Զվարճանքների այգու աշխատակից

Դեմքով դեպի աշխատավոր դասը. ՀՀ իշխանությունն ի՞նչ հարկեր կքննարկի 2019 թվականին

252
(Թարմացված է 20:57 06.01.2019)
Նախարարությունը իջեցված եկամտահարկ կառաջարկի արդյունաբերական նոր գոտիներում գործող ձեռնարկությունների աշխատակիցների համար։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Թող գործարաններ բացեն», – այսպես են պատասխանում տարեցները, երբ նրանց հարցնում են, թե ինչ են ուզում Հայաստանի ղեկավարությունից։ Երիտասարդները չեն ասում։ Գուցե նրանից է, որ այդ գործարաններն աշխատելիս չեն տեսել։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ուզում է 2019 թվականին շարունակել հարկային օրենսգրքի քննարկումները և այդ քննարկումների ընթացքում բարձրացնել ինչպես այս, այնպես էլ այլ հարցեր։

Իսկ ի՞նչ է պետք, որ գործարանները բացվեն։ Դժվար և երկարատև քննարկում պահանջող հարց է։ Բայց նախարարությունն ուզում է գոնե մի քայլ անել. արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցների համար առաջարկում են իջեցնել եկամտահարկը։ Ճիշտ է` ոչ համատարած, այլ միայն արդյունաբերական նոր գոտիների սահմանում։

Հայաստանում այդպիսի գոտիներ դեռ չկան, ու նախարարությունն ուզում է այդպիսիք ստեղծել։

Հանրապետությունում արդեն մի քանի ազատ տնտեսական գոտի կա։ Այստեղ աշխատող ընկերություններն ազատվում են գրեթե բոլոր հարկերից, բացի եկամտահարկից։

«Իսկ մենք հատուկ գոտիներ ենք ուզում ստեղծել հենց արդյունաբերության համար, – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը։ – Եվ կառաջարկենք այնտեղ իջեցնել աշխատակիցների եկամտային հարկը։ Առաջարկում ենք 10% (ներկայիս նվազագույն 23% հարկի պարագայում– խմբ.)։ Սակայն գլխավորը ոչ թե կոնկրետ թիվն է, այլ գաղափարը։ Պետք է հասկանալ` արդյո՞ք այդօրինակ միջոցը կօգնի արդյունաբերությանը։ Մենք կարծում ենք` կարող է օգնել։ Հետո հարցը պետք է մանրակրկիտ քննարկվի ֆինանսների նախարարության և ՊԵԿ–ի մեր գործընկերների հետ` հասկանալու համար` արդյո՞ք այդ գաղափարը կազդի բյուջեի եկամուտների վրա»։

Եկամտահարկ

Ընդհանուր առմամբ եկամտահարկի բեռից վաղուց են բողոքում փոքր արտադրողները։ Այդ հարկն նրանց ավելի է «ճնշում», քան առևտրականներին: Եթե նույն շրջանառությամբ երկու ձեռնարկություն վերցնենք (մեկը`արտադրական, մյուսը`առևտրի), ապա վստահ կարելի է ասել` արտադրության մեջ երկու–երեք անգամ շատ մարդ է աշխատում, հետևաբար՝ ավելի շատ եկամտահարկ է վճարվում։ Որոշ արտադրողներ դրա պատճառով ռիսկի են գնում և աշխատակիցների մի մասին չեն գրանցում։ Իսկ ռիսկերն աճել են. 2018 թվականի սկզբից «սև աշխատուժին» հարկայինը նախկինից ավելի խիստ է հետևում։

«Ավելի վաղ մենք լուծման մեր տարբերակն էինք առաջարկել. աշխատավարձի մի մասը հարկերից ազատել՝ նվազագույն սպառողական զամբյուղի չափով (մոտ 60 հազար դրամ - խմբ)։ Դա թույլ կտար շատերին գոնե գրանցել իրենց աշխատողներին։ Բայց գոնե փոքր ձեռնարկությունների համար (միկրոբիզնեսի) լուծումն արդեն առաջարկվել է։ Տարեկան մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն իրենց աշխատակիցների համար ընդամենը 5 հազար դրամ եկամտային հարկ են վճարելու», – ասաց Ավագյանը։

Ռեստորաններ և սրճարաններ

Օրակարգում կլինի նաև սննդի կետերի հարկման հարցը։ 2019 և 2020 թվականներին, ինչպես և նախատեսված էր, այդ հարկերը կաճեն։ Այսօր նրանք 6% են վճարում` ձեռքբերումներից 3%–ը նվազեցման հնարավորությամբ, 2019 թվականից տոկոսադրույքները կաճեն մինչև «8 մինուս 5», իսկ 2020 թվականից` «10 մինուս 8»։ Ընդ որում` նվազեցումը պետք է լինի ոչ պակաս, քան ընդհանուր շրջանառության 4%–ը։ Ընդ որում, նվազեցում կարելի է ստանալ միայն փաստաթղթավորված գործարքներից։

Սակայն ինչպե՞ս պետք է փաստաթուղթ ստանան մեկ պարկ կարտոֆիլի կամ մսի դիմաց։ Չէ՞ որ այդ ամենը ռեստորանատերերը գնում են գյուղացիներից։ Իսկ գյուղացիները հաշիվ-ապրանքագիր չեն ստորագրում։

«Եթե այստեղ հնարավոր լինի կարգավորել թղթով գնումները, հարցը ինչ–որ կերպ հնարավոր կլինի լուծել։ Սակայն մենք դեպքեր ենք ունեցել, երբ հանրային սննդի խոշոր օբյեկտն ուզում էր գյուղմթերքի սեփական բազան ստեղծել և մթերքը պայմանագրային հիմքերով գնել։ Սակայն այդ փաստաթղթերը սկսեց ստուգել հարկայինը (որ պարզեր`արդյոք դրանք գյուղական ապրանքներ են, թե ոչ)։ Հարկային ծառայությանն էլ կարելի է հասկանալ. ամեն ինչ պետք է կանոններով լինի։ Բայց բիզնեսին էլ պետք է մատչելի և պարզ գործընթացներ առաջարկել», – նշում է Ավագյանը։

Բացի այդ, եթե շրջանառության հարկ վճարողները այլ գործունեությամբ են զբաղված, դրանից պետք է 20% հարկ վճարեն։ Ֆինանսների նախարարությունն ու հարկայինը պնդել են դա, որպեսզի հանրային սննդի կետերի միջոցով ապօրինի առևտուր չիրականացվի (օրինակ` ալկոհոլի կամ ծխախոտի)։

Մյուս կողմից` ռեստորաններում և սրճարաններում հաճախ պատվիրում են նույն սիգարետը` ասենք, ճաշից հետո սուրճի հետ։ Եվ եթե ռեստորանը (ուզած- չուզած) սիգարետ է առաջարկում, ապա դրա վաճառքից պետք է 20% հարկ վճարի։ Մինչև վերջ պարզ չէ նաև հյուրանոցներին կից գործող ռեստորանների հարցը. տեսականորեն նրանք էլ կարող են նման հարկման ենթարկվել։ Չէ՞ որ ռեստորանն ու հյուրանոցը գործունեության երկու տարբեր տեսակներ են։

Մեկ այլ հարցը խոշոր և փոքր բիզնեսի միջև բախումն է։ Եթե խոշոր բիզնեսն ապրանք է գնում փոքրից, ապա պետք է ԱԱՀ վճարի ոչ միայն իր, այլև փոքր բիզնեսի համար։ Ընդ որում` այդ ԱԱՀ–ն հաշվանցել չի կարող, քանի որ փոքր բիզնեսը ազատված է ԱԱՀ–ից և չի մասնակցում այդ հարկի հաշվարկներին։ Շատ հաճախ նման խնդիր է առաջանում, երբ սուպերմարկետներն ապրանք են գնում փոքր և միջին մատակարարներից (օրինակ` թռչնաբուծական ֆաբրիկաներից կամ կաթնամթերք արտադրող գործարաններից)։ Ավելորդ ԱԱՀ–ից ազատվելու համար սուպերմարկետը պահանջում է 20%–ով իջեցնել ապրանքի գինը։ Կամ, երբ կարող է, տեղական ապրանքի փոխարեն առնում է ներմուծվածը, որովհետև ներմուծողից կարող է հաշվանցում ստանալ։

Այստեղ երկու հնարավոր լուծում է առաջարկվել։ Մեկը` սուպերմարկետները ԱԱՀ–ից անցնում են շրջանառության հարկի (որը պարզապես ավելի բարձր կլինի, քան փոքր բիզնեսի մոտ)։ Այդ ժամանակ ԱԱՀ–ի հարց չի առաջանա։

Մյուս տարբերակը` սուպերմարկետների համար իջեցնում են տեղական սննդամթերքի վաճառքից գանձվող ԱԱՀ–ն։ Որքա՞ն են իջեցնում։ Սա հասկանալու համար պետք է հաշվարկել, թե այդ ապրանքների արտադրության մեջ որքան ԱԱՀ է «նստած» (օրինակ` միրգ ու բանջարեղենի պարարտանյութից, արտադրության մեջ լույսից և գազից և այլն)։ Այդ դեպքում այդ ծառայությունների և ապրանքների (միայն դրանց և ոչ ավելին) ԱԱՀ–ն հնարավոր կլինի սուպերմարկետից գանձել։

«Այսպես ասծ, կուտակային ԱԱՀ-ի հաշվարկներ դեռ չկան, սակայն հույս ունեմ` մոտ ապագայում մենք կանցկացնենք», – ասում է Ավագյանը։

Բայց արի ու տես...

«Անկախ այս և այլ խնդիրներից, բիզնեսն ավելի շատ է սկսել վստահել կառավարությանը։ Եվ սրանք սոսկ գնահատականներ չեն», – ասում է Ավագյանը։

Մասնավորապես, վերջին ամիսների ընթացքում փոքր բիզնեսը ստվերից դուրս է բերել շուրջ 35 հազար աշխատակցի,որոնց համար էլ այսօր հարկ է վճարում։ Օրինակ` 2018 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` շրջհարկ վճարողների մոտ շուրջ 110.7 հազար վարձու աշխատող է գրանցված` մեկ տարի առաջվա 75.3 հազարի փոխարեն։ Ավելի քիչ են սկսել թաքցնել ոչ միայն աշխատողներին,այլև շրջանառությունը. նույն ժամանակահատվածում այն աճել է շուրջ 20%–ով։

Զուտ նյութական օգուտն այդքան էլ շատ չէ. Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունները շուրջ 70 հազար են, սակայն դրանք պետբյուջեի բոլոր եկամուտների միայն մի քանի տոկոսն են ապահովում (70%–ից ավելին տալիս են հազար խոշորագույն հարկատուները)։

«Մեզ համար արժեքը վստահության մեջ է։ Եվ այդ վստահությունը պետք է փոխադարձ լինի։ Մենք պետք է բիզնեսին ցույց տանք, որ կանխատեսելի և երկարատև կանոններ ենք ձևավորում։ 2019 թվականին մենք պետք է ավարտին հասցնենք օրենսդրության քննարկումը և ցույց տանք, որ կանոնները առաջիկա մի քանի տարիների ընթացքում կայուն են լինելու», – ընդգծում է Ավագյանը։

Դրա համար 2019 թվականին նախարարությունը մանրակրկիտ քննարկումների է նախապատրաստվում կառավարության գործընկերների և մասնավոր հատվածի հետ։

252
Խաղողի այգի, արխիվային լուսանկար

Կառավարությունը կաջակցի խաղողի մթերմանը. վարչապետի կարծում է՝ դրանից կօգտվեն գյուղացիները

47
(Թարմացված է 13:08 13.08.2020)
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանչորսերորդ միջոցառումը վերաբերում է գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որով նախատեսվում է աջակցել խաղողի մթերմամբ, գինեգործությամբ ու կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ծրագրով կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել այս ոլորտի ընկերություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։

«Կորոնավիրուսի հետևանքով ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտաքին շուկաներում կոնյակի ու գինու նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև իրացման ծավալների վրա»,– ասաց նա։

Նրա խոսքով՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, իրացման ծավալների անկումը հասել է 30 և ավելի տոկոսի։ Այս իրավիճակի հետևանքով բանկերը սկսել են ավելի բարձր տոկոսներով ու ավելի զգուշավորությամբ վարկեր տրամադրել այդ ընկերություններին։

«Եվ դա այն ժամանակահատվածում, երբ առջևում խաղողի մթերումներն են ու մենք ունենք տեղեկություններ, որ խաղողի բերքն այս տարի ավելի բարձր է լինելու, քան նախորդ մի քանի տարիներին»,– պարզաբանեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարիների արտադրանքը չվաճառելու պարագայում վերամշակողները դժվարություններ են ունենալու խաղողի նոր բերքը մթերելու հարցում։

«Խաղողագործության համար նախատեսված ծրագրերը մեծ մասամբ չեն իրականանում». Արտակ Սարգսյան

Հետևաբար, կառավարությունը որոշել է աջակցել այս կազմակերպություններին` վարկային տոկոսների սուբսիդավորման միջոցով։

«Մենք չենք վերցնում որևէ շուկայական ռիսկ։ Վարկի վերաբերյալ որոշումները կայացնում են ֆինանսական կազմակերպությունները, իսկ մենք սուբսիդավորում ենք վարկի տոկոսն ամբողջությամբ»,– ընդգծեց Խաչատրյանը։

Վարկի առավելագույն չափ է սահմանվում 3 մլրդ դրամը, որը կարող է մարվել 3-6 ամսում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նկատեց, որ այս միջոցառման վերջնական շահառուն խաղողագործներն են, գյուղացիները։

«Մենք նաև պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ այս տարի խաղողի լիարժեք մթերում տեղի ունենա»,– հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք`կորոնավիրուսի համաճարակի ու արտակարգ դրության ռեժիմի հետևանքով Հայաստանում այս տարի գինու սպառումն ու արտահանումը նվազել է։

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ գինու սպառումն այս տարի անցյալ տարվա համեմատ 50 տոկոսով նվազել է, ինչը, նրա համոզմամբ,  չի կարող բացասաբար չանդրադառնալ մթերման գործընթացի վրա։

Լավագույն դեպքում` վերամշակողները խաղողը դաշտերում չեն թողնի, բայց դրա դիմաց առնվազն 20 տոկոս էժան կվճարեն` ոչ ավելի, քան 120 դրամ` 1 կգ–ի դիմաց։ Մինչդեռ, ֆերմերները պնդում են, որ բանկերից գյուղվարկեր են ստացել առնվազն 150 դրամ վաճառքի հաշվարկով։

47
թեգերը:
մթերում, վարկ, ծրագիր, կառավարություն, Խաղող
Ըստ թեմայի
Խաղողի առատ բերքը լուրջ խնդիր կառաջացնի. Հարությունյանը գնդակն ուղղում է գործադիրի դաշտ
Սարգսյան. «Խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ պակաս է 40 տոկոսով
Խաղողի բերքն առատ կլինի, լրացուցիչ վարկ կտրամադրվի. նախարարն ու գինեգործները հանդիպել են
Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում
Նիկոլ Փաշինյան

Հայաստանում շինհրապարակ նշանակում է աղբանոց. Փաշինյանը դժգոհեց բիզնեսի որակից

162
(Թարմացված է 12:34 13.08.2020)
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` հայաստանյան գործարարների համար գերադասելի է հնարավորինս երկար ու լայն ավտոմեքենայով և հնարավորինս երկար շարասյունով շրջել, քան գումար ներդնել գիտելիքի, տեխնոլոգիաների, ստանդարտների վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ճգնաժամի ավարտից հետո ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինելու բիզնեսի ստանդարտների  «ամենադաժան ձևով» բարձրացմանը։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով բիզնեսում տարիներ շարունակ գոյություն ունեցած «առուփախի» տրամաբանությանը։

«Մեր երկրում կա գործարարության ստանդարտ, որի արդյունքում ցանկալի է, որ հնարավորինս լայն, հնարավորինս երկար ավտոմեքենայով ու հնարավորինս երկար շարասյունով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի վրա, տեխնոլոգիայի վրա, ստանդարտի վրա»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ կառավարությունը պայմանավորվել էր բարձրացնել Հայաստանում առկա բոլոր ստանդարտները, բայց կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամը հետաձգեց այդ ծրագրերը։

«Եկեք գնանք նայենք շինհրապարակները մեր երկրում։ Ես քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը։ Մեր շինհրապարակները տեսնում ես, արդեն պատկերացում ես կազմում, թե ընդհանրապես ՀՀ–ում ինչ բիզնես կուլտուրա գոյություն ունի, որովհետև շինհրապարակ Հայաստանում առաջին հերթին նշանակում է աղբանոց` սրանից բխող մենթալիտետային հետևանքներով»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով բիզնեսը Հայաստանում աշխատում է հետևյալ սկզբունքով` երբ վիճակը լավ է, գործընկեր է ձևանում, հարկերը մուծելու ժամանակ լացում են։ Իսկ երբ երկրում ճգնաժամ է, սկսում են բյուջեից փող ուզել։

«Բա որտեղի՞ց, դուք ասում էիք փող չկա, որ վճարեք։ Բա դուք եք ձևավորում բյուջեն, մենք բոլորս ենք ձևավորում,– ասաց վարչապետը,– այնպես որ խնդիրներն ավելի խորն են, քան մենք երբևէ պատկերացրել ենք»։

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրն ու միջոցառումների ցանկը։

Դրանով կառավարությունը ծրագրում է ՀՀ արդյունաբերությունը բարձրացնել տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակի` գիտության արդի նվաճումների վրա հիմնված առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով։

Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

Ըստ կառավարության, զարգացած տնտեսության անբաժանելի մասն են հանդիսանում ճշգրիտ չափումները, որոնք պետք է ընդունելի, հուսալի և ճանաչելի լինեն միջազգային մակարդակում։

162
թեգերը:
շինարարություն, հարկեր, բյուջե, Հայաստան, բիզնես, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ի՞նչ է սպասում Հայաստանի տնտեսությանը տարեվերջին. կանխատեսում են մասնագետները
ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»
Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները
Աղցան

Արագ, համեղ, կշտացնող․ թեթև նախաճաշի 5 լավագույն տարբերակ

0
(Թարմացված է 21:17 13.08.2020)
Եթե դեռ չեք նախաճաշել ու չգիտեք` ինչ պատրաստեք, դասական ձվածեղն էլ հոգնեցրել է, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Նախաճաշը կարող է ոչ միայն կշտացնող, թեթև ու համեղ լինել, այլ նաև արագ պատրաստվող։ Բոլորովին պետք չէ ժամերով կանգնել գազօջախի դիմաց կամ բավարարվել միայն ձվածեղով ու խաշած հավկիթով։ Իրականում կարելի է հիանալի նախաճաշ պատրաստել այն ամենից, ինչ տվյալ պահին կգտնվի սառնարանում։

Sputnik Արմենիան ձեզ համար ճաշատեսակներ է ընտրել, որոնք կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում։

Արագ նախաճաշ

Եթե սառնարանում նրբերշիկներ, իսկ հացամանում երեկվա լավաշ է մնացել, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է։ Հարում ենք երեք ձու, ավելացնում ենք աղ և պղպեղ։ Լավաշից շրջանակներ ենք կտրում թավայի չափով։ Նրբերշիկը կտրտում ենք մանր խորանարդիկներով, լոլիկը՝ շերտերով, և պանիր ենք քերում։

Տաք թավայի մեջ լցնում ենք հարած ձվի մի մասը և ծածկում լավաշի շերտով։ Այնուհետև վրան լցնում ենք նրբերշիկը և քերած պանրի մեկ երրորդը։ Ծածկում ենք լավաշի երկրորդ շերտով, որի վրա արդեն լցնում ենք լոլիկն ու պանիրը։ Լավաշի երրորդ շրջանակի վրա՝ կրկին նրբերշիկ և պանրի վերջին մասը։ Ծածկում ենք լավաշով, վրան լցնում ենք մնացած ձուն և թողնում ենք մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե։ Շրջում ենք, տապակում ու մատուցում։

Նախաճաշ՝ 5 րոպեում

Երեկվա հացից դեռ մնացել է, իսկ առավոտ շուտ չե՞ք ուզում խանութ վազել՝ թարմ հաց գնելու։ Խնդիր չէ, այստեղ ևս լուծում կա։ Հացը կտրտում ենք մանր խորանարդիկներով և թավայի մեջ տապակում բուսական յուղով։ Մինչ հացը բովվում է, հարում ենք երեք ձու, աղ ու պղպեղ ենք ավելացնում, ինչպես նաև մանր կտրատած կանաչ սոխ։ Հարած ձուն լցնում ենք պատրաստի չորահացի վրա և մոտ մեկ րոպե թողնում փակ կափարիչի տակ։ Շրջում ենք, տապակում մյուս կողմից։ Ապա մի կեսի վրա լցնում ենք հարած պանիրը, ծալում ենք մեջտեղից և թողնում, որ պանիրը հալչի։ Կարելի է մատուցել։

Շակշուկա

Եթե առավոտյան կշտացնող ու թարմ մի բան եք ուզում, ապա այս բաղադրատոմսը ձեզ իրոք դուր կգա։ Մանր խորանարդիկներով կտրատում ենք լոլիկը, կիսաօղակներով՝ սոխը, կարմիր բուլղարական պղպեղն ու կծու կարմիր պղպեղը, ինչպես նաև սխտորը։

Տաքացնում ենք թավան, տաք ձեթի մեջ լցնում նախ սխտորը, մի քանի վայրկյան անց՝ լոլիկը։ Մի փոքր շոգեխաշում ենք, ավելացնում սոխ, քաղցր պղպեղ ու եփում մոտ երկու րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մոտ 200 մլ տոմատի մածուկ, մոտ 10 րոպե շոգեխաշում ենք։ Ապա ավելացնում ենք աղ, պղպեղ և կծու կարմիր պղպեղ։ Միջին կրակի վրա թողնում ենք ևս 3 րոպե։ Եզրափակիչ ակորդը՝ խառնուրդի մեջ խնամքով լցնում ենք 3-4 ձու՝ առանց հարելու։ Հենց որ ձուն եփվի, ճաշատեսակը պատրաստ է։ Զարդարում ենք կանաչիով և մատուցում։

Ձվով և վարսակի փաթիլներով նախաճաշ

Արդեն փորձե՞լ եք վարսակի փաթիլներով ուտեստներ պատրաստելու բոլոր տարբերակները։ Ուրեմն հիմա փաթիլները համարձակորեն լցրեք չոր թավայի մեջ և դրեք կրակին։ Բովեք, մինչև փաթիլները թեթևակի կարմրեն, դրանց վրա կոտրեք չորս ձու (չմոռանալով աղ, պղպեղ և համեմունքներ), ծածկեք կափարիչով և թողեք, մինչև ձուն եփվի։ Ապա թավայից խնամքով հանեք վարսակաձվածեղային բլիթը և «միացրեք» երևակայությունը․ այն կարելի է ուտել քերած պանրով, երշիկով ու լոլիկով կամ քաղցր տարբերակով՝ բանանով, ավելացնելով մեղր ու ընկույզ (այս դեպքում եփելիս աղ ավելացնել պետք չէ)։

Կաթնաշոռային բլիթներ՝ հաշված րոպեներում

Այս պարզագույն բաղադրատոմսը կապահովի առավոտվա լավ տրամադրությունը։ Վերցնում ենք կաթնաշոռ, ավելացնում ձու, շաքար՝ ըստ ճաշակի, և ալյուր։ Խմոր ենք հունցում և բաժանում ոչ մեծ մասերի։ Կաթնաշոռային բլիթները տաք թավայի մեջ բուսայուղով երկու կողմից տապակում ենք։ Մատուցում ենք մրգերով, խտացրած կաթով, մեղրով և դարչինով, կարելի է ցիտրուսային թարմություն ավելացնել՝ վրան շաղ տալով նարնջի քերած կեղև։

0
թեգերը:
բաղադրատոմս, նախաճաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ձմերուկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում