռնությունը տնտեսագետի համոզմամբ, կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ներել առանց լիցենզավորման տաքսի ծառայություններ մատուցած վարորդների տույժերն ու տուգանքները։

Իրավական նախաձեռնությունն արդեն հրապարակված է e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներել 2016-2018 թթ–ին կայացված 3623 վարչական ակտերի համար նշանակված ու մինչ օրս չվճարված տուգանքները։

Ընդ որում, նախագծի հեղինակները նշում են, որ այդ վճարումները չեն կատարվել «սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններով պայմանավորված»:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ առաջարկվող նախագիծն իրականում  երկու կողմ ունի` սոցիալական և իրավական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետը չհերքեց, որ կառավարության նախաձեռնությունը լուրջ սոցիալական ազդեցություն կունենա այդ սոցիալական խավի համար։

«Տուգանքների արժանացած անձինք այն վարորդներն են, որոնք այդ աշխատանքով փորձել են լուծել իրենց ընտանիքների օրվա հացի խնդիրը։ Այդ մարդիկ, փաստորեն, շատ հաճախ ստիպված են եղել առանց լիցենզիայի տաքսի վարելով կամ օրենք խախտելով, սեփական ընտանիքը պահել`չունենալով այլ հնարավորություն»,– ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ, սակայն, համաներման որոշումը կարող է անարդար համարվել այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին պարտաճանաչ կերպով կատարել են իրենց քաղաքացիական պարտավորությունները։

«Այդ մարդիկ, գուցե, ժամանակին նույն սոցիալական վիճակում գտնվելով, իրենց վաստակի մի մասն այդ մուծումներին են ուղղել»,– ասաց տնտեսագետը։

Սոցիալականից զատ, հարցը նաև իրավական ենթատեքստ ունի։ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, պարբերաբար համաներումներ կիրառելով կառավարությունը հանրության մեջ ոչ այնքան դրական սպասումներ է ձևավորում։

«Տուգանքները նաև կանխարգելիչ նշանակություն ունեն։ Եթե համաներման ինստիտուտը կիրառվի առանց խորքային գնահատման, ապա դա կարող է հանգեցնել կանխարգելիչ ազդեցության նվազման։ Մարդկանց մոտ կառաջանան սպասումներ, որ նման համաներումներ էլի են լինելու, ու արդեն օրենքի պահանջը դառնում է երկրորդական»,– ասաց Ավետիսյանը։

Բացի այդ վարչական իրավախախտումների նկատմամբ համաներում հայտարարելով պետությունը քաղաքացիներին բյուջեի որոշակի եկամուտ է զիջում, ինչը, տնտեսագետի համոզմամբ, նշանակում է, որ պետությունը չպիտի բավարարվի միայն դրվագային լուծմամբ, այլ դրանից հետո նաև համակարգային լուծումներ մշակի։ Օրինակ` վերանայի տաքսիների լիցենզավորման գործող կարգն ու վճարումները, եթե գտնում է, որ դրանք սոցիալական խնդիրներ են առաջացնում։

Պաշտոնական տվյալներով 2016-18թթ–ին առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար կայացվել է  5078 վարչական ակտ, որից 2455-ը վճարվել է, 3623–ը` չեն վճարվել։

Հիշեցնենք, 2015 թվականին ընդունված լիցենզավորման կարգով տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված ամսական տուրքը Երևանում 12 հազար դրամ է, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում` 8000, 700 գյուղական համայնքներում՝ 5000, 183 սահմանամերձ բնակավայրերում`  4000 դրամ:

Այս կարգի ընդունումից հետո պաշտոնական տվյալներով լիցենզավորվել էր 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը` տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով:

449
թեգերը:
ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Երևանում վարորդները բողոքի ցույց են կազմակերպել. ի՞նչն է պատճառը
Երբ կինը տղամարդուց ուժեղ է․ 5 հայուհիներ, որոնք տղամարդու մասնագիտություն են ընտրել
Երբ ապագա երեխայի ճակատագիրը վճռում է տաքսիստը. սելեկտիվ աբորտները Հայաստանում պակասել են
Այ քեզ բան. մետրոն դառնում է «խելացի», իսկ տաքսու վարորդը նոր աշխատանք պիտի փնտրի
Սամի Նասերին վերհիշել է հայկական հյուրընկալությունը. տեսանյութ
Նորակառույց շենք

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

202
(Թարմացված է 23:23 10.07.2020)
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

Ի՞նչ է տեղի ունեցել

Այսուհետ՝ 2020թ․-ի հուլիսի 1-ից, երեխայի ծննդի դեպքում ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճար մուծելու նպատակով։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։ Ավելի մանրամասն՝ մեր ինֆոգրաֆիկայում։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը
© Sputnik / Shushanik Sargsyan
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Իսկ ժողովրդագրությո՞ւնը

Քանի որ առաջնահերթ խնդիրների շարքում է վերջին տարիներին շարունակաբար կրճատվող բնակչության թվաքանակի աճը, ապա հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, բայց իրավիճակի արմատական բարեփոխման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Եվ միայն հիփոթեքի մասնակի ֆինանսավորումը բավարար չէ։

«Ժողովրդագրության և արտագաղթի խնդիրների արմատական լուծումը կախված է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բնույթի բազմաթիվ գործոններից: Կյանքի բոլոր ոլորտներն այսպես թե այնպես իրենց հետքն են թողնում ժողովրդագրության վրա», - ասում է նա և ավելացնում` Հայաստանում, սակայն, իրավիճակը միայն վատթարանում է բոլոր նշված չափորոշիչներով։ Եվ լավացման միտում առայժմ չի նկատվում։

Նրա խոսքով` որոշ երիտասարդ ընտանիքների ֆինանսական դրությունը կլավանա։ Սակայն գլոբալ առումով աջակցության այս միջոցառումները չեն կարողանա փոխել իրավիճակը։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև կորոնավիրուսը։ «Համավարակն ավելի է խտացրել անորոշությունը»,– ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսն ազդելու ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության և այլնի վիճակագրության վրա։ Առավել տրամաբանական է ենթադրել, որ ազդեցությունը բացասական կլինի։

«Ժողովրդագրությունն այն ոլորտն է, որին հատուկ է իներցիոն ընթացքը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն, որն այսպես թե այնպես վերաբերում է ժողովրդագրությանը, արդյունք է տալիս միայն մի քանի տարի անց։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև բացասական գործընթացներին։ Այսինքն՝ այսօրվա միջոցառումների արդյունքը մենք կկարողանանք գնահատել միայն մի քանի տարի անց»,-ավելացրեց նա։

Տարբեր ժամանակներում ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները խոստանում են լավացնել ժողովրդագրությունը։ Դա միշտ էլ եղել է հայաստանյան առաջնորդների ծրագրերի առանցքային կետերից մեկը։ Այսպես, դեռևս 2017թ․-ի մայիսին, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր 2040 թ․-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին։

Իսկ անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2050թ․-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին։

Իսկ փաստացի հիմա (2019թ․-ի վերջին տվյալներով՝ խմբ․) ՀՀ բնակիչների թիվը 2 միլիոն 965 հազար է։

Մինչ այդ հիփոթեքի շուկայում․․․

Պետությունը փորձում է հիփոթեքային ծրագրերում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել։ Ամենապահանջված ծրագրերից է դարձել նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

Հիմա պետությունը հիփոթեքային գծով ավելի ու ավելի շատ եկամտահարկ է վերադարձնում։ Այսպես՝ 2015թ․-ին, երբ ծրագիրը սկսեց գործել, դրան մասնակցեց 571 մարդ, որոնք բոլորը միասին տարեկան մոտ 274 միլիոն դրամ էին ստանում։

Շահառուների թիվը
© Sputnik / Shushanik Sargsyan
Շահառուների թիվը

Հետագա տարիներին վարկառուներն ավելացան, և զուգահեռ ավելացան նաև վերադարձվող գումարները։ 2020թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով` ծրագրին արդեն 8 266 մարդ է մասնակցում, որոնց վերադարձրել են մոտ 2 միլիարդ 797 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ թե ամբողջ տարվա, այլ միայն առաջին եռամսյակի համար։

Ստացվում է, որ նախկինում ամսական մոտ 40 հազար դրամ էր վերադարձվում յուրաքանչյուր վարկառուին, իսկ հիմա` 112 հազար դրամ։

Եկեք հասկանանք` եթե մարդը ամսական 110-112 հազար դրամ վերադարձ է ստանում հիփոթեքի համար, ապա նա որքան աշխատավարձ է ստանում և ինչպիսի բնակարան է գնել, կամ ավելի ճիշտ՝ բանկը ինչպիսի բնակարան է թույլ տվել, որ նա գնի։

Ամենակոպիտ և ոչ ճշգրիտ հաշվարկով, վերականգնելով մյուս բոլոր փոփոխականները, կարելի է հաշվել, որ նա վճարում է ամսական միջինում 200-250 հազար դրամ (հաշվի առնելով մայր գումարը)։

Այդ դեպքում՝ որքա՞ն ամսական աշխատավարձ է նա ստանում։ Ըստ հանրամատչելի ֆինանսական կայքերի՝ բանկերը սովորաբար հիփոթեք են տրամադրում այն հաշվարկով, որ վճարումները չգերազանցեն ամսական եկամտի 30 տոկոսը։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, մրցակցության աճին զուգահեռ բանկերը կարող են այդ ցուցանիշը հասցնել մինչև 40-45 տոկոսի։ Բայց այսպես թե այնպես նման հիփոթեք ստացող մարդը պետք է ամսական ոչ պակաս, քան 400 հազար դրամ աշխատավարձ ստանա։

Ճիշտ է, ոլորտի մասնագետները նկատում են, որ համակարգը, ընդհակառակը, «զանգվածայնանում է»։ Եթե նախկինում դրանից օգտվում էին միայն ապահովված քաղաքացիները (պայմանական «մենեջերների խավը»), ապա այժմ՝ անգամ 200-250 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացիները։

Մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել և օգնել իրենց հարազատներին։ Վարկառուներին սկսում են աջակցել նրանց քույրերը, եղբայրներն ու հայրերը, որպեսզի հնարավորինս շատ կարողանան օգտվել եկամտահարկի վերադարձից։

Ամեն դեպքում այս գնահատականները խիստ մոտավոր են, քանի որ հիփոթեքային շուկան ծայրահեղ անհամասեռ է։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, այլ գնահատական է տալիս․ այս վարկային սխեմայով սկսել են չափազանց շատ թանկ բնակարաններ գնել։

Այդ պատճառով եկամտահարկի վերադարձը Կենտրոն և Արաբկիր շրջանների համար (որտեղ ամենաթանկ բնակարաններն են) պետք է չեղարկել։ Այդ մասին վերջերս արդեն ասել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նկատելով, որ հարկային արտոնությունները պետք է լինեն առավելագույն նպատակային և բացառապես նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։

Մարզերում բնակարան գնելու հիփոթեքային աջակցությունն, իհարկե, լուծում է այդ խնդիրը․ դրանք թանկարժեք չեն լինի, կլինեն միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Իհարկե, ինչպես ցանկացած այլ բարեփոխում, կառավարության այս որոշումները ևս դեռ պետք է փորձարկել, կիրառել գործնականում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դրանց արդյունավետությունը։

202
թեգերը:
Ռուբեն Եգանյան, Սուրեն Պարսյան, բնակարան, տուն, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
Beeline

ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար

49
(Թարմացված է 17:02 10.07.2020)
Հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում հավանության արժանացրեց «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հունիսի 8-ի գրությունը, որով վերջինը խնդրել էր համաձայնություն տալ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցելու առաջարկին:

Հանձնաժողովն իր համաձայնությունը հիմնավորեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի և հուլիսի 9-ի գրություններով, որոնց համաձայն՝ նախարարությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չունի:

Նույն որոշմամբ ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն տվեց «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը նորաստեղծ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

Ընդ որում, հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

Միաժամանակ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պետք է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնի գործարքի մասին հավաստող փաստաթղթերը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին առաջարկվող գործարքը ստացել էր նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թույլատվությունը:

Այս հանձնաժողովի որոշմամբ էլ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել էր համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

49
թեգերը:
Հայկ Եսայան, գործարք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Beeline Armenia
Ըստ թեմայի
Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել
Միխայիլ Գալուստյան. արխիվային լուսանկար

«Ժորիկ, մերոնքականներից չենք գողանում»․ Գալուստյանը «տարել է» Քարդաշյանի բաժանորդներին

0
(Թարմացված է 23:57 10.07.2020)
Հայտնի երգիծաբան ու շոումեն Միխայիլ Գալուստյանը ծիծաղեցրել է սոցցանցի իր բաժանորդներին անհավանական հնարքով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մեգաճանաչումը սոցցանցերում հանգիստ չի տալիս երգիծաբան Միխայիլ Գալուստյանին։

Նա նախանձել է Instagram-ում Քարդաշյանի բաժանորդների քանակին։ Ինչպես հայտնի է՝ մոդելն ավելի քան 178 միլիոն բաժանորդ ունի, իսկ Գալուստյանը՝ 12 միլիոնից մի քիչ ավելի։

Միխայիլը որոշել է գրավել Քարդաշյանի երկրպագուներին։ Նա տեսանյութ է հրապարակել ու «անհավանական հնարք» ցուցադրել։

«Դիմավորեք յուրահատուկ փողոցային մոգությունը ժամանակակից մեծագույն իլյուզիոնիստ մաեստրո Գալուստինիից։ @kimkardashian-ի բաժանորդներին գողանալու ֆոկուսը։ Հնարքը լավ պատրաստություն է պահանջում ու մի՛ փորձեք դա տանը կրկնել», - մեկնաբանել է Գալուստյանն իր տեսանյութը։

Կադրերում երևում է, որ նա «կախարդում» է երկու հեռախոսները, ինչի արդյունքում բոլոր բաժանորդներն անցնում են Գալուստյանին, իսկ Քարդաշյանին ոչինչ չի մնում։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Նրա ընկերներն ու երկրպագուները միանգամից արձագանքել են տեսահոլովակին։

Առաջիններից է մեկնաբանել հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։

«Ժորիկ, ի՞նչ ես անում, Վասյա։ Մերոնքականներից չենք գողանում», - գրել է Մարտիրոսյանը։

«Դարի  առևանգումը», «Հզոր է», «Ես կգողանայի ոչ թե Քիմի բաժանորդներին, այլ հենց Քիմին», «Հայերն ամեն դեպքում իրար մեջ կպայմանավորվեն», «Քիմը շուտով նախագահի կին է դառնալու, այնպես որ, նման կատակները վտանգավոր են», - գրել են Գալուստյանի բաժանորդները։

Հիշեցնենք, որ Գալուստյանը հայտնի է դարձել ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում, որտեղ ներկայացնում էր «Утомленные солнцем(«Արևից քշվածերը») թիմը։ Միխայիլը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում՝ «Թեթևաբարո տատիկը», «Ուժեղ բնավորությամբ նվերը» և այլն։ Գալուստյանի ունեցվածքը, ըստ Forbes ամսագրի՝ կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։

«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել

0