Գազաբաշխման կայան. արխիվային լուսանկար

Ռուսական գազի գնի բարձրացման մեջ քաղաքականության հետք չկա. փորձագետի պարզաբանումները

149
(Թարմացված է 00:15 09.01.2019)
Դիտորդների կարծիքով` եթե Հայաստանի համար սահմանի վրա ռուսական գազի գնի բարձրացումը քաղաքական գործիքի բնույթ կրեր, ապա հավանաբար ներքին սակագներն էլ կփոփոխվեին։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացումը քաղաքական ենթատեքստ չունի։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի մասնագետ Վահե  Դավթյանը։ Նրա խոսքով` եթե Հայաստանի համար սահմանի վրա ռուսական գազի գնի բարձրացումը  քաղաքական գործիքի բնույթ կրեր, ապա հավանաբար ներքին սակագներն էլ կփոփոխվեին։

«Կարծում եմ` գինը վերանայելու մասին որոշման վրա ազդել է նավթի շուկայի կոնյուկտուրան։ Նավթի շուկան փոփոխական է ու հաճախ անկանխատեսելի։  Քանի որ մի քանի ամսվա ընթացքում բարելի գինն ընկել է 85 դոլարից  մինչև 55, բազում նավթագազահանքարդյունաբերական ու արտահանող երկրները ստիպված էին հատուցել կորուստները նավթի սեգմենտում գազի գնի վերանայման հաշվին։ Դա ավանդական միջոց է», – նշեց մեր զրուցակիցը։

Ասածս վերաբերում է հատկապես «Գազպրոմին», որը եվրոպական շուկայում լուրջ խնդիրների է բախվել։ Ամերիկյան հեղուկ գազն արդեն եվրոպական շուկա է մտել։ Իսկ քանի որ Հայաստանը ոչ շուկայական գնով էր գազ գնում, ապա Մոսկվան, հաշվի առնելով արտաքին շուկաներում իր խնդիրների թնջուկը, որոշել է Հայաստանի միջոցով ցույց տալ իր պրագմատիզմը ավանդական գործընկերներին, որ այսպիսով հասկացնի, որ չի կարող զեղչեր անել։ Չի կարելի բացառել, որ այդ մեսիջն առաջին հերթին ուղղված է Մինսկին։

2018 թվականի վերջին օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանի վրա գազի գինը փոխվելու է, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնն են մնալու։ Ավելի ուշ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը գնելու է «երկնագույն վառելիքը» հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարով` նախկին 150–ի փոխարեն։ Հետո կառավարությունում պարզաբանեցին, որ սպառողների համար սակագինը պահպանվելու է «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Հիմա այդ սակագինը կազմում է հազար խորանարդ մետրի դիմաց 290 դոլար։

Դավթյանն այդ կապակցությամբ հիշեցրեց, որ 5 տարի առաջ գինը ներքին շուկայում պահվում էր «ԱրմԳոսգազպրոմի» հաշվին (որը հետո դարձավ «Գազպրոմ Արմենիա» – խմբ.)։ Այդ պատճառով, երբ  2016 թվականին գինը սահմանին նվազեց 15 դոլարով, ընկերության ղեկավարությունը հայտարարեց ներքին նոր սակագներ, որ վաճառքի շահութաբերությունը նույնը մնա։

«Այսօր կարելի է վստահ ասել, որ սահմանի վրա գնի բարձրացումը լուրջ սոցիալական տնտեսական փոփոխությունների չի բերի, սակայն հարցը երկարաժամկետ, ռազմավարական տեսակետից դիտարկելիս ռիսկերն ակնհայտ են դառնում։  Ինչպես և 5 տարի առաջ, Հայաստանի գազատրանսպորտային համակարգում կարող է պարտք գոյանալ, որը մարելու համար հայկական իշխանությունը կարող է դիմել այս կամ այն ենթակառուցվածքները ռուսական կողմին փոխանցելուն», – ավելացրեց Դավթյանը։

Հայաստանում խնդիրների լուծման նման մոդելը նորություն չէ ու իր սկիզբն է առնում դեռևս «ակտիվներ պարտքերի դիմաց» համաձայնագրից, իսկ կոնկրետ էներգետիկ ոլորտում` սկսած այն բանից, որ «Գազպրոմը» սեփականաշնորհել էր Հրազդանի ՋԷԿ–ը, ինչը թույլ էր տվել հատուցել սահմանի վրա գնի բարձրացումը։

Միաժամանակ Հայաստանի ներքին շուկայում գինն օբյեկտիվորեն 25%–ով ցածրացնելու ներուժ կա։ Սակայն, Դավթյանի կարծիքով, դրան հասնելու համար երեք հանգամանք է խանգարում։ Նախ, բիզնես մոդելի համաձայն, ընկերությունը պարտավորվում է ամեն տարի 9% եկամուտ ապահովել, ինչը, հաշվի առնելով ներքին շուկայում սպառման բացասական դինամիկան, բավական դժվար է։ Արդյունքում ընկերությունը ստիպված է ցուցանիշներ ապահովել սակագնային քաղաքականության հաշվին։

Երկրորդ խնդիրն այն է, որ գազատրանսպորտային օպերատորի ներկորպորատիվ  որոշ գործընթացներում խնդիրներ կան։ Կորուստների կառավարումը առանցքային մարտահրավերն է, որը հիմա ընկերության առջև է կանգնել։ Երկրորդ գործոնը. սոցիալապես կողմնորոշված սակագնային քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ է վերանայել կառավարության դերը գազատրանսպորտային համակարգի կառավարման մեջ։ Այսօր այդ դերակատարությունը զրոյի է հասցվել։ Բավական է նշել, որ 2013 թվականի գազային պայմանագրերի համաձայն  Հայաստանի կառավարությունը կարող է «Գազպրոմ Արմենիայի» տնօրենների խորհրդում միայն մեկ ներկայացուցիչ ունենալ, այն էլ`առանց ձայնի իրավունքի։ Փորձագետը կարծում է, որ տվյալ հարցը պետք է ներառվի գազի վերաբերյալ  հայ–ռուսական բանակցությունների օրակարգում։

149
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, գազի սակագին
Ըստ թեմայի
Փաշինյան–Պուտին բանակցությունները Մոսկվայում միայն ավելացրել են հարցերը. Սարգսյան
Փաշինյանը մեկ օրում 2 հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Ցայտնոտի մեջ ենք. Պեսկովը` գազի վերաբերյալ հայ–ռուսական բանակցությունների արագացման մասին
Հայաստանի համար ռուսական գազի գինը կպարզվի սեղմ ժամկետներում. քաղաքագետ