Դարոն Աճեմօղլու

Աճեմօղլուի բաղադրատոմսը կարո՞ղ է արդյոք «բուժել» ՀՀ տնտեսությունը

521
(Թարմացված է 22:45 20.06.2018)
Նիկոլ Փաշինյանն առաջին վարչապետը չէ, որը ցանկացել է լսել օտարերկրյա տնտեսագետի խորհուրդները։ Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, սակայն գործն այդ խորհուրդների կիրառմանը չի հասել։ Կփոխի՞ արդյոք մարտավարությունը Հայաստանի նոր ղեկավարությունը։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ առաջարկել է հայտնի ամերիկահայ տնտեսագետ, Թուրքիայում ծնված Դարոն Աճեմօղլուին օգնել Հայաստանին տնտեսական խնդիրների լուծման հարցում։

Աճեմօղլուն ընդունել էր առաջարկը, խոստացել մանրամասն ուսումնասիրել հայկական իրողությունները և ժամանել պատմական հայրենիք։

Այդ իրադարձությունն ակամայից ստիպում է հիշել Սինգապուրի լավ օրինակը, որը հաշվի են առել երկրի անխտիր բոլոր վարչապետները։ Սինգապուրի օրինակն օրակարգ բերեց Տիգրան Սարգսյանը։ 2009թ–ին Հայաստանի իշխանություններն անգամ Երևան են հրավիրեցին Լի Կուան Յուին, որը համարվում է ժամանակակից Սինգապուրի «հայրը»։ Թվում էր, թե ամեն ինչ լավ էր ընթանում, քանի դեռ Սինգապուրի «տնտեսական հրաշքի» ստեղծողը մեր երկրի առաջին այրերին չէր առաջարկել կիրառել տնտեսության զարգացման իր մոդելը։

Բանն այն է, որ նախարար Լի Կուան Յուն ստեղծել է ամենախիստ հակակոռուպցիոն օրենսդրությունը, իսկ զուգահեռ` բիզնես վարելու ամենաազատական օրենսդրությունը, արդյունավետ և թափանցիկ հարկային վարչարարությունը, որը լիովին բացառում է կոռուպցիոն ռիսկերը։

Դրանից հետո Հայաստանում մոռացան Լի Կուան Յուի մասին։ Ճիշտ է, «սինգապուրյան հրաշքը» օրակարգում մնում էր նաև հաջորդ երկու վարչապետների ժամանակ, բայց դրանից նույնպես ոչինչ չստացվեց։

Չի՞ լինի նույն պատմությունն արդյոք ամերիկահայ մասնագետի հետ. առայժմ բարդ է միանշանակ պատասխանել այդ հարցին։

Մեկ այլ հարց է, թե կարո՞ղ է արդյոք Դարոն Աճեմօղլուն իսկապես օգտակար լինել Հայաստանի համար։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ «Ինչու են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները աղքատ»  գրքում (հեղինակներն են Դարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնը) բավական խորը վերլուծություն է կատարվում` Հայաստանի տնտեսական խնդիրների յուրահատկությունը հասկանալու համար։

«Աճեմօղլուն գրում է, որ ցանկացած երկիր դատապարտված է աղքատության, եթե այնտեղ չկա ժողովրդավարություն, օրենք, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, իսկ իշխանությունը և փողերը կենտրոնացած են մի խումբ մարդկանց ձեռքում։ Դա Հայաստանի ախտորոշումն է։ Միաժամանակ մասնագետը տալիս է հարցի լուծման բանալին։ Այն գտնվում է ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշտում։ Կարծում եմ, որ այն կարող է շատ օգտակար լինել մեր երկրի համար», – ասաց Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Այսպես թե այնպես, գրեթե բոլոր մասնագետները կոչ են անում բացառել կոռուպցիան և մենաշնորհը, որպեսզի կարողանան ավելի բարձր մակարդակի հասցնել տնտեսությունը։ Եվ այդ առումով Աճեմօղլուն բացառություն չէ։

Խաչատրյանը կարծում է, որ եթե կառավարությունը շարունակի կոռուպցիայի դեմ պայքարի ընտրված ուղին, ապա օտարերկրյա մասնագետի խորհուրդները կարող են շատ օգտակար լինել։

Եվս մեկ ոչ պակաս կարևոր կետ. իրենց գրքում Աճեմօղլուն և Ռոբինսոնը, համեմատելով տարբեր երկրները, հանգում են եզրակացության, որ պետությունների բարգավաճումը կամ անկումը պայմանավորված են ոչ այնքան աշխարհագրական ու էթնիկ գործոններով (բնական պաշարներ, կլիմա, մշակույթ, կրոն և այլն), որքան դրանց տնտեսական և քաղաքական ինստիտուտների բնույթով։

Փորձագետի կարծիքով` Հայաստանում ներկա տնտեսական վիճակը շատ առումներով բացատրվում է նրանով, որ երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումներն անավարտ են մնացել։

«Դրանք դադարեցվել են Ռոբետ Քոչարյանի կողմից։ Միևնույն ժամանակ, կարևորագույն հետևությունը, որին հանգում է Աճեմօղլուն, այն է, որ երկիրը պետք է զարգացնեն հենց ինստիտուտները, այլ ոչ թե մասնավոր անձինք։ Հենց դրանով է պայմանավորված երկրի զարգացումը», – ասաց նա։

Խաչատրյանը հավելեց նաև, որ ողջունում է արտասահմանյան մասնագետների փորձի կիրառումը հայկական տնտեսությունը զարգացնելու համար։ Բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանում այդ ոլորտում կան պատրաստված և փորձառու մասնագետներ։

«Ես գիտական կենտրոններում, բուհերում, վերլուծական կենտրոններում տեսնում եմ բարձրակարգ մասնագետների։ Նրանք ունեն իրենց «բաղադրատոմսերը», թե ինչպես երկրի տնտեսությունը հանեն լճացումից։ Կարծում եմ` չի կարելի անտեսել ներուժը, որը մենք ունենք։ Այս դեպքում անհրաժեշտ արտասահմանյան և տեղի տնտեսագետների համագործակցությունը», – նշեց նա։

Ինչ վերաբերում է Սինգապուրին` որպես լավ օրինակի, ապա այստեղ Խաչատրյանը վստահ է, որ եթե ժամանակին երկրի կառավարությունը լսեր Լի Կուան Յուի խորհուրդները և քաղաքական կամք դրսևորեր կոռուպցիայի դեմ պայքարում, ապա մենք արդեն 10 տարի կապրեքին բոլորովին այլ Հայաստանում։

Այնպես որ, Աճեմօղլուն և մյուս մասնագետները կարող են օգնել Հայաստանին լուծել տնտեսական խնդիրներն այն դեպքում, եթե կառավարությունը բաց գործի և թույլ տա նրանց գործարկել դրա համար բոլոր անհրաժեշտ մեխանիզմները։

521