ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Աշխարհում արդեն վաղուց են վերամշակում հին մալուխները։ Հայաստանում դա չեն արել մի պարզ պատճառով. հանրապետությունում չի եղել սեփական մալուխային արդյունաբերությունը։
ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանի մալուխի գործարանը գրեթե չի աշխատել։
Հիմա արդեն գործում են մալուխի արտադրության մեկ միջին և մի քանի փոքր ձեռնարկություններ։ Դրանք աշխատում են ներկրվող պղնձով, բայց վերամշակման համար ընդունում են նաև մետաղի ջարդոն։
«Որոշ ժամանակ առաջ մենք մտածեցինք. չէ որ կարելի է վերամշակել ոչ միայն պղինձը, այլ նաև մալուխները։ Այդ դեպքում կարելի է միանգամից երկու ապրանք ստանալ` պղինձ և պոլիվինիլքլորիդ, որով պատված են լարերը։ Պղինձը կրկին օգտագործվում է։ Իսկ պոլիվինիլքլորիդը կարելի է հանձնել կոշկի արտադրամասերին` ներբանների համար։ Կամ, օրինակ, դռան դիմաց գցելու գորգեր պատրաստել։ Կարծում եմ, որ մենք ինքներս էլ դա կարող ենք անել», – ասում է Երևանում «Ին–Վի լայն» մալուխի գործարանի հիմնադիր Վահագն Թադևոսյանը։

10-15 տարի առաջ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում էր մալուխ։ Բարձր լարման լարերի համար այն, նախկինի նման, հիմա էլ են ներկրում են։ Իսկ կենցաղային էլեկտրահաղորդալարերի ցանցը հիմա ավելի շատ տեղական է, քան ներկրված։
Դրա հաշվին հանրապետությունում ստեղծվել է ավելի քան 100 աշխատատեղ։ Իսկ պղնձի ջարդոնի արտահանումը կրճատվել է։ Եթե 6-7 տարի առաջ Հայաստանից արտահանվել է 4-4,5 հազար տոննա պղնձի ջարդոն, ապա 2016-2017թթ–ին` երկու անգամ քիչ։ Դրան նպաստել են նաև արտահանման տուրքերը, որոնք գործում են սև և գունավոր մետաղի ջարդոնի համար. 80 հազար դրամ` մեկ տոննա սև պղնձի, 100 հազար` գունավոր։ Ճիշտ է, տուրքն այդքան բարձր չէ. 100 հազար դրամը գերազանցում ջարդոնի արժեքի 15-20 տոկոսը, որի մեկ տոննայի արժեքը սկսվում է 1000 դոլարից։
«Մեզ մոտ աշխատում է մի քանի տասնյակ մարդ։ Ճիշտ է, առայժմ չենք թողարկում համակարգչային ցանցի մալուխներ։ Դրանց համար ավելի շատ աշխատանք է պահանջվում։ Բայց մտածում ենք նաև այդ արտադրանք տալ։ Եվ ոչ միայն պղնձից և ալյումինից, ինչպես հիմա, այլ նաև օպտիկական մանրաթելից։ Դա հետո։ Իսկ հիմա թողարկում ենք թե՛ կենցաղային հաղորդալարեր, թե՛ մեծ տրամաչափի մալուխներ, ենթակայաններից մինչև շենքեր», – ասում է Թադևոսյանը։
Առայժմ չի հաջողվում աշխատել արտաքին շուկայի վրա. կողքը Թուրքիան է։ Այնտեղ պղնձի հանքաքարը շատ չէ, բայց այնտեղ անհամար մալուխներ են թողարկում։ Ուստի որ կողմ նայես, արտահանման բոլոր ուղիները փակ են։
«Մեզ ավելի մոտ են Եվրամիության երկրները, Ռումինիան և Բուլղարիան գնում են թուրքական մալուխ։ Իրաքը և Սիրիան` նույնպես։ Սիրիայում ավելի շատ են սկսել այն գնել. վերականգնում են քաղաքները։ Թուրքիան այս բոլոր երկրներին մալուխ է վաճառում, ընդ որում վաղուց և շատ։ Նրա հետ մրցելը գրեթե անհնար է։ Հարևան Վրաստանում նույնն է։ Դե, իսկ Ռուսաստանը միշտ ունեցել է սեփական արտադրությունը և հիմա էլ կա», – ասում է Թադևոսյանը։
Այնուամենայնիվ, ներքին շուկայում գնորդներ կան, հավաստիացնում է նա։ Դրանք թե՛ արդյունաբերական ձեռնարկություններ են, թե՛ բենզալցակայանների ցանցեր, թե՛ էլեկտրացանցեր Արցախում։
«Շատ դժվարությունների միջով ենք անցել։ Բայց չենք հանձնվել, աշխատում ենք։ Կողքից երբ նայում են, ամեն ինչ հեշտ ու հասարակ է թվում։ Բայց մինչև այդ ուղին ինքդ չանցնես, չես հասկանա, թե իրականում ամեն ինչ ինչպես է կատարվում։ Արտադրության առաջին վեց տարիները եկամուտ չեն տվել։ Բայց ինչպե՞ս լինել առանց արտադրության։ Կարո՞ղ է երկիրն ապրել առանց դրա», – հարցնում է Թադևոսյանը։

«Շատերը հենց այնպես են ասում այդ խոսքերը։ Ուղղակի այն պատճառով, որ գեղեցիկ խոսքեր են։ Իսկ դուք հարցրեք մեր աշխատողներին, թե նրանք նախկինում որտեղ են աշխատել։ Մեկը բեռնակիր է եղել, մյուսը խանութում է աշխատել։ Իսկ հիմա յուրաքանչյուրը մասնագիտություն ունի։ Ինձ թվում է, որ դա այդքան էլ վատ չէ։ Լավ վարպետներ ունենք։ Մարդիկ կան, որոնք դեռ խորհրդային շրջանում աշխատել են Երևանի մալուխի գործարանում», – ասում է նա։
Գործիքների արտադրամասում մնացել են նույնիսկ խորհրդային հաստոցներ։ Եվ դրանք վատ չեն աշխատում։ Նորերի, արտասահմանյանի կողքին վաճառվում են նաև հայկականները (խորհրդային ժամանակներից Հայաստանում մնացել էին նաև մի քանի հաստոցաշինական գործարաններ)։ Գործարանի մեկ–երկու հաստոցներ հավաքել են հենց աշխատողները։
«Մենք պրակտիկանտներ ենք հրավիրում նաև պոլիտեխնիկական համալսարանից։ Հույս ունենք, որ ուսանողներին մեզ մոտ կուղարկեն պրակտիկայի։ Թե չէ ինչ ինժեներ, եթե չորս տարի սովորել է և երբեք հաստոց չի տեսել», – հավելում է Վահագնը։
Իսկ մինչ ուսանողների գալը նա այստեղ բերում է միջին և ավագ դասարանների աշակերտներին։
Այդ ընթացքում գործարանի կոնվեյերները մալուխ են փաթաթում ամեն օր, կլոր տարին։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։
Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։
Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։
Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։
«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։
Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։
Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։ Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ, պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։ Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։
«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։
Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 360–ով և դարձել 172816։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4889 մարդ (+189), կատարվել է 736590 (+2526) թեստավորում, առողջացել են վարակվածներից 163738-ը (+227)։ Գրանցվել է մահվան 3202 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և հասել 819-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։



