Գևորգ Պետրոսյան

Անորոշ ձևակերպումներով կառավարության ծրագիրը նման է նախորդներին.պատգամավորն անհանգստացած է

110
Ելույթից հետո ՀՀ վարչապետը պատասխանում է կառավարության ծրագրի վերաբերյալ ԱԺ պատգամավորներին հուզող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետին հարցեր ուղղելուց զատ պատգամավորներից ոմանք նաև իրենց կարծիքն արտահայտեցին ներկայացվող փաստաթղթի վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն, օրինակ, առիթն օգտագործեց վարչապետի նկատմամբ իր ունեցած զգացմունքներն արտահայտելու:

«Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ ունեցած վստահությունն այնքան խորն արմատներ ունի և այնքան հեռու է գնում` ձեր կատարած գործունեության ու անցած ճանապարհի պատճառով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն` ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և կողմ էի քվեարկելու»,- ասաց պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ևս հայտարարեց, որ անկեղծ է խոսելու: «Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ծրագրում նկատելի չէ դրական տեղաշարժ արձանագրելու կառավարության մտադրությունը»,- ասաց նա, բայց և հավելեց` իրավական որոշակիության պակասն անհանգստությունների տեղիք է տալիս:

«Ծրագրում ոչ թե նշված են կառավարության կոնկրետ պարտականությունները, այլ, օրինակ« 36 դեպքում գրված է «խթանելու է» արտահայտությունը, 15 դեպքում նշված է, որ «կառավարությունը անհրաժեշտ է համարում»: Ներողություն, շատերս գիտենք, թե կառավարությունը ինչը պիտի անհրաժեշտ համարի»,- ասաց նա:

Գևորգ Պետրոսյանին սա հիշեցրել է նախկին կառավարությունների ծրագրերը, որտեղ անորոշ ձևակերպումների շնորհիվ որևէ կառավարություն իր ձախողումների համար պատասխանատվություն չի կրել:

Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, և որպես օրինակ, նշեց զինծառայողների սոցիալական խնդիրներին ուղղված այն ծրագրերը, որ իրականացրել է իր ղեկավարած նախորդ կառավարությունը, նախկին ծրագրում, սակայն, այդ մասին ևս գրված չի եղել:

Անդրադառնալով պատգամավորի հիշատակած «խթանել» բառին`վարչապետը շեշտեց, որ կառավարության դերը խթանելու մեջ է, իսկ կառավարության կատարած աշխատանքը չափելի է աշխատավարձերի բարձրացման, տնտեսական աճի և այլ կոնկրետ ցուցանիշներով:

Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը:

110
թեգերը:
Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ասաց`ինչպես է ադրբեջանական կողմը վերաբերվում Արցախին բանակցություններ բերելուն
Ի՞նչ է անելու նոր ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը. Փաշինյանը որոշ անհանգստություններ ունի
Ինձանից ինչ խոշոր սեփականատեր. Սասուն Միքայելյանն իրեն Մանվել Գրիգորյանին չի նմանեցնում