ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանում հայտարարվել է յուրահատուկ ոչ պաշտոնական հարկային համաներում բոլոր խոշոր ձեռնարկատերերի համար, կարծում է Ինովացիոն և ինստիտուցիոնալ կենտրոնի ղեկավար Ատոմ Մարգարյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր, ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց, որ Հայաստանում աշխատավարձերը կբարձրանան, քանի որ ոչ ոք չի խուսափի հարկերից։ Վարչապետը կարծում է, որ հաջորդ տարվա պետական բյուջեն թույլ կտա բարձրացնել թոշակները և աշխատավարձերը։
Շատ ստվեր
Մարգարյանը նշեց, որ Հայաստանն ունի թե՛ պաշարներ, թե՛ հնարավորություններ` ստվերային հատվածում գումարներ և եկամուտներ բացահայտելու համար։
«Խոսքը նախկինում չվճարված հարկերի մասին է, որոնց մասին խոսել է Նիկոլ Փաշինյանի կաբինետը։ Բյուջե չհասած հարկերը և պարտադիր վճարումները բացահայտվում են», – ասաց տնտեսագետը։
Նա հիշեցրեց, որ պետական հարկային համաներում գործարարներին հնարավորություն է տրվել հաշվել և վճարել հարկային պարտավորությունները։
Ինչ վերաբերում է ստվերային տնտեսության ծավալների գնահատականին, ապա այդ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում։
«Վարկածներից մեկի համաձայն` «ստվերը» կազմում է 20 տոկոս, մյուս փորձագետները պնդում են մինչև 46 տոկոս։ Ստույգ թիվը կարելի է հասկանալ միայն կոնկրետ գործողությունների, հաշվարկների արդյունքում։ Բացի այդ, անհրաժեշտ է կատարելագործել երկրում հարկային օրենսդրությունը։ Հենց դրանից է կախված, թե ինչպիսին կլինի ստվերային տնտեսության ծավալները բացահայտելու սցենարը», – հավելեց փորձագետը։
Տարվա հաջող սկիզբ
Ինչ վերաբերում է 2019թ.–ին աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելուն, ինչի մասին այսօր ասաց վարչապետ Փաշինյանը, ապա, Մարգարյանի խոսքով, արդեն կարելի է տեսնել պետբյուջեի վերաբերյալ դրական տվյալներ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում։
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն 2018թ–ի հունվար–ապրիլին արձանագրվել է աննախադեպ ցուցանիշ։ Հաշվետու շրջանում պետբյուջեի եկամուտները կազմել են մոտ 290 մլրդ դրամ (մոտ 600 մլրդ դոլար)` ավելանալով 7,7 տոկոսով կամ 27,3 մլրդ դրամով։
«Թվերը վկայում են եկամուտները կամ հավաքելիությունն ավելացնելու մասին։ Եվ եթե դրան ավելացնել իրավապահ մարմինների, ՊԵԿ–ի և այլ կառույցների ջանքերը և գործողությունները, ապա, իհարկե, մենք կունենանք պետբյուջեի եկամտային մասի զգալի աճ», – նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Եվ հաջորդ տարի լրացուցիչ պաշարներ կհայտնվեն սոցիալական խնդիրները լուծելու համար, կարծում է Մարգարյանը։
Կառավարության նոր ծրագրին համապատասխան` տնտեսական աճը պետք է սոցիալական արդյունք և ներառականություն ունենա, և տնտեսագետը կարծում է, որ հենց դա հնարավորություն կտա հաջորդ տարի բարձրացնել աշխատավարձերը և կենսաթոշակները։
Քայլ արա, բարձրացրու աշխատավարձերը
Նախկինում կառավարությունը հնարավորություն է ունեցել լուծել աշխատավարձերի ու կենսաթոշակների խնդիրը։ Սակայն, փորձագետի խոսքով, քաղաքացիների սոցիալական խնդիրներն առաջնահերթություն չեն եղել։
«Առաջնահերթություն են եղել պետական ծախսերը, հատկապես, ուռճացված ուժային համակարգի ֆինանսավորումը։ Ռազմական նպատակներով որոշակի միջոցներ ծախսվել են ապրիլյան պատերազմից հետո` ստեղծված իրավիճակից ելնելով։ Բայց սոցիալական գործոնը մնացել է երկրորդ պլանում։ Իսկ հիմա կառավարությունն իր առջև նպատակ է դնում զարգացնել կրթությունը, բժշկությունը, գիտությունը և մշակույթը», – հավելեց բանախոսը։
Նոր կառավարությունը մի քանի քայլ է առաջարկում հարկային եկամուտների հետևողական աճի համար։ Օրինակ` հարկային պարտավորությունների կամավոր կատարման։ Բացի այդ, եկել է մենատիրությունը և կոռուպցիան արմատախիլ անելու, ներդրումները պաշտպանելու ժամանակը, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ կստեղծվի հատուկ կառույց, որն իր վրա կվերցնի այդ բեռը։
Դա կհանգեցնի նրան, որ կստեղծվեն նոր աշխատատեղեր, իսկ երկրում կառաջանան լրացուցիչ եկամուտներ, եզրափակեց Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։
«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:
«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի
Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։
Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։
Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` իրականում Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որևէ կերպ չի դադարեցրել ռազմաշունչ հռետորաբանությունը, շատ արագ համալրում է ռազմական կորուստները, գնում է նոր սպառազինություն, վերախմբավորում է զինված ուժերը։ Ըստ նրա` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի համարում պատերազմն ավարտված և պատրաստվում է հաջորդ լայնածավալ ռազմական գործողություններին։
«Ընդհանրապես մեր անվտանգության ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում է։ Այնպիսի տպավորություն է, որ ՊՆ–ի ու ԱԱԾ–ի լրատվական բաժիններն ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանում, քան Հայաստանի քաղաքացիների։ Մանավանդ բանակի և Նիկոլ Փաշինյանի միջև վերջին կոնֆլիկտը միանշանակորեն լավ չէ ընդհանուր անվտանգության համատեքստում։ Այն, ինչ կատարվում է պատերազմից հետո, պետք է ընթանար բոլորովին այլ ճանապարհով։ Նույնիսկ մի կողմ թողնելով այն հարցը, որ երկիրը պարտության տարած թիմը պետք է հրաժարական տար, մենք շատ արագ պետք է զբաղվեինք մեր բանակի վերազինմամբ, կորուստների վերականգնմամբ, նորությունների մշակմամբ»,– նշեց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով` պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը թողնվեցին ինքնահոսի` դրանից բխող բոլոր ռիսկերով։
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետին, որ բանակի վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3 միլիարդ դոլար, Վրթանեսյանն ընդգծեց, որ իրենց թիմի ու նախկին նախագահի հաշվարկները գրեթե նույնն են, և այդ գումարն անհրաժեշտ է մեր զինված ուժերը գոնե մինչպատերազմյան վիճակի բերելու համար։
«Բայց հաշվի առնենք, որ նաև շատ մեծ քանակով ռազմական ենթակառուցվածքներ են ոչնչացվել կամ հանձնվել թշնամուն` սկսած զորամասերից, վերջացրած դիրքերով։ Պետք է նորից իրականացվեն ամրաշինական աշխատանքներ, կառուցվեն ճանապարհներ, իսկ որոշ տեղերում ենթակառուցվածքները պետք է հիմնվեն զրոյից»,– նշեց ռաազմական փորձագետը։
Վրթանեսյանի խոսքով` վերջին պատերազմը ցույց տվեց, որ պետք է շատ արագ զարգացնել բանակը` այդ ուղղությամբ կատարելով անհրաժեշտ գնումներ, մասնավորապես՝ պետք է ձեռք բերել ԱԹՍ–ներ։ Ըստ նրա` մեզ պետք են ավելի մեծ գումարներ, որպեսզի փորձենք ոչ միայն բալանսի բերել բանակը, այլև որոշակի գերակայություն ապահովել։



