Տիգրան Խաչատրյան

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում մեկնարկել է, բայց չի ավարտվի. նախարար

77
Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է հայաստանյան տնտեսության հակամրցակցային երևույթները։ Կան կոնկրետ փաստեր ու վերլուծություններ։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունն ու վարչապետը հայտարարել են, որ արդեն բոլորն ազատ են իրենց գաղափարները ծրագրերի վերածելու հարցում, և կառավարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել» ,– ասաց նա։

Թե ինչ ժամկետներում կավարտվի հեղափոխությունը հարցին, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Հեղափոխությունը չպիտի ավարտվի։ Հեղափոխությունը պիտի երկար շարունակվի և տա սպասելի արդյունքներ»։

Անդրադառնալով մենաշնորհների խնդրին` Տիգրան Խաչատրյանը կրկնեց նախկինում վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունը, թե Հայաստանում այսօր այլևս չկան պետության կողմից հովանավորվող մենաշնորհներ։

Իսկ հայաստանյան տնտեսության մեջ առկա հակամրցակցայի երևույթները, նրա խոսքով, ուսումնասիրել ու հանգամանորեն վերլուծել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն տնտեսվարողների, այլև նրանց ու պետական կառույցների հարաբերություններում առկա հակամրցակցային երևույթներին։

«Դրանք մեր կյանքի մի մասն են։ Այդպիսի երևույթները պահանջում են, որ իրենց նկատմամբ համապատասխան կառույցները միշտ լինեն ուշադիր, վեր հանեն խնդիրներն ու զեկուցեն, իսկ այն կառույցները, որոնք իրավասու են այդ կարգավորումների համար, արձագանքեն դրանց» ,– ասաց նախարարը։

Նրա խոսքով` կառավարությունը 23 հոգանոց խմբով արդեն իսկ սկսել է ՏՄՊՊՀ–ի ուսումնասիրության արդյունքում ստեղծված ծավալուն փաստաթղթի քննարկումը։ Արդյունքում կլինեն վերհանված խնդիրները լուծելու կոնկրետ առաջարկներ։

Ուսումնասիրության վերաբերյալ այլ տվյալներ նախարարը չհրապարակեց` խոստանալով, որ արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի։

77
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Մեզ այսպիսի՞ հաղթանակներ և տնտեսական հեղափոխություն է սպասում». Շարմազանով
Փաշինյանը հանդիպել է Չակրաբարտիին. ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը
ԵԱՏՄ–ում հեղափոխություններ չեն սիրում. Փաշինյանը` միությունում աշխատելու ծրագրերի մասին