Աջ ղեկով մեքենա

Կանաչ լույս`ոչ բոլոր աջ ղեկով ավտոմեքենաների համար. Կառավարությունը խոստանում է խիստ լինել

147
Կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով ավտոմեքենա ներկրողների համար: Նախարարը վստահեցնում է, որ մայիսի 1-ից հետո աջ ղեկով մեքենաներ Հայաստան չեն գալու:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման ժամկետը երկարացնող օրենքի նախագծի ընդունումից հետո Հայաստանի սահմանը հատելու իրավունք կստանան միայն այն մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018թ.-ի դեկտեմբերի 30-ը: Այս մասին այսօր ԱԺ-ում, օրենքի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Ձեռք բերում նշանակում է, որ մաքսային մարմինը պետք է համապատասխան փաստաթղթեր ստանալուց հետո արձանագրի, որ նշված գույքը գնվել է մինչև 2018թ.-ի դեկտեմբերի 30-ը: Նաև ուզում եմ նշել, որ 30-ն է նշված, ոչ թե 31-ը»,- ասաց նախարարը:

Նախագիծը ներկայացնելիս` Արշակյանը նշեց, որ ժամկետը երկարացնելու որոշում կայացնելիս, կառավարությունն ի սկզբանե նույնիսկ գաղափար չուներ, թե սահմանին կուտակված ու դեռևս դեպի Վրաստան ճանապարհին գտնվող  ավտոմեքենաների ինչ քանակի մասին է խոսքը: Բայց, երբ «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները ներկայացրին նման մեքենաների ցուցակը, պարզ դարձավ, որ խոսքը շուրջ 1000 ավտոմեքենայի մասին է:

Նշենք, որ օրենքի փոփոխությունով կառավարությունը մտադիր է այդ ավտոմեքենաների ներմուծման վերջնաժամկետ սահմանել 2019թ.-ի մայիսի 1-ը:

Ի դեպ, քննարկման ժամանակ նախարարը մի քանի անգամ շեշտեց, որ օրենքի փոփոխություն այլևս չի լինելու, և կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով ավտոմեքենա ներկրողների համար:

Կառավարության առաջարկած նախագիծն այս պահին քննարկվում է ԱԺ արտահերթ նիստում: Այն նախատեսվում է ընդունել հրատապ կարգով` 24 ժամվա ընթացքում:

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը» կառավարությունն ընդունել էր մարտի 7-ի նիստում և ներկայացրել ԱԺ` արտահերթ քննարկման:

Հիշեցնենք` կառավարության նիստում նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ արդեն գնված ու Հայաստան ուղևորվող շուրջ 412 ավտոմեքենա կա, մոտավորապես նույն քանակի ավտոմեքենաներ էլ արդեն կուտակված են Հայաստանի սահմանին:

147
թեգերը:
Հակոբ Արշակյան, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան
Ըստ թեմայի
Աջ ղեկով մեքենաներ ներկրողներն ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Աջ ղեկով ավտոմեքենաների համար նոր ժամկետ սահմանվեց. սպասված օրինագիծն ընդունվեց
Իշխանությունները ձգձգում են, ներկրողները` բողոքում. նոր սկանդալ աջ ղեկով մեքենաների շուրջ