Գազ

Նոր նախարարը չի բացառում գազի գնի վերանայման հնարավորությունը

119
(Թարմացված է 14:08 10.10.2018)
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնել է, որ կառավարությունն ուսումնասիրում է գազի գնի նվազեցման հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանն այսօր կառավարությունում, լրագրողների հետ զրույցում, չբացառեց 2019թ.–ին գազի գնի նվազեցման հնարավորությունը։

«Երբ կունենանք փոխարժեքի կանխատեսումները, հաշվեկշիռը, գազի գնի հնարավոր մեծությունը, նոր այդ ժամանակ կկարողանանք խոսել, պոտենցիալ կա, թե չկա»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ այդ հարցի շուրջ այսօր ուսումնասիրություններ են իրականացվում նաև ՀՀ փոխվարչապետին կից ստեղծված հատուկ հանձնաժողովում։

Թե երբ կավարտվեն հանձնաժողովի աշխատանքներն ու երբ կլինի բոլորին հուզող հարցի պատասխանը, Գարեգին Բաղրամյանը դժվարացավ հայտնել։

«Հենց որ ներկայացվեն բոլոր նյութերը, կհրավիրվեն բոլոր շահագրգիռ կողմերը` ՀԾԿՀ–ը, ՀԷՑ–ը, «Գազպրոմ Արմենիան», և այդ նյութերի հիման վրա առարկայական քննարկումներ կլինեն»,–ասաց նա։

Էներգետիկայի նախարարն անդրադարձավ նաև այսօր  կառավարության նիստում  հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։

Նախարարը հայտնեց, որ տվյալ որոշումն ավելի շատ պրոցեդուրալ բնույթ է կրում և գազի գնի փոփոխության հետ ուղիղ կապ չունի։

Ըստ փաստաթղթի` 2018թ.–ի ընթացքում սպառողներին մատուցվող գազի սակագինը կպահպանվի և որևէ փոփոխության չի ենթարկվի։ Իսկ 2019թ.–ին գազի սակագնի հնարավոր փոփոխության համար «Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու իրավունք կստանա միայն նոյեմբերի 1-ին։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան այցի ընթացքում հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանին վաճառվող գազի գինը։ Ռուսական կողմն ընդգծել է, որ Հայաստանին ամենաէժան գազն է վաճառվում։

Նշենք, որ Հայաստանին ռուսական գազը սահմանին տրամադրվում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, բայց սպառողին այն հասնում է 290 դոլարով։

119
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի իշխանությունը նոր մոտեցում ունի տեխզննման և գազի բալոնների ստուգման հարցում
Փաշինյանը Պուտինի հետ կրկին կքննարկի գազի սակագինը
Փաշինյանն ու Պուտինը նորից բանակցելու են գազի գնի շուրջ. վառելիքի էժանանալու հույս կա՞
Մարգարյան. «Սա խայտառակ իրավիճակ է. բաժանորդների համար գազի գինը չպիտի այսքան բարձր լիներ»
Գազի գնի դինամիկան Հայաստանում
«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան