Մարիխուանա

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլնի մաքսանենգություն. էլ ի՞նչ է հայտնաբերել ՊԵԿ–ը

106
(Թարմացված է 16:58 14.08.2018)
Վերջին 2 ամիսների ընթացքում կանխվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում  հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել է փոստային առաքանիներում, իսկ 4 դեպքը՝ ՀՀ պետական սահմանը հատող անձանց մոտ կամ նրանց ուղեկցող ուղեբեռներում: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութ և թմրանյութ պարունակող 1841 դեղահաբ, «ԼՍԴ» տեսակի հալուցինոգեն թմրանյութի պարունակությամբ 11 բլոտտեր, էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հաշիշի յուղի պարունակությամբ 31 մուշտուկ, «կանեփ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ քաղցրավենիքներ, «մարիխուանա» և «հաշիշ»  տեսակի թմրամիջոցներ:

Վերջին 2 ամիսներին  մաքսային կանոնների խախտման 12 դեպքով  հայտնաբերվել են սխալ հայտարարագրված, չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված 118 բջջային հեռախոս, բջջային հեռախոսների 354 աքսեսուար, 5 կգ տարբեր տեսակի դեղամիջոցներ, 4,4 կգ ոսկյա և արծաթյա զարդեր, 43 կգ կենդանի խեցգետին, ինչպես նաև ՌԴ-ից ներմուծված 220 լիտր տարողությամբ 112 մետաղական տարա` ավտոմեքենաների քսայուղերի պարունակությամբ, որոնք, սակայն, հայտարարագրվել էին որպես քսայուղերի հավելանյութ` օրենքով սահմանված ակցիզային և բնապահպանական հարկերը չվճարելու նպատակով:

Մաքսային կանոնների խախտման 10 դեպք հայտնաբերվել է նաև Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում: Խախտումները, մասնավորապես կապված են եղել մաքսային հսկողության տակ գտնվող, այդ թվում`  «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված տրանսպորտային միջոցները հայտարարատուների կողմից այլ անձանց փոխանցելու կամ սահմանված ժամկետում նշանակման մաքսային մարմին չհասցնելու հետ:

106
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Մաքսակետում լվացքի մեքենա ջարդելը ՊԵԿ–ը PR ակցիա է համարում. տեսանյութ
Միքայել Փաշայան. «ՊԵԿ-ը միանշանակ հավատում է գործարարին»
ՊԵԿ–ը նոր չարաշահումներ է բացահայտել ու դարձյալ` Կարգոյի ոլորտում
Եղե՛ք ուշադիր, որ խուսափեք վարչական տուգանքներից. ՊԵԿ
«Մենք ծառայողական քննություն կանցկացնենք». ՊԵԿ նախագահը Արտաշատում է
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

120
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

120
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Մրգի շուկա Երևանում

Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում

477
(Թարմացված է 22:26 02.03.2021)
Պակիստանյան մանդարինները հայկական վաճառասեղաններին մեծ իրարանցում առաջացրին։ Օգտատերերը զայրացել են, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքի ֆոնին շարունակվում է միրգ վաճառվել մի երկրից, որը, մեղմ ասած, բարեկամական չէ։ Sputnik Արմենիան փորձել է պարզել իրավիճակը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանը վաղուց է համալրել Պակիստանից մանդարին գնողների ցանկը։ Հեռավորասիական երկրում աճեցվող այդ ցիտրուսը տեղական շուկայում ամենևին էլ նորություն չէ։ Իսլամաբադից Երևան ամսական 50-80 տոննա մանդարին է ներմուծվում։ Այդ պատճառով հայ գործարարները տարակուսում են մանդարինի հետ կապված սոցցանցերում բարձրացած աղմուկի վերաբերյալ։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Ամեն ինչ սկսվեց սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերերի մեկնաբանություններից, նրանք վրդովված էին «շուկայում Հայաստանի համար թշնամական Պակիստանից մանդարինի հայտնվելու» առիթով։ Մասնավորապես, օգտատեր Իրինա Դանիելյանը գրել էր. «Երևանում գրեթե բոլոր սուպերմարկետներն ու խանութները վաճառում են մանդարին, որը մաքսանենգ ճանապարհով (ուրիշ ինչպե՞ս) բերվել է Ադրբեջանի և Թուրքիայի մտերիմ դաշնակից հանդիսացող երկրից։ Պակիստանը ոչ միայն մասնակցել է Արցախում հայերի դեմ վերջին պատերազմին, այլև միակ պետությունն է, որը դեռ չի ճանաչել Հայաստանը»։

Գործնականում պարզվեց, որ Հայաստանն առաջին տարին չէ, որ Պակիստանից մանդարին է ներմուծում, ընդ որում՝ մեծ քանակությամբ։

Ինչո՞ւ պակիստանյան

Վառ, նարնջագույն, հյութալի, փափուկ ու քաղցր։ Ահա Պակիստանից ներմուծվող մանդարինների գլխավոր տարբերությունը Վրաստանից կամ Հունաստանից ներմուծվող նույն մրգից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մանդարինի աշխարհը բացահայտող այս հուշաթերթիկով կամ ուղեցույցով կիսվեց Պակիստանից մրգեր ներմուծողներից մեկը` Քամալ Մոհամադին (Kamal Mohammadi)։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Քամալ Մոհամադին Իրանում ծնված էթնիկ քուրդ է, 1992 թվականից ապրում է Հայաստանում։ Հայաստանի հետ նրան, պատկերավոր ասած, կապեցին մակարոնները, որոնք նա 90-ականներին ներմուծում էր Իրանից` հարևան երկրի վրա վաճառելու համար։ Ավելի ուշ ամուսնացավ հայուհու հետ և ընդմիշտ մնաց Հայաստանում։

Նրա հետ մենք ծանոթացանք Երևանի մեծածախ շուկաներից մեկում, ուր ուղևորվեցինք պարզելու համար հայկական վաճառասեղաններին պակիստանյան մանդարինի «օրինական» լինելու ու ծագման հարցը։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Մրգի շուկա Երևանում

Մոհամադին հրավիրեց իր մեծածախ կետը, բացեց փայլփլուն մանդարիններով արկղը։ Նա բացատրեց, որ պակիստանյան մանդարինի մեկ կիլոգրամը ինքը, որպես մեծածախ վաճառքով զբաղվող անձ, այսօր վաճառում է 500 դրամով, այն դեպքում, երբ իրանական, վրացական կամ հունական մանդարին այս սեզոնին գրեթե անհնար է գտնել։

«Պակիստանից միայն ու միայն նարենգի (պակիստաներեն՝ մանդարին – խմբ.) ենք բերում, դրանք ավելի հեշտ է պահելը, քանի որ կեղևը հաստ է։ Բացի այդ, դրանք Պակիստանում շատ են, դրա համար ավելի էժան են վաճառում, քան հարևանները», – ասաց նա։

Դրանից բացի Պակիստանում մանդարինն աճեցնում են սեպտեմբերից մինչև մարտի վերջ։ Նրա խոսքով` քանի որ հայկական շուկան փոքր է, ապա ամեն ամիս մեր երկիր մանդարինի երեք բեռնատար է մտնում, այսինքն՝ 50-80 տոննա։

Экспортер мандаринов из Пакистана Камаль Мохаммади на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանից մրգեր ներմուծող Քամալ Մոհամադին

Մենք հրաժեշտ տվեցինք Մոհամադին ու ճանապարհվեցինք այլ տեղ փնտրելու պակիստանյան մանդարիններ։

Իսկ ո՞վ է Պակիստանից բերում

Մեր ուշադրությունը գրավեց իրանական պետհամարանիշերով ու իրանցի վարորդով բեռնատարը, որը հարևան երկրից տարբեր մթերքներ էր բերել։ Այստեղ լոլիկով, կիվիով, սխտորով և այլ միրգ–բանջարեղենով արկղեր ու տոպրակներ կային։  Հետևի պլանում հաճախորդների ուշադրությունը գրավում էին նարնջագույն մանդարինները։

Фура на на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Բեռնատար՝ Երևանի մրգի շուկայում

Վաճառակետի տերը, ով չցանկացավ ներկայանալ,  պարզաբանեց, որ ոչ մի հայ Երևանից Իսլամաբադ չի գնա մանդարին բերելու։  Մատակարարները միրգը պատվիրում են իրանցի գործընկերներից։

«Մեզնից ոչ ոք Պակիստան չի գնում մանդարին բերելու։ Ինչպես տեսնում եք՝ բեռնատարներով և՛ մանդարին, և՛ այլ ապրանք են բերել։ Մանդարինը` Պակիստանից, իսկ մնացած ապրանքը` Իրանից», – ասաց տղամարդը։

Пакистанские мандарины на овощном рынке в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Նա նշեց, որ նախկինում նաև թուրքական ապրանք էր բերում, սակայն սեպտեմբերի 27-ից դադարեցրել են մատակարարումները, քանի որ այդ տարբերակն անընդունելի են համարում։

Իսկ ի՞նչ է ասում իշխանությունը

Մենք դիմեցինք նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Գերատեսչությունում նշեցին, որ Հայաստանը պաշտոնապես արգելք չի դրել Պակիստանից ներմուծվող ապրանքի վրա, այդ պատճառով շուկայում իսկապես այդ երկրից ապրանքներ կան։

Овощной рынок в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Պակիստանյան մանդարին Երևանի մրգի շուկայում

Տեսչական մարմինում հիշեցրին, որ արգելք է սահմանված Թուրքիայից ապրանքների ներմուծման վրա ու հավաստիացրին, որ ներկա պահին չկա ապրանք, որն այս տարի ներմուծված լինի Հայաստան հարևան երկրից։

477
թեգերը:
մանդարին, Պակիստան, Հայաստան
Արխիվային լուսանկար. 26 փետրվարի, 2021

Մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հանդիպումը նախագահի հետ

0
(Թարմացված է 11:40 03.03.2021)
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։

Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,-հանդիպումից առաջ «Փաստինֆո»-ի թղթակցին ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը

0
թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո