Նիկոլ Փաշինյանն ընդունել է բանկային ոլորտի ներկայացուցիչնեին

Բանկերը կզիջեն մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները

393
Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ բանկերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց գյուղացիական և սպառողական վարկերի գծով կուտակված տույժերի և տուգանքների խնդիրը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Ինչպես գիտեք, կառավարությունն իր մասով այս հարցում գնացել է որոշակի գործողությունների, լուծումների: Հույս ունենք, որ իրականացված օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա այս դաշտում որոշակի դրական փոփոխությունների հասնել, փակուղային իրավիճակում գտնվող վարկերը դարձնել սպասարկելի ու կառավարելի: Իհարկե, սա ամենակարևոր խնդիրն է, մենք դեռ ապրիլին խոստացել էինք, որ այսպիսի լուծումներ կլինեն և հույս ունենք, որ իսկապես այստեղ նկատելի ու էական փոփոխություններ կլինեն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հասկանում է, թե ինչ խնդիրներ ունեն բանկերն ու վարկառուները, և հույս հայտնում ստեղծել համագործակցության այնպիսի հնարավորություն, որը թույլ կտա ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի բանկային համակարգը կարողանա նոր էներգիա, նոր արյուն մղել դեպի տնտեսություն և հանրային կյանքի բոլոր ոլորտներ:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ գյուղացիական վարկեր տրամադրող բոլոր բանկերը պատրաստակամություն են հայտնել զիջել մինչև 2018 թվականի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվեն ավելի քան 100 հազար քաղաքացիներ: Արթուր Ջավադյանի խոսքով՝ այս քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվել ֆինանսական նոր ծառայություններից: ԿԲ նախագահը նշել է, որ աշխատանքներ են տարվում նաև վարկային կազմակերպությունների հետ՝ նույնպիսի գործընթաց սկսելու համար:

«Ըստ էության, նշված անձինք այս գործընթացի արդյունքում վերադառնում են վարկային համաձայնագիրը ստորագրելու պահին եղած ստատուս քվոյին: Մոտ 100 հազար մարդ, որ չէր կարողանում նոր վարկ ստանալ վարկային վատ պատմության պատճառով, նրանց վարկային պատմությունն, այսպես ասած, կզրոյացվի և նրանք նոր էջից սկսելու հնարավորություն կունենան»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Բանկերի ներկայացուցիչները նշել են, որ տույժերի և տուգանքների զիջման գործընթացը կազմակերպելու են վարկառուների հետ առանձին աշխատանքի արդյունքում՝ վերջինիս հնարավորությունները գնահատելու միջոցով վերանայելով վարկի հիմնական գումարի մարման ժամկետները:

«Գյուղացին պետք է կոմունիկացիայի մեջ լինի բանկի հետ, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակ անհատական քննարկվի: Կարծում եմ՝ այստեղ ձեր ճկունություն ցուցաբերելու պատրաստակամությունը կարևոր է: Յուրաքանչյուր վարկառուի իրավիճակը վերլուծելով, հասկանալով՝ հնարավորություն կլինի նրան առաջարկել այնպիսի պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա սպասարկել վարկը: Այս պրոցեսն իր իրական նպատակին ու արդյունքին կհասնի, եթե իսկապես կարողանանք այսպիսի արդյունքի հասնել: Սա բանկային համակարգի համար էլ կունենա առողջացման նշանակություն: Սա և՛ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին ձեռնտու պրոցես է: Սրա էֆեկտներն անհատական չեն լինելու, այլ շատ ավելի լայն են լինելու»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում բանկերի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև դիտարկել ֆիզիկական անձանց այլ վարկերի՝ սպառողական և այլն, ուղղությամբ կուտակված տույժերն ու տուգանքները զիջելու հարցը:

Վարչապետն ողջունել է բանկային համակարգի նման պատրաստակամությունը և հույս հայտնել, որ արդյունքում այս գործընթացից կօգտվի հասարակության ավելի մեծ զանգված:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սպասարկման, անտրամաբանական այլ վճարներին, ինչպես նաև վաշխառության դեպքերին:

Արթուր Ջավադյանը նշել է, որ բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի օգտվեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններից, իսկ վաշխառության բոլոր գործերով դիմեն իրավապահ մարմիններին: Ըստ Ջավադյանի, նման դեպքերը շատ են՝ հատկապես մարզերում:

«Ձեր տված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս, որ մենք իրավապահ մարմիններին ներգրավվենք այս խնդրի լուծման գործում: Այսօր ոստիկանությանը կհանձնարարեմ, որպեսզի կոնկրետ այս հարցով զբաղվող օպերատիվ խումբ ձևավորվի: Այս տեղեկատվությունն էլ պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, որովհետև նրանք առավել ևս չգիտեն, որ դրանք ապօրինի են: Սա ուղղակի վաշխառության հետ առնչվող գործունեություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունն օպերատիվ տեղեկատվության արդյունքում նման գործերին համապատասխան ընթացք պետք է տա, որպեսզի այս հարցում նույնպես փոփոխություն արձանագրվի:

Խորհրդակցությանը կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման շուրջ:

393
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վարկի փոխարեն հարկ. եթե գյուղացին վարկից ազատվի, ստիպված է լինելու հարկ վճարել
Հայաստանը ստացել է զենքի ամբողջ խմբաքանակը Ռուսաստանի առաջին վարկի շրջանակում
Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկը. ՀՀԿ պատգամավոր
Հիփոթեքային վարկը մարելու համար քանի՞ մարդ է օգտվում եկամտահարկի վերադարձվող գումարից
Նորակառույց շենք

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

130
(Թարմացված է 21:13 10.07.2020)
Հիփոթեքը տարիներ շարունակ շքեղություն էր համարվում Հայաստանում։ Նախկին իշխանությունը մի շարք ծրագրեր իրականացրեց այդ հարցը լուծելու համար, իսկ այսօրվա իշխանությունը որոշել է շատ ավելի մեծ թվով երիտասարդների համար իրականություն դարձնել բնակարան ունենալու երազանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Կառավարության վերջին միջոցառումները՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու ուղղությամբ, որոշակի լավատեսություն են ներշնչում բնակարանային հարցի լուծման և ժողովրդագրական ցուցանիշների լավացման առումով։ Երիտասարդների գործազրկության և անվճարունակության պատճառով հիփոթեքը տարիներ շարունակ անթույլատրելի շքեղություն էր համարվում, քչերն էին կարողանում երես տալ իրենց այդ հարցում, թեև դեռ նախկին իշխանության օրոք ներդրվել էր եկամտահարկի վերադարձման կարգը, որն այսօր էլ հաջողությամբ շարունակվում է։

Հիմա իշխանությունը փորձում է հիփոթեքն ավելի հասանելի դարձնել, ընդ որում` մարզերում, թեև մայրաքաղաքի բնակիչների համար նույնպես աջակցության սխեմաներ են նախատեսված։

Ի՞նչ է տեղի ունեցել

Այսուհետ՝ 2020թ․-ի հուլիսի 1-ից, երեխայի ծննդի դեպքում ընտանիքները միանվագ դրամական աջակցություն կստանան հիփոթեքի կանխավճար մուծելու նպատակով։ Գումարի չափը կախված է ծնողների տարիքից և երեխաների թվից։ Արդեն իսկ հիփոթեքային վարկ վերցրած ընտանիքների համար նույնպես միանվագ դրամական աջակցություն է նախատեսված։ Ավելի մանրամասն՝ մեր ինֆոգրաֆիկայում։

Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը
© Sputnik / Shushanik Sargsyan
Երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ երիտասարդ ընտանիքներին աջակցելու մեխանիզմները, որոնք մշակել է կառավարությունը, կարող են բարելավել ժողովրդագրական իրավիճակը և կրճատել մայրաքաղաքի ու մարզերի զարգացման անհավասարակշռությունը։ Պարսյանը նշում է, որ մարզերում ծնելիության մակարդակը զգալիորեն զիջում է Երևանի համապատասխան ցուցանիշներին, այդտեղից էլ առաջանում է երկրի անհամաչափ զարգացման խնդիրը։

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին արտագաղթի և գործազրկության պատճառով մարզերում ժողովրդագրական իրավիճակը մշտապես վատանում է։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ավելանում է ուշ ամուսնությունների թիվը։ Կառավարության ծրագիրը, այլ մեխանիզմների հետ մեկտեղ, իրավիճակը բարելավելու նպատակ ունի»,-ասում է Պարսյանը։

Մասնավորապես այն փաստը, որ մինչև 25 տարեկան ծնողները երեխայի ծննդյան դեպքում ավելի խոշոր օգնություն կստանան, պետք է որ լրացուցիչ խթան դառնա ավելի վաղ ամուսնությունների համար։

Վարկ տալը քիչ է

Միաժամանակ, մեր զրուցակիցը հակված չէ մտածել, որ աջակցության քննարկվող միջոցառումները ժողովրդագրական խնդիրների և բնակարանային հարցի լուծման ունիվերսալ միջոցներ են։

Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ երիտասարդների ցածր վճարունակությունը։ Եվ որքան էլ պետությունը գայթակղիչ հիփոթեքի ցածր տոկոսադրույքներով կամ կանխավճարի սուբսիդավորմամբ, մարդիկ պետք է գոնե կայուն միջին եկամուտ ունենան, որպեսզի կարողանան մինչև վերջ կրել հիփոթեքային բեռը։

«Երկու երեխա ունեցող երիտասարդ ընտանիքը պետք է ամսական 500-600 հազար դրամ եկամուտ ունենա, որպեսզի բանկը նրանց վճարունակ ճանաչի և վարկ տա։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ Հայաստանում այդպիսի ընտանիքները շատ քիչ են, հատկապես՝ մարզերում։ Բացի այդ՝ շատ հաճախ այդ ընտանիքները նաև այլ վարկային պարտավորություններ ունեն, ինչն արդեն նվազեցնում է հիփոթեք ստանալու հավանականությունը»,-ասում է Պարսյանը։

Այս իրավիճակում պետությունը պետք է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված քաղաքականություն վարի (հիմա միջին աշխատավարձը մոտ 185 հազար դրամ է, հարկերը հանած՝ 143 հազար դրամ) և ինքն էլ օրինակ ծառայի։

Պետական հաստատությունների աշխատակիցները, հատկապես՝ միջին և ցածր օղակներում, տարիներ շարունակ նույն աշխատավարձն են ստանում։ Պարսյանի խոսքով` հիմա փորձում են իրավիճակը փոքր-ինչ շտկել պարգևավճարների հաշվին, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանից շահում են հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները։ Հենց այդ պատճառով էլ կառավարությունը պետք է ավելի ընտրողական, հասցեագրված քաղաքականություն իրականացնի։

Իսկ ժողովրդագրությո՞ւնը

Քանի որ առաջնահերթ խնդիրների շարքում է վերջին տարիներին շարունակաբար կրճատվող բնակչության թվաքանակի աճը, ապա հարցը հետաքրքիր է դիտարկել հենց այս տեսանկյունից։ Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշակի տեղաշարժ կարելի է սպասել, բայց իրավիճակի արմատական բարեփոխման համար համալիր միջոցառումներ են անհրաժեշտ։ Եվ միայն հիփոթեքի մասնակի ֆինանսավորումը բավարար չէ։

«Ժողովրդագրության և արտագաղթի խնդիրների արմատական լուծումը կախված է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բնույթի բազմաթիվ գործոններից: Կյանքի բոլոր ոլորտներն այսպես թե այնպես իրենց հետքն են թողնում ժողովրդագրության վրա», - ասում է նա և ավելացնում` Հայաստանում, սակայն, իրավիճակը միայն վատթարանում է բոլոր նշված չափորոշիչներով։ Եվ լավացման միտում առայժմ չի նկատվում։

Նրա խոսքով` որոշ երիտասարդ ընտանիքների ֆինանսական դրությունը կլավանա։ Սակայն գլոբալ առումով աջակցության այս միջոցառումները չեն կարողանա փոխել իրավիճակը։

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև կորոնավիրուսը։ «Համավարակն ավելի է խտացրել անորոշությունը»,– ասում է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ակտուալ է դառնում այն հարցը, թե ինչպես է կորոնավիրուսն ազդելու ամուսնությունների, ամուսնալուծությունների, ծնելիության և այլնի վիճակագրության վրա։ Առավել տրամաբանական է ենթադրել, որ ազդեցությունը բացասական կլինի։

«Ժողովրդագրությունն այն ոլորտն է, որին հատուկ է իներցիոն ընթացքը։ Այսինքն՝ որևէ փոփոխություն, որն այսպես թե այնպես վերաբերում է ժողովրդագրությանը, արդյունք է տալիս միայն մի քանի տարի անց։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև բացասական գործընթացներին։ Այսինքն՝ այսօրվա միջոցառումների արդյունքը մենք կկարողանանք գնահատել միայն մի քանի տարի անց»,-ավելացրեց նա։

Տարբեր ժամանակներում ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները խոստանում են լավացնել ժողովրդագրությունը։ Դա միշտ էլ եղել է հայաստանյան առաջնորդների ծրագրերի առանցքային կետերից մեկը։ Այսպես, դեռևս 2017թ․-ի մայիսին, ելույթ ունենալով նորընտիր խորհրդարանում` այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր 2040 թ․-ին բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու մասին։

Իսկ անցած տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2050թ․-ին 5 միլիոն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին։

Իսկ փաստացի հիմա (2019թ․-ի վերջին տվյալներով՝ խմբ․) ՀՀ բնակիչների թիվը 2 միլիոն 965 հազար է։

Մինչ այդ հիփոթեքի շուկայում․․․

Պետությունը փորձում է հիփոթեքային ծրագրերում ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավել։ Ամենապահանջված ծրագրերից է դարձել նորակառույց շենքերում բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

Հիմա պետությունը հիփոթեքային գծով ավելի ու ավելի շատ եկամտահարկ է վերադարձնում։ Այսպես՝ 2015թ․-ին, երբ ծրագիրը սկսեց գործել, դրան մասնակցեց 571 մարդ, որոնք բոլորը միասին տարեկան մոտ 274 միլիոն դրամ էին ստանում։

Հետագա տարիներին վարկառուներն ավելացան, և զուգահեռ ավելացան նաև վերադարձվող գումարները։ 2020թ․-ի առաջին եռամսյակի տվյալներով` ծրագրին արդեն 8 266 մարդ է մասնակցում, որոնց վերադարձրել են մոտ 2 միլիարդ 797 միլիոն դրամ, ընդ որում՝ ոչ թե ամբողջ տարվա, այլ միայն առաջին եռամսյակի համար։

Ստացվում է, որ նախկինում ամսական մոտ 40 հազար դրամ էր վերադարձվում յուրաքանչյուր վարկառուին, իսկ հիմա` 112 հազար դրամ։

Եկեք հասկանանք` եթե մարդը ամսական 110-112 հազար դրամ վերադարձ է ստանում հիփոթեքի համար, ապա նա որքան աշխատավարձ է ստանում և ինչպիսի բնակարան է գնել, կամ ավելի ճիշտ՝ բանկը ինչպիսի բնակարան է թույլ տվել, որ նա գնի։

Ամենակոպիտ և ոչ ճշգրիտ հաշվարկով, վերականգնելով մյուս բոլոր փոփոխականները, կարելի է հաշվել, որ նա վճարում է ամսական միջինում 200-250 հազար դրամ (հաշվի առնելով մայր գումարը)։

Այդ դեպքում՝ որքա՞ն ամսական աշխատավարձ է նա ստանում։ Ըստ հանրամատչելի ֆինանսական կայքերի՝ բանկերը սովորաբար հիփոթեք են տրամադրում այն հաշվարկով, որ վճարումները չգերազանցեն ամսական եկամտի 30 տոկոսը։ Բայց, ինչպես նշում են փորձագետները, մրցակցության աճին զուգահեռ բանկերը կարող են այդ ցուցանիշը հասցնել մինչև 40-45 տոկոսի։ Բայց այսպես թե այնպես նման հիփոթեք ստացող մարդը պետք է ամսական ոչ պակաս, քան 400 հազար դրամ աշխատավարձ ստանա։

Ճիշտ է, ոլորտի մասնագետները նկատում են, որ համակարգը, ընդհակառակը, «զանգվածայնանում է»։ Եթե նախկինում դրանից օգտվում էին միայն ապահովված քաղաքացիները (պայմանական «մենեջերների խավը»), ապա այժմ՝ անգամ 200-250 հազար դրամ ամսական եկամուտ ունեցող քաղաքացիները։

Մարդիկ սկսում են ինքնակազմակերպվել և օգնել իրենց հարազատներին։ Վարկառուներին սկսում են աջակցել նրանց քույրերը, եղբայրներն ու հայրերը, որպեսզի հնարավորինս շատ կարողանան օգտվել եկամտահարկի վերադարձից։

Ամեն դեպքում այս գնահատականները խիստ մոտավոր են, քանի որ հիփոթեքային շուկան ծայրահեղ անհամասեռ է։ Ֆինանսների նախարարությունն, օրինակ, այլ գնահատական է տալիս․ այս վարկային սխեմայով սկսել են չափազանց շատ թանկ բնակարաններ գնել։

Այդ պատճառով եկամտահարկի վերադարձը Կենտրոն և Արաբկիր շրջանների համար (որտեղ ամենաթանկ բնակարաններն են) պետք է չեղարկել։ Այդ մասին վերջերս արդեն ասել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` նկատելով, որ հարկային արտոնությունները պետք է լինեն առավելագույն նպատակային և բացառապես նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։

Մարզերում բնակարան գնելու հիփոթեքային աջակցությունն, իհարկե, լուծում է այդ խնդիրը․ դրանք թանկարժեք չեն լինի, կլինեն միջին կամ միջինից ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար։

Իհարկե, ինչպես ցանկացած այլ բարեփոխում, կառավարության այս որոշումները ևս դեռ պետք է փորձարկել, կիրառել գործնականում։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի օբյեկտիվ գնահատել դրանց արդյունավետությունը։

130
թեգերը:
Ռուբեն Եգանյան, Սուրեն Պարսյան, բնակարան, տուն, Հիփոթեքային վարկ, Հայաստան
Ըստ թեմայի
Որ աշխատող ուսանողները կազատվեն եկամտահարկից. նախարարությունը ներկայացրել է ցանկը
«Ճգնաժամի շոկային հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի 2 տարի». Խաչատրյան
COVID 19-ի տնտեսական հետևանքները. ԿԲ-ն հաշվարկել է տնտեսության ու քաղաքացիների կորուստները
Խաչատրյան. «Կառավարության ծրագրերը մեղմել են ճգնաժամի ազդեցությունը»
Beeline

ՀԾԿՀ-ն ևս դեմ չէ Beeline-ի վաճառքին, բայց ժամանակ է տվել գործարքն իրականացնելու համար

46
(Թարմացված է 17:02 10.07.2020)
Հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հրավիրված արտահերթ նիստում հավանության արժանացրեց «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հունիսի 8-ի գրությունը, որով վերջինը խնդրել էր համաձայնություն տալ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականության իրավունքը «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանցելու առաջարկին:

Հանձնաժողովն իր համաձայնությունը հիմնավորեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 2020 թվականի հուլիսի 8-ի և հուլիսի 9-ի գրություններով, որոնց համաձայն՝ նախարարությունը գործարքի վերաբերյալ առարկություններ չունի:

Նույն որոշմամբ ՀԾԿՀ-ը նաև համաձայնություն տվեց «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը նորաստեղծ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելուն:

Ընդ որում, հանձնաժողովի որոշման վավերականության ժամկետը վեց ամիս է: Դա նշանակում է, որ առք ու վաճառքի գործարքը երկու ընկերությունները պարտավոր են ավարտել կես տարվա ընթացքում:

Միաժամանակ «ԹԻՄ» ՍՊԸ-ն պետք է գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնի գործարքի մասին հավաստող փաստաթղթերը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ հուլիսի 9-ին առաջարկվող գործարքը ստացել էր նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) թույլատվությունը:

Այս հանձնաժողովի որոշմամբ էլ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվել էր համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Beeline-ի մասնագետները, որ պղնձային ցանց են ապահովել, կկարողանան նոր ցանց կառուցել. Եսայան

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

46
թեգերը:
Հայկ Եսայան, գործարք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Beeline Armenia
Ըստ թեմայի
Հայաստանի գործատուների միությանն անհանգստացրել է Ucom–ի հարցը
Ucom-ը բացահայտել է Beeline-ի գնման գաղտնիքները. ի՞նչ են պայմանավորվել Եսայանները
Ucom-ի ծառայությունները մասամբ վերականգնվել են. VivaCell-MTS-ում ևս խնդիրներ են առաջացել
 Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Ֆուտբոլային թրելլեր գավաթի եզրափակիչում. Հայաստանի գավաթակրի անունը հայտնի է

24
(Թարմացված է 22:22 10.07.2020)
Տասը գոլ, լարված պայքար, գերկամային որակներ,  հաղթելու մեծ ցանկություն։ Այս ամենի արդյունքում Հայաստանի գավաթակիրը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: «Նոա» - «Արարատ-Արմենիա» եզրափակիչը թերևս լավագույն խաղն էր հայկական թիմերի միջև 2019/20 մրցաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը։ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում գավաթակիր դարձավ «Նոան»։

Кубок Армении по футболу между командами Арарат-Армения - Ноа (10 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Նշենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչում իրար արժանի մրցակիցներ էին խաղում` «Նոան» ու «Արարատ Արմենիան»: 

Հանդիպման մեկնարկից 29 րոպե անց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3:0 հաշվով,  բայց երկու թիմերն էլ պայքարեցին մինչև վերջ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվեց վերջնական հաշիվը՝ 5:5:

11 մետրանոց հարվածաշարով հաղթեց ու Հայաստանի գավաթը նվաճեց «Նոան»։

Խաղի 8-րդ րոպեին Ուգուչուկվու Լուիս Օգանան, հնարավորությունն օգտագործելով,  առաջ մղեց «Արարատ-Արմենիային»: Բաց թողած գնդակը չի կարելի ասել, թե անմիջապես ընկճեց «Նոայի» ֆուտբոլիստներին:

Բայց Ալան Տատաևի ինքնագոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները սկսեցին գործել շատ հանգիստ ու վստահ, և 29-րդ րոպեին Յուսուֆ Օդուբանջոն երրորդ անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից:

Առաջին խաղակեսի ավարտից վեց րոպե առաջ Մաքսիմ Մայրովիչի գոլն ինչ– որ տեղ հույս տվեց «Նոայի» ֆուտբոլիստներին: Բայց հերթական սխալը պաշտպանությունում նորից վերականգնեց երեք գնդակի առավելությունը «Արարատ-Արմենիայի» օգտին. Ուգուչուկվու Լուիս Օգանան դաձավ դուբլի հեղինակ, իսկ չեմպիոնը հաղթում էր 4:1 հաշվով:

Кубок Армении по футболу между командами Арарат-Армения - Ноа (10 июля 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants.
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը

Ընդհանրապես եզրափակիչներում հիմնականում ոչ գոլառատ հանդիպումներ են լինում: Թիմերը զգույշ են գործում պաշտպանությունում, խուսափելով սեփական դարպասը գնդակ ընդունելուց, ու համարյա միշտ գործում են թիկունքն ապահովագրելով:

Ամենախոշոր հաշիվը ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկություններում գրանցվել էր 1995 թվականին, երբ «Արարատը»  4:2 հաշվով պարտության մատնեց «Կոտայքին»: Դժվար էր սպասել, որ «Նոա» - «Արարատ-Արմենիա» մրցավեճում խոշոր հաշիվ կգրանցվի: Բայց մինչև ընդմիջում գրանցվեց դարպասի հինգ գրավում:

Արագ գոլը ֆուտբոլում հաճախ է խորը հետք թողնում հանդիպման վերջնական արդյունքի վրա: Հաջողության հասած թիմը ոգևորության ալիքի ներքո կարողանում է զարգացնել ձեռք բերածը, իսկ գնդակ բաց թողած թիմը չի կարողանում ուշքի գալ:

«Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում դաշտի տեր համարվող «Նոայի» ֆուտբոլիստներն ութերորդ րոպեին հայտնվելով հետապնդողի դերում, շատ արագ կարող էին պատասխան գնդակը խփել: Բայց դա անել չհաջողվեց, իսկ պաշտպանությունում հաճախակի ձախողումներն ու անփույթ խաղը «Նոային» եզրափակիչի ավարտից մեկ ժամ առաջ փաստի առջև կանգնեցրին:

Ճիշտ է, որոշակի ինտրիգ խաղի մեջ մտցրեց Մաքսիմ Մայրովիչի գոլը, որը հաշիվը դարձրեց 1:3, բայց այդ ինտրիգը շատ արագ մարեց:

Գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու Ուգուչուկվու Լուիս Օգանան խփեց իր ութերորդ գոլը՝ 1:4:

Բայց ամեն ինչ առջևում էր:

Շատերը մտածեցին, որ վերջ` «Արարատ-Արմենիան» կպահպանի երեք գնդակի առավելությունը, և այս խաղում հաղթողն արդեն վճռված է:

Սակայն «Նոան» գերկամային հատկանիշներ դրսևորելով` երկրորդ կեսի 21 րոպեների ընթացքում երեք գնդակ անցկացրեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: Վլադիմիր Ազարովի (11մ), Միխայիլ Կովալենկոյի և Դանու Սպատարուի գոլերից հետո վերականգնվեց հաշվի հավասարակշռությունը՝ 4:4: Հիմնական ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց, չնայած հաղթանակին ավելի մոտ էր «Նոան»:

Հաղթանակ դատարկ տրիբունաների պայմաններում. Մխիթարյանը փայլեց «Ռոմայի» կազմում. տեսանյութ

Իսկ լրացուցիչ ժամանակում «Նոան» արդեն ուներ թվային առավելություն, քանի որ 93-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում կարմիր քարտ սստացավ Ալֆոնսե Կոջոն:

Լրացուցիչ ժամանակում էլ կողմերը մեկական գնդակ փոխանակեցին: Ու երբ Վլադիմիր Ազարովի իրացրած երկրորդ 11 մետրանոցից հետո թվաց, որ հաղթելու է «Նոան», Յուսուֆ Օտուբանջոն նորից խփեց պատասխան գնդակը՝ 5:5:

Ի վերջո հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Առաջին անգամ Հայաստանի գավաթակիր դարձավ «Նոան»:

Չորս օրից՝ հուլիսի 14-ին, «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում որոշվելու է Հայաստանի չեմպիոնը:

Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» իր տիտղոսը պաշտպանելու համար այդ խաղում բավարարում է ոչ-ոքի հաշիվը:

Մխիթարյանը գեղեցիկ գոլ խփեց, սակայն չկարողացավ «Ռոմային» փրկել պարտությունից․ տեսանյութ

24