ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ո՞վ ավելի էժան ցորեն կներմուծի Հայաստան։ Վերջին ամիսների ընթացքում այս հարցը կրկին արդիական է դարձել։
Շուկայի օրենքների համաձայն`խոշոր բեռներն ավելի շահավետ է երկաթգծով փոխադրել։ Վառելիք, ցեմենտ, ամրաններ, հացահատիկ. այս ամենը մեծ ծավալներով պարզապես հնարավոր չէ տեղափոխել ավտոտրանսպորտով։
Օրինակ` տարեկան 280-300 տոննա ցորեն է ներկրվում Հայաստան։ Մեկ բեռնատարը 22 տոննա է տեղափոխում։ Եթե Հայաստան ներմուծվող ամբողջ հացահատիկը բեռնատարների «ուսերին» դնեն, ապա Հայաստանի ճանապարհներին (ինչպես նաև հարևան Վրաստանի) պարզապես տեղ չի մնա մյուսների համար։
Սակայն վերջին 1-2 տարվա ընթացքում ցորենի և ալյուրի շուկայում իրենց ուժերը սկսեցին փորձել ավտոմեքենաների փոխադրողները։ Շուկայի որոշ մասն անցավ այդ փոխադրողներին (ընդ որում` ինչպես հայ, այնպես էլ ռուս)։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին հացահատիկի ներկրողներն ու տրանսպորտային էքսպեդիտորները։ Իսկ որոշ ընկերություններ սկսեցին երկարատև աշխատելու համար վերասարքավորել բեռնարկղերը` ցորեն և հացահատիկ տեղափոխելու համար (տեղադրելով ջերմաստիճանի և խոնավության մեկուսիչներ)։
Այդուհանդերձ, ցորենը հիմնականում տեղափոխում էին երկաթգծով։ Թե ինչպես է շուկան բաշխվել բեռնատարների և երկաթուղու միջև, չգիտենք. այդ տվյալները, հասկանալի պատճառներով, չեն բացահայտում ո՛չ ներկրողները, ո՛չ հացահատիկ տեղափոխողները։
Բայց հիմա ցորենի փոխադրումը կրկին կիրականացվի երկաթուղով։ Վրաստանը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի և ալյուրի տեղափոխումը տրանսպորտային միջոցներով։ Զուտ տեխնիկական պատճառ են նշում. նրանք այնքան են լցնում բեռնախցիկը, որ մեքենան գերծանրաբեռնում է ճանապարհային հատվածը։ Այդ պատճառով այժմ ցորեն և ալյուր հնարավոր կլինի տեղափոխել միայն ծովով և երկաթուղով։
Երկաթուղին կտրուկ իջեցրել է գները։ ՀՀ տրանսպորտի նախարարության մասնակցությամբ հայ և վրացի երկաթուղայինների բանակցությունների արդյունքում հացահատիկի տեղափոխման սակագները կրկնակի կնվազեն (52%-ով)։ Իսկ Հայաստան ներկրվող ցորենի գնի մեջ տեղափոխման ծախսերը մոտ 10% են կազմում, երբեմն` ավելի շատ։ Թե կոնկրետ որքա՞ն են վճարում ներկրողները տեղափոխման համար, նույնպես առևտրային գաղտնիք է։ Դատել կարող ենք անուղղակի տվյալներով։ Դրա համար մենք համեմատել ենք Ռուսաստանում ցորենի գները (վերլուծական ընկերությունների ամփոփիչ գործակիցներով) և Հայաստանում ներկրման գները (մաքսային վիճակագրության տվյալներով)։ Այդ պատճառով տրանսպորտային ծախսերի նման իջեցումը չի կարող չազդել վերջնական գնի վրա։
Սակայն հարց է առաջանում. սրանից հետո ալյուրն ու հացը կէժանանա՞ն։ Հայաստանում երկու խոշոր ալրաղաց կա, որոնց դժվար է կասկածել գնային պայմանավորվածության մեջ, եթե կոնկրետ ապացույցներ չկան։ Թեև ալյուրի գները նրանք քիչ թե շատ միաժամանակ են փոխում։ Մնում է սպասել և տեսնել, թե ինչ տեղի կունենա այս անգամ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։



