Գազ

«Գազպրոմ Արմենիան» և ՀՀ իշխանությունները չեն կարողանո՞ւմ պայմանավորվել

277
(Թարմացված է 00:01 18.03.2019)
Գազի սակագնի վերաբերյալ քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀԾԿՀ–ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև։

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի– Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ ղեկավարությունն ու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշում կայացնելու համար հատկացված երկու ամսվա ընթացքում գազի սակագնի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չեն բերել։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որտեղ ասում էր, որ սահմանին գազի գնի սակագինը բարձրացել է։ Նշվում էր, որ ընկերությունը գազի ներքին սակագների վերաբերյալ կշարունակի աշխատանքը ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ։

Ընթացիկ տարվա փետրվարի 6-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, հայտարարել էր, որ սահմանվել է քննարկումների նախնական ժամկետ, որն է ընկերության հայտարարության պահից մոտ երկու ամիս։

Նշված ժամկետի ավարտին Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ընկերություն` ճշտելու համար` որևէ պայմանավորվածություն ձեռք բերվել է, թե ոչ։ Ինչպես պարզվեց, արդյունք դեռ չկա։

«Հաշվի առնելով ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված նեղ մասնագիտական ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, ընկերության, որպես բնական գազ մատակարարող կազմակերպության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների կառուցվածքում ներառվելիք սակագնային մարժայի (ներառյալ դրա հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների) մեծության վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով՝ ներկայումս աշխատանքային քննարկումներ են անցկացվում Էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմնի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետների մասնակցությամբ», – գրված է հաղորդագրության մեջ։

Նշված աշխատանքային քննարկումների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք` 2018 թվականի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը չի սուբսիդավորի բնական գազի սակագինը ներքին սպառողի համար։

Հայ–ռուսական բանակցությունների արդյունքում որոշվել էր, որ գազը Հայաստան կհասնի 1000 խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150-ի փոխարեն։ Այնուամենայնիվ, «Գազպրոմ Արմենիայի» հետ ծախսային հոդվածների մանրակրկիտ վերլուծություն է անցկացվում` հասկանալու համար, թե ինչի հաշվին հնարավոր կլինի սպառողի համար պահպանել գազի գործող սակագինը։

«Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմի» 100%–ոց դուստր ընկերությունն է։ Զբաղվում է Հայաստանի ներսում գազի բաշխմամբ։

277
թեգերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերություն, գազի սակագին, գազ, Հայաստան
թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (96)
Ըստ թեմայի
Տիգրանյան. «Գազի գինը կիլոգրամով հաշվարկելն ավելի ճիշտ է»
Իրանից Հայաստան եկող գազի ծավալը կկրկնապատկվի. նախարարը հաստատեց
Իրանի - ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագիրը գազի վրա չի տարածվի. նախարար