«Գազպրոմ Արմենիան» ընկերության աշխատակից

«Գազպրոմ Արմենիան» կբարձրացնի՞ սակագները. ինչու իշխանությունը չի կարողանալու պայմանավորվել

324
(Թարմացված է 21:33 18.03.2019)
Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետը պարզաբանել է` ինչու են գազի սակագները աճելու Հայաստանի քաղաքացիների համար։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի  — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի բնակչության համար գազի սակագինը վերջիվերջո աճելու է, կարծում է էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ սահմանի վրա գնի բարձրացման պայմաններում ներքին սակագների պահպանման համար օբյեկտիվ պատճառներ չկան։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ երկրի ղեկավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» որոշման կայացման համար հատկացված երկու ամսվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չեն բերել։ 2019 թվականի փետրվարին «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով մեր հարցին, ասել էր, որ քննարկումների նախնական ժամկետը 2 ամիս կլինի։ Այդ ժամկետ լրանալուց հետո ընկերությունում նշել են, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

«Կառավարությունը դժվար թե կարողանա հիմնավորել, թե ինչո՞ւ «Գազպրոմ Արմենիան» պետք է պահպանի ներկայիս սակագինը`սահմանի վրա գնի բարձրացման պայմաններում։ «Գազպրոմ Արմենիայի»` ենթակառուցվածքների պահպանման ծախսերը չափազանց շատ են, ու ես ընկերության տրամադրած տվյալների օբյեկտիվության մեջ կասկածելու առիթ չունեմ»,  –ասաց Մանվելյանը։

Նրա խոսքով` եթե Հայաստանի կառավարությունը այլ կերպ է մտածում, ապա թող ներկայացնի իր փաստարկները։ Սակայն մինչ այժմ կառավարությունը սակագների պահպանման օգտին փաստարկներ չի ներկայացրել։ Փորձագետը կարծում է, որ այդ ֆոնին «Գազպրոմ Արմենիայի» փաստարկները ավելի համոզիչ են։

Նա չբացառեց, որ սակագները կարող են փոխվել արդեն այս ամռանը։

«Դեռ անցած տարի ստեղծվել էր կառավարական հանձնաժողով, որը հայտարարել էր` գազի ու էլեկտրաէներգիայի գները կարող են իջնել, ու դրա համար բոլոր հիմքերը կան։ Պետք է ասել, որ սխալ եզրակացություններ էին արվել, այդ հանձնաժողովի հաշվարկները պրոֆեսիոնալ չէին», – ասում է Մանվելյանը։

Նա կարծում է, որ կառավարության ու «Գազպրոմ Արմենիայի» հարաբերությունները լարվել են նաև ընկերության դեմ հարուցված քրեական գործերի հետևանքով։ Նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի պետեկամուտների կոմիտեն (որն իր մեջ ներառում է հարկային տեսչությունը) մեղադրել էր «Գազպրոմ Արմենիային» հարկերից խուսափելու մեջ, հայտարարելով, որ ընկերությունը չափազանց շատ գազ է ներկայացրել որպես ցանցի տեխնիկական կորուստ։ Նա կարծում է, որ նոր կառավարությունը դատարկ տեղը ընկերության հետ առճակատման է գնացել։

Խնդիրը խորացնում է նաև երկրում գազի սպառման քանակի նվազեցումը, որի պայմաններում անհնար է ցածր սակագներ ապահովել։ Օրինակ, 2015-2016 թվականներին երկրում մոտ 2,2 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործվել, հիմա այդ ցուցանիշը հասել է 2 միլիարդի։

Հիշեցնեք` 2019 թվականի հունվարի 1–ից սահմանի վրա Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է  հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Երկրի ներսում սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց, այսինքն` հազար խորանարդի դիմաց գրեթե 290 դոլար։

324
թեգերը:
գազի սակագին, «Թավշյա հեղափոխություն», ՀՀ կառավարություն, գազ
Ըստ թեմայի
Հայաստանը շարունակում է գազի գնի վերաբերյալ բանակցությունները. Ավինյան
Սակագինը կավելանա. Վրաստանը բացահայտել է ռուսական գազը ՀՀ տեղափոխելու պայմանագրի դետալները
Հայ-իրանական «գազային» դաշինք. աշխարհաքաղաքական շրջափակումից դուրս գալու հնարավորությո՞ւն
Իրանի - ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը գազի վրա չի տարածվի. նախարար
Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տարբերվում են. Քոչարյան