Գազի հաշվիչներ

Սակագնի ժամանակ չկա, վարչապետի աշխատանքային խումբը զբաղված է քարոզարշավով

285
(Թարմացված է 18:59 22.11.2018)
ՀՀ վարչապետին կից սակագների հավաստիությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամը բացում է փակագծերը` ինչու չկան խոստացված հաշվարկները։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է իջեցնել ոչ թե 5, այլ 10 դրամով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, հակադարձելով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը, ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետ, ՀՀ վարչապետին կից սակագների հավաստիությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանը։

«Եթե պարոն Մելքումյանն ասում է, որ իրենց հանձնաժողովի կարծիքով սակագինը հնարավոր է իջեցնել ամենաքիչը 5 դրամով, մենք ասում ենք`ոչ թե 5, այլ 10-ը։ Բայց եթե իրենք այդպես են պնդում, եկեք որպես առաջին քայլ հիմա իջեցնենք 5 դրամով, իսկ հետագայում` 1-2 ամիս հետո, երբ պարզ կլինի գազի սակագնի ճակատագիրը, սահմանին ՌԴ–ի կողմից սակագնի վերանայման հարցը, հնարավոր կդառնա էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել ևս 5 դրամով»,– ասաց Արզումանյանը։

Ինչ վերաբերում է գազի գնին, փորձագետի համոզմամբ, միայն ՀՀ տարածքում այն հնարավոր է նվազեցնել շուրջ 10 տոկոսով, ինչը ավտոմատ կերպով կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի էժանացմանը։

«Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվեկշռում գազով աշխատող ջերմային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի չափաբաժինը կազմում է 34-35 տոկոս։ Այսինքն` մենք, գազի սակագնում ունենալով 5-10 տոկոս իջեցում, կարող ենք ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի առնվազն 1-2 դրամով էժանացում»,– ասաց նա։

Գազի գնի վրա, նրա խոսքով, կարող է ազդել նաև տեխնիկական կորուստների նվազեցումը, որոնք փորձագետի դիտարկմամբ, ուռճացված են ներկայացված, նկարված են, իսկ 20 տարի առաջ մշակված դրանց հաշվարկման մեխանիզմն այսօրվա իրականության հետ ոչ մի աղերս չունի։

Այդուհանդերձ, այս բոլոր ուսումնասիրություններն ու հաշվարկները բացառապես Էդուարդ Արզումանյանի անհատական հաշվարկներն են։ Իսկ սակագների հավաստիությունն ուսումնասիրող վարչապետին կից աշխատանքային խումբն այս հարցերի շուրջ առայժմ որևէ որոշում չունի։ Ըստ Արզումանյանի` ժամանակ չկա, բոլորը զբաղված են քարոզարշավով։ Փորձագետը հույս ունի, որ ընտրություններից հետո, ավելի հանգիստ մթնոլորտում աշխատանքային խումբը կհասնի էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու որոշմանը։ Իսկ, քանի դեռ նման որոշում չկա, Էդուարդ Արզումանյանը համաձայն է նաև ԱԺ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկած 5 դրամին։

Սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել՝ գազի գնի ձեւավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար:

8 հոգանոց աշխատանքային խումբը ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Խմբում ներգրավված են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը, փոխնախարարը, վարչապետի գլխավոր խորհրդականն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը։ Խմբի աշխատանքներին մասնակցում են նաև «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները։

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, նրա` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է մոտ 290 դոլարին համարժեք դրամ, ոչ ապահով խավերը` 80 դոլարին, 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլարին, իսկ ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլարին համարժեք դրամ։

Էլեկտրաէներգիայի  ցերեկային սակագինը շարքային սպառողների համար 44.98 դրամ է, գիշերայինը` 34.98 դրամ։

2018թ-ի հուլիսի 1-ից Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը սահմանել է ցերեկային` 40 և գիշերային` 30 դրամ սակագին:

285
թեգերը:
Հայաստան, գազի սակագին
Ըստ թեմայի
«Գազպրոմ Արմենիայում» հայտնաբերված խախտումները կարող էին ազդել գազի սակագնի վրա. Անանյան
Առանց այլընտրանքի ընտրություն, կամ ինչու այլևս պետք չեն նախընտրական ծրագրերը
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են «կարգավորել» գազի սակագինը
 Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին

«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են

175
(Թարմացված է 11:18 04.03.2021)
Նախնական պայմանավորվածության համաձայն` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ և հավելյալ բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։

«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։

Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ

175
թեգերը:
Իտալիա, Պատերազմ, Հայաստան, Ներդրում, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով
Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

209
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

209
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

38
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

38
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի