Փաշինյանը` Մեղրիում. արխիվային լուսանկար

Փաշինյանը բացահայտել է Մեղրիում նախորդ իշխանությունների կատարած կասկածելի գործարքները

355
Փաշինյանը Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել Ռանչպար գյուղի ավազահանք և ստուգումներ իրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ նոր իշխանությունները պարզել են Մեղիի ազատ տնտեսական գոտու տարածքում իրենց նախորդների կատարած կասկածելի գործարքները։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատմեց, որ երբ այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի, պարզել է, որ տարածքը հող չունի։ Այդ տարածքի հողերը կասկածելի գներով սեփականաշնորհվել են հենց այն ժամանակ, երբ կառավարությունն արդեն իմացել է ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրի մասին։

«Մենք առաջարկեցինք` բերեք սուս ու փուս ինքներդ հետ վերադարձրեք։ Խնդրեցինք քաղաքավարի, նրանք մերժեցին։ Մենք ասացինք` շատ լավ, ավելի մանրամասն կծանոթանանք։ Ավելի մանրամասն ծանոթացանք ու հիմա քրեական գործ է հարուցվել»,– ասաց Փաշինյանը։

Մի շարք կեղծ մրցույթների փաստեր էլ, Փաշինյանի խոսքով, ՀՔԾ–ն բացահայտել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում։ Բոլոր այս պայմանագրերն, ըստ նրա, ներկայացվել են Տարածքային կառավարման նախարարություն` իրավական գործընթացով դրանք չեղյալ հայտարարելու համար։

«Եթե պայմանագրերում կլինեն խախտումներ, դրանցով ձեռք բերված հողերը կվերադարձվեն պետությանը»,– հայտնեց Փաշինյանը` հավելելով, որ Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել Ռանչպար գյուղի ավազահանք և ստուգումներ իրականացնել, քանի որ այդ գյուղ օրեր առաջ կատարած այցի ընթացքում է տեղեկացել, որ ավազահանքի սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են։

ՀՀ վարչապետը խորհուրդ տվեց նման գործարքներով սեփականատեր դարձած անձանց կամավոր այցելել պետական մարմիններ ու առանց իրավական գործընթացի պետությանը վերադարձնել գողացածը։ Հակառակ դեպքում, վարչապետը խոստանում է դիմել խիստ միջոցների։

355
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
Ըստ թեմայի
Չարաշահումներ, կաշառք, նոր բացահայտում. մեղադրանք է առաջադրվել տասը պաշտոնյայի
Մեկ միլիոն դոլարին մոտեցող խախտումներ և չարաշահումներ ոստիկանությունում
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը. չարաշահումներ են հայտնաբերվել